Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ԴԱՍ 36

Թեմայի զարգացում

Թեմայի զարգացում

ՓՈՐՁԱՌՈՒ հռետորները լավ գիտեն թեմայի արժեքը։ Ելույթի նախապատրաստական փուլում թեման օգնում է նրանց կենտրոնանալ կոնկրետ տեղեկության վրա ու ավելի հանգամանորեն քննել այն։ Սա էլ իր հերթին օգնում է, որ նրանք, բազմաթիվ մտքեր մակերեսորեն արծարծելու փոխարեն, այնպես կառուցեն իրենց խոսքը, որ ունկնդիրները հնարավորին չափ շատ օգուտներ ստանան։ Երբ գլխավոր կետերից յուրաքանչյուրը ուղղակիորեն կապված է լինում թեմայի հետ և նպաստում է դրա զարգացմանը, ունկնդիրները հնարավորություն են ստանում հիշելու այդ կետերը և հասկանալու դրանց նշանակությունը։

Թեև թեմա ասելով կարելի է հասկանալ խոսքի առարկա, սակայն եթե քո թեմային նայես որպես որոշակի տեսանկյունի, որի ուղղությամբ պետք է զարգացնես խոսքի առարկան, կնկատես, որ ելույթներիդ որակը բարելավվում է։ Խոսքի առարկա կարող են լինել այնպիսի լայն հասկացություններ, ինչպիսիք են՝ Թագավորություն, Աստվածաշունչ, հարություն և այլն։ Այս առարկաների հիման վրա ամենատարբեր թեմաներ կարելի է զարգացնել։ Ահա մի քանի օրինակ. «Թագավորությունը իրական կառավարություն է», «Աստծո Թագավորությունը երկրագունդը կվերածի դրախտի», «Աստվածաշունչը գրվել է Աստծո ներշնչումով», «Աստվածաշունչը գործնական առաջնորդություն է տալիս մեր օրերում», «Հարություն. հույս սգացողների համար» և «Հարության հույսն օգնում է մեզ ամուր մնալ հալածանքների ժամանակ»։ Այս բոլոր թեմաները պահանջում են զարգացում ամենատարբեր ուղղություններով։

Հիսուս Քրիստոսը, գործելով Աստվածաշնչի հիմնական թեմային ներդաշնակ, իր երկրային ծառայության ընթացքում ուշադրությունը կենտրոնացնում էր հետևյալ թեմայի վրա. «Մօտեցել է երկնքի թագաւորութիւնը» (Մատթ. 4։17)։ Ինչպե՞ս էր նա զարգացնում այդ թեման։ Չորս Ավետարաններում ավելի քան 110 անգամ հիշատակվում է այդ Թագավորության մասին։ Բայց Հիսուսն ավելին էր անում, քան պարզապես իր խոսքում «թագավորություն» բառը բազմիցս օգտագործելը։ Թե՛ իր ուսուցումներով, թե՛ գործած հրաշքներով նա ակնհայտ դարձրեց, որ հենց ինքն է Աստծո Որդին՝ Մեսիան, որին Եհովայի կողմից պիտի տրվեր Թագավորությունը։ Հիսուսը նաև ցույց տվեց, որ իր միջոցով հնարավոր է բաժին ունենալ այդ Թագավորության մեջ։ Նա բացատրեց, թե ինչ հատկություններ պետք է դրսևորեն նրանք, ովքեր ուզում են այդ պատվին արժանանալ։ Իր ուսուցումներով ու զորեղ գործերով նա պարզ ցույց տվեց, թե Աստծո Թագավորությունն ինչ դեր կարող է խաղալ մարդկանց կյանքում, և թե Աստծո սուրբ ոգու օգնությամբ դևեր հանելը ապացույց էր, որ ‘Աստծո արքայությունը հասել է’ իր ունկնդիրներին (Ղուկ. 11։20)։ Հենց այս Թագավորության վերաբերյալ էր, որ Հիսուսն իր հետևորդներին հանձնարարեց քարոզել (Մատթ. 10։7; 24։14

