ԴԱՍ 27
Ազատ խոսք
ԵՆԹԱԴՐԵՆՔ՝ մեծ ջանքեր ես գործադրել ելույթդ պատրաստելու համար. գտել ես բավական բովանդակալից նյութեր, ելույթի տրամաբանական հաջորդականությունը հրաշալի է. այնքան ես փորձել, որ կարող ես սահուն կերպով խոսքդ մատուցել։ Բայց եթե ունկնդիրները միայն ժամանակ առ ժամանակ լսեն քեզ, նրանց ուշադրությունը հաճախակի շեղվի կամ դժվարանան կենտրոնանալ ելույթի վրա, ապա ամենայն հավանականությամբ քո խոսքը նրանց սրտին չի հասնի։
Ի՞նչը կարող է հանգեցնել դրան։ Կան մի շարք գործոններ, որոնցից գլխավորը ելույթն ազատ ոճով չներկայացնելն է։ Այլ խոսքով՝ հռետորը չափից դուրս հաճախակի է դիմում գրառումներին կամ էլ չափազանց պաշտոնական ոճով է խոսում։ Ելույթի նման թերությունները ուղղակիորեն կապված են այն բանի հետ, թե ինչպես է հռետորը նախապատրաստվում իր ելույթին։
Հավանաբար զգացել ես, որ դժվար է ազատ ոճով ելույթ ունենալ, երբ պլանը կազմում ես ելույթն ամբողջությամբ գրելուց հետո միայն։ Ինչո՞ւ։ Քանի որ դու արդեն ընտրել ես ասվելիք բառերը։ Այդ տեքստի հիման վրա կազմված պլանի միջոցով ելույթ ունենալիս ամենայն հավանականությամբ կփորձես հիշել այն բառերը, որոնք գրված էին սկզբնական տեքստում։ Մինչդեռ իրողությունն այն է, որ գրավոր խոսքը հնչում է ավելի պաշտոնական, իսկ կազմված նախադասությունները՝ սովորականից ավելի բարդ. այս բոլորը կզգացվի քո խոսքում։
Ելույթն ամեն մանրամասնություններով գրելու փոխարեն՝ փորձիր անել հետևյալը. 1) ընտրիր թեման և գլխավոր կետերը։ Եթե ելույթը կարճ է լինելու, երկու գլխավոր կետը բավական է, իսկ ավելի երկար ելույթը կարող է ունենալ չորս–հինգ կետ։ 2) Յուրաքանչյուր գլխավոր կետի տակ գրիր այն սուրբգրային համարները, որոնք օգտագործելու ես այդ կետը զարգացնելու համար. նշիր նաև օրինակներն ու հիմնական փաստարկները։ 3) Մտածիր, թե ինչ ես ասելու առաջաբանում. այն կարելի է մի քանի նախադասությամբ նույնիսկ գրի առնել։ Մտածիր նաև, թե ինչպիսին է լինելու վերջաբանը։
Ելույթի նախապատրաստության փուլը շատ կարևոր է։ Բայց նպատակ մի դիր այն բառ առ բառ կրկնել անգիր անելու նպատակով։ Եթե ուզում ես ազատ ոճով ներկայացնել ելույթը, ապա պատրաստվելիս շեշտը պետք է դնես ոչ թե բառերի, այլ մտքերի վրա։ Մտքերը հարկավոր է քննել այնքան ժամանակ, մինչև որ կարողանաս առանց թղթին նայելու հեշտությամբ
մեկ մտքից անցնել մյուսին։ Սա դժվար չի լինի, եթե ելույթի տարբեր մասերը տրամաբանորեն կապակցված լինեն. այդժամ մտքերն ինքնաբերաբար կգան, և դու կկարողանաս բնական ձևով ելույթ ունենալ։Ազատ խոսքի առավելությունները։ Ազատ խոսքի ակնհայտ առավելություններից մեկն այն է, որ հնարավորություն է ստեղծվում բնական ձևով խոսելու։ Մարդկանց դուր է գալիս նման խոսելաոճը։ Եթե այս ձևով արտահայտվես, ապա խոսքդ կլինի ավելի կենդանի ու ավելի հետաքրքիր։
Խոսելու այս ոճը քեզ կօգնի հնարավորին չափ ամուր տեսողական կապ պահպանել ունկնդիրների հետ, ինչն իր հերթին կնպաստի, որ ունկնդիրների հետ փոխադարձ կապը բարելավվի։ Քանի որ յուրաքանչյուր նախադասությունն ասելու համար չես նայի գրառումներիդ, ունկնդիրները շատ ավելի հակված կլինեն մտածելու, որ դու լավ գիտես խոսքի առարկան ու իսկապես համոզված ես ասածներիդ մեջ։ Ազատ խոսքով հանդես գալը հնարավորություն է տալիս նյութը մատուցել սովորական խոսելաոճով, ջերմ ու սրտաբուխ բառերով։
