Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ԴԱՍ 42

Բովանդակալից՝ ունկնդիրների համար

Բովանդակալից՝ ունկնդիրների համար

ՈՐՊԵՍԶԻ ելույթդ բովանդակալից լինի ունկնդիրների համար, բավարար չէ ընդամենը արժեքավոր թեմա ներկայացնելը։ Հարցրու ինքդ քեզ. «Ինչո՞ւ է անհրաժեշտ, որ ունկնդիրների հենց այս խումբը լսի այս թեման։ Ի՞նչ պետք է ասեմ, որպեսզի ունկնդիրները նկատեն, որ թեման իրոք օգտակար է իրենց համար»։

Երբ Դպրոցում առաջադրանք ես ստանում ցուցադրելու, թե ինչպես կարելի է վկայություն տալ որևէ մեկին, նման դեպքում զրուցակիցդ կլինի քո ունկնդիրը։ Իսկ այլ դեպքերում ունկնդիրդ կարող է հանդիսանալ ամբողջ ժողովը։

Ինչ է հայտնի ունկնդիրներին։ Հարցրու ինքդ քեզ. «Ի՞նչ է արդեն հայտնի իմ ունկնդրին քննարկվող թեմայի վերաբերյալ»։ Դա կարող է լավ հիմք հանդիսանալ՝ կողմնորոշվելու, թե ինչից պետք է սկսես կառուցել թեման։ Երբ ելույթ ես ունենում մի լսարանի առջև, որը հիմնականում բաղկացած է հասուն քրիստոնյաներից, աշխատիր սոսկ չկրկնել այն հիմնական ճշմարտությունները, որ արդեն հայտնի են մեծամասնությանը։ Ասելիքդ կառուցիր դրանց վրա։ Իհարկե, եթե ներկաների թվում կան նաև վերջերս հետաքրքրված անձինք, հարկավոր է հաշվի առնել նաև նրանց կարիքները։

Խոսքիդ տեմպը պետք է համապատասխան փոփոխության ենթարկես՝ նկատի ունենալով այն, թե ի՛նչ գիտեն ունկնդիրները։ Եթե ելույթդ ընդգրկում է մանրամասնություններ, որոնք հավանաբար ծանոթ են մեծամասնությանը, աշխատիր դրանք ներկայացնել ավելի արագ։ Սակայն եթե կան այնպիսի մտքեր, որ ունկնդիրներից շատերի համար նոր են, արտահայտվիր փոքր–​ինչ դանդաղ, որպեսզի պարզ հասկանան ասելիքդ։

Ինչը կնպաստի բովանդակալից լինելուն։ Բովանդակալից ելույթ ներկայացնել՝ չի նշանակում միշտ ինչ–​որ նոր բան հաղորդել ունկնդրին։ Որոշ հռետորներ կարողանում են այնքան պարզ ու հասարակ ներկայացնել հայտնի ճշմարտությունները, որ ունկնդիրներից շատերը միայն այդ ժամանակ են լիովին հասկանում դրանց էությունը։

Քարոզչական ծառայության ժամանակ բավարար չէ պարզապես հիշատակել լուրերում հաղորդված որևէ դեպք՝ ցույց տալու համար, որ ապրում ենք վերջին օրերում։ Աստվածաշնչի միջոցով օգնիր տեսնել դրա նշանակությունը, և խոսքդ իրոք բովանդակալից կդառնա զրուցակցի համար։ Նմանապես, երբ բնության օրենքների, բույսերի կամ կենդանիների մասին տեղեկություններ ես հիշատակում, քո նպատակը չպետք է լինի ներկայացնել գիտական ինչ–​որ ապշեցուցիչ փաստ, որն ընդհանրապես հայտնի չի քո զրուցակցին։ Այլ՝ նպատակ դիր ցույց տալ կապը բնության մեջ առկա տվյալ իրողությունների և Աստվածաշնչում գրվածի միջև, որպեսզի անհատը հասկանա, որ գոյություն ունի սիրառատ Ստեղծիչ։ Դա կօգնի դիմացինիդ տվյալ հարցին նայել նոր տեսանկյունից։

