Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ԴԱՍ 38

Առաջաբան, որը հետաքրքրություն է առաջացնում

Առաջաբան, որը հետաքրքրություն է առաջացնում

ԱՌԱՋԱԲԱՆԸ ելույթի կարևոր մասերից է։ Եթե ունկնդիրների հետաքրքրությունն իսկապես շարժես, ապա նրանք ավելի մեծ ցանկություն կունենան իմանալու, թե ինչ ես ասելու հետո։ Եթե քարոզչական ծառայության ժամանակ քո խոսքի առաջաբանը չշարժի զրուցակցիդ հետաքրքրությունը, ապա հնարավոր է՝ չկարողանաս շարունակել զրույցը։ Նույնը կարելի է ասել այն դեպքի համար, երբ ելույթ ես ունենում Թագավորության սրահում։ Ճիշտ է, ունկնդիրները չեն լքի սրահը, բայց եթե նրանց մեջ հետաքրքրություն չառաջանա նյութի հանդեպ, նրանք գուցե սկսեն մտածել այլ բաների մասին։

Ելույթի առաջաբանը պատրաստելիս հետևյալ նպատակները դիր քո առջև՝ 1) գրավել լսարանի ուշադրությունը, 2) հստակորեն նշել, թե ինչի մասին ես խոսելու, 3) ցույց տալ, թե ինչու է տվյալ թեման կարևոր ունկնդիրների համար։ Որոշ դեպքերում այս երեք նպատակներին գրեթե միաժամանակ կարելի է հասնել։ Բայց, այնուամենայնիվ, երբեմն հարկ է լինում դրանք առանձին–​առանձին քննել, ընդ որում՝ գուցե այլ հերթականությամբ։

Ինչպես գրավել լսարանի ուշադրությունը։ Այն փաստը, որ մարդիկ հավաքվել են ելույթ ունկնդրելու, չի նշանակում, թե նրանք պատրաստ են լսելու համակ ուշադրությամբ։ Իսկ ինչո՞ւ։ Որովհետև նրանց կյանքը լի է ուշադրություն պահանջող բազմաթիվ այլ բաներով։ Մեկին մտահոգում է տան հետ կապված ինչ–​որ խնդիր, մյուսը անհանգստացած է ուրիշ հոգսերով։ Որպես հռետոր՝ քո խնդիրն այն է, որ գրավես լսարանի ուշադրությունը և ամբողջ ելույթի ընթացքում այն պահես։ Իսկ սա անելու համար կան մի քանի ձևեր։

Երբևէ հնչած ամենահայտնի ելույթներից մեկը Լեռան քարոզն է։ Ինչպիսի՞ն էր նրա առաջաբանը։ Ըստ Ղուկասի Ավետարանի՝ Հիսուսն ասել էր. «Երանի աղքատներիդ.... Երանի հիմա սովածներիդ.... երանի հիմա լացողներիդ.... Երանի ձեզ, երբոր մարդիկ ձեզ ատեն» (Ղուկ. 6։20–22)։ Ինչո՞ւ այս առաջաբանը շարժեց մարդկանց հետաքրքրությունը։ Հիսուսը մի քանի բառով ցույց տվեց, որ հասկանում է, թե իր ունկնդիրներն ի՛նչ լուրջ խնդիրների են բախվում։ Այս խոսքերից հետո Հիսուսը ոչ թե մանրամասն խոսեց նրանց խնդիրների մասին, այլ ցույց տվեց, որ նրանք, այդ դժվարություններով հանդերձ, կարող են երջանիկ լինել, և դա արեց այնպես, որ ունկնդիրները լցվեցին իրեն լսելու է՛լ ավելի մեծ ցանկությամբ։

Լսարանի հետաքրքրությունն արթնացնելու արդյունավետ միջոցներից են հարցերը։ Սակայն դրանք պետք է ճիշտ ընտրված լինեն։ Եթե քո հարցերից երևում է, որ այն, ինչ ասելու ես, արդեն հայտնի է ունկնդիրներին, նրանց հետաքրքրությունը կարող է իսկույն նվազել։ Մի օգտագործիր այնպիսի հարցեր, որոնք անհարմար դրության մեջ կդնեն ունկնդիրներին կամ էլ նրանց կներկայացնեն վատ լույսի ներքո։ Աշխատիր հարցերդ այնպես ձևակերպել, որ ունկնդիրները ցանկանան մտածել դրանց շուրջ։ Ամեն մի հարցից հետո կարճ դադար տուր, որպեսզի նրանք ժամանակ ունենան մտքում պատասխանելու դրան։ Երբ նրանք այնպիսի զգացողություն ունենան, որ կարծես թե մտովի խոսում են քեզ հետ, ապա դա կնշանակի, որ քեզ հաջողվել է գրավել նրանց ուշադրությունը։

