Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Ինչպես կատարելագործել զրույց վարելու կարողությունը

Ինչպես կատարելագործել զրույց վարելու կարողությունը

ՀԱՋՈՂՎՈ՞ՒՄ է քեզ մարդկանց հետ հեշտությամբ զրուցել։ Շատերը ինչ–​որ մեկի հետ զրույց սկսելու մտքից անգամ տագնապի մեջ են ընկնում, մանավանդ, եթե դիմացինը բոլորովին անծանոթ է իրենց։ Պատճառը թերևս նրանց ամաչկոտությունն է։ Գուցե նրանք մտածում են. «Ինչի՞ մասին խոսել։ Ինչպե՞ս սկսել խոսակցությունը։ Ինչպե՞ս շարունակել»։ Իսկ ինչ վերաբերում է ինքնավստահ ու շփվող մարդկանց՝ սովորաբար նրանք խոսակցության ընթացքում ձգտում են միշտ ուշադրության կենտրոնում լինել։ Գուցե նրանց խնդիրն էլ այն լինի, որ չկարողանան թույլ տալ դիմացինին արտահայտվել և հարկ լինի, որ նրանք սովորեն լսել։ Ուստի բոլորս էլ՝ ամաչկոտ թե շփվող, կարիք ունենք հմտանալու զրույց վարելու արվեստի մեջ։

Սկսիր տնից

Զրույց վարելու մեջ կատարելագործվելու ընթացքը կարելի է սկսել հենց տնից։ Թարմացնող զրույցները կարող են մեծապես նպաստել ընտանիքի երջանկությանը։

Այդպիսի զրույցների համար կարևոր պայման է խոր հետաքրքրությունը միմյանց հանդեպ (Բ Օրին. 6։6, 7; Առակ. 4։1–4)։ Նման հոգատարությունը արտահայտվում է նրանով, որ մենք շփվում ենք ընտանիքի անդամների հետ և լսում նրանց, երբ որևէ մեկը մի բան է ուզում ասել։ Այդ հարցում կարևոր դեր է խաղում նաև այն, թե ինչն է խոսակցության նյութը։ Եթե մենք Աստվածաշունչը կանոնավորաբար ընթերցելու և ուսումնասիրելու ծրագիր ունենք, ապա մեր ընտանիքի անդամներին պատմելու շատ բան կունենանք։ Ընտանիքի անդամների հետ զրույցներ կարելի է սկսել նաև «Գրությունները քննենք ամեն օր» գրքույկի օգնությամբ։ Կամ կարող ենք տվյալ օրվա քարոզչական ծառայությունից ինչ–​որ ուրախալի դեպք պատմել։ Որևէ հետաքրքիր նորություն կամ ծիծաղաշարժ պատմություն կարդալու դեպքում կարելի է խոսել այդ մասին։ Մենք պետք է սովորություն դարձնենք նման բաների մասին մեր ընտանիքի անդամների հետ զրուցելը։ Դա մեզ կօգնի նաև, որ ընտանեկան շրջանակից դուրս էլ կարողանանք զրույցներ վարել։

Անծանոթի հետ զրուցելիս

Շատերը վարանում են անծանոթ մարդու հետ զրույց սկսել։ Բայց Եհովայի վկաները, Աստծո և դրացու հանդեպ սիրուց մղված, մեծ ջանքեր են գործադրում՝ սովորելու մարդկանց հետ զրույցի բռնվել, որպեսզի նրանց հաղորդեն Աստվածաշնչի ճշմարտությունը։ Ի՞նչը կօգնի քեզ կատարելագործվել այս հարցում։

Արժեքավոր է Փիլիպպեցիս 2։4–ում արձանագրված սկզբունքը, որտեղ մեզ խորհուրդ է տրվում չկենտրոնանալ «մինակ [մեր] անձերի բաներին.... այլ ամեն մէկն իր ընկերի բաներին էլ»։ Ե՛կ մտածենք. եթե դու ինչ​–որ մեկին հանդիպում ես առաջին անգամ, ապա նրա համար դու անծանոթ ես։ Ուրեմն ի՞նչ կարող ես անել, որ նա իրեն ազատ զգա։ Ջերմ ժպիտն ու բարեկամական ողջույնը շատ բանով կարող են օգնել այս հարցում։ Բայց դա դեռ բոլորը չէ։

