Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Ինչպես նամակներ գրել

Ինչպես նամակներ գրել

ՆԱՄԱԿԱԳՐԱԿԱՆ կապը օգնել է միլիոնավոր մարդկանց դեպի լավը փոխելու իրենց կյանքն ու բարքերը։ Քրիստոնեական Հունարեն Գրությունները կազմող գրքերի մեծ մասը սկզբնապես գրվել են որպես նամակներ։ Այսօր մենք էլ կարող ենք նամակների միջոցով ոգևորել մեր նոր հավատակիցներին, կապ պահպանել մեր ընկերների հետ, քաջալերել նոր պատասխանատվություն ստացած մեր եղբայրներին ու քույրերին, զորացնել նրանց, ովքեր դժվարություններ են դիմագրավում, կամ էլ ժողովի գործունեության հետ կապված տեղեկություններ հաղորդել (Ա Թեսաղ. 1։1–7; 5։27; Բ Պետ. 3։1, 2

Նամակագրական կապը նաև վկայություն տալու արդյունավետ միջոց է, քանի որ որոշ վայրերում մարդիկ ապրում են հատուկ հսկողության տակ առնված շենքերում կամ այնպիսի թաղամասերում, որտեղ գրեթե հնարավոր չէ քարոզել։ Ոմանք հազվադեպ են տանը լինում, ուստի մեզ չի հաջողվում տնից տուն քարոզելիս հանդիպել նրանց։ Մյուսներն էլ ապրում են մեկուսացված վայրերում։

Երբեմն հիվանդության, անբարենպաստ եղանակի կամ էլ պարետային ժամի պատճառով հնարավորություն չենք ունենում տնից դուրս գալու։ Կարո՞ղ ես օգտագործել այդ ժամանակը, որպեսզի նամակով շարունակես հոգևոր թեմաներ քննարկել բարեկամներիցդ որևէ մեկի կամ այնպիսի անհատի հետ, որին նախկինում առիթ ես ունեցել վկայություն տալու։ Իսկ եթե մեկն այն անհատներից, որոնց հետ դու Աստվածաշունչ ես ուսումնասիրել, տեղափոխվել է։ Քո նամակը գուցե լինի հենց այն, ինչի կարիքը որ նա ունի, որպեսզի չկորցնի հոգևորի հանդեպ իր հետաքրքրությունը։ Նամակի միջոցով կարող ես համապատասխան սուրբգրային մտքեր հաղորդել քո այն ծանոթներին, ում մասին տեղեկացել ես, որ վերջերս ամուսնացել են, երեխա են ունեցել կամ էլ հարազատ կորցրել։

Վկայություն նամակի միջոցով

Երբ նամակի միջոցով վկայություն ես տալիս քեզ անծանոթ որևէ մեկի, նախ գրիր, թե ով ես դու։ Կարող ես նշել, որ մասնակցում ես միջազգային կամավոր գործունեության։ Եթե հարմար ես գտնում, նշիր նաև, որ դու Եհովայի վկա ես։ Բացատրիր, թե ինչու ես նամակով դիմում նրան՝ փոխանակ այցելելու։ Մտքերդ շարադրիր այնպես, ինչպես որ կանեիր, եթե դեմառդեմ հանդիպեիր նրան։ Սակայն, հիշելով «խորագէտ եղիք ինչպէս օձերը, եւ միամիտ՝ ինչպէս աղաւնիները» խորհուրդը՝ լրջորեն մտածիր, թե ինչ ծավալի տեղեկություն արժե գրել նրան քո մասին (Մատթ. 10։16

Նամակիդ մեջ ընդգրկիր այն մտքերը, որոնք կհաղորդեիր անհատին, եթե անձամբ նրա հետ խոսեիր։ Որպես նախաբան՝ կարող ես որևէ հարմար մատուցում ընտրել «Մեր թագավորական ծառայությունը» թերթիկի ընթացիկ համարներից կամ էլ «Ինչպե՞ս վարել Աստվածաշնչի թեմայով զրույցը» գրքույկից։ Կարող ես որևէ հարց ուղղել և հրավիրել հասցեատիրոջը խորհրդածելու այդ հարցի շուրջ։ Որոշ քարոզիչներ պարզապես բացատրում են, որ մենք ունենք անվճար կրթական ծրագիր, որի օգնությամբ կարելի է ստանալ Աստվածաշնչի վերաբերյալ հարցերի պատասխանները։ Ապա Աստվածաշնչի ուսումնասիրության որևէ ձեռնարկից արտագրում են մի շարք գլուխների վերնագրեր։ Վկայություն տալու նպատակով գրված նամակի մի պարզ նմուշ ներկայացված է 73–րդ էջում։ Իհարկե, կարող ես օգտվել այդ օրինակից, սակայն ցանկալի է փոխել նամակի բովանդակությունը։ Հակառակ դեպքում կարող է այնպես պատահել, որ ժամանակի ընթացքում մարդիկ նույն բովանդակության նամակներ ստանան։

