Ինչպես փնտրտուքներ կատարել
ՍՈՂՈՄՈՆ թագավորը «կշռեց ու քննեց շատ առակներ շարադրեց»։ Ինչո՞ւ. քանի որ ցանկանում էր «ուղիղ ճշմարիտ խօսքեր» գրել (Ժող. 12։9, 10)։ Ավետարանագիր Ղուկասը «սկզբից բոլոր բաներին ճշմարտութիւնով հետեւ[եց]», որպեսզի Քրիստոսի կյանքում տեղի ունեցած իրադարձությունները շարադրեր տրամաբանական հաջորդականությամբ (Ղուկ. 1։3)։ Աստծո այս երկու ծառաներն էլ փնտրտուքներ են կատարել։
Ի՞նչ է նշանակում փնտրտուքներ կամ հետազոտություններ կատարել։ Դա որոշակի հարցի վերաբերյալ մանրամասն տեղեկություններ հավաքելու գործողություն է, որն ընդգրկում է ընթերցանության պրոցես և պահանջում է կիրառել ուսումնասիրության սկզբունքները։ Երբեմն այն կարող է ընդգրկել նաև մարդկանցից տեղեկություններ հավաքելը։
Ո՞ր դեպքերում է հարկավոր փնտրտուքներ կատարել։ Ահա մի քանի օրինակներ։ Անձնական ուսումնասիրության կամ Աստվածաշնչի ընթերցանության ժամանակ գուցե քեզ համար կարևոր նշանակություն ունեցող հարցեր առաջանան։ Վկայություն տալիս հնարավոր է, որ քեզ ուղղեն այնպիսի հարց, որին գոհացուցիչ պատասխան տալու համար հարկ լինի մանրամասն տեղեկություն ձեռք բերել։ Նաև՝ երբ ելույթ ներկայացնելու առաջադրանք ստանաս։
Ենթադրենք՝ ելույթ ներկայացնելու առաջադրանք ես ստացել։ Հնարավոր է, որ քեզ հանձնարարված թեման լինի շատ ընդհանուր։ Ինչպե՞ս կարող ես այն հարմարեցնել տեղի պահանջներին։ Դա կարող ես անել հետազոտություններ կատարելով։ Ելույթում ընդգրկված մեկ–երկու վիճակագրական տվյալները, թեմային համապատասխան օրինակը, որ ինչ–որ ձևով առնչվում է ունկնդիրների կյանքին, կարող են օգնել, որ առաջին հայացքից լիովին ակնհայտ՝ բոլորին նախապես ծանոթ միտքը դառնա հետաքրքիր և նույնիսկ ունկնդրին գործերի մղի։ Նյութը, որի հիման վրա պիտի կառուցես քո ելույթը, հնարավոր է, որ նախատեսված լինի ամբողջ աշխարհի ընթերցողների համար։ Նման դեպքում քեզանից ակնկալվում է ընդգծել նյութի արժեքը, օրինակ բերել ու դրանք հարմարեցնել տվյալ ժողովի (կամ նույնիսկ մեկ անհատի) պահանջներին։ Ինչպե՞ս դա անել։
Նախքան ինֆորմացիայի փնտրտուքներ սկսելը հաշվի առ, թե ովքեր են ունկնդիրներդ։ Ի՞նչ է նրանց արդեն հայտնի այդ թեմայից։ Ինչի՞ մասին պետք է նոր իմանան։ Այնուհետև որոշիր, թե քո ելույթով ի՞նչ նպատակի ես ուզում հասնել՝ բացատրե՞լ, համոզե՞լ, հերքե՞լ, թե՞ որոշակի քայլերի մղել։ Եթե ելույթիդ նպատակը բացատրելն է, ապա պետք է հավելյալ տեղեկություններ ձեռք բերես նյութը պարզաբանելու համար։ Չնայած թեմայի հիմնական մտքերը ընդհանուր առմամբ կարող են հասկանալի լինել, բայց գուցե հարկ լինի ավելի հանգամանորեն քննել, թե երբ կամ ինչպես պետք է անել այն, ինչի մասին որ խոսվում է թեմայում։ Եթե ելույթիդ
