Քո մկրտության իմաստը
Տասներկուերորդ գլուխ
Քո մկրտության իմաստը
1. Ինչո՞ւ պետք է ջրի մկրտությունը հետաքրքրի բոլորիս։
Մ.Թ. 29–ին Հովհաննես Մկրտիչը մկրտեց Հիսուսին՝ ընկղմելով նրան Հորդանան գետի ջրերի մեջ։ Եհովան վկա էր այդ իրադարձությանը և իր հավանությունը տվեց (Մատթէոս 3։16, 17)։ Մկրտվելով՝ Հիսուսը օրինակ թողեց իր աշակերտներին։ Այդ իրադարձությունից երեք ու կես տարի հետո Հիսուսը հետևյալ հրահանգները տվեց նրանց. «Ամեն իշխանութիւն ինձ տրուեցաւ երկնքումն եւ երկրումս. ուրեմն գնացէք բոլոր ազգերը աշակերտեցէք, նորանց մկրտելով Հօր եւ Որդու եւ Սուրբ Հոգու անունովը» (Մատթէոս 28։18, 19)։ Իսկ դու արդեն մկրտվե՞լ ես՝ համաձայն Հիսուսի այդ պատվերի։ Եթե ոչ, ապա մտադի՞ր ես։
2. Մկրտության վերաբերյալ ո՞ր հարցերին պետք է պատասխաններ տրվեն։
2 Լինենք մկրտված, թե ոչ՝ այդ մասին հստակ հասկացողություն պետք է ունենա ամեն ոք, ով ուզում է ծառայել Եհովային և ապրել նրա արդար, նոր աշխարհում։ Հետևաբար կենսական նշանակություն ունեն հետևյալ հարցերի պատասխանները՝ քրիստոնեական մկրտությունն այսօր նույն իմա՞ստն ունի, ինչ որ Հիսուսի մկրտությունը, ի՞նչ է նշանակում մկրտվել «Հօր եւ Որդու եւ Սուրբ Հոգու անունով», և ի՞նչ է նշանակում ապրել՝ ջրի մկրտության նշանակության համաձայն։
Հովհաննեսի կատարած մկրտությունը
3. Միայն ո՞ւմ համար էր Հովհաննեսի մկրտությունը։
3 Հիսուսի մկրտությունից մոտ վեց ամիս առաջ Հովհաննես Մկրտիչը քարոզում էր Հրեաստանի անապատում՝ ասելով. «Ապաշխարեցէք, որ մօտեցել է երկնքի թագավորութիւնը» (Մատթէոս 3։1, 2)։ Մարդիկ լսում էին Հովհաննեսի խոսքերը և ուշադրություն դարձնում դրանց։ Նրանք բացահայտորեն խոստովանում էին իրենց մեղքերը, զղջում էին, ապա գալիս Հովհաննեսի մոտ՝ Հորդանան գետում մկրտվելու։ Այս մկրտությունը միայն հրեաների համար էր (Ղուկաս 1։13–16; Գործք 13։23, 24)։
4. Առաջին դարի հրեաներն ինչո՞ւ պետք է անհապաղ զղջային։
4 Այդ հրեաները պետք է անհապաղ զղջային։ Մ.թ.ա. 1513 թ.–ին Սինա լեռան մոտ նրանց նախահայրերը՝ որպես ազգ, ուխտի՝ պաշտոնական լուրջ համաձայնության մեջ մտան Եհովա Աստծո հետ։ Բայց իրենց գործած ծանր մեղքերի պատճառով նրանք չկատարեցին ուխտի հետ կապված իրենց պարտականությունները, ուստի հենց այդ ուխտի համաձայն էլ դատապարտվեցին։ Հիսուսի օրերում նրանց վիճակը շատ ծանր էր։ Մոտ էր «Տիրոջ մեծ եւ ահեղ օրը», որի մասին մարգարեացել էր Մաղաքիան։ Այդ «օրը» եկավ մ.