ԴԱՍ 47
Զննական միջոցներ. դրանց ճիշտ գործածումը
ԻՆՉՈ՞Ւ է հարկավոր սովորեցնելիս դիմել զննական միջոցների օգնությանը։ Դա կօգնի ավելի արդյունավետ կերպով ուսուցանել։ Զննական միջոցներ են կիրառել Եհովա Աստված և Հիսուս Քրիստոսը՝ օրինակ թողնելով մեզ։ Երբ բացատրությունը տալուց հետո այդպիսի միջոց ենք օգտագործում, ունկնդիրը տեղեկությունը ստանում է միանգամից երկու զգայարաններով։ Դա օգնում է խոսողին ունկնդրի ուշադրությունը պահել նյութի վրա կենտրոնացած և ավելի տպավորիչ է դարձնում տեղեկությունը։ Ինչպե՞ս կարող ես նման միջոցներ ընդգրկել բարի լուրի մասին քո զրույցներում։ Ինչպե՞ս պարզել՝ ճի՞շտ ես օգտագործում արդյոք դրանք։
Ինչպես են զննական միջոցներ կիրառել Մեծագույն ուսուցիչները։ Եհովան տպավորիչ միջոցների դիմելով կարևոր դասեր է տվել։ Մի գիշեր նա Աբրահամին վրանից դուրս կանչեց ու ասաց. «Դէպի երկինքը մտիկ արա, եւ աստղերը համարիր, եթէ որ կարող ես նորանց համարել. ....Այսպէս կ’լինի քո սերունդը» (Ծննդ. 15։5)։ Մարդկային տեսանկյունից՝ այդ խոստումն անիրագործելի կարող էր թվալ, սակայն Աբրահամի վրա իր տեսածը մեծ տպավորություն գործեց. նա հավատաց Եհովային։ Իսկ Երեմիային Եհովան առաջարկեց գնալ կավագործի տուն՝ նրա արհեստանոցը՝ տեսնելու, թե նա ինչպես է կավին ձև տալիս։ Ի՜նչ անմոռանալի դաս. Արարիչը նույնանման իշխանություն ունի մարդկանց նկատմամբ (Երեմ. 18։1–6)։ Իսկ Հովնանը երբևէ կմոռանա՞ր այն ողորմության դասը, որը Եհովան տվեց դդմենու միջոցով (Յովն. 4։6–11)։ Եհովայի կարգադրությամբ երբեմն մարգարեները յուրօրինակ բեմադրություն էին խաղում՝ մարգարեական լուրեր հաղորդելիս օգտագործելով որոշակի առարկաներ (Գ Թագ. 11։29–32; Երեմ. 27։1–8; Եզեկ. 4։1–17)։ Իսկ խորանն ու տաճարը նախապատկերներ են, որոնց օգնությամբ կարող ենք երկնայինը պատկերացնել (Եբր. 9։9, 23, 24)։ Եհովան մարդկանց նաև բազում տեսիլքներ է տվել կարևոր տեղեկություններ հաղորդելու համար (Եզեկ. 1։4–28; 8։2–18; Գործք 10։9–16; 16։9, 10; Յայտն. 1։1)։
Իսկ ինչպե՞ս էր Հիսուսը զննական միջոցներ գործածում։ Երբ փարիսեցիներն ու Հերովդեսի կողմնակիցները Հիսուսին փորձում էին խոսքի միջոցով ծուղակը գցել, նա խնդրեց իրեն մի դահեկան տալ ու նրանց ուշադրությունը հրավիրեց կայսրի պատկերի վրա։ Այնուհետև նա բացատրեց, որ կայսրինը հարկավոր է տալ կայսրին, իսկ Աստծունը՝ Աստծուն (Մատթ. 22։19–21)։ Իր հետևորդներին սովորեցնելու համար, որ Աստծուն պատվեն իրենց ողջ ունեցածով՝ Հիսուսը մատնացույց արեց մի աղքատ որբևայրու. տաճարում նրա նվիրաբերած երկու լուման իր ողջ ապրուստն էր (Ղուկ. 21։1–4)։ Մի անգամ նա մի փոքրիկ երեխայի վրա ուշադրություն հրավիրեց՝ որպես խոնարհության, ինչպես նաև փառասիրությունից զերծ լինելու օրինակի (Մատթ. 18։2–6)։ Իսկ իր աշակերտների ոտքերը լվալով՝ նա անձամբ ցույց տվեց, թե ինչ է նշանակում լինել հեզ (Յովհ. 13։14)։
