Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Ինչպես պատրաստել ելույթներ՝ ժողովում ներկայացնելու համար

Ինչպես պատրաստել ելույթներ՝ ժողովում ներկայացնելու համար

ԱՍՏՎԱԾԱՊԵՏԱԿԱՆ ծառայության դպրոցի ծրագիրը կազմված է այնպես, որ ամբողջ ժողովը կարողանա օգուտներ քաղել։ Մենք արժեքավոր տեղեկություններ ենք ստանում նաև ժողովի մյուս հանդիպումներից, այդ թվում նաև շրջանային և մարզային համաժողովներից։ Եթե դու այս հանդիպումներից որևէ մեկին ելույթով մասնակցելու հանձնարարություն ես ստացել, ապա դա իսկապես մեծ պատասխանատվություն է։ Պողոս առաքյալը քրիստոնյա վերակացու Տիմոթեոսին խրախուսեց միշտ ուշադիր լինել, թե ինչպես է ուսուցանում (Ա Տիմոթ. 4։16)։ Ժողովի հանդիպումներին ներկա գտնվողներն իրենց թանկագին ժամանակն են տրամադրում, ոմանք էլ մեծ ջանքեր են գործադրում՝ ներկա գտնվելու, որպեսզի կրթություն ստանան Աստծո հետ իրենց փոխհարաբերություններին առնչվող հարցերի վերաբերյալ։ Հետևաբար նման ուսուցում մատուցելը մեծ առանձնաշնորհում է... Ինչպե՞ս կարող ես հարկ եղած ձևով կատարել այդ առանձնաշնորհյալ գործը։

Ուշագրավ մտքեր Աստվածաշնչի ընթերցանությունից

Դպրոցի այս բաժինը հիմնված է այն գլուխների վրա, որոնք նախատեսված են Աստվածաշնչի շաբաթական ընթերցանության համար։ Այս ելույթի հիմնական նպատակն է՝ ընդգծել տվյալ նյութի դերը մեր կյանքում այսօր։ Ինչպես արձանագրված է Նեէմիա 8։8–ում, Եզրասն ու ղևտացիները ժողովրդի առաջ կարդում էին Աստծո Խոսքը, բացատրում և «հասկացնում էին կարդացածը»։ Դու էլ կարող ես այդպես վարվել, երբ Աստվածաշնչի ընթերցանությունից ուշագրավ մտքեր ներկայացնելու հանձնարարություն ստանաս։

Ինչպե՞ս պատրաստել այդ առաջադրանքը։ Եթե հնարավոր է, մեկ շաբաթ առաջ կամ նույնիսկ ավելի շուտ, կարդա ընթերցանության համար նախատեսված գլուխը (գլուխները)։ Ապա մտածիր ժողովի մասին ու ժողովի կարիքների։ Աղոթքով խորհրդածիր։ Աստվածաշնչի այդ հատվածներում ի՞նչ խորհուրդներ, օրինակներ կամ սկզբունքներ կան, որ կարելի է կիրառել այդ կարիքները բավարարելու համար։

Այս հարցում կարևոր է հետազոտություններ կատարելը։ Եթե ««Դիտարան» ընկերության գրադարանը» կոմպակտ սկավառակի վրա և ««Դիտարան» ընկերության հրատարակությունների ցանկը» առկա չեն քեզ հասկանալի որևէ լեզվով, ապա կարող ես օգտվել ձեր լեզվով լույս տեսնող «Դիտարան» պարբերագրի տարեվերջյան համարներում զետեղված ցանկերից։ Ելույթի համար քո ընտրած համարների վերաբերյալ փնտրտուքներ կատարելով՝ դու կգտնես դրանք լուսաբանող տեղեկություններ, մարգարեությունների կատարման վերաբերյալ մեկնաբանություններ, աստվածաշնչյան սկզբունքների քննարկումներ, ինչպես նաև վերլուծություններ այն մասին, թե սուրբգրային առանձին համարներ ինչ են մեզ հայտնում Եհովայի մասին։ Աշխատիր չափից շատ մտքեր չընդգրկել ելույթում։ Կենտրոնացիր միայն մի քանի ընտրված համարների վրա։ Ավելի լավ է ելույթում ընդգրկել ընդամենը մի քանի համար, բայց դրանք ներկայացնել ինչպես հարկն է։