թ. 70–ին, երբ հռոմեական զորքերը ոչնչացրին Երուսաղեմը, Երուսաղեմի տաճարը և կոտորեցին միլիոնից ավել հրեաների։ Հովհաննես Մկրտիչը՝ ճշմարիտ երկրպագության հանդեպ եռանդով լի, ուղարկվել էր այդ կործանումից շատ առաջ, որպեսզի «Տիրոջ համար բարեկարգ ժողովուրդ պատրաստէ»։ Հրեաները պետք է զղջային Մովսիսական օրենքով կապված ուխտի դեմ իրենց գործած մեղքերի համար և պատրաստվեին ընդունել Աստծո Որդուն՝ Հիսուսին, որին Եհովան ուղարկել էր նրանց համար (Մաղաքիա 4։4–6; Ղուկաս 1։17; Գործք 19։4)։
5. ա) Երբ Հիսուսը եկավ մկրտվելու, ինչո՞ւ Հովհաննեսի մոտ հարց առաջացավ։ բ) Ի՞նչ էր խորհրդանշում Հիսուսի մկրտությունը։
5 Մկրտվելու նպատակով Հովհաննեսի մոտ եկողների թվում էր նաև Հիսուսը։ Ինչո՞ւ էր Հիսուսը եկել մկրտվելու։ Գիտենալով, որ Հիսուսը ոչ մի մեղք չէր գործել՝ Հովհաննեսն ասաց. «Ինձ պէտք է քեզանից մկրտուիլ, եւ դու ի՞նձ մօտ ես գալիս»։ Բայց քանի որ Հիսուսի մկրտությունը բոլորովին այլ բան էր խորհրդանշում, նա ասաց Հովհաննեսին. «Թոյլ տուր հիմա, որովհետեւ այսպէս է վայելում մեզ, որ ամեն արդարութիւն կատարենք» (Մատթէոս 3։13–15)։ Նրա մկրտությունը չէր խորհրդանշում մեղքեր զղջալուն, որովհետև նա մեղք չէր գործել. ոչ էլ կարիք ուներ Աստծուն նվիրվելու, քանի որ պատկանում էր մի ազգի, որն արդեն նվիրված էր Եհովային։ 30 տարեկանում մկրտվելը առանձնահատուկ նշանակություն ուներ Հիսուսի համար և խորհրդանշում էր այն, որ նա իրեն ներկայացնում էր իր երկնային Հորը, որպեսզի կատարեր նրա կամքը։
6. Ինչպիսի՞ լրջությամբ էր Հիսուսը վերաբերվում Աստծո կամքը կատարելուն։
6 Հիսուս Քրիստոսի համար Աստծո կամքը կատարելու մեջ մտնում էր Թագավորության քարոզչության գործը (Ղուկաս 8։1)։ Դրա մեջ մտնում էր նաև այն, որ նա պետք է իր մարդկային կատարյալ կյանքը զոհաբերեր որպես փրկանք, որն էլ հիմք կհանդիսանար նոր ուխտի համար (Մատթէոս 20։28; 26։26–28; Եբրայեցիս 10։5–10)։ Հիսուսը ամենայն լրջությամբ էր վերաբերվում իր ջրի մկրտությանը։ Նա թույլ չէր տալիս, որ անկարևոր գործերը շեղեն իր ուշադրությունը։ Մինչև իր երկրային կյանքի վերջը Հիսուսը հավատարմորեն կատարեց Աստծո կամքը։ Աստծո Թագավորության մասին քարոզելը նրա կյանքի գլխավոր գործն էր (Յովհաննէս 4։34)։
Քրիստոնյա աշակերտների ջրի մկրտությունը
7. Մ.թ. 33–ի Պենտեկոստեից սկսած՝ ի՞նչ հանձնարարություն էին ստացել քրիստոնյաները՝ մկրտության հետ կապված։