Ինչպես զննական միջոցներ կիրառել։ Մենք, ինչ խոսք, մարդկանց հետ չենք կարող տեսիլքների միջոցով հաղորդակցվել, ինչպես Եհովան։ Սակայն Եհովայի վկաների հրատարակություններում շատ նկարներ կան, որոնք օգնում են խորհել։ Օգտագործիր դրանք, որպեսզի հետաքրքրվող անձանց օգնես պատկերացնել, օրինակ, Աստծո Խոսքում խոստացված դրախտային երկիրը։ Աստվածաշնչի ուսումնասիրության ժամանակ հետաքրքրվողի ուշադրությունը կարող ես հրավիրել քննարկվող թեմային վերաբերող նկարի վրա ու հարցնել, թե ինչ է պատկերված այնտեղ։ Հետաքրքրիր է, որ երբ Ամովս մարգարեն տեսիլքներ ստացավ, Եհովան նրան հարցրեց. «Ի՞նչ ես տեսնում, ով Ամովս» (Ամովս 7։7, 8; 8։1, 2)։ Մարդկանց ուշադրությունը հրավիրելով նկարների վրա, որոնք հատուկ նպատակով են ընդգրկվել՝ որպես սովորեցնելու օժանդակ միջոցներ, նույնանման հարցեր տուր։
Եթե դու մաթեմատիկական հաշվարկներ անես կամ ժամանակագրական առանցքի օգնությամբ ցույց տաս կարևոր իրադարձությունների հաջորդականությունը, դա կհեշտացնի այնպիսի մարգարեությունների ըմբռնումը, ինչպիսիք են Դանիէլ 4։16–ի ‘յոթ ժամանակները’ և Դանիէլ 9։24–ի ‘յոթանասուն յոթնյակը’։ Այդպիսի օժանդակ միջոցներ կարելի է գտնել նաև ուսումնասիրելու համար նախատեսված մեր որոշ հրատարակություններում։
Եթե ընտանեկան ուսումնասիրության ժամանակ քննարկում եք խորանը, Երուսաղեմի տաճարը, Եզեկիելի տեսիլքի տաճարը կամ նման բաներ, շատ հարցեր հեշտ կլինի հասկանալ, եթե օգտվեք նկարներից ու սխեմաներից։ Դրանք կարելի է գտնել «Գրությունների ըմբռնում» հանրագիտարանում (անգլ.), «Սուրբ Գրությունների նոր աշխարհ թարգմանություն՝ ծանոթագրություններով» հրատարակության հավելվածում (անգլ.) և «Դիտարանի» որոշ համարներում։
Երբ ամբողջ ընտանիքով Աստվածաշունչ եք կարդում, օգտվեք քարտեզներից։ Հետևեք, թե ինչպես Աբրահամը ճանապարհորդեց Ուրից մինչև Խառան և հետո՝ Բեթել։ Ուսումնասիրեք այն ճանապարհը, որով իսրայելացիները Եգիպտոսից ընթացան մինչև Ավետյաց երկիր։ Գտեք այն հողատարածքները, որ Իսրայելի յուրաքանչյուր ցեղ ստացավ որպես ժառանգություն։ Զննեք Սողոմոնի տերության սահմանները։ Հետևեք Եղիային, որը Հեզաբելի սպառնալիքների պատճառով Հեզրայելից փախավ դեպի Բերսաբեից այն կողմ գտնվող անապատը (Գ Թագ. 18։46–19։4)։ Գտեք այն քաղաքները, որտեղ քարոզում էր Հիսուս Քրիստոսը։ Ճանապարհորդեք Պողոս առաքյալի հետ՝ հետևելով այն ուղիներին, որ գրի են առնված «Գործք» գրքում։
Որոշ օժանդակ միջոցների օգնությամբ կարելի է Աստվածաշունչ ուսումնասիրողներին ծանոթացնել ժողովի գործունեությանը։ Կարելի է ցույց տալ համաժողովի տպագիր ծրագիրը և բացատրել, թե սովորաբար ինչ հարցեր են քննարկվում նման մեծ հանդիպումների ժամանակ։ Շատերի վրա մեծ ազդեցություն է գործում Թագավորության սրահում կամ Եհովայի վկաների մասնաճյուղում անցկացվող էքսկուրսիան։ Դա հիանալի հնարավորություն է՝ օգնելու մարդկանց ազատվել մեր գործունեության ու նպատակի