Գուցե դժվար լինի ունկնդրին ներկայացնել մի նյութ, որը նա արդեն բազմիցս լսել է։ Սակայն, եթե ցանկանում ես հմուտ ուսուցիչ լինել, հարկավոր է սովորել արդյունավետ կերպով դա անել։ Բայց ինչպե՞ս։

Այդ հարցում քեզ կօգնեն հետազոտությունները։ Փոխանակ ելույթիդ մեջ ընդգրկելու այնպիսի փաստեր, որոնք իսկույն միտդ են գալիս՝ աշխատիր օգտագործել հետազոտություններ կատարելու համար նախատեսված գործիքները, որոնց մասին քննարկվել է 33–38 էջերում։ Ուշադրություն դարձրու տրված խորհուրդներին՝ այն բանի վերաբերյալ, թե ինչ նպատակների պետք է ձգտես հասնել։ Հետազոտություններ կատարելիս գուցե հայտնաբերես, որ քիչ հայտնի որևէ պատմական իրադարձություն անմիջական կապ ունի քննարկվող թեմայի հետ։ Կամ գուցե աչքովդ ընկնի վերջին լուրերում հանդիպող մի հաղորդագրություն, որը վառ կերպով կպարզաբանի այն միտքը, որ պատրաստվում ես քննարկել։

Նյութն ուսումնասիրելիս փորձիր խորհրդածել՝ ինքդ քեզ նման հարցեր տալով՝ ի՞նչ, ինչո՞ւ, ե՞րբ, որտե՞ղ, ո՞վ, ինչպե՞ս։ Օրինակ՝ ինչո՞ւ է սա այսպես։ Ինչպե՞ս կարող եմ սա փաստել։ Լայնորեն տարածված ի՞նչ հավատալիքներ կարող են արգելք հանդիսանալ ոմանց համար՝ ընդունելու Աստվածաշնչի տվյալ ճշմարտությունը։ Ինչո՞ւ է դա կարևոր։ Ինչպե՞ս կարող է այն առնչվել անհատի կյանքին։ Ինչպիսի՞ օրինակով է հնարավոր ցույց տալ այս տեղեկությունը կիրառելու օգուտները։ Ի՞նչ է բացահայտում աստվածաշնչյան այս ճշմարտությունը Եհովայի անձնավորության մասին։ Կախված այն բանից, թե ինչ նյութ ես քննարկում՝ կարող ես նաև այս հարցը տալ՝ ե՞րբ է սա տեղի ունեցել։ Մեր օրերում ինչպե՞ս կարող ենք այս տեղեկությունները գործնականում կիրառել։ Նման հարցեր առաջ քաշելն ու դրանց պատասխանելը նույնիսկ աշխուժություն կհաղորդի ելույթին։

Հնարավոր է՝ ելույթիդ մեջ հարկ լինի կիրառել այնպիսի սուրբգրային համարներ, որոնք քաջ հայտնի են ունկնդրին։ Ինչպե՞ս կարող ես դրանց քննարկումը դարձնել բովանդակալից։ Բավական չէ միայն կարդալը, նաև բացատրիր դրանք։

Որևէ ծանոթ համարի քննարկումը կարելի է բովանդակալից դարձնել հետևյալ կերպ՝ մաս առ մաս քննարկել համարի տարբեր հատվածները, որոնք առնչվում են թեմային, և ապա դրանք բացատրել։ Եկեք տեսնենք, թե ինչպես կարելի է դա անել՝ քննարկելով Միքիա 6։8 համարը։ Ի՞նչ է «իրաւունք»–ը կամ արդարությունը։ Արդարության ո՞ւմ չափանիշներն են քննարկվում այս համարում։ Ինչպե՞ս կարելի է օրինակով ցույց տալ, թե ինչ է նշանակում «իրաւունք անել»։ Կամ՝ նույն ձևով բացատրիր «ողորմութիւն [«բարություն», ՆԱ] սիրել» արտահայտությունը։ Իսկ ի՞նչ է խոնարհությունը կամ համեստությունը (ՆԱ)։ Ինչպե՞ս կարելի է այս նյութը կիրառել տարեց անհատի նկատմամբ։ Անշուշտ, նյութը կիրառելիս պետք է հաշվի առնել այնպիսի գործոններ, ինչպիսիք են՝ ելույթի թեման, քո նպատակը, ովքեր են ունկնդիրները և ելույթին հատկացված ժամանակը։