7 Հիսուսի առաջին աշակերտները նախ մկրտվեցին ջրում Հովհաննեսի մոտ, իսկ հետո հետևեցին Հիսուսին՝ որպես երկնային Թագավորության ապագա ժառանգորդներ (Յովհաննէս 3։25–30)։ Իրենց հերթին՝ այս աշակերտները մկրտություն էին կատարում Հիսուսի ղեկավարության ներքո։ Այս մկրտությունն ուներ նույն նշանակությունը, ինչ որ Հովհաննեսի կատարածը (Յովհաննէս 4։1, 2)։ Սակայն, մ.թ. 33–ի Պենտեկոստեից սկսած՝ նրանք սկսեցին կատարել «Հօր եւ Որդու եւ Սուրբ Հոգու անունով» մարդկանց մկրտելու հանձնարարությունը (Մատթէոս 28։19)։ Այդ մկրտության նշանակությունն իմանալը շատ օգտակար կլինի։
8. Ի՞նչ է նշանակում մկրտվել «Հօր .... անունով»։
8 Ի՞նչ է նշանակում մկրտվել «Հօր .... անունով»։ Այն նշանակում է՝ ընդունել նրա անունը, դիրքը, հեղինակությունը, նպատակը և օրենքները։ Եկ դրանք հերթով քննարկենք։ 1) Ինչ վերաբերում է նրա անվանը, Սաղմոս 83։18–ն ասում է. «Քո անունը Եհովայ է. դու մինակ Բարձրեալ ես բոլոր երկրի վերայ»։ 2) Նրա դիրքի վերաբերյալ կարդում ենք Երեմիա 10։10–ում. «Եհովան ճշմարիտ Աստուած է»։ 3) Աստծո հեղինակության մասին Յայտնութիւն 4։11–ը հետևյալն է ասում. «Արժանի ես, Տէր, որ առնես փառքը, եւ պատիւը, եւ զօրութիւնը. որ դու ստեղծեցիր ամեն բաները եւ քո կամենալովը կան եւ ստեղծուեցան»։ 4) Մենք պետք է նաև ընդունենք, որ Եհովան կյանքի Աղբյուրն է և նպատակ ունի մեզ ազատել մեղքից ու մահից։ Այդ մասին են վկայում Սաղմոս 3։8 և 36։9 խոսքերը. «Տիրոջն է փրկութիւնը»։ 5) Պետք է ընդունենք, որ Եհովան Գերագույն Օրենսդիրն է. «Մեր դատաւորը Տէրն է, մեր օրէնսդիրը Տէրն է, մեր թագաւորը Տէրն է» (Եսայիա 33։22)։ Այս ամենն ի նկատի ունենալով՝ մեզ հետևյալ հորդորն է տրվում. «Սիրիր քո Տէր Աստուծուն քո բոլոր սրտովը քո բոլոր անձովը եւ քո բոլոր մտքովը» (Մատթէոս 22։37)։
9. Ի՞նչ է նշանակում մկրտվել «Որդու .... անունով»։
9 Ի՞նչ է նշանակում մկրտվել «Որդու .... անունով»։ Այն նշանակում է՝ ընդունել Հիսուս Քրիստոսի անունը, դիրքը և հեղինակությունը։ Նրա Հիսուս անունը ունի «Եհովան է փրկությունը» նշանակությունը։ Նա իր դիրքը ստացել է Աստծո միածին Որդին՝ Աստծո առաջին ստեղծագործությունը լինելով (Մատթէոս 16։16; Կողոսացիս )։ Այս Որդու մասին 1։15, 16Յովհաննէս 3։16–ում կարդում ենք. «Աստուած այնպէս սիրեց աշխարհքը որ իր միածին Որդին տուաւ. որ ամեն նորան հաւատացողը չ’կորչի, այլ յաւիտենական կեանքն ունենայ»։ Քանի որ Հիսուսը մինչև մահ հավատարիմ մնաց, Աստված հարություն տվեց նրան և մի նոր հեղինակության արժանացրեց։ Ինչպես նշում է Պողոս առաքյալը, Աստված «շատ բարձրացրեց [Հիսուսին]», այնպես որ նա Եհովայից հետո ամենաբարձր դիրքն է գրավում ամբողջ տիեզերքում։ Ահա թե ինչու պետք է «Յիսուսի անունովը կրկնուի ամեն ծունկ...., եւ ամեն լեզու դաւանէ, թէ Յիսուս Քրիստոսը Տէր է Հօր Աստուծոյ փառքի համար» (Փիլիպպեցիս 2։9–11)։ Սա նշանակում է, որ մենք պետք է հնազանդվենք Հիսուսի պատվերներին, որոնց աղբյուրը Եհովան է (Յովհաննէս 15։10)։