Կարող է պատահել այնպես, որ անհատի հետ զրույց սկսելով՝ շեղես նրա ուշադրությունը ինչ–​որ բանից։ Արդյոք նա քեզ հետ հաճույքով կզրուցի՞, եթե փորձես նրա հետ քննարկել քեզ հետաքրքրող մի հարց՝ առանց հաշվի առնելու, թե ինչ է նրան այդ պահին մտահոգում։ Ինչպե՞ս վարվեց Հիսուսը, երբ ջրհորի մոտ հանդիպեց մի սամարացի կնոջ։ Այդ կնոջ ուշադրությունը ուղղված էր դեպի իր գործը՝ նա զբաղված էր ջրհորից ջուր հանելով։ Հիսուսը նրա հետ հենց այդ թեմայից էլ սկսեց և շուտով անցավ հոգևոր թեմայով աշխույժ զրույցի (Յովհ. 4։7–26

Ուշադիր լինելու դեպքում դու ևս կարող ես կողմնորոշվել, թե հավանաբար ինչի մասին է մտածում դիմացինդ։ Ուրա՞խ է նա, թե՞ տխուր։ Տարիքո՞վ է նա, գուցեև տկա՞ր։ Ինչ–​որ բանից կարելի՞ է ենթադրել, որ երեխաներ ունի։ Ֆինանսապես ապահովված մարդու տպավորությո՞ւն է թողնում, թե՞ երևում է, որ հազիվ է ծայրը ծայրին հասցնում։ Պատերին կախված առարկաները, տանը եղած իրերը կամ էլ նրա արդուզարդը ինչ–​որ բան ասո՞ւմ են նրա՝ որևէ կրոնի պատկանելու մասին։ Եթե նրան ողջունելուց հետո փորձես խոսակցության մեջ ինչ–որ կերպ հիշատակել այս բաների մասին, թերևս նա քեզ դիտի որպես մի անձնավորություն, որի հետ ինքը ընդհանուր հետաքրքրություններ ունի։

Իսկ ինչպե՞ս պատկերացում կազմել զրուցակցի մասին, որին չես տեսնում. գուցե դռան ետևից միայն նրա ձայնն ես լսում։ Հավանաբար նրան հետապնդում է վախի զգացումը։ Կարո՞ղ ես, հաշվի առնելով այդ հանգամանքը, նրա հետ խոսակցություն սկսել դռան ետևից։

Որոշ վայրերում անհատի հետ զրույց սկսելու լավ միջոց է նրան քո մասին ինչ​–որ բան պատմելը։ Կարող ես ասել, օրինակ, թե ով ես դու, որտեղից ես եկել, ինչու մոտեցար նրա դռանը, ինչու ես հավատում Աստծուն, ինչու ես սկսել ուսումնասիրել Աստվածաշունչը կամ ինչպես է Աստծո Խոսքն օգնել քեզ (Գործք 26։4–23)։ Իհարկե, նման դեպքերում պետք է ողջախոհ լինել և չմոռանալ զրույցի նպատակը։ Քո անկեղծությունը գուցե նրան մղի պատմելու իր մասին ու իր հայացքների։

Որոշ մշակույթներում ընդունված է հյուրասիրություն ցույց տալ անծանոթ անձնավորությանը։ Նման վայրերում մարդիկ գուցե սիրով քեզ ներս հրավիրեն և առաջարկեն նստել։ Ներս մտնելուց հետո քաղաքավարությամբ հարցուփորձ արա տանտիրոջը իր ընտանիքի որպիսության մասին և ուշադրությամբ լսիր նրա պատասխանները։ Հնարավոր է, որ դրանից հետո քո զրուցակիցը նույնպիսի ուշադրությամբ լսի քեզ։ Մարդիկ կան, որ ավելի մեծ հետաքրքրություն են ցույց տալիս իրենց հյուրերի հանդեպ, ուստի չի բացառվում, որ առաջին այցելության ժամանակ ձեր զրույցն ավելի երկար տևի։ Հնարավոր է՝ տանտերը ինչ–​որ ընդհանուր բաներ գտնի քո և իր միջև։ Դա կարող է առաջնորդել օգտակար, հոգևոր զրույցի։