նպատակը ունկնդրին համոզելն է, ապա պետք է նշես պատճառները և փաստեր ներկայացնես՝ ցույց տալու համար, թե ինչու է բանն այսպես կամ այնպես։ Եթե թեմայի նպատակը ինչ–որ գաղափար հերքելն է, ապա պետք է ունենալ լիարժեք տեղեկություններ քննարկվող հարցի երկու կողմերի վերաբերյալ, ինչպես նաև հանգամանորեն քննել թեմայում բերված փաստերը։ Ինչ խոսք, մեր նպատակը պետք է լինի ոչ թե զուտ անհերքելի փաստեր փնտրելը, այլ նաև դրանք նուրբ ձևով մատուցելը։ Եվ, ի վերջո, եթե ելույթիդ նպատակը ունկնդրին որոշակի քայլերի մղելն է, ապա պետք է հասնել նրա սրտին։ Դա նշանակում է, որ պիտի փորձես ցանկություն առաջացնել ունկնդիրների սրտում՝ կիրառելու թեմայում տրվող խորհուրդները։ Այդ հարցում կարող են օգտակար լինել կյանքից վերցված օրինակները այն անձանց մասին, ովքեր գործել են այդպես՝ չնայած իրենց ունեցած բազում դժվարություններին։Կարելի՞ է ասել, որ հիմա արդեն պատրաստ ես սկսելու փնտրտուքները։ Դեռ ոչ։ Պետք է որոշել նաև, թե ինչ ծավալի ինֆորմացիա է քեզ հարկավոր։ Այս հարցում կարևոր հանգամանք է այն, թե որքան ժամանակ է հատկացված ելույթը ներկայացնելուն։ Եթե այն մատուցելու ես ունկնդիրների առջև, ապա քո տրամադրության տակ քանի՞ րոպե ես ունենալու՝ հի՞նգ, գուցե քառասունհի՞նգ։ Ելույթի համար տրամադրված ժամանակը նախապես որոշվա՞ծ է, ինչպես սովորաբար լինում է ժողովի հանդիպումներին, թե՞ ազատ է, ինչպես Աստվածաշնչի ուսումնասիրություն անցկացնելիս կամ հովվական այցելություն կատարելիս։
Իսկ հետազոտություններ կատարելու ի՞նչ օժանդակ միջոցներ ունես քո տրամադրության տակ։ Քո անձնական գրադարանից բացի՝ կարո՞ղ ես օգտվել Թագավորության սրահի գրադարանից, որտեղ հավանաբար կարելի է ավելի շատ գրականություն գտնել։ Կարող ես խնդրել նաև այն եղբայրներին, ովքեր արդեն երկար տարիներ է, ինչ ծառայում են Եհովային, որպեսզի թույլ տան քեզ օգտվել իրենց անձնական գրադարանից։ Ձեր բնակավայրում կա՞ն արդյոք հանրային գրադարաններ, որպեսզի անհրաժեշտության դեպքում տեղեկություններ ձեռք բերես աշխարհիկ գրականությունից։
Օգտագործիր փնտրտուքներ կատարելու ամենագլխավոր աղբյուրը՝ Աստվածաշունչը
Եթե մտադիր ես հետազոտություն կատարել որևէ սուրբգրային համար հասկանալու նպատակով, սկսիր հենց Աստվածաշնչից։
Քննիր համատեքստը։ Հարցրու ինքդ քեզ. «Ո՞ւմ են ուղղված եղել այս խոսքերը։ Ելնելով հարևան համարներից՝ ի՞նչ պատկերացում կարելի է կազմել այդ համարներում հիշատակվող անձանց մտածելակերպի մասին, կամ այն հանգամանքների մասին, որոնք առաջնորդել են տվյալ խոսքերի գրությանը»։ Նման մանրամասնությունները հաճախ կօգնեն քեզ ավելի խորությամբ հասկանալ տեքստը և կենդանություն կհաղորդեն քո ելույթին։
