Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ԴԱՍ 17

Ինչպես օգտվել խոսափողից

Ինչպես օգտվել խոսափողից

ՄԵՐ եղբայրներն ու քույրերը բավական ժամանակ են ծախսում, ինչպես նաև ջանքեր թափում, որպեսզի հաճախեն քրիստոնեական հանդիպումներին։ Նրանք ցանկանում են օգուտներ քաղել այդ հանդիպումներից, ուստի պետք է կարողանան հստակ կերպով լսել այն, ինչ ասվում է այնտեղ։

Հին Իսրայելի օրերում ձայնի էլեկտրական ուժեղացուցիչներ չկային։ Ինչպե՞ս կարողացան միլիոնավոր իսրայելացիներ, նախքան Ավետյաց երկիր մտնելը, լսել Մովսեսի ձայնը, երբ նա իրենց դիմեց Մովաբի դաշտերում։ Ըստ երևույթին, հատուկ մարդիկ էին նշանակվել, որոնք գտնվելով բանակատեղի տարբեր մասերում, իրարից որոշակի հեռավորության վրա՝ Մովսեսի խոսքը, բերնեբերան փոխանցելով, ժողովրդին էին հասցնում (Բ Օրին. 1։1; 31։1)։ Շատ ժամանակ չէր անցել, որ իսրայելացիները սկսել էին նվաճել Հորդանան գետի արևմտյան կողմում գտնվող հողերը, երբ Հեսուն նրանց մի մասին հավաքեց Գարիզին սարի, իսկ մյուսին՝ Գեբաղ սարի մոտ. ղևտացիները, ամենայն հավանականությամբ, գտնվում էին այդ երկու սարերի արանքում փռված հովտում։ Ժողովուրդը լսում էր և հնչող օրհնություններին ու անեծքներին «ամեն» պատասխանում (Յեսու 8։33–35)։ Հավանական է, որ այս դեպքում էլ խոսքը բերնեբերան փոխանցվեց, ինչին, անկասկած, նպաստեց նաև տեղանքը, որի պայմանները շատ բարենպաստ էին լսելիության համար։

Այս դեպքերից ավելի քան 1 500 տարի անց մի «շատ ամբոխ հաւաքուեցաւ» Գալիլեայի ծովի մոտ՝ լսելու Հիսուսին։ Հիսուսը մտավ նավակը, մի քիչ հեռացավ ափից, նստեց ու սկսեց խոսել բազմության հետ (Մարկ. 4։1, 2)։ Ինչո՞ւ Հիսուսը նավակից խոսեց։ Այն պարզ պատճառով, որ մարդու ձայնը բավական հստակ է փոխանցվում ջրի հարթ մակերևույթի վրայով։

Մինչև 20–րդ դարի սկիզբը հռետորի ձայնի բարձրությունն ու հստակությունը որոշիչ դեր էին խաղում այն հարցում, թե ունկնդիրներից քանի հոգի կկարողանային լսել նրան։ Բայց 20–ական թվականներից սկսած՝ Եհովայի վկաները հնարավորություն ունեցան իրենց համաժողովներում ձայնի էլեկտրական ուժեղացուցիչներ օգտագործել։

Ձայնի ուժեղացման սարքավորում։ Այս սարքավորումը կարող է հռետորի ձայնը մի քանի անգամ ուժեղացնել՝ միևնույն ժամանակ չաղավաղելով նրա ձայնի առանձնահատկություններն ու երանգը։ Ուստի հռետորը ստիպված չի լինում պրկել ձայնալարերը, ունկնդիրներն էլ առանց լարվելու կարողանում են լսել նրա խոսքերը։

Եհովայի վկաները բավական ջանքեր են թափում, որպեսզի իրենց համաժողովներին օգտագործվի ձայնի ուժեղացման բարձր որակի սարքավորում։ Նրանք այդպիսի սարքավորում ունեն նաև իրենց Թագավորության սրահներից շատերում, ինչը եղբայրներին հնարավորություն է տալիս խոսափողերի միջոցով ելույթներ ունենալ, անցկացնել հանդիպումները և կարդալ բեմից։ Իսկ որոշ ժողովներ խոսափողեր ունեն նաև լսարանի կողմից տրվող մեկնաբանությունների համար։ Եթե ձեր ժողովում կա նման սարքավորում, սովորիր ճիշտ օգտվել դրանից։