Իսկ ի՞նչ կարող ես անել, եթե ձեր տարածքում կան շատ օտարախոս մարդիկ։ Ինչպե՞ս կարող ես զրուցել այդպիսի մարդկանց հետ։ Բավական է նրանց լեզվով ողջույնի պարզ խոսքեր սովորել, և այդ մարդիկ կտեսնեն, որ իրենցով հետաքրքրվում ես. դա ճանապարհ կարող է հարթել հետագա հաղորդակցության համար։

Ինչպես շարունակել զրույցը

Որպեսզի ձեր սկսած զրույցը չընդհատվի, հետաքրքրություն ցույց տուր զրուցակցիդ հանդեպ։ Խրախուսիր նրան արտահայտվել, եթե իհարկե դեմ չէ։ Այս հարցում քեզ կարող են օգնության հասնել լավ մտածված հարցերը։ Տուր այնպիսի հարցեր, որոնք կօգնեն քեզ իմանալ անհատի կարծիքը, քանի որ այդ հարցերին սովորաբար ավելի ծավալուն պատասխան է տրվում, ոչ թե միայն «այո» կամ «ոչ»։ Օրինակ՝ ձեր տարածքում առկա որևէ խնդրի մասին խոսելուց հետո կարող ես հարցնել. «Ձեր կարծիքով՝ ո՞րն է այս խնդրի պատճառը»։ Կամ այսպես. «Ի՞նչ եք կարծում, ո՞րն է խնդրի լուծումը»։

Երբ ինչ​–որ հարց ես տալիս, ուշադրությամբ լսիր պատասխանը։ Արտահայտիր քո անկեղծ հետաքրքրվածությունը որևէ խոսքով, գլխի շարժումով կամ ժեստով։ Մի ընդհատիր նրան։ Առանց նախատրամադրվածության լսիր նրա ասածը։ «Շուտ [եղիր] լսելու համար, եւ ծանր՝ խօսելու» (Յակ. 1։19)։ Քո արձագանքից թող երևա, որ իսկապես ուշադրությամբ լսում էիր նրան։

Սակայն մի ակնկալիր, որ բոլորը պատրաստակամորեն կպատասխանեն քո հարցերին։ Ոմանց միակ արձագանքը գուցե լինի հոնքերը վեր բարձրացնելը կամ միայն ժպտալը։ Մյուսները թերևս պատասխանեն միայն «այո» կամ «ոչ»։ Այդպիսի դեպքերում մի վհատվիր։ Եղի՛ր համբերատար։ Մի ստիպիր դիմացինին զրուցել քեզ հետ իր կամքին հակառակ։ Իսկ եթե նա պատրաստ է քեզ լսելու, առիթն օգտագործիր՝ նրան հաղորդելու սուրբգրային ոգևորիչ մտքեր։ Զրույցի ընթացքում գուցե նա քեզ մտերիմ անձնավորություն համարի և պատրաստ լինի առանց կաշկանդվելու այս կամ այն հարցի մասին իր կարծիքը հայտնել։

Մարդկանց հետ զրուցելիս մտովի պլանավորիր ձեր հետագա հանդիպումները։ Եթե անհատը մի շարք հարցեր է տալիս, պատասխանիր դրանցից մի քանիսին, բայց մեկը կամ երկուսը թող հաջորդ հանդիպմանը։ Ասա, որ կցանկանայիր հետազոտություններ կատարել տվյալ հարցի շուրջ և ապա այդ տեղեկությունը քննարկել նրա հետ։ Իսկ եթե նա հարցեր չի տալիս, այդ դեպքում կարող ես եզրափակել ձեր խոսակցությունը՝ ուղղելով մի հարց, որը քո կարծիքով կհետաքրքրի նրան։ Առաջարկիր այդ հարցի մասին զրուցել հաջորդ անգամ։ Այդպիսի հարցերի մեծ ընտրանի կարող ես գտնել «Տրամաբանել Սուրբ Գրությունների հիման վրա» գրքում կամ «Ի՞նչ է Աստված մեզանից պահանջում» գրքույկում, ինչպես նաև «Դիտարան» և «Արթնացե՛ք» պարբերագրերի ընթացիկ համարներում։