վերաբերյալ ունեցած սխալ պատկերացումից։ Թագավորության սրահում էքսկուրսիա անցկացնելիս նշիր, թե ինչով է սրահը տարբերվում կրոնական մյուս շինություններից։ Ուշադրություն դարձրու համեստ միջավայրի վրա, որը նպաստում է սովորելուն։ Ցույց տուր մեր հանրային ծառայության համար նախատեսված գրականության սեղանները, ժողովի տարածքների քարտեզները և նվիրատվության արկղները (ի հակադրություն փող հավաքելու ափսեների)։
Հնարավորության դեպքում հետաքրքրվողներին ցույց տուր այն տեսաֆիլմերը, որոնք ստեղծվել են Կառավարիչ մարմնի առաջնորդությամբ։ Դրանք կամրացնեն մարդու վստահությունն Աստվածաշնչի հանդեպ, կծանոթացնեն Եհովայի վկաների գործունեությանը և կխրախուսեն ապրել աստվածաշնչյան սկզբունքների համաձայն։
Զննական միջոցներ՝ մեծ խմբի համար։ Ճիշտ ընտրված և հմտորեն ներկայացված օժանդակ միջոցների օգնությամբ կարելի է արդյունավետ կերպով սովորեցնել մարդկանց մեծ խմբի։ Հավատարիմ և իմաստուն ծառա դասակարգն այդպիսի միջոցներ է ներկայացնում ամենաբազմազան ձևերով։
«Դիտարանի» ուսումնասիրվող նյութը հաճախ զուգորդվում է այնպիսի զննական միջոցներով, ինչպիսիք նկարներն են։ Ուսումնասիրությունն անցկացնող եղբայրը կարող է դրանք օգտագործել կարևոր մտքերն ընդգծելու նպատակով։ Նույնը կարելի է ասել այն հրատարակությունների մասին, որոնք ուսումնասիրում ենք ժողովի Գրքի ուսումնասիրության ժամանակ։
Երբեմն կարող է թվալ, թե հանրային ելույթի պլանը մի շարք օժանդակ միջոցների օգտագործմանն է ակնարկում։ Սակայն ունկնդիրներն ավելի շատ օգուտներ են քաղում, երբ հռետորը նրանց ուշադրությունն ուղղում է Աստվածաշնչի վրա, որն ունկնդիրների մեծամասնությունն ունի իր ձեռքում։ Երբեմն ելույթի մեկ կամ մի քանի գլխավոր մտքեր լավ փոխանցելու համար կարող է որևէ նկար կամ գլխավոր կետերի համառոտ սխեմա ցուցադրելու անհրաժեշտություն առաջանալ։ Այդ դեպքում նախօրոք ստուգիր, թե արդյոք այն լավ կերևա՞ վերջին շարքերում նստողներին (կամ լավ կընթերցվի՞)։ Նման առարկաները չպետք է հաճախակի օգտագործվեն։
Բացատրելիս կամ սովորեցնելիս զննական միջոցների օգնությանը դիմելու նպատակը պետք է լինի ոչ թե ունկնդիրներին զվարճացնելը, այլ հատուկ ուշադրության արժանի մտքերն ընդգծելը։ Ընդ որում նման առարկաները պետք է համապատասխան լինեն՝ պարզեցնեն ասված խոսքը, հաստատեն
խոսքի հիմնավոր լինելը կամ ընդգծեն ասելիքը։ Հանգամանորեն ընտրելու և ճիշտ ներկայացնելու դեպքում զննական միջոցները ունկնդիրներին կարող են այն աստիճան տպավորել, որ թե՛ առարկան և թե՛ միտքը, որի համար առարկան օգտագործվել էր, ունկնդրի հիշողության մեջ կմնան երկար տարիներ։Ինչպես լսելու, այնպես էլ տեսնելու ունակությունը կարևոր դեր է խաղում գիտություն ձեռք բերելու մեջ։ Հիշիր, թե ինչպես են մարդու այս երկու ունակությունների օգնությանը դիմել ամենամեծ Ուսուցիչները, և ձգտիր հետևել նրանց օրինակին մարդկանց գիտություն հաղորդելիս։