Լսարանի ուշադրությունը կարելի է գրավել նաև մեկ այլ ձևով՝ իրական դեպքեր պատմելով։ Բայց դժվար թե հասնես նպատակիդ, եթե այդ պատմությունը ներկաներից որևէ մեկին անհարմար դրության մեջ դնի։ Նպատակիդ չես հասնի նաև այն դեպքում, եթե ունկնդիրները մտապահեն պատմությունը, բայց դժվարանան ըմբռնել, թե որն էր քո ասելիքը։ Եթե առաջաբանում ինչ–​որ դեպք ես պատմում, ապա այն պետք է կարողանա հող ստեղծել ելույթի հիմնամասում որոշ կարևոր մտքեր քննարկելու համար։ Իհարկե, գուցե հարկ լինի ինչ–​ինչ մանրամասնություններ ներկայացնել, որպեսզի պատմությունը կենդանի լինի, բայց պետք է զգույշ լինես, որ խոսքդ չձգձգվի։

Որոշ հռետորներ իրենց ելույթը սկսում են՝ պատմելով վերջին նորություններից, մեջբերում անելով տեղական թերթերից կամ էլ հիշատակելով հայտնի գործիչի խոսքեր։ Այս մեթոդից նույնպես կարելի է օգտվել, եթե դա իսկապես համապատասխանում է նյութին և ունկնդիրներին։

Եթե քո ելույթը մտնում է ելույթաշարի մեջ կամ էլ Ծառայողական հանդիպման մասերից է, ապա սովորաբար ամենից լավն այն է, որ առաջաբանը կարճ ու կոնկրետ լինի։ Իսկ եթե հանդես ես գալիս հանրային ելույթով, ապա ուշադիր եղիր, որ չանցնես առաջաբանի համար հատկացված ժամանակը։ Ունկնդիրների համար ամենից արժեքավոր տեղեկությունը գտնվում է ելույթի հիմնամասում, և ոչ թե առաջաբանում։

Երբեմն հնարավոր է, որ խոսես այնպիսի ունկնդիրների առջև, որոնք թերահավատորեն և նույնիսկ թշնամաբար են տրամադրված։ Ինչպե՞ս կարող ես գրավել նրանց ուշադրությունը։ Ստեփանոսը՝ առաջին դարի մի քրիստոնյա, որի մասին ասվում է, որ «Սուրբ Հոգով եւ իմաստութիւնով լցուած» էր, բռնի ուժով տարվեց Սինեդրիոն։ Այստեղ նա մի պերճախոս վկայություն տվեց ի պաշտպանություն քրիստոնեության։ Ինչպե՞ս նա սկսեց իր խոսքը։ Ստեփանոսը ներկաներին դիմեց հարգալից ձևով ու արտահայտեց մի միտք, որը բոլորին ընդունելի էր. «Մարդիկ՝ եղբայրներ եւ հայրեր, լսեցէք. Փառքի Աստուածն երեւեցաւ մեր հայր Աբրահամին» (Գործք 6։3; 7։2)։ Իսկ Պողոս առաքյալին Աթենքի Արիսպագոսում բաժին ընկավ բոլորովին այլ լսարան, և նա, դիմելով նրանց, առաջաբանում հետևյալն ասաց. «Ով աթենացի մարդիկ, ես ձեզ ամեն կերպով կրօնասէր եմ տեսնում» (Գործք 17։22)։ Այս երկու դեպքում էլ, շնորհիվ լավ առաջաբանի, ունկնդիրները ցանկացան ավելին իմանալ։

Քարոզչական ծառայության ժամանակ ևս հարկավոր է մարդկանց մեջ հետաքրքրություն առաջացնել։ Եթե տանտերը վաղօրոք տեղյակ չէ, որ այցելելու ես իրեն, ըստ ամենայնի, զբաղված կլինի ուրիշ գործերով։ Աշխարհի որոշ վայրերում մարդիկ անսպասելի այցելուներից ակնկալում են, որ միանգամից հայտնեն գալու նպատակը։ Այլ վայրերում էլ սովորությունները պահանջում են նախ որոշակի քայլեր անել, և հետո անցնել բուն գործին (Ղուկ. 10։5