Մի քանի հիմնական կանոններ։ Ձայնային սարքավորումից ճիշտ օգտվելու համար հարկավոր է հաշվի առնել մի քանի կանոններ։ 1) Խոսափողը սովորաբար պետք է պահել բերանից 10–15 սմ հեռավորության վրա։ Եթե խոսափողն ավելի մոտ լինի, ապա բառերը կարող են աղավաղված հնչել։ Իսկ եթե այն շատ հեռու է, ձայնդ պարզ չի լսվի։ 2) Խոսափողը պետք է ուղղված լինի դեպի քեզ և ոչ թե մեկ այլ կողմ։ Եթե գլուխդ թեքում ես աջ կամ ձախ, ապա խոսիր միայն այն դեպքում, երբ դեմքդ ուղղված կլինի դեպի խոսափողը։ 3) Սովորականից փոքր–​ինչ ավելի բարձր ձայնով խոսիր։ Բայց, իհարկե, բղավելու հարկ չկա, քանի որ ձայնի ուժեղացուցիչի միջոցով քո խոսքը կհասնի սրահի ամենահեռու անկյունները։ 4) Եթե կոկորդդ մաքրելու կարիք ես զգում կամ ուր որ է պիտի փռշտաս կամ հազաս, գլուխդ խոսափողից մի կողմ թեքիր։

Երբ ելույթ ես ունենում։ Մոտենալով գրակալին՝ կանգնիր այնպես, ինչպես սովորաբար կանգնում ես, դեմքով դեպի լսարանը, մինչ եղբայրը կուղղի խոսափողը։ Գրառումները դիր գրակալին և համոզվիր, որ խոսափողը չի խանգարում դրանք տեսնել։

Սկսելով խոսել՝ ուշադրություն դարձրու, թե բարձրախոսներից ինչպես է ձայնդ հնչում։ Չափազանց բա՞րձր է. որոշ բառեր ակա՞նջ են ծակում։ Նման դեպքերում թերևս հարկ լինի 2,5–5 սմ էլ հեռու կանգնել խոսափողից։ Երբ նայում ես թղթերիդ, հիշիր, որ պետք է խոսես կամ կարդաս միայն այն ժամանակ, երբ դեմքդ ուղղված է դեպի խոսափողը։ Այն պետք է բերանից թեթևակի ցածր լինի, բայց ոչ՝ բարձր։

Երբ կարդում ես բեմից։ Բեմից կարդալիս ամենից լավն այն կլինի, որ Աստվածաշունչը կամ այլ հրատարակություն բավական բարձր պահես, այնպես որ ունկնդիրները տեսնեն քո դեմքը։ Քանի որ խոսափողը հավանաբար կգտնվի ուղիղ քո դիմաց, ապա գուցե հարկ լինի Աստվածաշունչը կամ այլ հրատարակություն խոսափողի մի կողմում պահել։ Սա նշանակում է, որ պետք է խոսափողից մի փոքր կողք կանգնես, որպեսզի ձայնդ ուղղվի անմիջապես դեպի խոսափողը։

Եղբայրների մեծ մասը «Դիտարանի» ուսումնասիրության ժամանակ կանգնած են կարդում և օգտվում են կանգնակի վրա ամրացված խոսափողից։ Նման դիրքը հնարավորություն է տալիս ավելի ազատորեն շնչելու և ավելի արտահայտիչ կարդալու։ Հիշիր, որ պարբերությունները կարդալը մեր հանդիպումների կարևոր մասն է կազմում։ Ուստի այն, թե որքանով ունկնդիրներն օգուտ կստանան, մեծապես կախված է քո ձայնի հստակ լսվելուց։

Երբ մեկնաբանություն ես տալիս հանդիպման ժամանակ։ Եթե ժողովում մեկնաբանությունները տրվում են խոսափողերի միջոցով, ապա հիշիր, որ այս դեպքում էլ պետք է հստակ ու բավականաչափ բարձր խոսել։ Աստվածաշնչից կամ էլ տվյալ հրատարակությունից պատասխանելիս աշխատիր դրանք ձեռքում պահել։ Սա կօգնի խոսելու ընթացքում հեշտությամբ տեսնել պարբերությունը կամ համարը։