Վերցնենք, օրինակ, Եբրայեցիս 4։12–ը։ Այն հաճախ մեջբերվում է ցույց տալու համար, որ Աստծո Խոսքն այնքան զորավոր է, որ կարող է թափանցել մարդկանց սրտերի մեջ և նրանց կյանքի վրա ազդեցություն գործել։ Այս համարի համատեքստին ուշադրություն դարձնելով՝ մենք ավելի լավ կհասկանանք, թե ինչպես է դա հնարավոր։ Այնտեղ խոսվում է այն մասին, թե ինչեր պատահեցին իսրայելացիներին անապատում անցկացրած 40 տարիների ընթացքում՝ մինչև այն երկիր մտնելը, որը Եհովան խոստացել էր Աբրահամին (Եբր. 3։7–4։13)։ «Աստուծոյ խօսքը»՝ խոստումը այն մասին, որ Աբրահամի հետ կապած ուխտի համաձայն՝ իսրայելացիները պիտի մտնեին Աստծո հանգստի մեջ, չէր կորցրել իր ուժը. այն կենդանի էր և ընթանում էր դեպի կատարում։ Իսրայելացիները բոլոր հիմքերն ունեին այդ խոստմանը հավատալու։ Չնայած դրան՝ նրանք շարունակ թերահավատություն էին դրսևորում, երբ Եհովան նրանց առաջնորդում էր Եգիպտոսից դեպի Սինա լեռ, իսկ այնտեղից դեպի Ավետյաց երկիր։ Եհովայի խոստումների ու գործելակերպի հանդեպ նրանց արձագանքից պարզ էր դառնում նրանց սրտում եղածը։ Մեր օրերում ևս, Աստծո խոստման հանդեպ մարդկանց արձագանքը բացահայտում է նրանց սրտում եղածը։
Ստուգիր զուգահեռ հղումները։ Աստվածաշնչի որոշ թարգմանություններ հղումներ են պարունակում, որոնք կարող են օգտակար լինել։ «Սուրբ Գրությունների նոր աշխարհ թարգմանությունը» այդպիսի մի հրատարակություն է, որից կարող են օգտվել նաև նրանք, ովքեր ուրիշ լեզվի են տիրապետում։ Հայերեն լեզվով հրատարակված «Արարատ» թարգմանությունը (1896 թ.) նույնպես բովանդակում է մի շարք հղումներ։ Դիտարկենք մի օրինակ։ Ա Պետրոս 3։6–ում Սարրայի մասին խոսվում է որպես մի անձնավորության, որի օրինակին կարող են հետևել քրիստոնյա կանայք։ Ծննդոց 18։12–ի համար տրված հղումը հաստատում է այդ միտքը, քանի որ այնտեղ ասվում է, որ Սարրան «իր մտքում» Աբրահամին «տեր» էր կոչում. դա խոսում է այն մասին, որ նա սրտանց հնազանդվում էր իր ամուսնուն։ Բացի այն, որ հղումները կարող են օգնել ավելի խորը հասկանալու որևէ միտք՝ դրանք կարող են նաև մատնացույց անել այնպիսի համարներ, որոնք ցույց են տալիս Աստվածաշնչի որևէ մարգարեության կատարում, կամ էլ բաներ, որոնց նախատիպը կարելի է գտնել Օրենքի ուխտի մեջ։ Սակայն պետք է նկատի ունենալ, որ հղումները միշտ չէ, որ իրենցից բացատրություններ են ներկայացնում։ Դրանք կարող են մատնացույց անել միայն զուգահեռ մտքեր, կենսագրական կամ աշխարհագրական տեղեկություններ։
Փնտրտուքներ՝ Աստվածաշնչի համաբարբառի օգնությամբ։ Աստվածաշնչի համաբարբառը Գրություններում գործածված բառերի ցանկ է՝ այբբենական կարգով կազմված։ Այնտեղ դու կգտնես այն սուրբգրային համարները, որոնք առնչվում են քեզ հետաքրքրող թեմային։ Այդ համարներն ուսումնասիրելով՝ կգտնես հավելյալ մանրամասնություններ, որոնք գուցե քեզ պետք գան։ Կտեսնես Աստվածաշնչում արձանագրված ճշմարտությունների հետևողականությունը։ «Նոր աշխարհ թարգմանության» մեջ Աստվածաշնչի հիմնական բառերի ցանկ կա։ Մինչդեռ «Մանրամասն համաբարբառ» ձեռնարկը (անգլ.) շատ ավելի ծավալուն է։ Եթե այն մատչելի է ձեր լեզվով, նրա օգնությամբ կարող ես գտնել այն բոլոր համարները, որտեղ հանդիպում են Աստվածաշնչի հիմնական բառերը։