10. Ի՞նչ է նշանակում մկրտվել «Սուրբ Հոգու անունով»։
10 Ի՞նչ է նշանակում մկրտվել «Սուրբ Հոգու անունով»։ Այն նշանակում է՝ ընդունել սուրբ ոգու դերը և գործունեությունը։ Իսկ ի՞նչ է սուրբ ոգին։ Դա Եհովայի գործուն ուժն է. ուժ, որի միջոցով նա իրագործում է իր նպատակները։ Հիսուսն իր հետևորդներին ասաց. «Ես Հօրը կ’աղաչեմ, եւ ուրիշ Մխիթարիչ կ’տայ ձեզ. որ մնայ ձեզ հետ յաւիտեան։ Ճշմարտութեան Հոգին» (Յովհաննէս 14։16, 17)։ Այդ ոգին նրանց ի՞նչ անելու հնարավորություն կտար։ Ավելի ուշ Հիսուսն ասաց նրանց. «Դուք զօրութիւն կ’առնէք՝ երբոր Հոգին ձեր վերայ կ’գայ, եւ իմ վկաները կ’լինիք Երուսաղէմումը եւ բոլոր Հրէաստանի եւ Սամարիայի մէջ մինչեւ երկրի ծայրերը» (Գործք 1։8)։ Նաև Եհովան հոգ է տարել, որ սուրբ ոգու ներշնչմամբ գրի առնվի Աստվածաշունչը. «Երբէք մի մարգարէութիւն չ’տրուեցաւ մարդկանց կամքի պէս, բայց Սուրբ Հոգուցը շարժուած խօսեցան Աստուծոյ մարդիկը» (Բ Պետրոս 1։21)։ Այսպիսով՝ մենք ճանաչում ենք սուրբ ոգու դերը՝ ուսումնասիրելով Աստվածաշունչը։ Սուրբ ոգին ճանաչելու մեկ այլ միջոց է Եհովայից օգնություն խնդրելը, որպեսզի կարողանանք մեր մեջ զարգացնել «Հոգու պտուղ[ը]», որն է՝ «սէր, ուրախութիւն, խաղաղութիւն, երկայնմտութիւն, քաղցրութիւն, բարութիւն, հաւատք, հեզութիւն, ժուժկալութիւն» (Գաղատացիս 5։22, 23)։
11. ա) Ի՞նչ նշանակություն ունի մեր օրերի մկրտությունը։ բ) Ի՞նչ առումով է մկրտությունը նման մահանալուն և կենդանանալուն։
11 Առաջին աշակերտները, որոնք մկրտվեցին՝ հետևելով Հիսուսի հրահանգներին, սկսած մ.թ. 33 թ.–ից՝ հրեաներ էին և հրեական կրոնն ընդունած նորահավատներ։ Դրանից կարճ ժամանակ անց քրիստոնյա աշակերտ դառնալու հնարավորություն բացվեց նաև սամարացիների համար։ Ապա մ.թ. 36–ին այդ առանձնաշնորհումը ստացան նաև անթլփատ հեթանոսները։ Սամարացիները և հեթանոսները մկրտվելուց առաջ պետք է անհատապես նվիրվեին Եհովային՝ ծառայելու նրան՝ որպես իր Որդու աշակերտներ։ Դա վերաբերում է նաև մեր օրերի քրիստոնյաների ջրի մկրտությանը։ Ամբողջությամբ ջրի մեջ ընկղմվելը այդ անհատական նվիրման խորհրդանիշն է, քանի որ մկրտությունը փոխաբերական իմաստով, թաղման արարողություն է։ Ջրի մեջ ընկղմվելով՝ ասես, «թաղում ենք» մեր կյանքի հին ընթացքը։ Իսկ ջրից դուրս գալով՝ «կենդանանում»՝ Աստծո կամքը կատարելու նպատակով։ Այս «մէկ մկրտութիւնը» վերաբերում է բոլոր նրանց, ովքեր դառնում են ճշմարիտ քրիստոնյաներ։ Մկրտության պահից նրանք դառնում են Եհովայի վկաներ՝ Աստծո կողմից նշանակված ծառաներ (Եփեսացիս 4։5; Բ Կորնթացիս 6։3, 4)։
