Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Առաջադիմիր, ձգտիր հաջողությունների հասնել

Առաջադիմիր, ձգտիր հաջողությունների հասնել

ԵՐԲ սկսեցիր կիրառել Աստվածաշնչի սկզբունքները, քեզանում արմատացած մտածելակերպը, խոսելակերպն ու վարվելակերպը աստիճանաբար սկսեցին փոխվել։ Հավանաբար այս փոփոխություններից շատերը քո մեջ արդեն տեղի են ունեցել՝ նախքան Աստվածապետական ծառայության դպրոցին մասնակցելը։ Գուցե արդեն հասել ես որոշակի հաջողությունների ու կյանքդ նվիրել ես Եհովային։ Արդյոք դա նշանակո՞ւմ է, որ այլևս առաջադիմելու հարկ չկա։ Ամենևին էլ ոչ։ Մկրտությունը սկիզբն է միայն։

Երբ Պողոս առաքյալը խորհուրդ տվեց քրիստոնյա աշակերտ Տիմոթեոսին «մտած[ել]» իրեն տրված խորհրդի և իրեն վստահված ծառայության առանձնաշնորհման շուրջ, որ դրանցում ‘կենա’, այսինքն՝ դրանցով զբաղված լինի, որպեսզի իր «յառաջադիմութիւնը ամենին յայտնի լինի», նա արդեն ծառայում էր որպես երեց (Ա Տիմոթ. 4։12–15)։ Անկախ այն բանից՝ վերջերս ես սկսել ընթանալ ճշմարտության ճանապարհով, թե վաղուց արդեն նվիրված քրիստոնյա ես, քո առջև պետք է նպատակ դնես հետագա առաջադիմություններ անելու։

Գիտություն և բարեփոխում

Եփեսացիս 3։14–19 համարներում կարդում ենք այն մասին, որ Պողոս առաքյալն աղոթում էր իր հավատակիցների համար, որպեսզի վերջիններս խորությամբ հասկանային ճշմարտության «լայնութիւնը եւ երկայնութիւնը եւ բարձրութիւնը եւ խորութիւնը»։ Ուստի Հիսուսը մարդկանց տեսքով պարգևներ տվեց ժողովին՝ սովորեցնելու, ուղղելու և ամրացնելու նպատակով։ Աստծո ներշնչյալ Խոսքի շուրջ մշտապես խորհրդածելը՝ փորձառու ուսուցիչների տված առաջնորդության հետ մեկտեղ, կօգնի մեզ, որ «աճինք» հոգևորապես (Եփես. 4։11–15

Այդպիսի հոգևոր աճը բովանդակում է «մտքի հոգովը նորոգ[վելը]»։ Դա նշանակում է զարգացնել այնպիսի մտածելակերպ, որ ներդաշնակ լինի Աստծո և Հիսուսի մտածելակերպին։ Դրա համար հարկավոր է շարունակ գտնվել նրանց մտածելակերպի ազդեցության տակ, որպեսզի «նոր մարդին հագնէ[ն]ք» (Եփես. 4։23, 24)։ Երբ ուսումնասիրում ես Ավետարանները և ծանոթանում Քրիստոսի կյանքին, դիտո՞ւմ ես այդ ամենը որպես օրինակ, որին կուզեիր ողջ կյանքում հետևել։ Ջանո՞ւմ ես նկատել Հիսուսի անձնավորությանը բնորոշ գծերը ու դրսևորել դրանք քո կյանքում (Ա Պետ. 2։21

Թե որքանով ես առաջադիմել, կարող է երևալ այն բանից, թե ինչ թեմաներ ես ընդգրկում քո զրույցներում։ Այն անհատները, ովքեր նոր անձնավորություն են հագել, կխուսափեն կեղծավոր, անպարկեշտ, վիրավորական կամ բացասական երանգի խոսքեր օգտագործելուց։ Նրանց խոսքը «բարի է՝ շինութեան համար.... որ շնորհք տայ լսողներին» (Եփես. 4։25, 26, 29, 31; 5։3, 4; Յուդա 16)։ Նրանց մեկնաբանություններն ու խոսքերը (լինի դա ժողովի հանդիպումներին թե առանձին զրույցների ժամանակ) ցույց են տալիս, որ ճշմարտությունը փոխել է իրենց կյանքը։

Եթե դու այլևս «երերուած ու տատանուած [չես] վարդապետութեան ամեն քամուցը», դա ևս փաստում է, որ առաջադիմում ես (Եփես. 4։14)։ Օրինակ՝ ինչպե՞ս ես արձագանքում, երբ աշխարհն, ասես, նոր գաղափարների կամ զանազան զվարճությունների հեղեղ է տեղում քեզ վրա։ Կարո՞ղ է պատահել, որ հոգևոր պարտականություններին հատկացված ժամանակը հեշտությամբ տրամադրես նման բաների։ Այդպես վարվելը կարող է արգելակել քո հոգևոր աճը։ Ուրեմն որքա՜ն ավելի իմաստուն կլինի ‘ժամանակ գնել’ հոգևոր գործերի համար (Եփես. 5։15, 16

