Ինչպես հանրային ելույթներ պատրաստել
ԱՄԵՆ շաբաթ Եհովայի վկաների ժողովներում հանրային ելույթներ են ներկայացվում աստվածաշնչյան թեմաներով։ Եթե դու երեց ես կամ ծառայող օգնական, դրսևորո՞ւմ ես հռետորական և ուսուցչական ձիրք։ Եթե այո, ապա հնարավոր է՝ քեզ առաջարկեն հանդես գալ հանրային ելույթով։ Աստվածապետական ծառայության դպրոցը տասնյակ հազարավոր եղբայրների է օգնել համապատասխանելու ծառայության այդ առանձնաշնորհման պահանջներին։ Իսկ ինչի՞ց սկսել, երբ հանրային ելույթով հանդես գալու հանձնարարություն ես ստանում։
Ուսումնասիրիր ելույթի պլանը
Նախքան փնտրտուքներ կատարելը կարդա ելույթի պլանը և խորհրդածիր դրա շուրջ այնքան ժամանակ, մինչև որ գրվածի էությունը խորությամբ հասկանաս։ Մտքումդ տպավորիր ելույթի թեման, որը հենց ելույթի վերնագիրն է։ Ի՞նչ ես մտադիր սովորեցնել ունկնդիրներիդ։ Ո՞րն է ելույթիդ նպատակը։
Ծանոթացիր ենթավերնագրերին՝ գլխավոր կետերին։ Վերլուծիր դրանք։ Դրանցից յուրաքանչյուրն ինչպե՞ս է կապվում թեմայի հետ։ Յուրաքանչյուր գլխավոր կետի տակ թվարկվում են մի շարք ենթակետեր, իսկ ենթակետերի տակ՝ դրանց լրացնող այլ մտքեր։ Ուշադրություն դարձրու, թե ինչպես է յուրաքանչյուր գլխավոր կետին վերաբերող հատվածը լրացնում նախորդին, անցնում հաջորդին և օգնում իրագործել ելույթի նպատակը։ Երբ արդեն ըմբռնես թեման, պարզես ելույթի նպատակը և նկատես, թե ինչպես են գլխավոր կետերն օգնում հասնել այդ նպատակին, կարող ես գործի անցնել և սկսել թեման զարգացնել։
Սկզբնական շրջանում գուցե հարմար գտնես ելույթդ դիտել որպես չորս–հինգ փոքր ելույթներ՝ յուրաքանչյուրը բաղկացած մեկ գլխավոր կետից, ապա դրանք հերթով պատրաստել։
Ելույթի պլանի նպատակն է քեզ օգնելու նախապատրաստվել տվյալ ելույթին։ Այն չպետք է դիտել որպես ելույթ ունենալու համար նախատեսված գրառումների ամբողջություն։ Ելույթի պլանը կարելի է նմանեցնել կմախքի։ Դու պետք է այդ կմախքին, այսպես ասած, մարմին հագցնես, ապա սիրտ դնես նրա մեջ և կենդանության շունչ հաղորդես նրան։
Ինչպես գործածել սուրբգրային համարները
Հիսուս Քրիստոսն ու իր աշակերտները ուսուցանում էին Սուրբ Գրությունների հիման վրա (Ղուկ. 4։16–21; 24։27; Գործք 17։2, 3)։ Դու էլ կարող ես հետևել նրանց օրինակին։ Ելույթիդ համար որպես հիմք պետք է ծառայի Աստվածաշունչը։ Միայն պլանում ներկայացված մտքերը բացատրելու և դրանց կիրառումը ցույց տալու փոխարեն՝ փորձիր նախ հասկանալ, թե ինչպես են ներշնչված Գրությունները հաստատում դրանք, և ապա ուսուցանիր Գրություններից։
Ելույթը պատրաստելիս քննիր պլանում տրված յուրաքանչյուր համար։ Ուշադրություն դարձրու համատեքստին։ Հնարավոր է՝ որոշ համարներ տրված լինեն զուտ որպես օգտակար տեղեկություն։ Ելույթի ընթացքում կարիք չկա կարդալ ու մեկնաբանել բոլոր համարները։ Ընտրիր միայն նրանք, որոնք ամենից շատ են համապատասխանում քո ունկնդրին։ Եթե փորձես ուշադրությունդ կենտրոնացնել միայն պլանում տրված սուրբգրային համարներին, ապա դժվար թե հարկ լինի լրացուցիչ համարներ մեջբերել։
