ԴԱՍ 52
Ազդեցիկ հորդորներ
ՔՐԻՍՏՈՆՅԱ երեցները պետք է կարողանան «ողջամիտ վարդապետութիւնով յորդորել» (Տիտոս 1։9)։ Երբեմն նրանք դա պետք է անեն նույնիսկ շատ դժվար իրավիճակների բախվելիս։ Անչափ կարևոր է, որ նրանց խորհուրդները ներդաշնակ լինեն Գրությունների տված առաջնորդությանը։ Ուստի երեցները պետք է հետևեն այս խորհրդին. «Հետամտի՛ր... յորդորել» (Ա Տիմոթ. 4։13, ԷԹ)։ Թեև մեր այս քննարկումը հիմնականում ուղղված է երեցներին և նրանց, ովքեր ձգտում են նման առանձնաշնորհման, այնուամենայնիվ երբեմն հարկ է լինում, որ ծնողները հորդորեն իրենց երեխաներին, իսկ քարոզիչները՝ նրանց, ում հետ ուսումնասիրում են Աստվածաշունչը։ Հետևաբար՝ նույն խորհուրդներից կարող են օգտվել նաև նրանք։
Իրավիճակներ, երբ հորդորի կարիք է զգացվում։ Որպեսզի որոշենք, թե երբ է հորդորելու կարիք զգացվում, օգտակար կլինի քննել Աստվածաշնչում արձանագրված այն իրավիճակները, երբ դրանք տրվել են։ Պետրոս առաքյալը խրախուսեց երեցներին, որ որպես Աստծո հոտի հովիվներ՝ ուշադիր լինեին իրենց պատասխանատվության հանդեպ (Ա Պետ. 5։1, 2)։ Պողոսը խորհուրդ տվեց Տիտոսին հորդորել երիտասարդներին՝ «խոհեմ լինե[լ]» (Տիտոս 2։6)։ Պողոսը նաև կոչ արեց հավատակիցներին «միեւնոյն խօսքն ունենա[լ]» և հեռու մնալ նրանցից, ովքեր պառակտումներ էին գցում եղբայրների միջև (Ա Կորնթ. 1։10; Հռովմ. 16։17; Փիլիպ. 4։2)։ Չնայած այն բանին, որ Պողոսը գովեց Թեսաղոնիկեի ժողովի անդամներին իրենց լավ գործերի համար՝ այնուհանդերձ նա հորդորեց է՛լ ավելի շատ կիրառել այն բոլոր խորհուրդները, որ տրվել էր նրանց (Ա Թեսաղ. 4։1, 10)։ Պետրոսը աղաչեց իր հավատակիցներին ‘հեռու կենալ մարմնավոր ցանկություններից’ (Ա Պետ. 2։11)։ Իմանալով Աստծուց օտարացած և անբարո արարքների մեջ մխրճված մարդկանց ազդեցության մասին՝ Հուդան հորդորեց իր եղբայրներին «պայքարէ[լ] հաւատի համար» (Յուդա 3, 4, ԷԹ)։ Քրիստոնյաները խրախուսվում էին հորդորել միմյանց, որպեսզի չկարծրանային՝ մեղքի մոլորեցուցիչ ազդեցության տակ ընկնելով (Եբր. 3։13)։ Պետրոս առաքյալը հորդորեց այն հրեաներին, ովքեր դեռ չէին հավատում Քրիստոսին. «Ազատեցէ՛ք ձեր անձերը այս խոտորեալ սերնդից» (Գործք 2։40, ԷԹ)։
Ինչպիսի՞ հատկություններ են անհրաժեշտ՝ նման իրավիճակներում վճռական հորդորներ տալու համար։ Խրախուսելիս ինչպե՞ս կարող է անհատը հրատապություն հաղորդել իր խոսքերին և միևնույն ժամանակ մարդկանց վրա ճնշում չբանեցնել ու չլինել կոպիտ։
Փիլիմ. 9, Արևմտ. Աստ.)։ Ճիշտ է, երբ հարկավոր է մղել անհապաղ գործերի, հռետորը իր մատուցմամբ պետք է ընդգծի տվյալ հարցի լրջությունը։ Նման դեպքում մեղմ տոնը չափազանց փափուկ կհնչեր։ Ուստի ունկնդիրներին արված կոչը պետք է լինի լուրջ, բայց միևնույն ժամանակ՝ կարեկցանքով լի։ Նման սիրալիր կոչն է, որ ունկնդիրներին գործերի կմղի։ Խոսելով իր համագործակիցների և իր անունից՝ Պողոսն ասաց թեսաղոնիկեցիներին. «Ինչպէս գիտէք, որ ձեզանից ամեն մէկին՝ ինչպէս մի հայր իր որդիներին՝ յորդորում.... էինք» (Ա Թեսաղ. 2։11, 12ա)։ Այդ քրիստոնյա վերակացուները սիրուց դրդված աղաչում էին իրենց եղբայրներին։ Թող որ քո խոսքերն էլ բխեն ունկնդիրների հանդեպ ունեցած հոգատարության անկեղծ զգացումից։
«Սիրով»։ Եթե մեր հորդորը չտրվի «սիրով», այն գուցե շատ խիստ հնչի (Եղիր նրբանկատ։ Թույլ մի տուր, որ պատնեշ առաջանա քո և նրանց միջև, ում ջանում ես մղել գործերի։ Միևնույն ժամանակ, մի վարանիր քեզ լսողներին տեղեկացնել «Աստուծոյ բոլոր կամքը» (Գործք 20։27)։ Նրանք, ովքեր գնահատում են խորհուրդը, վատ չեն տրամադրվի, և նրանց սերը քո հանդեպ չի պակասի այն պատճառով, որ բարյացակամորեն հորդորում ես նրանց անելու այն, ինչ ճիշտ է (Սաղ. 141։5)։