Սովորիր օգտվել նաև մյուս միջոցներից
Սույն գրքի 33–րդ էջի շրջանակում թվարկվում են հետազոտություններ կատարելու մի շարք միջոցներ, որոնք մեզ տրամադրել է «հաւատարիմ եւ իմաստուն ծառան» (Մատթ. 24։45–47)։ Դրանցից շատերի առաջին էջում տրված է բովանդակությունը՝ վերնագրերի ցանկեր, իսկ մյուսներում՝ ցանկեր, որոնք նախատեսված են ավելի կոնկրետ ինֆորմացիա գտնելու համար։ Ամեն տարի «Դիտարան» և «Արթնացե՛ք» պարբերագրերի տարեվերջյան համարներում տպագրվում են թեմատիկ ցանկեր՝ այդ տարի հրատարակված հոդվածների համար։
Եթե դու արդեն մոտավորապես գիտես, թե ինչ տեղեկություններ են պարունակում Աստվածաշնչի ուսումնասիրության համար նախատեսված այս հրատարակությունները, ապա փնտրտուքներդ ավելի արագ կընթանան։ Ենթադրենք՝
ուզում ես որոշակի տեղեկություններ ձեռք բերել մարգարեությունների, Աստվածաշնչի ուսմունքների, քրիստոնեավայել վարքի կամ Աստվածաշնչի սկզբունքները կիրառելու վերաբերյալ։ Այս մասին տեղեկություն թերևս ավելի հեշտ կգտնես «Դիտարան» պարբերագրի համարներում։ Իսկ «Արթնացե՛ք»–ը հիմնականում մեզ տեղեկություններ է տալիս ընթացիկ իրադարձությունների, ժամանակակից խնդիրների, կրոնի, գիտության և տարբեր երկրներում ապրող մարդկանց մասին։ «Երբևէ ապրած մեծագույն Մարդը» գրքում կարող ես գտնել Ավետարաններում արձանագրված յուրաքանչյուր տեղեկության վերաբերյալ բացատրություններ՝ տրված ժամանակագրական կարգով։ Կան նաև հրատարակություններ, որոնցում քննարկվում է Աստվածաշնչի որևէ գիրք՝ համար առ համար։ Դրանցից են՝ «Հայտնություն. փառահեղ գագաթնակետը մոտ է», «Ուշադրություն դարձրեք Դանիելի մարգարեությանը» գրքերը, ինչպես նաև «Եսայիայի մարգարեությունը. լույս ողջ մարդկության համար» երկհատորյակը։ «Տրամաբանել Սուրբ Գրությունների հիման վրա» գրքում դու կգտնես Աստվածաշնչի վերաբերյալ հարյուրավոր հարցերի գոհացուցիչ պատասխաններ. այնպիսի հարցերի, որոնք շատ հաճախ մեզ տալիս են քարոզչական ծառայության ժամանակ։ Ուրիշ կրոններին, դրանց պատմական ծագմանն ու ուսմունքներին ավելի մոտիկից քեզ կծանոթացնի «Մարդկությունը՝ Աստծուն որոնելու ճանապարհին» գիրքը։ Եհովայի վկաների ժամանակակից պատմությունից որոշ մանրամասնություններ կարող ես գտնել «Եհովայի վկաներ. միավորված կատարում են Աստծո կամքը ամբողջ աշխարհում» գրքույկում։ Բարի լուրի համաշխարհային քարոզչության գործի մասին հաշվետվությունները կարող ես գտնել «Դիտարան» պարբերագրի տվյալ տարվա հունվարի 