Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Ինչպես կազմել ելույթի պլան

Ինչպես կազմել ելույթի պլան

ՇԱՏԵՐԸ ելույթ պատրաստելիս բառ առ բառ գրի են առնում ամբողջ ելույթը՝ առաջաբանից մինչև վերջաբան։ Մինչև ելույթին վերջնական տեսք տալը նրանք բազմաթիվ սևագիր տեքստեր են կազմում։ Դա կարող է ժամեր տևել։

Իսկ դու այդպե՞ս ես պատրաստում քո ելույթները։ Կցանկանայի՞ր ավելի հեշտ ձև սովորել։ Եթե իմանաս, թե ինչպես կարելի է ելույթի պլան կազմել, այլևս հարկ չի լինի ամեն մի բառը գրի առնել։ Այդպիսով դու ժամանակ կտնտեսես ու կկարողանաս ավելի շատ ժամանակ տրամադրել ելույթը փորձելուն։ Դա ոչ միայն քեզ կօգնի ավելի հեշտությամբ ներկայացնել ելույթը, այլ կօգնի ունկնդիրներիդ ավելի մեծ հետաքրքրությամբ լսել քեզ, ինչպես նաև ավելի հեշտ կլինի մղել նրանց որոշակի քայլերի։

Ժողովի առաջ ներկայացվող հանրային ելույթների համար կան պատրաստի պլաններ։ Մինչդեռ մյուս ելույթների մեծամասնության համար՝ ոչ։ Հնարավոր է, որ ելույթ ներկայացնելու համար քեզ տրվի միայն խոսքի առարկա կամ որոշակի թեմա, որի հիման վրա պետք է կառուցես ելույթդ։ Բայց երբեմն կարող է նաև այնպես լինել, որ քեզ տրվեն միայն մի քանի ցուցումներ։ Այս բոլոր դեպքերում էլ ելույթների համար դու պետք է պլան կազմես։

41–րդ էջի վրա դու կգտնես ելույթի պլանի մի նմուշ, որի վրա ցույց է տրված, թե ինչպես կարելի է կարճ ելույթի պլան կազմել։ Ինչպես տեսնում ես, յուրաքանչյուր գլխավոր կետ սկսվում է ձախ լուսանցքից և գրված է մեծատառերով, դրանց տակ գրի են առնված այդ մտքին լրացնող մտքեր՝ ենթակետերը։ Իսկ այս ենթակետերն ավելի հանգամանորեն բացատրող լրացուցիչ կետերը գրված են դրանց տակ և սկսվում են նոր տողից՝ մի փոքր խորքից։ Ուշադրությամբ քննիր պլանի այս օրինակը։ Նկատի առ, որ երկու գլխավոր կետերն անմիջականորեն կապված են թեմայի հետ։ Իսկ ենթակետերը զուտ հետաքրքիր մտքեր չեն, այլ լրացնում են այն գլխավոր կետերին, որոնց տակ որ նշված են։

Պարտադիր չէ, որ քո կազմած ելույթի պլանը ճշգրտորեն նմանվի բերված նմուշին։ Բայց կարևորն այն է, որ դու ըմբռնես նախորդ պարբերության մեջ թվարկված սկզբունքները, կարողանաս ճիշտ ձևով բաշխել ձեռքիդ տակ եղած նյութը և լավ ելույթ պատրաստել համեմատաբար կարճ ժամանակահատվածում։ Իսկ ինչպե՞ս ելույթի պլան կազմել։

Վերլուծիր, ընտրիր և բաշխում կատարիր

Նախ պետք է ունենաս թեմա։ Այն ընդամենը մի բառով նկարագրվող լայն հասկացություն՝ խոսքի առարկան չէ։ Թեման այն հիմնական միտքն է, որն անհրաժեշտ է հաղորդել ունկնդրին, և հենց այդ միտքն էլ ցույց կտա, թե որ անկյունից ես քննարկելու հարցը։ Եթե թեման քեզ տրված է, ապա ուշադիր վերլուծիր թեմայի բոլոր կարևոր բառերը։ Եթե տվյալ թեման անհրաժեշտ է զարգացնել տպագրված նյութի հիման վրա, ուսումնասիրիր նյութը՝ մտքում ունենալով քո թեման։ Իսկ եթե հանձնարարված է միայն խոսքի առարկա, այդ դեպքում թեման ինքդ պետք է ընտրես։ Այնուամենայնիվ, նախքան թեման ընտրելը օգտակար կլինի փնտրտուքներ կատարել։ Շրջապատող աշխարհի հանդեպ ուշադիր լինելն էլ կօգնի, որ թարմ մտքեր ծնվեն գլխումդ։