Հաճախ օգտակար կլինի տերմինների պարզ սահմանումները տալ։ Ոմանք մեծ զարմանք են ապրել՝ իմանալով Մատթէոս 6։10 համարում արձանագրված «արքայութիւնը» բառի նշանակությունը։ Հնարավոր է՝ նույնիսկ երկար տարիներ ճշմարտության մեջ եղող քրիստոնյային օգնես ավելի ճիշտ հասկանալու սուրբգրային համարի էությունը՝ հիշեցնելով որոշ արտահայտությունների սահմանումներ։ Օրինակ՝ Բ Պետրոս 1։5–8 համարներն ընթերցելուց հետո կարելի է տալ այնտեղ հիշատակված տարբեր հատկությունների սահմանումները։ Դրանք են՝ հավատ, առաքինություն, գիտություն, ժուժկալություն, համբերություն, աստվածապաշտություն, եղբայրասիրություն և սեր։ Երբ միևնույն համատեքստում օգտագործվում են բառեր, որոնք իմաստով շատ մոտ են իրար, դրանց սահմանումները տալով՝ կօգնես ունկնդրին հասկանալու այդ բառերի տարբերությունը։ Դրա վառ օրինակ են հանդիսանում այնպիսի հասկացություններ, ինչպիսիք են՝ իմաստությունը, գիտությունը, հանճարը և հասկացողությունը, որոնց հանդիպում ենք Առակաց 2։1–6 համարներում։

Սուրբգրային համարը գուցե ավելի բովանդակալից դառնա ունկնդրի համար, եթե ուղղակի վերջինիս հետ փորձես տրամաբանել դրա հիման վրա։ Շատերն ուղղակի զարմանում են, երբ առաջին անգամ տեղեկանում են, որ Ծննդոց 2։7–ի համաձայն՝ Ադամն ինքն էր կենդանի հոգի, և, ինչպես Յակոբոս 5։20 համարն է ասում, հոգին մահանում է։ Մի անգամ սադուկեցիների հետ զրուցելիս Հիսուսը նրանց զարմանք պատճառեց՝ մեջբերելով նրանց քաջ հայտնի Ելից 3։6 համարը՝ պարզաբանելու հարության հույսի գաղափարը (Ղուկ. 20։37, 38

Երբեմն ունկնդրին կարելի է թարմ տեղեկություն հաղորդել, եթե նշես, թե տվյալ խոսքը ինչպիսի համատեքստում է հանդիպում, ինչ հանգամանքներում է գրի առնվել, ինչպես նաև լուսաբանես, թե տվյալ հատվածում ով է խոսում և ով է լսողի դերում։ Փարիսեցիները շատ լավ գիտեին 110–րդ սաղմոսը։ Բայցևայնպես, Հիսուսը նրանց ուշադրությունը հրավիրեց մի կարևոր մանրամասնության վրա, որը կարդում ենք առաջին համարում։ Նա հարցրեց. ««Ի՞նչ կարծիք ունէք Քրիստոսի մասին, ո՞ւմ որդին է»։ Նրան ասացին՝ Դաւթի։ Յիսուս նրանց ասաց. «Իսկ Դաւիթն ինչպէ՞ս նրան Սուրբ Հոգով կոչում է Տէր եւ ասում է. «Տէրն իմ տիրոջն ասաց՝ նստի՛ր իմ աջ կողմում, մինչեւ որ քո թշնամիներին դնեմ քո ոտքերի տակ իբրեւ պատուանդան»։ Իսկ եթէ Դաւիթը նրան Տէր է կոչում, ինչպէ՞ս նրա որդին կը լինի»» (Մատթ. 22։41–45, ԷԹ)։ Հիսուսի նման՝ եթե դու էլ տրամաբանես Սուրբ Գրությունների հիման վրա, մարդկանց կօգնես, որ ավելի մեծ ուշադրությամբ ընթերցեն Աստծո Խոսքը։