1–ի համարում։ «Գրությունների ըմբռնում» հրատարակությունը աստվածաշնչյան հանրագիտարան լինելուց բացի նաև ատլաս է։ Եթե ցանկանում ես Աստվածաշնչում հանդիպող անձանց, վայրերի, իրերի, լեզուների կամ պատմական իրադարձությունների մասին մանրամասնություններ իմանալ, կարող ես օգտվել այդ հանրագիտարանից, որը հրաշալի ձեռնարկ է նման հետազոտություն կատարելու համար։««Դիտարան» ընկերության հրատարակությունների ցանկ»։ Այս «Ցանկի» օգնությամբ, որը լույս է տեսնում 20–ից ավելի լեզուներով, կարող ես գտնել մեր հրատարակություններում տպագրված բազմազան տեղեկություններ։ Այն բաղկացած է թեմատիկ ցանկից և սուրբգրային համարների ցանկից։ Եթե ցանկանում ես օգտվել թեմատիկ ցանկից, գտիր այն բառը, որով բնութագրվում է քեզ հետաքրքրող թեման։ Իսկ սուրբգրային համարների ցանկից օգտվելու համար պետք է այդ բաժնում գտնես աստվածաշնչյան այն համարը, որն ուզում ես ավելի խորը հասկանալ։ Եթե քեզ հետաքրքրող թեմայի կամ սուրբգրային համարի վերաբերյալ որևէ հոդված է տպագրվել այն թվականներին, որոնք ընդգրկված են «Ցանկում», և դու կարող ես օգտվել քեզ ծանոթ որևէ լեզվով հրատարակված «Ցանկից», ապա կարող ես գտնել այդ հոդվածի աղբյուրը (աղբյուրները)։ Այնտեղ նշված հրատարակությունների պայմանական նշանները կարդալու համար կարող ես օգտվել «Ցանկի» սկզբում տրված առաջաբանից։ (Օրինակ՝ այնտեղից դու կիմանաս, որ w99 01.03, էջ 15 գրությունը վերաբերում է «Դիտարանի» 1999 թ. մարտի 1–ի համարի 15–րդ էջին)։ «Ցանկի» որոշ բաժիններ, ինչպես՝ «Դեպքեր քարոզչական ծառայությունից» կամ «Եհովայի վկաների կենսագրությունները», թերևս օգտավետ լինեն քաջալերական ելույթներ պատրաստելու համար։
Քանի որ փնտրտուքներ կատարելը կարող է շատ հաճելի լինել, ուստի զգույշ եղիր, որ չտարվես կողմնակի նյութերով։ Աշխատիր միշտ ուշադրության կենտրոնում
ունենալ քո նպատակը, որն է՝ քեզ հանձնարարված առաջադրանքը պատրաստելու համար նյութ հավաքելը։ «Ցանկում» գտնելով համապատասխան աղբյուրը՝ նախ բաց արա տրված էջը (էջերը), ապա՝ ենթավերնագրերի ու պարբերությունների առաջին նախադասությունների օգնությամբ գտիր քեզ հետաքրքրող նյութը։ Եթե Աստվածաշնչից որևէ համարի բացատրություն ես փնտրում, սկզբում տրված էջում գտիր համարը, ապա հետազոտիր դրա վերաբերյալ մեկնաբանությունները։««Դիտարան» ընկերության գրադարանը» կոմպակտ սկավառակի վրա։ Եթե հնարավորություն ունես համակարգչից օգտվելու, ապա մեծ օգուտներ կքաղես այդ գրադարանից, որը Ընկերության հրատարակությունների բավականին մեծ հավաքածու է։ ««Դիտարան» ընկերության գրադարանը» ունի հեշտությամբ ինֆորմացիա փնտրելու ծրագիր, որը հնարավորություն է տալիս գտնել որևէ բառ, արտահայտություն կամ սուրբգրային համար՝ եղած հրատարակություններից ցանկացածի մեջ։ Նույնիսկ եթե ձեր լեզվով մատչելի չէ այն, կարող ես օգտվել այդ գրադարանից միջազգային տարածում ունեցող որևէ լեզվով, որին քիչ թե շատ տիրապետում ես։