Գուցե անհրաժեշտ լինի հրավիրել ներկաներին մեկնաբանություններ տալ այն մասին, թե ինչ օգուտներ են նրանք քաղել Աստվածաշնչի շաբաթական ընթերցանությունից։ Խնդրիր պատմել, թե այդ հատվածներում նրանք ինչ են գտել, որը կարող է օգտակար լինել անձնական և ընտանեկան ուսումնասիրությունների համար, ծառայության մեջ կամ էլ կյանքում։ Ըստ իրենց՝ Եհովայի ո՞ր հատկություններն են դրսևորվում առանձին անհատների և ազգերի հանդեպ նրա վերաբերմունքի մեջ։ Ի՞նչ նոր բան են սովորել, որն ամրացրել է նրանց հավատը և գնահատանքով լցրել նրանց սիրտը Եհովայի հանդեպ։ Մի կենտրոնացիր գործնական արժեք չներկայացնող մանրամասնությունների վրա։ Շեշտիր քո ընտրած մտքերի նշանակությունն ու գործնական արժեքը։

Ուսուցողական ելույթ

Այս ելույթը սովորաբար հիմնված է լինում հրատարակված նյութի, ինչպես ասենք՝ «Դիտարան» և «Արթնացե՛ք» պարբերագրերից կամ որևէ գրքից վերցված ինչ–​որ հատվածի վրա։ Սովորաբար այս ելույթի համար տրամադրվում է ավելի ծավալուն նյութ, քան հնարավոր է ներկայացնել հատկացված ժամանակում։ Ինչպե՞ս պետք է մատուցել այս ելույթը. ոչ թե պարզապես վերապատմելով նյութը, այլ ուսուցանելով՝ ինչպես կաներ հմուտ ուսուցիչը, քանի որ վերակացուն պետք է լինի «սովորեցնելու յարմար», այսինքն՝ սովորեցնելու ունակ (Ա Տիմոթ. 3։2

Ելույթդ պատրաստելու համար նախ ուսումնասիրիր հանձնարարված նյութը։ Բաց արա սուրբգրային համարները։ Խորհրդածիր։ Աշխատիր այս բոլորն անել ելույթը ներկայացնելուց շատ առաջ։ Հիշիր, որ եղբայրներին խորհուրդ է տրվում նախապես կարդալ տպագրված նյութը, որի վրա հիմնված է ելույթը։ Քեզ հանձնարարված չէ ընդամենը կրկնել կամ համառոտակի ներկայացնել նյութը, այլ ցույց տալ, թե ինչպես կարելի է կիրառել այն գործնականում։ Նյութից ընտրած համապատասխան հատվածներն այնպես մատուցիր, որ դրանք իսկապես օգտակար լինեն ժողովի համար։

Ինչպես որ յուրաքանչյուր երեխա ունի իր առանձնահատկությունները, այնպես էլ յուրաքանչյուր ժողով ունի իր առանձնահատկությունները։ Այն ծնողը, որն ուզում է իր երեխային դաստիարակելու մեջ լավ արդյունքների հասնել, սոսկ բարոյական օրենքների շարան չի կարդա նրան։ Նա կփորձի տրամաբանել երեխայի հետ։ Հաշվի կառնի նրա անհատականությունը և այն խնդիրները, որոնց բախվում է երեխան։ Նմանապես, ժողովում ուսուցանող եղբայրներն են փորձում հասկանալ այն անհատների կարիքները, ում պատրաստվում են ուղղել իրենց ելույթը։ Սակայն խորաթափանց ուսուցիչը չի գործածի այնպիսի օրինակներ, որոնք կարող են անհարմար վիճակի մեջ դնել ունկնդիրներից թեկուզ մեկին։ Փոխարենը՝ նա կխոսի այն մասին, թե ինչ օգուտներ են ստացել բոլոր նրանք, ովքեր քայլում են Եհովայի ուղիներով, և ուշադրությունը կհրավիրի Գրություններում տեղ գտած որևէ խորհրդի վրա, որը կօգնի ներկաներին հաջողությամբ դիմագրավել իրենց դժվարությունները։

Լավ ուսուցանելու շնորհիվ հռետորի խոսքը հասնում է ունկնդրի սրտին։ Դրա համար անհրաժեշտ է ոչ միայն փաստեր ներկայացնել, այլև գնահատանք առաջացնել նրանց սրտում այն բանի հանդեպ, ինչը հաստատելու համար բերվում են այդ փաստերը։ Իսկ դրա համար հարկավոր է անկեղծ հետաքրքրվածություն ցույց տալ նրանց նկատմամբ, ում ուսուցանում ես։ Հոգևոր հովիվները պետք է ճանաչեն իրենց հոտը։ Եթե նրանք իմանան, թե ինչպիսի խնդիրներ ունեն ժողովի անդամները, կկարողանան քաջալերել նրանց, ինչպես նաև ցավակցել, հասկացողություն ու կարեկցանք ցույց տալ։

Ցանկացած հմուտ ուսուցչի հայտնի է, որ ելույթի նպատակը պետք է հստակ լինի։ Նա պետք է ելույթն այնպես մատուցի, որ գլխավոր մտքերը իսկույն աչքի զարնեն, նաև հեշտությամբ մտապահվեն։ Այդ դեպքում ունկնդրի հիշողության մեջ կմնան գործնական կարևորություն ունեցող այն մտքերը, որոնք ի վիճակի են փոխելու մարդու կյանքը։