12. Ինչի՞ն է համապատասխանում ջրի մկրտությունը և ինչպե՞ս։
12 Այս մկրտությունը փրկության մեծ արժեք ունի Աստծո համար։ Օրինակ՝ խոսելով Նոյի տապանի կառուցման մասին, որի օգնությամբ վերջինս իր ընտանիքի հետ փրկվեց Ջրհեղեղից, Պետրոս առաքյալը նշում է. «Որի օրինակն այսինքն մկրտութիւնը մեզ էլ հիմա ապրեցնում է, ոչ թէ մարմնի աղտը դէն գցելով, այլ բարի խղճմտանքի վկայութիւնը առ Աստուած, Յիսուս Քրիստոսի յարութիւնովը» (Ա Պետրոս 3։21)։ Տապանի առկայությունը վառ ապացույցն էր այն բանի, որ Նոյը հավատարմորեն կատարել էր Աստծո՝ իրեն հանձնարարված գործը։ Տապանի շինարարությունն ավարտվելուց հետո «այն հին աշխարհքը ջրհեղեղով ապականուած կորաւ» (Բ Պետրոս 3։6)։ Իսկ Նոյն ու իր ընտանիքը՝ «ութ հոգի ջրիցը պրծան» (Ա Պետրոս 3։20)։
13. Ջրի մկրտությամբ քրիստոնյան ինչի՞ց է ազատվում։
13 Այսօր այն մարդիկ, ովքեր, Քրիստոսի հարությանը հավատք ընծայելով, նվիրվում են Եհովային, իրենց այդ նվիրումը խորհրդանշում են ջրի մկրտությամբ և շարունակում են կատարել Աստծո կամքը։ Նրանք փրկված են ներկայիս չար աշխարհից (Գաղատացիս 1։3, 4)։ Նրանք այլևս դեպի կործանում չեն ընթանում իրերի ներկա չար համակարգի հետ միասին։ Նրանք ազատվում են այդ կործանումից և որպես պարգև Աստծուց մաքուր խիղճ ստանում։ Հովհաննես առաքյալն Աստծո ծառաներին հավաստիացնում է. «Աշխարհքը անցնում է եւ նորա ցանկութիւնն էլ, բայց Աստուծոյ կամքն անողը մնում է յաւիտեան» (Ա Յովհաննէս 2։17)։
Ինչպես կատարենք մեր պարտականությունները
14. Ինչո՞ւ մկրտությունն ինքնին փրկության երաշխիք չէ։
14 Սխալ կլինի եզրակացնել, որ մկրտությունն ինքնին փրկության երաշխիք է։ Այն արժեք կունենա միայն այն դեպքում, եթե անհատն իսկապես նվիրվի Եհովային Հիսուս Քրիստոսի միջոցով, շարունակի կատարել Աստծո կամքը և մինչև վերջ նրան հավատարիմ մնա։ «Ով որ մինչեւ վերջը համբերէ՝ նա կ’փրկուի» (Մատթէոս 24։13)։
15. ա) Ինչո՞ւմն է կայանում Աստծո կամքը մկրտված քրիստոնյաների համար այսօր։ բ) Ի՞նչ տեղ պետք է զբաղեցնի մեր կյանքում Քրիստոսի աշակերտ լինելը։