Մարդկանց հանդեպ քո վերաբերմունքը նույնպես ցույց է տալիս, թե որքանով ես առաջադիմել հոգևորապես։ Սովորե՞լ ես քույրերի ու եղբայրների հետ լինել «քաղցր.... գթած», ներել նրանց (Եփես. 4։32

Քո գործերով Եհովային ընդօրինակելու մեջ ունեցած առաջադիմությունդ պիտի ակնհայտ լինի քո գործերից՝ ինչպես ժողովում, այնպես էլ տանը։ Այն պետք է երևա նաև դպրոցում, աշխատավայրում և հասարակական վայրերում (Եփես. 5։21–6։9)։ Եթե կյանքի բոլոր մարզերում ձգտես ավելի մեծ ջանքեր գործադրել՝ աստվածային հատկություններ դրսևորելու, ապա քո առաջադիմությունը ինքնըստինքյան ակնհայտ կլինի։

Գործադրիր քո պարգևը

Եհովան մեզ բոլորիս օժտել է ընդունակություններով ու կարողություններով։ Նա ակնկալում է, որ մենք դրանք գործածենք՝ հօգուտ ուրիշների, այնպես որ մեր միջոցով Աստված կարողանա արտահայտել իր շնորհը։ Ահա թե ինչ ասաց այդ մասին Պետրոս առաքյալը. «Ամեն մէկդ ինչպէս որ շնորհք է ընդունել՝ այն իրար մատակարարեցէք. ինչպէս Աստուծոյ կերպ կերպ շնորհաց լաւ տնտեսներ» (Ա Պետ. 4։10)։ Իսկ ինչպե՞ս ես վարում քո «տնտեսությունը» դու։

Պետրոսը շարունակում է. «Եթէ մէկը խօսում է թող ինչպէս Աստուծոյ հրամաններ խօսի» (Ա Պետ. 4։11)։ Այս համարը ընդգծում է, թե որքան կարևոր է մեր խոսքը ամբողջությամբ ներդաշնակեցնել Աստծո Խոսքին, որ այդպիսով Աստված փառաբանվի։ Մեր խոսելու ձևը ևս պետք է փառք բերի Եհովային։ Աստվածապետական ծառայության դպրոցում մատուցվող ուսուցումը կօգնի քեզ սովորել քո ունեցած պարգևները գործածել այնպես, որ օգնես մարդկանց և դրանով փառք բերես Աստծուն։ Քո առջև ունենալով այդպիսի նպատակ՝ ինչպե՞ս կարող ես որոշել, թե որքանով ես առաջադիմել Դպրոցում։

Մի փորձիր քո առաջադիմությունը կապել այն բանի հետ, թե ուսումնական բլանկից արդեն քանի դասի վրա ես աշխատել, կամ թե ինչպիսի առաջադրանքներ են հանձնարարվել քեզ։ Կարևորն այն է, թե քո ստացած կրթության շնորհիվ ինչ հաջողությունների ես հասել Աստծուն փառաբանելու մեջ։ Դպրոցը մեզ պատրաստում է ավելի արդյունավետ կերպով մասնակցելու քարոզչական ծառայությանը։ Ուստի հարցրու ինքդ քեզ. «Ինձ հաջողվո՞ւմ է նախապես պատրաստվել քարոզչական ծառայությանը։ Կարողանո՞ւմ եմ անձնական հետաքրքրություն ցույց տալ այն անհատների նկատմամբ, ում քարոզում եմ։ Հիմք դնո՞ւմ եմ վերայցելությունների համար՝ քննարկման ինչ–​որ հարց թողնելով հաջորդ անգամվան։ Եթե որևէ մեկի հետ Աստվածաշունչ եմ ուսումնասիրում, ձգտո՞ւմ եմ այնպես հմտանալ որպես ուսուցիչ, որ խոսքս կարողանամ նրա սրտին հասցնել»։

Հոգևոր առաջադիմությունը չի բնորոշվում ծառայության մեջ առանձնաշնորհումների հասնելով։ Այն որոշվում է ոչ թե ստացած առաջադրանքով, այլ՝ թե ինչպես ես այն կատարում։ Եթե քեզ առաջարդանք են տվել, որի մեջ մտնում է ուսուցանելը, ինքդ քեզ հետևյալ հարցերը տուր. «Իսկապես տիրապետո՞ւմ եմ ուսուցանելու արվեստին։ Նյութը մատուցո՞ւմ եմ այնպես, որ այն ազդեցություն գործի ունկնդիրների կյանքում»։