Ծառայողական հանդիպում

Թերևս փոքր–​ինչ տարբեր լինեն պահանջները «Մեր թագավորական ծառայությունը» թերթիկից որևէ հոդվածի վրա հիմնված ելույթ պատրաստելու դեպքում, երբ հաճախ պահանջվում է ոչ թե ընտրել այն մտքերը, որ առավելագույնս համապատասխանում են ունկնդիրներին, այլ նրանց ներկայացնել ամբողջ հոդվածը։ Օգնիր ունկնդրին տրամաբանել այն սուրբգրային համարների շուրջ, որոնք որպես հիմք են բերվում հոդվածում տրվող ամեն մի խորհրդի վերաբերյալ (Տիտ. 1։9)։ Սովորաբար նման ելույթների համար նախատեսված ժամանակը սահմանափակ է, հետևաբար շատ դեպքերում հնարավոր չի լինում լրացուցիչ նյութ ընդգրկել։

Գուցե քեզ հանձնարարվի մատուցել մի նյութ, որի համար «Մեր թագավորական ծառայությունը» թերթիկում համապատասխան հոդված չլինի։ Թերևս նշված լինի միայն աղբյուրը, որից պետք է նյութ վերցնել ելույթի համար՝ «Դիտարան» պարբերագրի որևէ հոդված, կամ էլ տրված լինեն թեմայի վերաբերյալ ընդամենը մի քանի համառոտ ցուցումներ։ Այսպիսի դեպքերում դու ինքդ պետք է մտածես, թե տվյալ թեմայի հետ կապված ինչ կարիքներ ունի ժողովը։ Գուցե անհրաժեշտ լինի կարճ, դիպուկ օրինակ բերել կամ պատմել թեմային համապատասխան որևէ դեպք։ Հիշիր, որ քո նպատակը պարզապես այդ թեմայի շուրջ խոսելը չէ։ Դու պետք է ելույթդ մատուցես այնպես, որ դրանով օգնես ժողովի անդամներին կատարելու այն գործը, որի մասին նշված է Աստծո Խոսքում, և ուրախություն ստանալու այդ գործից (Գործք 20։20, 21)։

Ելույթ պատրաստելիս մտածիր այն մասին, թե ինչ հանգամանքներում են գտնվում ժողովի անդամները։ Գովեստի խոսքեր ուղղիր նրանց այն բանի համար, ինչ որ նրանք անում են։ Մտածիր, թե թեմայում տրված խորհուրդները կիրառելով՝ ունկնդիրներն ինչպես կարող են ավելի արդյունավետ դարձնել իրենց ծառայությունը և ավելի մեծ ուրախություն ստանալ։

Իսկ եթե նախատեսված է ցուցադրում կամ հարցազրույց ընդգրկել ելույթի մեջ, լավ կլինի վաղօրոք պատրաստել այն։ Գուցե քեզ հրապուրի այն միտքը, թե կարելի է խնդրել մեկ ուրիշին, որ քեզ համար պատրաստի ցուցադրում կամ հարցազրույց, բայց դա միշտ չէ, որ բերում է պետք եղած արդյունքների։ Եթե հնարավոր է, հանդիպումից մի քանի օր առաջ մասնակիցների հետ փորձիր այն։ Ցուցադրումը կամ հարցազրույցը ձգտիր ներկայացնել այնպես, որ ավելի արժեքավոր դարձնի մատուցվող ուսուցումը։

Շրջանային և մարզային համաժողովներ

Այն եղբայրները, ովքեր իրենց մեջ մշակել են լավ հոգևոր հատկություններ և դարձել են հմուտ ուսուցիչներ ու հռետորներ, գուցե հանձնարարություն ստանան մասնակցելու շրջանային կամ մարզային համաժողովների ծրագրին։ Այդ միջոցառումները աստվածապետական կրթություն ստանալու յուրահատուկ առիթներ են։ Նման առաջադրանքի համար կարող է տրվել պատրաստի տեքստ, ելույթի պլան, աստվածաշնչյան դրամայի վերաբերյալ հրահանգներ, որոնք ցույց են տալիս, թե դրամայի նյութը ինչպես կարելի է կիրառել մեր ժամանակներում, կամ միայն մի քանի գրավոր ցուցումներ։ Եթե դու համաժողովի ծրագրին մասնակցելու առանձնաշնորհում ես ստացել, ուշադրությամբ ուսումնասիրիր քեզ տրված նյութը։ Ուսումնասիրիր այնքան ժամանակ, մինչև որ խորությամբ ըմբռնես նյութի էությունը։