15 Հիսուսի համար Աստծո կամքը կատարելու մեջ մտնում էր նաև այն, թե նա ինչպես կանցկացներ իր մարդկային կյանքը։ Նա պետք է զոհաբերեր իր կյանքը։ Իսկ ինչ վերաբերում է մեզ, պետք է մեր անձերը ներկայացնենք Աստծուն և անձնազոհ կյանք վարենք՝ կատարելով նրա կամքը (Հռովմայեցիս 12։1, 2)։ Ինչ խոսք, չենք կարող ասել, որ կատարում ենք Աստծո կամքը, եթե անգամ հազվադեպ, բայց գիտակցաբար այնպիսի վարք ենք դրսևորում, որը հատուկ է մեզ շրջապատող աշխարհին, կամ եթե կյանքում առաջնահերթությունը տալիս ենք մեր անձնական գործերին, իսկ Աստծուն միայն ձևականորեն ենք ծառայում (Ա Պետրոս 4։1–3; Ա Յովհաննէս 2։15, 16)։ Երբ մի հրեա հարցրեց Հիսուսին, թե ինչ պետք է անի հավիտենական կյանքը ստանալու համար, ճիշտ է, Հիսուսը պատասխանեց, որ կարևոր է բարոյապես մաքուր կյանք վարելը, սակայն հետո նա նշեց, որ ավելի կարևոր է իր հետևորդը՝ քրիստոնյա աշակերտ լինելը։ Դա՛ պետք է գլխավորը լինի։ Հիսուսի աշակերտը լինելը չի կարող երկրորդական տեղ զբաղեցնել մեր կյանքում և դասվել նյութական կարողություններից հետո (Մատթէոս 19։16–21)։
16. ա) Թագավորության հետ կապված՝ ի՞նչ պարտականություն ունեն բոլոր քրիստոնյաները։ բ) Ինչպես պատկերված է 116 և 117 էջերում, որո՞նք են Թագավորության գործը կատարելու արդյունավետ կերպերից մի քանիսը։ գ) Վկայության գործին ամբողջ սրտով մասնակցելով՝ ի՞նչ ենք ցույց տալիս։
16 Հարկ է դարձյալ նշել, որ Հիսուսի համար Աստծո կամքը կատարելու մեջ մտնում է այն կարևոր գործը, որը կապված է Աստծո Թագավորության հետ։ Հիսուսն արդեն օծվել էր որպես ապագա թագավոր։ Սակայն երկրի վրա եղած ժամանակ նա եռանդորեն քարոզում էր Թագավորության մասին։ Այսօր մեզ էլ է հանձնարարված վկայություն տալու այդ նույն գործը, և մենք բոլոր հիմքերն ունենք ամբողջ սրտով այդ գործին մասնակցելու։ Այդպիսով՝ մենք ցույց ենք տալիս, որ ընդունում ենք Եհովայի գերիշխանությունը, ինչպես նաև մեր սերը մարդկանց հանդեպ (Մատթէոս 22։36–40)։ Փաստում ենք, որ միավորված ենք ամբողջ աշխարհի մեր հավատակիցների հետ, բոլոր նրանց հետ, ովքեր Թագավորության քարոզիչներ են։ Ողջ աշխարհով մեկ միասնական լինելով՝ մենք ընթանում ենք դեպի Եհովայի նպատակի կատարումը, որն է՝ հավիտյան ապրել երկրի վրա Աստծո Թագավորության իշխանության ներքո։
Կրկնենք թեման
• Ի՞նչ ընդհանրություններ և տարբերություններ կան Հիսուսի մկրտության և այսօրվա ջրի մկրտության միջև։
• Ի՞նչ է նշանակում մկրտվել «Հօր եւ Որդու եւ Սուրբ Հոգու անունով»։
• Մկրտությունից հետո ի՞նչ պարտականություն է մեզ վրա դրվում։
[Հարցեր ուսումնասիրության համար]
[Նկարներ 116, 117–րդ էջերի վրա]
ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ ՀՌՉԱԿԵԼՈՒ ՄԻ ՔԱՆԻ ԿԵՐՊԵՐ
Տնից տուն
Բարեկամներին
Աշխատակիցներին
Համադասարանցիներին
Փողոցում
Վերայցելություն՝ հետաքրքրվողներին
Աստվածաշնչի տնային ուսումնասիրություն