Քեզ տրված պարգևը գործածելու համար քեզնից պահանջվում է նաև նախաձեռնող լինել։ Նախաձեռնությունը քեզ վրա վերցնո՞ւմ ես՝ հավատակիցներիդ հետ քարոզչական ծառայության մասնակցելու։ Առիթներ փնտրո՞ւմ ես՝ օգնություն ցույց տալու ժողովի նորեկ, երիտասարդ կամ տկար անդամներին։ Ցանկություն հայտնո՞ւմ ես Թագավորության սրահի մաքրության գործին մասնակցելու կամ շրջանային և մարզային համաժողովների ժամանակ տարբեր բաժիններում քո օգնությունը առաջարկելու համար։ Կարո՞ղ ես ժամանակ առ ժամանակ ծառայել որպես ենթառահվիրա։ Կարո՞ղ ես ծառայել որպես ընդհանուր ռահվիրա կամ օգնել այն ժողովներին, որտեղ ավելի մեծ օգնության կարիք է զգացվում։ Եթե եղբայր ես, ձգտո՞ւմ ես համապատասխանել ծառայող օգնական կամ երեց դառնալու սուրբգրային պահանջներին։ Պատրաստակամորեն օգնության ձեռք մեկնելով և պատասխանատվություններ վերցնելով՝ դու ցույց ես տալիս քո առաջադիմությունը (Սաղ. 110։3

Ինչ դեր է խաղում փորձ ունենալը

Եթե քրիստոնեական կյանքի մեծ փորձ չունես, և դա քեզ վհատեցնում է, մի՛ ընկճվիր։ Աստծո Խոսքը կարող է «իմաստուն ան[ել] պարզամիտներին», կամ՝ անփորձներին (Սաղ. 19։7; 119։130; Առակ. 1։1–4)։ Աստվածաշնչի խորհուրդները կիրառելով՝ մենք կարող ենք օգուտներ քաղել Եհովայի կատարյալ իմաստությունից, որը շատ ավելի արժեքավոր է, քան ցանկացած փորձ, որ գալիս է ժամանակի հետ։ Այո, Եհովային ծառայելու մեջ առաջադիմելով՝ մենք արժեքավոր փորձ ենք ձեռք բերում։ Ինչպե՞ս կարող ենք գործի դնել այդ փորձը, որպեսզի լավ արդյունքների հասնենք։

Կյանքում հայտնվելով բազմապիսի հանգամանքներում՝ անհատը գուցե մտածի. «Ես նախկինում արդեն հայտվել եմ նման իրավիճակում։ Ես գիտեմ, թե ինչ պետք է անեմ»։ Արդյո՞ք խելամիտ կլինի այդպես մտածելը։ Առակաց 3։7–ը զգուշացնում է. «Դու քո աչքի առաջին իմաստուն մի լինիր»։ Մեր կուտակած փորձը պետք է ընդլայնի մեր տեսահորիզոնը, որ հաշվի առնենք բոլոր գործոնները, երբ կյանքում տարբեր հանգամանքների ենք բախվում։ Սակայն հոգևորապես առաջադիմելուն զուգընթաց՝ այդ փորձը նաև ազդեցություն կգործի մեր մտքի ու սրտի վրա, որպեսզի հասկանանք, որ հաջողության հասնելու համար Եհովայի օրհնության կարիքն ունենք։ Այդ ժամանակ մեր առաջադիմությունն ակնհայտ կլինի այն բանից, որ ինչ իրավիճակում էլ հայտնվենք, առաջնորդության համար Եհովային կդիմենք և միայն նրան կապավինենք և ոչ թե մեր հույսը կդնենք մեզ վրա։ Հաջողությունների կհասնենք նաև, եթե ցույց տանք մեր վստահությունը այն բանի հանդեպ, որ առանց Աստծո թույլտվության ոչինչ տեղի չի ունենում։ Այն կարտացոլվի նաև մեր երկնային Հոր հետ հուսալի և ջերմ փոխհարաբերություններ պահպանելու մեջ։

Շարունակիր ‘ձգտել’ դեպի առաջ

Պողոս առաքյալը, լինելով հոգևորապես հասուն անձնավորություն, օծյալ քրիստոնյա, գիտակցում էր, որ պետք է «ձգտ[ի] դէպի առջեւում եղած» կյանքի նպատակը (Փիլիպ. 3։13–16)։ Իսկ դու այդպես մտածո՞ւմ ես։

Որքանո՞վ ես առաջադիմել։ Դա կերևա նրանից, թե ինչ չափով ես հագել նոր անձնավորությունը, որքանով ես հպատակվում Եհովայի գերիշխանությանը և թե արդյո՞ք ջանասիրաբար օգտագործում ես քեզ տրված պարգևները, որպեսզի պատիվ բերես Եհովային։ Աստվածապետական ծառայության դպրոցում սովորելու ընթացքում քո խոսելու և ուսուցանելու ձևի մեջ աստիճանաբար պետք է իրենց արտացոլումը գտնեն այն հատկությունները, որոնց մասին հիշատակված է Աստծո Խոսքում։ Նպատակ դիր այս մարզերում հաջողությունների հասնելու։ Ուրախ սրտով ձգտիր հասնել այդ նպատակին, և այդժամ քո առաջադիմությունը բոլորին ակնհայտ կլինի։