Երկու դեպքում էլ, դրսևորելով անկեղծ բարյացակամություն, կարելի է ստեղծել այնպիսի մթնոլորտ, որը կնպաստի ջերմ խոսակցության։ Հաճախ նպատակահարմար է լինում հիշատակել այնպիսի բան, ինչը զբաղեցնում է տվյալ անհատի միտքը։ Իսկ ինչպե՞ս իմանալ, թե նա ինչի մասին է մտածում։ Օրինակ՝ մոտենալով անհատին՝ ուշադրություն դարձրու, թե նա ինչ է անում։ Գուցե նա մշակում է հողը, աշխատում է տնամերձ այգում, վերանորոգում է ավտոմեքենան, ճաշ է պատրաստում, լվացք է անում, երեխաներով է զբաղված։ Իսկ գուցե թե՞րթ է կարդում, կամ նայում է փողոցի անցուդարձի՞ն։ Նրա կողքին գտնվող առարկաները չե՞ն վկայում այն մասին, որ նա հետաքրքրվում է ձկնորսությամբ, սպորտով, երաժշտությամբ, ճանապարհորդությամբ, համակարգիչներով և այլն։ Մարդկանց միտքը հաճախ նաև զբաղված է լինում ռադիոյով կամ հեռուստատեսությամբ հաղորդված վերջին լուրերով։ Դրանցից մեկի վերաբերյալ հարց ուղղելով կամ հակիրճ հիշատակում անելով՝ կարելի է անհատի հետ հաճելի զրույց սկսել։

Այն, թե ինչպես Հիսուսը սկսեց խոսակցությունը սամարացի կնոջ հետ Սյուքար քաղաքի շրջակայքում գտնվող ջրհորի մոտ, վկայություն տալու նպատակով զրույց սկսելու ուշագրավ օրինակ է (Յովհ. 4։5–26

Առաջաբանի խոսքերը հարկավոր է հանգամանորեն պատրաստել, հատկապես այն դեպքում, երբ ձեր ժողովը հաճախակի է մշակում իր տարածքը։ Հակառակ դեպքում քեզ չի հաջողվի վկայություն տալ։

Հստակորեն նշիր, թե ինչի մասին ես խոսելու։ Քրիստոնեական հանդիպումներում նախագահողը կամ այն եղբայրը, որ հանդես է եկել քեզանից առաջ, սովորաբար հայտարարում է քո ելույթի թեման և քեզ ներկայացնում է ունկնդիրներին։ Բայց, բարձրանալով բեմ, լավ կլինի ներածական խոսքերում կրկին նշել, թե ինչի մասին ես խոսելու։ Սա կարելի է անել, թեև պարտադիր չէ, ելույթի վերնագիրը բառ առ բառ արտասանելով։ Այսպես թե այնպես, թեման հարկավոր է աստիճանաբար զարգացնել ելույթի ընթացքում, իսկ առաջաբանում՝ լսարանի ուշադրությունը հրավիրել խոսքի առարկայի վրա։

Աշակերտներին քարոզելու ուղարկելիս Հիսուսը հստակորեն ցույց տվեց, թե ինչ պետք է նրանք ասեին. «Երբոր կ’գնաք, քարոզեցէք եւ ասեցէք, թէ երկնքի արքայութիւնը մօտեցել է» (Մատթ. 10։7)։ Իսկ մեր օրերի հետ կապված՝ նա ասաց. «Արքայութեան այս աւետարանը.... կ’քարոզուի» (Մատթ. 24։14)։ Աստվածաշունչը մեզ հորդորում է՝ «Խօսքը քարոզիր», այսինքն՝ վկայություն տալիս մենք պետք է մեր խոսքերը հիմնենք Սուրբ Գրությունների վրա (Բ Տիմոթ. 4։2)։ Բայց հաճախ նախքան Աստվածաշնչից ինչ–​որ համար կարդալը կամ անհատի ուշադրությունը Թագավորության վրա հրավիրելը անհրաժեշտ է լինում նշել մի որևէ հրատապ խնդիր։ Դու կարող ես խոսել հանցագործության, գործազրկության, անարդարության, պատերազմի, հիվանդությունների, մահվան մասին կամ՝ թե ինչպես օգնել երիտասարդներին։ Սակայն տհաճ մանրամասնությունների մեջ չարժե խորանալ, որովհետև քո բերած լուրը բարի լուր է։ Ձգտիր խոսակցության ընթացքը ուղղել դեպի Աստծո Խոսքը և Թագավորության հույսը։