Վերոհիշյալ քայլերը կատարելիս հարցրու ինքդ քեզ. «Ինչո՞ւ է այս նյութը կարևոր ունկնդրի համար։ Ելույթ ներկայացնելիս ո՞րն է լինելու իմ նպատակը»։ Քո նպատակը, անշուշտ, չպետք է լինի նյութը պարզապես մատուցելը կամ հետաքրքիր ելույթ ներկայացնելը, այլ՝ ինչպես անել, որ ունկնդիրները հնարավորին չափ շատ օգուտներ քաղեն։ Ելույթիդ նպատակը պարզելուն պես գրի առ քեզ մոտ և նախապատրաստվելու ամբողջ պրոցեսի ընթացքում հիշիր այն։

Ելույթի նպատակը որոշելուց և համապատասխան թեմա ընտրելուց հետո (կամ տեսնելուց հետո, թե ինչպես է արդեն տրված թեման համապատասխանում այդ նպատակին) փնտրտուքներդ ավելի կոնկրետ կլինեն։ Փնտրիր այնպիսի նյութեր, որոնք հատկապես արժեքավոր կլինեն քո ունկնդրի համար։ Խուսափիր ընդհանուր մտքերից. գտիր այնպիսի մտքեր, որոնք հարուստ են տեղեկություններով և իսկապես օգտակար են։ Ուշադիր եղիր, թե ինչ ծավալի ինֆորմացիա ես հավաքում։ Շատ դեպքերում քո հավաքած ինֆորմացիան կլինի ավելին, քան կարող ես օգտագործել, հետևաբար պետք կլինի ընտրություն կատարել։

Որոշիր, թե որոնք են թեմայիդ գլխավոր կետերը, որպեսզի դրանք քննարկելով՝ զարգացնես թեման ու հասնես ելույթիդ նպատակին։ Գլխավոր կետերը կազմում են ելույթի պլանի հիմնական մասը, այսպես ասած՝ կմախքը։ Իսկ քանի՞ գլխավոր կետ պետք է լինի ելույթում։ Կարճ քննարկման համար թերևս բավական է երկուսը, իսկ ընդհանրապես՝ հինգը, նույնիսկ եթե ելույթը մեկ ժամ տևի։ Որքան քիչ լինեն գլխավոր կետերը, այնքան ունկնդրի համար հեշտ կլինի դրանք մտապահելը։

Երբ արդեն մտքումդ ունես թեման ու գլխավոր կետերը, բաշխիր փնտրտուքներիդ արդյունքում հավաքված նյութը։ Որոշիր, թե դրանցից որոնք են անմիջականորեն կապվում գլխավոր կետերի հետ։ Ընտրիր միայն այնպիսի տեղեկություն, որը թարմություն կհաղորդի քո ելույթին։ Երբ ընտրում ես գլխավոր կետերին վերաբերող սուրբգրային համարներ, նշիր այն գաղափարները, որոնք կօգնեն քեզ տրամաբանական բացատրություն տալ այդ համարների վերաբերյալ։ Ընտրածդ մտքերը բաշխիր համապատասխան գլխավոր կետերի տակ։ Եթե կան մտքեր, որոնք ոչ մի գլխավոր կետի չեն վերաբերում, ջնջիր դրանք ելույթի պլանից (նույնիսկ եթե շատ հետաքրքիր լինեն) կամ պահիր քո թղթապանակում՝ մեկ ուրիշ առիթով օգտագործելու համար։ Ելույթի պլանում պահիր միայն ամենալավ մտքերը։ Եթե մեծ ծավալով նյութ ընդգրկես ելույթի մեջ, ապա ստիպված կլինես շատ արագ խոսել, իսկ այդ դեպքում ելույթը մակերեսային կստացվի։ Ավելի լավ կլինի, եթե քննարկես ընդամենը մի քանի կետ, որոնք իսկապես արժեքավոր կլինեն ունկնդիրների համար, և անես դա ինչպես հարկն է։ Մի խախտիր ելույթին հատկացված ժամանակը։