Հավատակցի հետ զրուցելիս

Երբ առաջին անգամ հանդիպում ես քեզ անծանոթ Եհովայի վկայի, նախաձեռնությունը քո ձեռքը վերցնո՞ւմ ես՝ նրա հետ ծանոթանալու, թե՞ պարզապես լուռ սպասում ես։ Սերը մեր եղբայրների հանդեպ պետք է նրանց հետ ծանոթանալու ցանկություն առաջացնի մեր մեջ (Յովհ. 13։35)։ Ինչպե՞ս կարող ես սկսել խոսակցությունը։ Դրա համար բավական է ասել, թե ինչ է քո անունը և հարցնել նրանը։ Կարող ես հարցնել, թե ինչպես է նա իմացել ճշմարտությունը։ Դա հետաքրքիր զրույցի կառաջնորդի և կօգնի քեզ մոտիկից ծանոթանալ նրա հետ։ Նույնիսկ եթե քեզ թվում է, թե սահուն չես խոսում, քո ջանքերը ցույց կտան հավատակցիդ, որ հետաքրքրվում ես նրանով, ինչը հենց ամենակարևորն է։

Ի՞նչը կօգնի իմաստալից զրույց վարել ժողովի անդամներից որևէ մեկի հետ։ Անկեղծորեն հետաքրքրվիր նրանով, ինչպես նաև նրա ընտանիքով։ Եթե ժողովի հանդիպումը հենց նոր է ավարտվել, ապա կարող եք քննարկել քեզ դուր եկած որոշ օգտակար մտքեր։ Այդ մասին խոսելը օգտավետ կլինի ինչպես քեզ համար, այնպես էլ զրուցակցիդ։ Կամ կարող ես վերլուծել «Դիտարան» ու «Արթնացե՛ք» պարբերագրերի ընթացիկ համարներից վերցված որևէ հետաքրքիր միտք։ Իհարկե, դա չպետք է անել ցուցադրաբար կամ դիմացինի գիտելիքները ստուգելու նպատակով, այլ պարզապես կամենալով դիմացինին հաղորդել մի բան, ինչն անձամբ քեզ բավականություն է պատճառել։ Եթե ձեզանից մեկը առաջադրանք է ստացել Աստվածապետական ծառայության դպրոցում, կարող եք մտքեր փոխանակել, թե ինչպես այն պատրաստել։ Կարելի է նաև պատմել դեպքեր քարոզչական ծառայությունից։

Ինչ խոսք, մարդկանց հանդեպ մեր հետաքրքրվածությունը հաճախ դրսևորվում է նրանով, որ մեր զրույցներում անդրադառնում ենք նրանց խոսքերին ու գործերին։ Զրույցի ընթացքում երբեմն կարող ենք նաև կատակել։ Մեր խոսքերը միշտ քաջալերակա՞ն են։ Եթե հետևենք Աստծո Խոսքում արձանագրված խորհուրդներին և գործենք աստվածային սիրուց մղված, ապա մեր խոսքերն իսկապես քաջալերական կլինեն միշտ (Առակ. 16։27, 28; Եփես. 4։25, 29; 5։3, 4; Յակ. 1։26

Քարոզչական ծառայության գնալուց առաջ սովորաբար մենք պատրաստվում ենք։ Իսկ ինչո՞ւ չփորձենք որևէ հետաքրքիր նյութ պատրաստել մեր ընկերների հետ զրուցելու համար։ Եթե լսում կամ կարդում ես հետաքրքրաշարժ դեպքեր ու տեղեկություններ, փորձիր մտապահել դրանք, որպեսզի պատմես։ Ժամանակի ընթացքում այդպիսի մտքերի հարուստ ընտրանի կունենաս։ Այդպես վարվելով՝ դու կհարստացնես քո միտքը և հնարավորություն կունենաս մարդկանց հետ զրուցելիս խոսել ոչ միայն առօրյա կյանքից, այլ նաև ուրիշ բաներից։ Եվ որ ամենակարևորն է՝ թող որ քո խոսքուզրույցը ցույց տա, թե որքան թանկ է քեզ համար Աստծո Խոսքը (Սաղ. 139։17