Աստվածապետական այլ գրադարաններ
Հռոմում գտնվելիս Պողոս առաքյալը երիտասարդ Տիմոթեոսին ուղղած իր երկրորդ՝ սուրբ ոգով ներշնչված նամակում խնդրում է նրան իր մոտ բերել «գրքերն էլ, մանաւանդ մագաղաթները» (Բ Տիմոթ. 4։13)։ Պողոսը թանկ էր գնահատում Գրությունները, ուստի խնամքով պահում էր դրանք։ Դու էլ կարող ես այդպես վարվել։ Պահո՞ւմ ես «Դիտարան» և «Արթնացե՛ք» պարբերագրերի, ինչպես նաև «Մեր թագավորական ծառայությունը» թերթիկի քո անձնական օրինակները, նույնիսկ եթե դրանք արդեն քննարկվել են ժողովի հանդիպումներին։ Եթե այո, ապա կարող ես դրանք էլ օգտագործել քո գրադարանում եղած մյուս հրատարակությունների հետ միասին։ Ժողովների մեծամասնությունը աստվածապետական հրատարակություններից մեկական օրինակ պահում է իր Թագավորության սրահի գրադարանում։ Այդ գրադարանից կարող են օգտվել ժողովի բոլոր անդամները Թագավորության սրահում եղած ժամանակ։
Անձնական թղթապանակ ունեցիր
Ուշադիր եղիր, երբ հետաքրքիր տեղեկություն ես լսում։ Ուսուցանելու կամ մարդկանց հետ զրուցելու ժամանակ այն կարող ես օգտագործել։ Եթե մամուլի էջերում հանդիպում ես հետաքրքիր նորությունների, վիճակագրական տվյալների կամ օրինակների, որ կարող են պիտանի լինել ծառայության մեջ, կտրիր կամ պատճենահանիր այդ հատվածները։ Քեզ մոտ նշիր պարբերականի անվանումը, լույս ընծայման ամիս–ամսաթիվը, նաև խմբագրի կամ հոդվածի հեղինակի անուն–ազգանունը։ Ժողովի հանդիպումների ընթացքում հակիրճ գրի առ գլխավոր մտքերն ու տպավորիչ օրինակները, որոնք գուցե քեզ պետք գան ճշմարտությունն ուրիշներին հաղորդելիս։ Պատահե՞լ է այնպես, որ մտածել ես որևէ լավ օրինակի մասին, բայց հնարավորություն չես ունեցել անմիջապես գործածելու։ Գրի առ այդպիսի օրինակները և պահիր քո թղթապանակում։ Աստվածապետական ծառայության դպրոցին որոշ ժամանակ մասնակցելուց հետո դու մի շարք ելույթներ կունենաս։ Դեն մի՛ գցիր ելույթներից քո կատարած գրառումները։ Հնարավոր է, որ փնտրտուքներիդ արդյունքները հետագայում քեզ պետք գան։
Տեղեկություններ հավաքիր մարդկանց հետ խոսելիս
Այսօր կարելի է առատ տեղեկություն հավաքել մարդկանց հետ զրուցելիս։ Օրինակ՝ իր Ավետարանը կազմելիս Ղուկասը մեծ քանակությամբ տեղեկություններ հավաքեց՝ Հիսուսի կյանքի ականատեսների հետ զրուցելով (Ղուկ. 1։1–4)։ Դու ևս կարող ես նման ձևով վարվել։ Հնարավոր է՝ քրիստոնյա հավատակիցներից մեկը լուսաբանի այնպիսի մի հարց, որի մասին դու մի ժամանակ փորձել ես տեղեկություններ հավաքել։ Համաձայն Եփեսացիս 4։8, 11–16 խոսքերի՝ Քրիստոսը «մարդկանց [«տեսքով», ՆԱ] պարգեւներ» է գործածում, որպեսզի օգնի մեզ աճել «Աստուծոյ Որդին ճանաչելու» մեջ։ Հաղորդակցվելով այն անհատների հետ, ովքեր մեծ փորձ ունեն ծառայության մեջ՝ դու օգտակար մտքեր կլսես։ Իսկ մարդկանց հետ զրուցելիս կիմանաս նրանց տեսակետը, ինչը կօգնի քեզ գործնական արժեք ունեցող նյութ պատրաստել։