Ազատ խոսքը նաև հնարավորություն է տալիս ճկուն լինելու և հարկ եղած դեպքում նյութի մեջ փոփոխություններ մտցնելու, քանի որ քո ասելիքը կախված չէ պատրաստի տեքստից։ Ենթադրենք, վաղ առավոտյան՝ այն օրը, երբ պետք է ելույթ ունենաս, հեռուստատեսությամբ կամ ռադիոյով հաղորդում են մի շատ հետաքրքիր լուր, որն ուղղակիորեն կապված է քո թեմայի հետ։ Մի՞թե չէիր ցանկանա դա օգտագործել։ Կամ, ասենք, ելույթ ունենալու ընթացքում նկատում ես, որ ունկնդիրներիդ մեջ կան դպրոցական տարիքի բազմաթիվ երեխաներ։ Որքա՜ն տեղին կլիներ, եթե օրինակները համապատասխանեցնեիր նրանց, որպեսզի հասկանային, որ քննարկվող նյութը առնչվում է իրենց կյանքին։
Ազատ խոսքի մյուս առավելությունն այն է, որ միտքը սկսում է ակտիվորեն գործել։ Երբ ունկնդիրները հաճույքով են լսում քեզ, դու ավելի ես ոգևորվում ու սկսում ես որոշ մտքեր շեշտել, ավելի հանգամանորեն քննել։ Իսկ այն դեպքում, երբ նրանց հետաքրքրությունն աստիճանաբար նվազում է, ապա նույն ձևով ելույթը շարունակելու փոխարեն՝ հնարավորություն ունես ինչ–որ բան անելու խնդիրը հաղթահարելու համար։
Մի քանի վտանգներ։ Պետք է հաշվի առնել, որ ազատ ոճով խոսելը նաև վտանգներ է պարունակում։ Դրանցից մեկն այն է, որ անընդհատ հակվածություն է առաջանում գերազանցելու ելույթին հատկացված ժամանակը։ Այս խնդրին կարելի է բախվել այն դեպքում, երբ չափից դուրս շատ լրացուցիչ մտքեր են ասվում ելույթի ժամանակ։ Դու կարող ես լուծել այս խնդիրը՝ պլանում նշումներ անելով ելույթի ամեն մի հատվածին տրված ժամանակի վերաբերյալ, իսկ հետո՝ ջանալով հետևել այդ նշումներին։
Մեկ ուրիշ վտանգ էլ կա, որը հատկապես վերաբերում է փորձառու հռետորներին. դա սեփական ուժերի հանդեպ չափից դուրս վստահ լինելն է։ Ես. 30։20, ՆԱ; Հռովմ. 12։6–8)։
Ընտելանալով մարդկանց առջև խոսելուն՝ նրանցից ոմանք կարող են եզրակացնել, որ ելույթ ունենալը հասարակ բան է. բավական է վերցնել միայն մի քանի միտք, կապել իրար, և պարզապես լրացնել ելույթին հատկացված ժամանակը։ Բայց եթե խոնարհ լինենք ու գնահատենք այն փաստը, որ մենք բաժին ենք ունենում Եհովայի՝ Մեծ Խրատողի տված կրթական ծրագրում, ապա մեր յուրաքանչյուր հանձնարարությանը աղոթքով կմոտենանք ու լավ կնախապատրաստվենք (Բազմաթիվ հռետորների համար, ովքեր դեռևս ազատ ոճով խոսելու փորձ չունեն, թերևս ամենամեծ խնդիրն այն է, որ վախենում են ելույթի ընթացքում մոռանալ ասելիքը։ Թույլ մի տուր, որ դա խանգարի քեզ ավելի հմտանալ հռետորական արվեստի մեջ։ Լավ նախապատրաստվիր ու Եհովային ապավինիր՝ նրանից խնդրելով իր սուրբ ոգին (Յովհ. 14։26)։