Ընտրել համապատասխան թեմա։ Իհարկե, քեզնից չի պահանջվում ինչ–​որ թեմա զարգացնել այնպիսի խորությամբ, ինչպիսին որ Աստվածաշունչն է անում։ Այնուամենայնիվ համապատասխան թեմա ունենալը շատ կարևոր է։

Եթե թեմայի ընտրությունը քեզ է վերապահված, նախևառաջ քննիր այն հարցը, թե որն է ելույթիդ նպատակը։ Հետո, կազմելով ելույթի պլանը, ընտրիր այնպիսի գլխավոր կետեր, որոնք անշուշտ կնպաստեն թեմայի զարգացմանը։

Իսկ եթե թեման քեզ հանձնարարված է, մանրամասն քննիր, թե ո՛ր ուղղությամբ է այն զարգանալու։ Թերևս հարկ լինի առանձին ջանքեր գործադրելու, որպեսզի հասկանաս թեմայի կարևորությունն ու ընձեռած հնարավորությունները։ Եթե թեմայի զարգացման համար ինքդ պետք է նյութեր ընտրես, ապա ուշադիր եղիր, որ չհեռանաս թեմայից ու այն միշտ պահես ուշադրության կենտրոնում։ Բայց եթե նյութն էլ է նախապես տրվել, այնուամենայնիվ հարկ կա քննելու, թե ինչպես այն օգտագործել թեմային համապատասխան։ Նաև պետք է մտածես, թե ինչով է այդ թեման կարևոր լսարանի համար և ինչ նպատակ ես հետապնդելու ելույթի ընթացքում։ Սա կօգնի քեզ որոշելու, թե ո՛ր միտքը պետք է շեշտվի։

Ինչպես ընդգծել թեման։ Թեման ճիշտ ձևով ընդգծելու մասին պետք է նախապես մտածել՝ նյութերի ընտրության ու դրանք բաշխելու ժամանակ։ Եթե օգտագործես միայն այն, ինչ նպաստում է քո թեմայի զարգացմանը, և հետևես այն սկզբունքներին, որ անհրաժեշտ են լավ պլան կազմելու համար, ապա քո թեման ինքնաբերաբար կընդգծվի։

Կրկնությամբ նույնպես կարելի է ընդգծել թեման։ Դասական երաժշտության մեջ, օրինակ, թեման մի մեղեդի է, որը բավական հաճախ է կրկնվում ու բնորոշում է ամբողջ ստեղծագործությունը։ Այդ մեղեդին ստեղծագործության մեջ ամեն անգամ նույն ձևով չէ, որ հանդես է գալիս։ Երբեմն թեմայի միայն մեկ կամ երկու մաս (ֆրազ) է հայտնվում, երբեմն էլ՝ տարբեր վարիացիաներ. կոմպոզիտորը, հմտորեն ձևափոխություններ անելով, այդ մեղեդին հյուսում է ողջ ստեղծագործությանը։ Նույնը պետք է արվի ելույթի թեմայի հետ։ Թեմայի գլխավոր բառերի կրկնությունը նման է երաժշտական երկում հիմնական մեղեդու կրկնությանը, որը տեղի է ունենում ժամանակ առ ժամանակ։ Իսկ այդ բառերի հոմանիշները կամ թեմայի արտահայտումը այլ բառերով ծառայում է որպես թեմայի յուրատեսակ վարիացիա։ Նման միջոցները կնպաստեն, որ քո թեման դառնա այն գլխավոր միտքը, որ ունկնդիրները կմտապահեն։

Այս սկզբունքները կիրառելի են ոչ միայն ելույթներում, այլև քարոզչական ծառայության ժամանակ մարդկանց հետ որևէ թեմա քննարկելիս։ Համեմատաբար կարճ խոսակցությունը ավելի լավ կտպավորվի անհատի մտքում, եթե զրույցի թեման ընդգծես։ Աստվածաշնչի տնային ուսումնասիրության ժամանակ նույնպես քննարկված նյութն ավելի լավ է հիշվում, երբ թեման հստակորեն ընդգծվում է։ Եթե ջանքեր գործադրես համապատասխան թեմաներ ընտրելու և դրանք զարգացնելու, ապա, որպես հռետոր ու Աստծո Խոսքի ուսուցիչ՝ կդառնաս ավելի հմուտ։