Երբ հռետորը նշում է աստվածաշնչյան որևէ գրքի գրի առնվելու ժամանակը, կամ, թե երբ է տեղի ունեցել որևէ իրադարձություն, հարկ կլինի նաև նկարագրել, թե ինչպիսի իրավիճակներ էին տիրում տվյալ ժամանակահատվածում։ Դա հնարավորություն կտա ունկնդիրներին ավելի հստակ ըմբռնելու տվյալ գրքի կամ իրադարձության կարևորությունը։

Համեմատությունները նույնպես ավելի բովանդակալից են դարձնում խոսքը։ Ներկայացրու որևէ տարածված տեսակետ ինչ–​որ հարցի վերաբերյալ, ապա դրան հակադրիր Աստվածաշնչի տեսակետը։ Կամ կարող ես համեմատել աստվածաշնչյան երկու զուգահեռ հաղորդագրություններ։ Կա՞ն արդյոք տարբերություններ։ Ինչո՞ւ։ Ի՞նչ ենք սովորում այդ ամենից։ Այդպես վարվելով՝ կօգնես ունկնդիրներին մի նոր տեսանկյունից նայել քննարկվող թեմային։

Եթե հանձնարարություն ես ստացել քրիստոնեական ծառայության որևէ ոլորտ քննարկելու, հարստացրու ելույթդ՝ սկսելով այն համառոտ ամփոփումով. մեկնաբանիր, թե ինչ է անհրաժեշտ անել, ինչու է դա հարկավոր և ինչ առնչություն ունի Եհովայի վկաների ընդհանուր նպատակների հետ։ Ապա բացատրիր, թե որտեղ, երբ և ինչպես կարելի է իրականացնել այդ գործը։

Իսկ ինչպե՞ս վարվել, եթե թեման պահանջում է քննարկել «Աստուծոյ խորունկ բաներ[ը]» (Ա Կորնթ. 2։10, Արևմտ. Աստ.)։ Եթե ելույթի սկզբում առանձնացնես և բացատրես հիմնական հատվածները, ապա ունկնդիրները հեշտությամբ կընկալեն բոլոր մանրամասները։ Եվ եթե քննարկվող նյութն ավարտես հակիրճ ամփոփումով, քեզ լսողները գոհ կլինեն՝ զգալով, որ իրոք նոր բան սովորեցին։

Խորհուրդ՝ քրիստոնեական ապրելակերպի վերաբերյալ։ Ունկնդիրները օգուտներ կքաղեն ելույթից հատկապես այն դեպքում, եթե նրանց օգնես տեսնելու, թե ինչպես կարող են քննարկվող տեղեկությունը իրենց կյանքում կիրառել։ Հանձնարարված նյութը հետազոտելու ընթացքում հարցրու ինքդ քեզ. «Ի՞նչ նպատակով է Գրություններում տեղ գտած այս տեղեկությունը մինչև օրս պահպանվել» (Հռովմ. 15։4; Ա Կորնթ. 10։11)։ Խորհիր, թե կյանքում ինչպիսի իրավիճակների հետ են բախվում քո ունկնդիրները։ Ապա դրանց մասին մտածիր Գրություններում ամփոփված խորհուրդների և սկզբունքների լույսի ներքո։ Փորձիր ելույթիդ ընթացքում տրամաբանորեն բացատրել սուրբգրային համարները և ցույց տալ, թե ինչպես կարելի է դրանց օգնությամբ իմաստուն կերպով վարվել, երբ հայտնվում ենք նման իրավիճակներում։ Խուսափիր ընդհանուր բաների մասին խոսելուց։ Քննարկիր կոնկրետ տեսակետներ ու արարքներ։

Ելույթ պատրաստելիս սկզբում աշխատիր կիրառել վերը նշված խորհուրդներից մեկ–​երկուսը։ Փորձ ձեռք բերելու հետ համընթաց՝ կիրառիր նաև մյուսները։ Որոշ ժամանակ անց կնկատես, որ ունկնդիրներն անհամբերությամբ սպասում են քո ելույթներին՝ վստահ, որ անպայման որևէ օգտակար բան կլսեն։