Այժմ ժամանակն է ելույթի համար ընտրված նյութը բաշխել տրամաբանական հաջորդականությամբ, եթե դեռ չես կատարել դա։ Այդպես է վարվել ավետարանագիր Ղուկասը։ Իրեն հետաքրքրող թեմայի հետ կապված բազում փաստեր հավաքելուց հետո նա դասավորեց դրանք «[«տրամաբանական», ՆԱ] կարգաւ» (Ղուկ. 1։3)։ Դու կարող ես քո հավաքած նյութը բաշխել թեմատիկ, ժամանակագրական, պատճառ և հետևանք կամ էլ խնդիր և լուծում եղանակներով՝ կախված այն բանից, թե որն է առավել արդյունավետ քո նպատակին հասնելու համար։ Ելույթում չպետք է լինեն կտրուկ անցումներ մի մտքից մյուսին։ Հարկավոր է ունկնդրին սահուն ձևով մի մտքից առաջնորդել դեպի մյուսը, հակառակ դեպքում դժվար կլինի մտքերն իրար կապակցել։ Ելույթում բերվող փաստերը պետք է հանգեցնեն տրամաբանական եզրակացությունների։ Մտքերը կազմելիս մտածիր, թե ինչպես կհնչի ելույթդ ունկնդիրների ականջին։ Արդյո՞ք կկարողանան նրանք հեշտությամբ հետևել քո ընտրած մտքերի շղթային։ Իրենց լսածը կմղի՞ նրանց գործել ելույթիդ նպատակին ներդաշնակ, ինչպես որ դու ես նախատեսել։

Իսկ այժմ պատրաստիր այնպիսի առաջաբան, որը հետաքրքրություն կառաջացնի քո թեմայի հանդեպ և ցույց կտա ունկնդրին, որ թեման իրական արժեք ունի նրա համար։ Թերևս օգտակար լինի առաջին մի քանի նախադասությունները գրի առնել։ Եվ վերջապես՝ կազմիր վերջաբան, որը ներդաշնակ լինի քո նպատակին և մղի ունկնդիրներին գործերի։

Եթե ելույթի պլանը նախապես կազմես, ապա բավականին ժամանակ կունենաս այն մշակելու՝ նախքան ելույթով հանդես գալը։ Որոշ գաղափարներ պաշտպանելու համար գուցե հարկ համարես օգտագործել վիճակագրական տվյալներ, որևէ օրինակ կամ իրական դեպք որևէ մեկի կյանքից։ Ելույթի մեջ ընթացիկ իրադարձություն կամ տեղի բնակիչներին հետաքրքրող հարց ընդգրկելու միջոցով կօգնես ունկնդրին ավելի լավ ըմբռնել նյութի գործնական արժեքը։ Իսկ ելույթը փորձելու ընթացքում գուցե հայտնաբերես, որ քո ունեցած տեղեկությունը ունկնդրի կարիքներին համապատասխանեցնելու ուրիշ ուղիներ էլ կան։ Նյութը վերլուծելն ու մշակելը կարևոր դեր են խաղում հավաքած տեղեկություններից հաջող ելույթ պատրաստելու գործում։

Հնարավոր է, որ հռետորներից ոմանք կարիք ունենան ավելի մանրամասն նշումներ կատարելու, քան մյուսները։ Բայց եթե քո հավաքած նյութը բաշխես միայն մի քանի գլխավոր կետերի տակ, բաց թողնես այն մտքերը, որոնք կապ չունեն գլխավոր կետերից և ոչ մեկի հետ, և նյութը բաշխես տրամաբանական կարգով, կտեսնես, որ փոքր–​ինչ փորձ ձեռք բերելուց հետո այլևս կարիք չես ունենա ամեն մի բառը գրի առնելու։ Իսկ որքա՜ն ժամանակ կխնայես... Ելույթներիդ որակը կբարձրանա, և ակնհայտ կդառնա, որ դու իսկապես օգուտներ ես քաղում Աստվածապետական ծառայության դպրոցի մատուցած կրթությունից։