Ցույց տուր, թե ինչու է տվյալ թեման կարևոր ունկնդիրների համար։ Եթե պետք է ելույթ ունենաս ժողովում, ապա կարող ես բավականաչափ վստահ լինել, որ ընդհանուր առմամբ քո թեման հետաքրքրելու է ունկնդիրներին։ Բայց կլսե՞ն քեզ այնպես, ինչպես սովորաբար անհատը լսում է, երբ գիտի, որ խոսակցության նյութը հենց իրեն է վերաբերում։ Ուշադրություն կդարձնե՞ն քո խոսքերին, երբ տեսնեն, որ խոսում ես հենց իրենց հուզող հարցերից և ուզում ես իրենց մեջ ցանկություն արթնացնել այդ առումով ինչ–​որ քայլեր կատարելու։ Դու կկարողանաս ունկնդիրների մեջ հետաքրքրություն առաջացնել միայն այն դեպքում, եթե ելույթին նախապատրաստվելիս ամենայն մանրամասնությամբ հաշվի առնես, թե ինչ հանգամանքներում են նրանք գտնվում, ինչ հոգսեր ունեն, ինչպես են մտածում։ Այս ամենից հետո ընդգրկիր քո առաջաբանում այնպիսի մտքեր, որը ցույց կտա դա։

Անկախ այն բանից՝ ելույթ ես ունենում, թե քարոզում ես, խոսքի առարկայի հանդեպ հետաքրքրություն առաջացնելու լավագույն ձևերից մեկը մարդկանց քո խոսքին հաղորդակից դարձնելն է։ Ցույց տուր, թե նրանց խնդիրները, կարիքները, հուզող հարցերը ինչպես են կապված քննարկվող թեմայի հետ։ Եթե ունկնդիրները տեսնեն, որ դու մտադիր ես ոչ միայն ընդհանուր, այլև կոնկրետ մտքեր արտահայտել, ապա ավելի մեծ ուշադրությամբ կլսեն քեզ։ Իսկ դրա համար հարկավոր է լավ նախապատրաստվել։

Ինչպես կասես առաջաբանը։ Թե առաջաբանում ինչ կասես, ամենից կարևորն է։ Բայց ունկնդիրների մեջ հետաքրքրություն առաջացնելու համար կարևոր է նաև այն, թե ինչպես ես դա ասում։ Ուստի առաջաբանը նախապատրաստելիս պետք է հաշվի առնես ոչ միայն այն, թե ինչ ես ասելու, այլև այն, թե դա ինչպես ես ասելու։

Որպեսզի առաջաբանը հաջող լինի, կարևոր է ճիշտ բառեր ընտրել, ուստի թերևս հարկ համարես ելույթի առաջին երկու–​երեք նախադասությունները բավականին հղկել։ Սովորաբար ամենալավը կարճ, պարզ նախադասություններն են։ Գուցե ցանկանաս դրանք ամբողջությամբ գրել թղթի վրա կամ էլ անգիր անել, որպեսզի առաջին խոսքերդ ինչպես հարկն է ներգործուն լինեն։ Եվ բացի այդ, եթե առաջաբանը հանգիստ, առանց շտապելու ասես, կկարողանաս այդ նույն հանգստությամբ ներկայացնել ելույթի մնացած մասը։

Երբ պատրաստել առաջաբանը։ Այս հարցում տարբեր կարծիքներ կան։ Որոշ փորձառու հռետորներ ասում են, որ ելույթի նախապատրաստությունը պետք է սկսել առաջաբանից։ Մյուսներն էլ կարծում են, որ առաջաբանը հարկավոր է կազմել ելույթի հիմնական մասը պատրաստելուց հետո։

Անշուշտ, նախքան առաջաբանի մանրամասնությունների մասին խորհելը հարկավոր է պատկերացում կազմել, թե ինչի մասին է թեման, և որոշել, թե որոնք են լինելու ելույթի գլխավոր կետերը։ Իսկ ինչպե՞ս վարվել, երբ ելույթը պետք է պատրաստել տպագիր պլանի հիման վրա։ Եթե պլանը կարդալուց հետո առաջաբանի վերաբերյալ քո մեջ ինչ–​որ միտք ծագի, ապա ոչ մի սխալ բան չի լինի, եթե այն գրի առնես։ Հիշիր, որ լավ առաջաբան կազմելու համար հարկավոր է հաշվի առնել, թե ովքեր են ունկնդիրները, և թե ինչ նյութ է ընդգրկված պլանում։