Պատրաստի տեքստով ելույթ ներկայացնելու առաջադրանք ստացած հռետորը պետք է կարդա տեքստը բառ առ բառ։ Նա չպետք է փոփոխության ենթարկի այն կամ վերադասավորի, այլ պետք է լավ ուսումնասիրի, որպեսզի հասկանա, թե որոնք են գլխավոր կետերը, և թե ինչպես են դրանք զարգանում թեմայի ընթացքում։ Պետք է նաև այդ տեքստը մի քանի անգամ բարձրաձայն կարդա, մինչև որ կարողանա ընթերցել իմաստային ճիշտ շեշտադրումով, ոգևորությամբ, ջերմությամբ, զգացմունքներով, հարկ եղած լրջությամբ ու համոզվածությամբ, ինչպես նաև բավականաչափ բարձր ձայնով և ուժգնությամբ՝ մեծաքանակ ունկնդիրներին լսելի լինելու համար։

Իսկ այն եղբայրները, ովքեր առաջադրանք են ստանում ելույթ մատուցել նախատեսված պլանի օգնությամբ, իրենց թեման զրագացնելիս պետք է այդ պլանին հավատարիմ մնան։ Ելույթով հանդես գալու ժամանակ հռետորը չպետք է կարդա անմիջապես պլանից, ոչ էլ բառ առ բառ գրի առնի ամբողջ ելույթը, այլ պետք է այն ներկայացնի ազատ՝ առանց իր նշումներին կառչած մնալու, և խոսի սրտանց։ Շատ կարևոր է, որ հռետորը չանցնի գլխավոր կետերից յուրաքանչյուրի համար պլանում սահմանված ժամանակը, որպեսզի կարողանա հստակորեն բացատրել դրանցից ամեն մեկը։ Պետք է լավ ներկայացնի գլխավոր կետերի տակ տրված մտքերն ու սուրբգրային համարները։ Իր ելույթում հռետորը չպետք է պլանում տրված մտքերի փոխարեն ընդգրկի պարզապես իրեն դուր եկած լրացուցիչ մտքեր։ Ելույթի հիմքն, անշուշտ, Աստծո Խոսքն է, իսկ քրիստոնյա երեցների պարտականությունը այդ «խօսքը քարոզ[ելն]» է (Բ Տիմոթ. 4։1, 2)։ Ուստի հռետորը պետք է հատուկ ուշադրություն դարձնի պլանում տրված սուրբգրային համարներին, տրամաբանի դրանց շուրջ և ցույց տա, թե ինչպես կարելի է դրանք գործնականում կիրառել։

Մի՛ հետաձգիր

Հաճա՞խ ես ելույթով հանդես գալու հնարավորություններ ունենում այն ժողովում, որտեղ ծառայում ես։ Ինչպե՞ս կարող ես քեզ հանձնարարված բոլոր ելույթները հարկ եղած ձևով պատրաստել։ Աշխատիր դա չթողնել վերջին րոպեին։

Որպեսզի տվյալ ելույթը իսկապես օգուտ տա ժողովին, անհրաժեշտ է, որ հռետորը այն պատրաստելուց առաջ վաղօրոք խորհրդածի թեմայի շուրջ։ Ուստի սովորություն դարձրու, ամեն անգամ առաջադրանք ստանալուն պես, կարդալ ելույթիդ նյութը։ Այդպես դու հնարավորություն կունենաս նյութի շուրջ խորհրդածելու առօրյա գործերով զբաղվելիս։ Հնարավոր է՝ ելույթդ ներկայացնելուց մի քանի օր կամ շաբաթ առաջ լսես մտքեր, որոնք կօգնեն քեզ ելույթը ավելի գործնական դարձնել։ Գուցե ականատես լինես այնպիսի դեպքերի, որոնք քեզ կհամոզեն, որ քո թեման իրոք ժամանակահարմար է։ Թեպետ առաջադրանք ստանալուն պես նյութը կարդալն ու դրա շուրջ խորհրդածելը քեզանից ժամանակ կխլի, սակայն դա ժամանակի անտեղի վատնում չէ։ Իսկ երբ արդեն սկսես մշակել ելույթդ, կտեսնես, որ նախօրոք խորհրդածելն իսկապես որ արդյունավետ է։ Առաջադրանքներդ այսպես պատրաստելը կօգնի քեզ զգալիորեն նվազեցնել լարվածությունդ և ելույթներդ մատուցել այնպես, որ գործնական արժեք ունենան ժողովի անդամների համար, և որ քո խոսքը հասնի նրանց սրտին։

Որքան բարձր գնահատես քեզ վստահված պարգևը՝ Աստծո ժողովրդին ուսուցանելու գործին մասնակցելը, այնքան ավելի շատ կպատվես Եհովային և կփաստես, որ օրհնություն ես նրան սիրողների համար (Ես. 54։13; Հռովմ. 12։6–8)։