Ելույթիդ հաջողությունը կախված է ոչ թե գործածված աստվածաշնչյան խոսքերի քանակից, այլ ուսուցանելու որակից։ Սուրբգրային համարները ներկայացնելիս բացատրիր, թե ինչու ես դրանք գործածում։ Ժամանակ հատկացրու ցույց տալու, թե ինչպես կարելի է դրանք կիրառել կյանքում։ Որևէ համար կարդալուց հետո, քանի դեռ խոսում ես դրա մասին, Աստվածաշունչդ բաց պահիր այդ էջի վրա։ Դրանով ունկնդիրներիդ լավ օրինակ կծառայես, որ նրանք էլ նույնը անեն։ Իսկ ինչպե՞ս կարող ես շարժել նրանց հետաքրքրությունը և օգնել նրանց ավելի մեծ օգուտներ քաղել Աստծո Խոսքից (Նէեմ. 8։8, 12)։ Դա կարելի է անել բացատրության միջոցով, օրինակներ բերելով, ինչպես նաև ցույց տալով, թե ինչպես կարելի է ասվածը կիրառել։
Բացատրել։ Երբ պատրաստվում ես գլխավոր համարներից որևէ մեկը բացատրել, ինքդ քեզ հարցրու. «Ի՞նչ է ուզում ասել այս համարը։ Ինչո՞ւ եմ այն գործածում իմ ելույթում։ Ի՞նչ հարցեր կարող են առաջանալ ունկնդիրների մտքում այս համարի վերաբերյալ»։ Գուցե հարկ լինի վերլուծել համատեքստը, այդ համարի հետ կապ ունեցող մյուս տեղեկությունները, պարզել, թե ինչպիսի հանգամանքներում են ասվել այդ խոսքերը, ինչ զորություն են իրենց մեջ պարունակում, և ինչ նպատակ է ունեցել արձանագրողը։ Այս ամենը հետազոտություններ է պահանջում։ Դու կարող ես առատ տեղեկություններ գտնել «հաւատարիմ եւ իմաստուն ծառա[յի]» միջոցով տրված հրատարակություններում (Մատթ. 24։45–47)։ Մի փորձիր տալ տվյալ սուրբգրային համարի վերաբերյալ բոլոր բացատրությունները։ Բավական է, որ ունկնդիրդ հասկանա, թե ինչու նրան խնդրեցիր կարդալ այդ համարը, և թե այն ինչ կապ ունի քննարկվող հատվածի հետ։
Օրինակներ և պատկերավոր խոսք։ Ելույթի մեջ օրինակներ գործածելու նպատակն այն է, որ խորացնի ունկնդրի ըմբռնումը տվյալ հարցի առնչությամբ և օգնի նրան մտապահելու քննարկվող միտքը կամ սկզբունքը։ Օրինակների օգնությամբ դու նրան օգնում ես հասկանալ այն, ինչ կուզեիր ասել, ու դա կապել իր՝ մինչ այդ ունեցած գիտելիքների հետ։ Այդպես վարվեց Հիսուսը իր հանրահայտ Լեռան քարոզն ասելիս։ Նա գործածեց այնպիսի արտահայտություններ, ինչպիսիք են՝ «երկնքի թռչունները», «դաշտի շուշանները», «նեղ.... դուռը», «տունը.... ժայռի վերայ» և այլն, որոնք նրա ուսուցումները ազդեցիկ, հստակ և անմոռանալի էին դարձնում (Մատթ., գլուխ 5–7)։
Ցույց տալ, թե ինչպես կիրառել։ Աստվածաշնչի որևէ համար բացատրելն ու այն օրինակով ներկայացնելը ընդամենը գիտելիքներ է փոխանցում ունկնդրին։ Սակայն ցանկալի արդյունքների հասնելու համար անհրաժեշտ է ցույց տալ, թե ինչպես պետք է կիրառել այդ գիտելիքները։ Ճիշտ է,
ունկնդիրն ինքն է պատասխանատու՝ կգործի Աստվածաշնչի խորհուրդներին ներդաշնակ, թե՝ ոչ, սակայն դու կարող ես օգնել նրան հասկանալ, թե ինչ է հարկավոր անել։ Երբ համոզվես, որ ունկնդիրները հասկացել են քննարկվող համարը և պարզ տեսնում են, թե այն ինչպես է համապատասխանում քննարկվող հարցին, ժամանակ հատկացրու՝ ցույց տալու, թե ինչ ազդեցություն այն կարող է գործել իրենց համոզմունքների և վարքի վրա։ Շեշտիր, թե ինչ օգուտներ կստանանք, եթե խուսափենք այն գաղափարներից կամ այնպիսի վարքից, որ հակասում են թեմայում քննարկվող ճշմարտություններին։Երբ մտածում ես, թե ինչպես կարելի է ցույց տալ տվյալ սուրբգրային համարի կիրառումը՝ հիշիր, որ լսարանդ բաղկացած է տարբեր ծագում ունեցող ու տարբեր հանգամանքներում ապրող մարդկանցից։ Կարող են լինել վերջերս հետաքրքրված անհատներ, երիտասարդներ, մեծահասակներ, ինչպես նաև մարդիկ, որոնք դիմագրավում են բազմապիսի անձնական խնդիրներ։ Աշխատիր այնպես պատրաստել ելույթդ, որ այն լինի գործնական ու կենդանի։ Խուսափիր տալ այնպիսի խորհուրդներ, որոնցով կարող ես տպավորություն ստեղծել, թե դու ունկնդիրներից միայն մի քանիսին նկատի ունես։
Հռետորի որոշումները
Որոշ հարցեր՝ կապված ելույթդ ներկայացնելու հետ, նախօրոք արդեն որոշված են։ Օրինակ՝ պարզորոշ ցույց են տրված գլխավոր կետերը և նշված է, թե որքան ժամանակում պետք է ներկայացնել դրանցից յուրաքանչյուրը։ Մնացած հարցերը թողնված են քո հայեցողությանը։ Օրինակ՝ դու ինքդ կարող ես որոշել, թե ենթակետերից որի՛ քննարկմանը շատ ժամանակ տրամադրել և որի՛ն՝ ավելի քիչ։ Մի կարծիր, թե բոլոր ենթակետերը հարկավոր է քննարկել միևնույն խորությամբ։ Դա կարող է պատճառ հանդիսանալ, որ ելույթը մատուցելիս շտապես ու լարվածության մեջ պահես ունկնդիրներիդ։ Ինչպե՞ս կարող ես որոշել, թե այդ կետերից որը պետք է ավելի մանրամասն քննարկել և որը՝ պարզապես հիշատակել խոսելու ընթացքում։ Հարցրու ինքդ քեզ. «Ո՞ր կետերը կօգնեն ինձ հաղորդել ելույթի հիմնական գաղափարը։ Որո՞նք կարող են հատկապես օգտակար լինել ունկնդիրներին։ Եթե բաց թողնեմ սուրբգրային այս համարը կամ նրան առնչվող տվյալ կետը՝ կթուլանա՞ արդյոք ելույթում ներկայացվող փաստերի ուժը։
Ամեն կերպ խուսափիր քո ենթադրությունները կամ անձնական կարծիքը մատուցելուց։ Նույնիսկ Աստծո Որդին՝ Հիսուս Քրիստոսը, երբեք ‘իրենից’ չէր խոսում (Յովհ. 14։10)։ Մի մոռացիր, որ մարդիկ հաճախում են Եհովայի վկաների ժողովները, որպեսզի քննարկումներ լսեն Աստվածաշնչից։ Եթե ժողովում քեզ հարգում են որպես լավ հռետորի, պատճառը ամենայն հավանականությամբ այն է, որ ելույթով հանդես գալիս աշխատում ես ունկնդիրների ուշադրությունը հրավիրել ոչ թե քեզ վրա, այլ Աստծո Խոսքի։ Քո ելույթները հենց դրա համար են գնահատվում (Փիլիպ. 1։10, 11)։
Այժմ, երբ արդեն ելույթի «մերկ» պլանը վերածել ես Գրությունների վրա հիմնված բովանդակալից բացատրություններ պարունակող ելույթի, պետք է այն կրկնես։ Օգտակար կլինի դա անել բարձրաձայն։ Կարևորն այն է, որ բոլոր կետերը մտապահես։ Պետք է լիակատար համոզվածությամբ խոսես, Առակ. 15։2)։
կենդանության շունչ տաս նյութին և ճշմարտությունը խանդավառությամբ հաղորդես։ Ելույթով հանդես գալուց առաջ ինքդ քեզ հետևյալ հարցերն ուղղիր. «Ի՞նչ նպատակ եմ հետապնդում։ Գլխավոր կետերն արդյոք աչքի ընկնո՞ւմ են։ Իմ պատրաստած ելույթն իսկապե՞ս Աստվածաշնչի վրա է հիմնված։ Սահո՞ւն է կատարվում անցումը մի գլխավոր կետից դեպի մյուսը։ Ունկնդիրների սրտում կառաջացնի՞ գնահատանք Եհովայի և նրա միջոցառումների հանդեպ։ Վերջաբանն անմիջականորեն կապվա՞ծ է թեմայի հետ։ Արդյոք այն ունկնդիրներին ցույց տալի՞ս է, թե նրանք ինչ պետք է անեն, և մղո՞ւմ է նրանց այդպես վարվելու»։ Եթե կարողանաս այս հարցերին դրական պատասխաններ տալ, ապա դու ‘գիտություն կճարտարախոսես’, որպեսզի օգուտներ բերես ժողովին և փառաբանես Եհովային (