Հաճախ շատ օգտակար է լինում նախքան որևէ հորդոր տալը կոնկրետ և անկեղծ գովեստի խոսքեր ասել ունկնդիրներին։ Խորհիր բոլոր այն լավ բաների շուրջ, որ իրագործում են քո եղբայրները և դրանով, անկասկած, ուրախացնում Եհովային. գործերով դրսևորվող իրենց հավատը, սերը, որ մղում է նրանց ավելին անելու, և տոկունությունը՝ ծանր իրավիճակների բախվելիս (Ա Թեսաղ. 1։2–8; Բ Թեսաղ. 1։3–5)։ Այդպիսի խոսքեր լսելով՝ եղբայրները կզգան, որ իրենց գնահատում ու հասկանում են, և նրանք ավելի պատրաստակամորեն կընդունեն դրանց հաջորդող կոչը։
«Ամեն երկայնմտութիւնով»։ Հորդորի խոսքերը պետք է տրվեն «ամեն երկայնմտութիւնով» (Բ Տիմոթ. 4։2)։ Ի՞նչ է դա ընդգրկում։ Երկայնամտությունը կրում է համբերատար կերպով անարդար վերաբերմունքին կամ սադրանքներին դիմանալու իմաստ։ Երկայնամիտ անհատը հույսը չի կորցնում, որ իրեն լսողները կյանքում կիրագործեն իր ասածները։ Այդպիսի ոգով տրվող հորդորը ունկնդիրներից դուրս կվանի այն միտքը, թե նրանց մասին վատն ես մտածում։ Քո վստահությունն այն բանում, որ եղբայրներն ու քույրերը ցանկանում են իրենց կարողության սահմաններում ամեն բան անել՝ Եհովային ծառայելու, նրանց մեջ կկրկնապատկի ճիշտն անելու ցանկությունը (Եբր. 6։9)։
«Ողջամիտ վարդապետութիւնով»։ Ինչպե՞ս կարող է երեցը «ողջամիտ վարդապետութիւնով յորդորել»։ «Հաստատ բռնելով վարդապետութեան հաւատարիմ խօսքը» (Տիտոս 1։9)։ Քո անձնական կարծիքը հայտնելու փոխարեն՝ թույլ տուր, որ Աստծո Խոսքը ուժ հաղորդի քո հորդորներին։ Թող որ Աստվածաշունչը մղի քեզ ըմբռնելու, թե ինչ է հարկավոր ասել։ Թվարկիր բոլոր այն օգուտները, որ կարելի է քաղել՝ կիրառելով Աստվածաշնչի խորհուրդները, որոնք վերաբերում են քո կողմից քննարկվող թեմային։ Լավ մտապահիր, թե Աստծո Խոսքի համաձայն չշարժվելը ինչ հետևանքների կարող է հանգեցնել ներկայումս և ապագայում, և աշխատիր դրանց միջոցով ունկնդիրներին վստահեցնել այն հարցում, թե որքան կարևոր է համապատասխան քայլեր ձեռնարկելը։
Անպայման հստակ բացատրիր ունկնդիրներին, թե ինչ պետք է նրանք անեն և ինչպես։ Թող բոլորի համար պարզ լինի, որ քո բերած փաստարկները ամուր կերպով հիմնված են Գրությունների վրա։ Եթե Գրությունները որոշ չափով ազատություն են տալիս ինքնուրույն որոշում կայացնելու, ցույց տուր այդ ազատության սահմանները։ Ապա՝ ելույթի վերջաբանում կատարիր վերջին կոչը, որպեսզի ամրացնես ունկնդիրներիդ վճռականությունը՝ գործելու ասվածի համաձայն։
Խոսելու ազատություն ունենալով։ Որպեսզի հորդորներն ազդեցիկ լինեն, անհատը պետք է խոսելու ազատություն ունենա (Ա Տիմոթ. 3։13, ՆԱ)։ Ի՞նչն է իրավասություն տալիս անհատին ազատորեն խոսելու։ Այն, որ նրա ցուցաբերած «բարի գործերու օրինակ[ը]» ներդաշնակ է այն ամենին, ինչ ինքն է հորդորում եղբայրներին անել (Տիտոս 2։6, 7, Արևմտ. Աստ.; Ա Պետ. 5։3)։ Նման դեպքում լսողները կգիտակցեն, որ խոսողը անձամբ կատարում է այն, ինչ հորդորում է անել։ Կտեսնեն, որ արժե ընդօրինակել նրա հավատը, ճիշտ ինչպես նա է աշխատում ընդօրինակել Քրիստոսին (Ա Կորնթ. 11։1; Փիլիպ. 3։17)։
Հորդորները, որ հիմնված են Աստծո Խոսքի վրա և տրվում են սիրով, հիանալի արդյունքներ կարող են բերել։ Նրանք, ովքեր պատասխանատվություն ունեն նման հորդորներ տալու, պետք է ջանքեր գործադրեն դրանք լավ անելու համար (Հռովմ. 12։8, ԷԹ)։