Ոչ բոլորն են հաճույքով ընթերցում անծանոթ մարդուց ստացած երկար նամակները։ Ուստի ճիշտ կլինի գրել հակիրճ նամակ, որպեսզի հասցեատերը չձանձրանա և կարդա այն ամբողջությամբ։ Կարելի է նամակին կցել Թագավորության սրահում անցկացվող հանդիպումների տպագիր հրավերը։ Նաև կարելի է ծրարի մեջ դնել որևէ թերթիկ, գրքույկ կամ «Դիտարան» և «Արթնացե՛ք» պարբերագրերի ընթացիկ համարներից որևէ մեկը ու նշել, որ ցանկության դեպքում հասցեատերը կարող է կանոնավորաբար ստանալ այդ հրատարակություններից։ Կամ կարող ես առաջարկել այցելել նրան, որպեսզի ավելի հանգամանորեն քննարկեք այն հարցը, որի մասին գրել ես նամակում։

Երկու խոսք նամակի ձևի մասին

Այժմ եկ դիտենք նամակի այդ նմուշը։ Ուշադրություն դարձրու, որ այն գրված է 1) կոկիկ, տեղը–​տեղին։ 2) Նույնիսկ եթե հասցեատերը կորցնի ծրարը, նամակն ուղարկողի անունն ու հասցեն կգտնի նամակում։ 3) Նամակի նպատակի մասին պարզ ու անմիջականորեն խոսվում է առաջին պարբերության մեջ։ 4) Յուրաքանչյուր գլխավոր միտք ամփոփված է առանձին պարբերության մեջ։ 5) Հաշվի առնելով նամակի նպատակը՝ այն ո՛չ չափից դուրս մտերմիկ է, ո՛չ էլ չափազանց պաշտոնական։

Իսկ պաշտոնական նամակներում, ինչպես ասենք՝ ժողովի քարտուղարի կողմից Ընկերության մասնաճյուղին ուղղված նամակում, անհրաժեշտ է հիշատակել ժողովի անվանումը, քարտուղարի անուն–​ազգանունը, հասցեն, ինչպես նաև նամակի ուղարկման ամսաթիվը։ Պետք է նաև գրել այն անհատի կամ կազմակերպության հասցեն և անունը (անվանումը), որին ուղղված է նամակը։ Ապա հաջորդում են ողջույնի խոսքերը։ Նամակի վերջում սովորաբար գրվում է՝ «Հարգանքներով՝», որից հետո գրողի անուն–ազգանունը։ Այն պետք է ձեռքով գրվի։

Ինչպիսի նամակ էլ գրելու լինես, ուշադիր եղիր, որ այն գրվի առանց ուղղագրական, քերականական ու կետադրական սխալների և, ինչ խոսք, առանց ջնջումների։ Դրա շնորհիվ նամակում գրված լուրը ավելի մեծ արժեք կստանա։

Ծրարի վրա միշտ գրիր հետադարձ հասցեն։ Ցանկալի է, որ դա լինի քո հասցեն։ Եթե կարծում ես, որ անծանոթ մարդկանց նամակով վկայություն տալիս խելամիտ չէր լինի քո հասցեն գրելը, հարցրու երեցներին, թե կարելի է արդյոք փոխարենը գրել ձեր Թագավորության սրահի հասցեն։ Այս նպատակով ոչ մի դեպքում չպետք է օգտագործել «Դիտարան» ընկերության կամ մասնաճյուղի հասցեն, քանի որ հասցեատերը սխալմամբ կարող է եզրակացնել, թե նամակը Ընկերության կողմից է ուղարկվել. դա կարող է նրան շփոթության մեջ գցել։ Եթե ծրարի վրա նշված չլինի հետադարձ հասցեն, բայց նամակի հետ գրականություն դրված լինի, այս դեպքում ևս այն կարող է դիտվել իբրև Ընկերության կողմից ուղարկված։

Ստուգիր, որ ծրարի վրա փակցված նամականիշերը բավարար քանակության լինեն՝ հատկապես եթե նամակի հետ գրականություն ես ուղարկում։ Շատ երկրներում նամակի հետ որևէ գրքույկ կամ պարբերագիր ուղարկելու դեպքում ավելանում է փոստային ծախսը։

Պատշաճ գրելաոճ

Նամակն ավարտելուց հետո մեկ անգամ ևս կարդա այն սկզբից մինչև վերջ, որպեսզի տեսնես, թե ինչ բովանդակության նամակ է ստացվել։ Ինչպե՞ս է այն գրված. արդյո՞ք բարեկամական ոճով ու նրբանկատորեն։ Մարդկանց հետ վերաբերվելիս մյուս բոլոր անհրաժեշտ հատկությունների հետ միասին մենք միշտ պետք է դրսևորենք սեր ու բարություն (Գաղ. 5։22, 23)։ Եթե նամակում բացասական երանգ կամ վատատեսության նշույլ անգամ նկատես, փոխիր տեքստը։

Նամակները կարող են հասնել այնպիսի վայրեր, ուր մենք ինքներս չէինք կարողանա։ Հենց այդ պատճառով էլ նամակագրական կապը վկայություն տալու հիանալի միջոց է։ Հիշիր, որ քո նամակը ներկայացնելու է քեզ, նաև այն, ինչը արժեք ունի քեզ համար, ուստի՝ լրջորեն հաշվի առ, թե ինչ է այնտեղ գրված, ինչպես է գրված և ինչպես է հնչում։ Հնարավոր է, որ քո նամակը օգնի Եհովայի համար թանկ որևէ մեկին կանգնել դեպի կյանք տանող ճանապարհին, կամ էլ զորացնի ու ոգևորի նրանց, ովքեր արդեն ընթանում են այդ ուղով։

1 հունիսի 2003 թ.