Ընտրիր այն, ինչը քեզ անհրաժեշտ է
Սովորաբար, ցորենի բերքահավաքից հետո հացահատիկն առանձնացնում են թեփից։ Նույն ձևով էլ դու պետք է վարվես փնտրտուքներից քաղած քո «բերքի» հետ։ Նախքան դրանցից օգտվելը՝ պետք է որոշես, թե որոնք են քեզ անհրաժեշտ, և որոնք՝ ոչ։
Տեղեկությունը ելույթի մեջ ընդգրկելուց առաջ, ինքդ քեզ հարցրու. «Արդյոք այս միտքը, որ ուզում եմ ընդգրկել իմ ելույթում, իրական արժեք ներկայացնո՞ւմ է։ Կամ նույնիսկ եթե դա հետաքրքիր տեղեկություն է պարունակում, արդյոք ունկնդրի ուշադրությունը չի՞ շեղի հիմնական թեմայից, որ պետք է ներկայացնեմ»։ Եթե ուզում ես ելույթում ընդգրկել որևէ ընթացիկ իրադարձություն, կամ գիտության ու բժշկության բնագավառի տեղեկություններ, որոնք շարունակ փոփոխման են ենթարկվում, ստուգիր, որ դրանք թարմ լինեն։ Նաև հաշվի առ այն հանգամանքը, որ մեր հին հրատարակություններում տպագրված որոշ մտքեր կարող են վերաճշտված լինել, ուստի դրանց մասին թարմ տեղեկություններ գտիր։
Հատկապես պետք է ուշադիր լինես աշխարհիկ աղբյուրներից տեղեկություններ հավաքելիս։ Երբեք մի մոռացիր, որ Աստծո Խոսքն է ճշմարտությունը (Յովհ. 17։17)։ Հիսուսը կարևոր դեր է խաղում Աստծո նպատակների իրագործման մեջ, ուստի նրա մասին Կողոսացիս 2։3–ում հետևյալն ենք կարդում. «Որի [Հիսուսի] մէջ ծածկուած կան իմաստութեան եւ գիտութեան ամեն գանձերը»։ Քո կատարած հետազոտությունները գնահատիր հենց այս տեսանկյունից։ Աշխարհիկ աղբյուրներից օգտվելիս մտածիր հետևյալ հարցերի շուրջ. «Այս տեղեկությունը չափազանցված չէ՞ և հիմնված չէ՞ արդյոք ենթադրությունների կամ սուբյեկտիվ կարծիքների վրա։ Չի՞ գրվել արդյոք եսասիրական միտումներով կամ կոմերցիոն շահերից ելնելով։ Մյուս հեղինակավոր աղբյուրները համամի՞տ են դրա հետ։ Եվ որն ամենակարևորն է՝ ներդաշնա՞կ է այն աստվածաշնչային ճշմարտությանը»։
Առակաց 2։1–5 խոսքերը խրախուսում են մեզ շարունակ փնտրել գիտություն, հասկացողություն և խորաթափանցություն, «ինչպէս արծաթը, եւ [«ծածուկ», Արևմտ. Աստ.] գանձերի նման» որոնել։ Այս խոսքերը նկարագրում են ջանքեր, որոնք ապարդյուն չեն անցնում, այլ վարձատրվում են։ Այո՛, փնտրտուքներ կատարելը ջանքեր է պահանջում, բայց այն կօգնի քեզ իմանալ, թե որն է տվյալ հարցի վերաբերյալ Աստծո տեսակետը, ճշտել սխալ գաղափարները և ավելի խորացնել ճշմարտության քո ըմբռնումը։ Փնտրտուքներ կատարելով՝ դու նաև խորություն և կենդանություն կհաղորդես քո ելույթներին՝ դարձնելով դրանք հաճելի թե՛ ներկայացնելու համար և թե՛ լսելու։