Ուրիշ հռետորներ էլ չափից դուրս մտահոգվում են, թե ինչ բառերով պետք է ներկայացնեն իրենց խոսքը՝ դրանով իսկ կաշկանդելով ելույթը։ Ճիշտ է, ազատ ելույթի դեպքում հնարավոր չէ բառերի ընտրությունը լավագույն ձևով իրականացնել և սկզբից մինչև վերջ քերականական կանոններով խոսել, ինչը հնարավոր է պատրաստի տեքստով հանդես գալու դեպքում, բայց նման ելույթն ունի մի առավելություն, որը մեծապես կարող է լրացնել այդ բացը. դա նրա խոսակցական բնույթն է։ Մարդկանց արձագանքը շատ ավելի ջերմ է լինում, երբ խոսքը մատուցվում է հասկանալի բառերով ու պարզ նախադասություններով։ Եթե ելույթը պատրաստելիս բավականաչափ կրկնես մտքերը, և ոչ թե անգիր անես բառերը, ապա կկարողանաս բնական արտահայտվել։ Բեմից անկաշկանդ կերպով արտահայտվելուն օգնում է նաև առօրյա կյանքում ճիշտ ձևով խոսելը։
Ինչպիսին պետք է լինեն գրառումները։ Ժամանակի ընթացքում փորձ ձեռք բերելով՝ դու կկարողանաս քո ելույթի պլանի յուրաքանչյուր գլխավոր կետ ներկայացնել ընդամենը մի քանի բառով։ Դրանք համապատասխան սուրբգրային համարների հետ միասին կարող ես գրել մի թղթի վրա, որպեսզի օգտվելը հարմար լինի։ Ինչ վերաբերում է քարոզչական ծառայությանը, հիմնականում հարկ կլինի կազմել մի պարզ պլան ու այն հիշել։ Եթե առաջին այցի ժամանակ քեզ ինչ–որ հարց են տվել և դու պատասխանելու համար որոշակի հետազոտություն ես կատարել, ապա կարող ես արդյունքները մի քանի խոսքով գրել թղթի վրա ու այն դնել Աստվածաշնչի մեջ։ Բայց այդ հարցին պատասխանելու համար կարող ես նաև պարզապես օգտվել «Քննարկման նյութեր՝ աստվածաշնչյան թեմաներով» գրքույկից կամ «Տրամաբանել Սուրբ Գրությունների հիման վրա» գրքից (անգլ.)։
Երևի նկատել ես, որ երբ քեզ հանձնարարված է եղել առաջիկա շաբաթներին հանդես գալ մի քանի ելույթներով, այդ թվում՝ հանրային ելույթով, ապա ավելի մանրամասն գրառումներ անելու կարիք ես զգացել։ Ինչո՞ւ։ Որովհետև անհրաժեշտ է եղել, որ յուրաքանչյուր ելույթից առաջ միտքդ թարմացնես։ Այնուամենայնիվ, եթե ելույթի ժամանակ չափից դուրս կարևորություն տաս գրառումներիդ ու ամեն մի նոր նախադասություն ասելու համար նայես թղթին, ապա չես կարողանա օգտվել ազատ խոսքի առավելություններից։ Եթե անհրաժեշտ է մանրակրկիտ գրառումներ անել, ապա ընդգծիր այն բառերն ու սուրբգրային համարները, որոնք կազմում են քո պլանի հիմքը, որպեսզի մեկ հայացքից դրանք իսկույն տեսնես։
Փորձառու հռետորի ելույթը պետք է առավելապես ազատ ոճով լինի, բայց դրա հետ մեկտեղ նա կարող է նյութը ներկայացնել այլ ձևերով։ Օրինակ՝ առաջաբանի ու վերջաբանի համար կարելի է մի քանի նախադասություն գրել ու անգիր անել, քանի որ դրանք ասելու ընթացքում կարևոր է, մի կողմից՝ ունկնդիրների հետ տեսողական կապ պահպանել և, մյուս կողմից՝ արտահայտել ազդեցիկ, մանրամասնորեն հղկված մտքեր։ Իսկ ելույթի այն տեղերում, որտեղ պետք է հիշատակվեն փաստեր, թվեր, մեջբերումներ կամ սուրբգրային համարներ, լավ կլինի դրանք կարդալ։
Երբ քեզանից բացատրություն են պահանջում։ Երբեմն այնպիսի իրադրություն է լինում, որ պետք է միանգամից, առանց նախնական պատրաստության, պատասխանենք մեր համոզմունքների վերաբերյալ տրված հարցերին։ Դա կարող է պատահել, օրինակ, քարոզչական ծառայության ժամանակ, երբ ինչ–որ մեկը համաձայն չէ մեզ հետ։ Նման իրավիճակներ կարող են ստեղծվել տանը, աշխատանքի վայրում կամ էլ դպրոցում։ Իշխանության ներկայացուցիչներն էլ գուցե հարցեր տան մեր համոզմունքների ու ապրելակերպի վերաբերյալ։ Աստվածաշունչը մեզ հորդորում է. «Միշտ պատրաստ եղէք հեզութեամբ եւ երկիւղածութեամբ [«խոր հարգանքով», ՆԱ] պատասխան տալու ամենին, որ ձեր մէջ եղած յոյսի համար պատճառ հարցնէ» (Ա Պետ. 3։15)։