Որոշ ժողովներում հատուկ եղբայրներ են նշանակված, որոնք խոսափողերը մոտեցնում են մեկնաբանություն տվողներին։ Եթե այս կարգը գործում է նաև ձեր ժողովում, ուստի ձեռքդ բարձր պահիր, երբ քեզ հրավիրում են պատասխանելու, որպեսզի եղբայրը կարողանա տեսնել քեզ ու արագորեն մոտենալ։ Իսկ եթե խոսափողը պետք է ձեռքից ձեռք փոխանցել, պատրաստ եղիր այն վերցնելու։ Քանի դեռ այն ուղիղ քո դիմաց չէ, մի սկսիր խոսել։ Ավարտելով մեկնաբանությունդ՝ առանց հապաղելու խոսափողը վերադարձրու եղբորը։

Երբ մասնակցում ես ցուցադրմանը։ Ցուցադրման ժամանակ խոսափողից ճիշտ ձևով օգտվելու համար հարկավոր է նախօրոք մտածել այդ մասին։ Եթե խոսափողն ամրացված է կանգնակի վրա, ապա քո երկու ձեռքերն էլ ազատ կլինեն, և կկարողանաս օգտվել Աստվածաշնչից ու գրառումներից։ Մյուս կողմից՝ չնայած ձեռքի խոսափող օգտագործելը հնարավորություն է տալիս ավելի ազատ զգալու բեմի վրա՝ հարկ եղած դեպքում խոսափողը կարող է քո օգնականը պահել։ Այս դեպքում ձեռքերդ ազատ կլինեն՝ օգտվելու Աստվածաշնչից։ Հարկավոր է օգնականի հետ նախօրոք փորձ անել, որպեսզի նա իմանա, թե ինչպես խոսափողը պահի։ Նաև հիշիր, որ բեմի վրա գտնվելիս չպետք է կանգնես մեջքով դեպի լսարանը, հատկապես այն ժամանակ, երբ խոսում ես։

Հնարավոր է, որ Ծառայողական հանդիպման ժամանակ ցուցադրումներին մի քանի հոգի մասնակցեն, ընդ որում գուցե անհրաժեշտ լինի, որ նրանք բեմում շարժվեն։ Այդ դեպքում հարկավոր է ունենալ մի քանի խոսափող։ Խոսափողերը պետք է դնել համապատասխան տեղերում կամ տալ մասնակիցներին այն պահին, երբ նրանք շարժվում են դեպի բեմ։ Որպեսզի դրանք ճիշտ ժամանակին ճիշտ տեղում լինեն, հարկավոր է նախապես հոգ տանել այդ մասին։ Եթե մասնակիցները նախօրոք փորձեն ցուցադրումները, ապա հնարավորություն կունենան խորհուրդներ ստանալու, թե ինչպես օգտվել խոսափողերից։ Եթե այդ փորձերը հնարավոր չէ անել բեմի վրա, ապա նրանք կարող են վերցնել խոսափողի նման մի առարկա ու փորձը դրանով անել։ Ցուցադրումից հետո մասնակիցները պետք է խոսափողերը զգուշորեն տեղը դնեն և, երբ հեռանում են բեմից, ուշադիր լինեն, որ լարերի մեջ չընկնեն։

Մեր ժողովի հանդիպումների գլխավոր նպատակներից մեկն այն է, որ իրար հոգևորապես զորացնենք՝ Աստծո Խոսքի շուրջ քննարկումներ անելով։ Մենք պետք է ուշադիր լինենք, թե ինչպես ենք օգտագործում խոսափողերը, քանի որ դա ուղղակիորեն կապված է այդ կարևոր նպատակի իրագործման հետ (Եբր. 10։24, 25)։ Թող որ յուրաքանչյուրս սովորի ճիշտ ձևով օգտվել խոսափողից ու անձամբ նպաստի այդ նպատակի իրագործմանը։