Ուշադրություն դարձրու, թե ինչպես Պետրոսն ու Հովհաննեսը պատասխան տվեցին Սինեդրիոնին՝ հրեական գերագույն դատարանին։ Այդ մասին գրված է Գործք 4։19, 20–ում։ Ընդամենը երկու նախադասությամբ նրանք հստակորեն ցույց տվեցին, թե որն է իրենց դիրքորոշումը։ Առաքյալները, հաշվի առնելով, թե ովքեր են իրենց ունկնդիրները, մատնանշեցին, որ տվյալ հարցը վերաբերում է նաև դատարանի անդամներին։ Իսկ ավելի ուշ կեղծ մեղադրանքներով այս նույն դատարանի առջև կանգնեց Ստեփանոսը։ Ընթերցիր նրա տպավորիչ հանպատրաստից ելույթը, որ գրված է Գործք 7։2–53-ում։ Ո՞ր մեթոդով նա կառուցեց իր խոսքը։ Ստեփանոսն իրադարձությունները ներկայացրեց պատմական հաջորդականությամբ։ Ելույթի ընթացքում, երբ հարմար պահը եկավ, նա սկսեց հատուկ կերպով շեշտել, որ Իսրայել ազգը ապստամբության ոգի է դրսևորել։ Իսկ վերջում ցույց տվեց, որ Սինեդրիոնի անդամները նույնպես այդ ոգին են ցուցաբերել՝ Աստծո Որդուն մահվան դատապարտելով։
Ի՞նչ կարող ես անել, երբ ստիպված ես հանպատրաստից բացատրություններ տալ համոզմունքներիդ մասին, ընդ որում դա անես արժանավայել կերպով։ Կարող ես վարվել Նեեմիայի պես. նա նախքան Արտաշես թագավորի հարցին պատասխանելը մտքում աղոթեց Եհովային (Նէեմ. 2։4)։ Այնուհետև արագորեն մտքումդ պլան կազմիր։ Հիմնական քայլերդ հետևյալը կարող են լինել. 1) ընտրիր մեկ կամ երկու միտք, որոնց վերաբերյալ ուզում ես խոսել (կարելի է օգտվել «Քննարկման նյութեր՝ աստվածաշնչյան թեմաներով» գրքույկից)։ 2) Որոշիր թե այդ մտքերին ինչ սուրբգրային համարներ են թիկունք կանգնելու։ 3) Մտածիր, թե ինչպես սկսել բացատրությունը, որ հարց տվող անձնավորությունը ցանկանա լսել։ Այս ամենից հետո սկսիր խոսել։
Բայց, հավանաբար, մտավախություն ունես, որ դժվար իրավիճակներում չես կարողանա կենտրոնանալ ու ինչպես հարկն է պատասխանել։ Հիսուսն ասաց իր հետևորդներին. «Հոգս մի անէք՝ թէ ի՞նչպէս կամ ի՞նչ պիտի խօսիք. որովհետեւ նոյն ժամումը կ’տրուի ձեզ ինչ որ պիտի խօսիք. որովհետեւ չէ թէ դուք էք խօսողները, բայց ձեր Հօր Հոգին, որ ձեզանում խօսում է» (Մատթ. 10։19, 20)։ Սա չի նշանակում, թե հրաշքով կստանաս նույնպիսի «իմաստութեան խօսք», որը տրված էր առաջին դարի քրիստոնյաներին (Ա Կորնթ. 12։8)։ Բայց եթե կանոնավորապես օգուտ քաղես այն կրթությունից, որ Եհովան տալիս է քրիստոնեական ժողովում գտնվող իր ծառաներին, սուրբ ոգին անհրաժեշտության դեպքում միտքդ կբերի հարկ եղած տեղեկությունները (Ես. 50։4)։
Կասկած չկա, որ ազատ խոսքը կարող է շատ ներգործուն լինել։ Եթե միշտ այս ոճով ելույթ ունենաս ժողովում, ապա հանպատրաստից խոսելու առիթների դեպքում դժվարություններ չես ունենա. երկու դեպքում էլ խոսքի պլանը նույն սկզբունքով է կազմվում։ Անընդհատ կատարելագործիր ազատորեն խոսելու ունակությունդ։ Սովորելով ազատ ոճով խոսել՝ դու կկարողանաս ավելի արդյունավետ կերպով քարոզել։ Իսկ եթե ժողովում ելույթներով հանդես գալու առանձնաշնորհում ունես, ապա կկարողանաս ունկնդիրների ուշադրությունը կենտրոնացած պահել ու խոսքդ հասցնել նրանց սրտին։