Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Լուրը, որ պետք է հռչակենք

Լուրը, որ պետք է հռչակենք

Եհովան մեզ վրա լուրջ պատասխանատվություն է դրել և միաժամանակ մեծ պատվի է արժանացրել՝ ասելով. «Դուք իմ վկաներն էք, ....ես եմ Աստուած» (Ես. 43։12)։ Մենք սոսկ հավատացյալներ չենք։ Մենք վկաներ ենք և հրապարակավ վկայություն ենք տալիս այն կարևոր ճշմարտությունների մասին, որոնք գտնվում են Աստծո ներշնչված Խոսքում։

Իսկ դա ի՞նչ լուր է, որ Եհովան հանձնարարել է մեզ հաղորդել մեր օրերում։ Դա մի լուր է, որ ուշադրություն է հրավիրում Եհովա Աստծո, Հիսուս Քրիստոսի և Մեսիական Թագավորության վրա։

«ԱՍՏՈՒԱԾԱՆԻՑ ՎԱԽԵՑԻՐ ԵՒ ՆՈՐԱ ՊԱՏՈՒԻՐԱՆՔՆԵՐԸ ՊԱՀԻՐ»

ԴԵՌԵՎՍ քրիստոնեության հիմնադրումից շատ առաջ Եհովան հայտնեց հավատարիմ Աբրահամին իր նպատակի մասին, որ «երկրի բոլոր ազգերը» պիտի օրհնվեին (Ծննդ. 22։18)։ Եհովան նաև ներշնչեց Սողոմոնին՝ գրի առնելու այն հիմնական պահանջները, որ մարդիկ պետք է կատարեին. «Աստուածանից վախեցիր եւ նորա պատուիրանքները պահիր. որովհետեւ սա է ամեն բան մարդիս համար» (Ժող. 12։13)։ Բայց ինչպե՞ս կարող են տարբեր ազգերին պատկանող մարդիկ սովորել այս ամենի մասին։

Չնայած միշտ էլ եղել են մարդիկ, ովքեր հավատ են ունեցել Աստծո խոսքի հանդեպ, Աստվածաշունչը ցույց է տալիս, որ բարի լուրի մասին աշխարհածավալ վկայություն պիտի տրվեր ‘Տիրոջ օրվա’ ընթացքում։ Այդ օրը սկսվեց 1914–ին (Յայտն. 1։10, ՆԱ)։ Այդ ժամանակների հետ կապված՝ Յայտնութիւն 14։6, 7 համարները մարգարեական խոսքեր են պարունակում այն մասին, որ հրեշտակների առաջնորդության ներքո կարևոր ազդարարություն պիտի տրվեր «ամեն ազգի եւ ցեղի եւ լեզուի եւ ժողովրդի»։ Ահա թե ինչի մասին նրանք պիտի նախազգուշացնեին. «Վախեցէք Աստուածանից, եւ փառք տուէք նորան. որովհետեւ նորա դատաստանի ժամը եկաւ. եւ երկրպագեցէք երկինքը եւ երկիրը եւ ծովը եւ ջրերի աղբիւրները Ստեղծողին»։ Աստծո կամքն է, որ բոլոր մարդիկ իմանան այս մասին։ Մեզ հրաշալի հնարավորություն է տրված մասնակցություն ունենալու այս գործում։

«Ճշմարիտ Աստվածը»։ «Դուք էք իմ վկաները»։ Այս խոսքերը Եհովայի կողմից հնչեցին այն իրավիճակում, երբ հարց էր բարձրացվել, թե ով է ճշմարիտ Աստվածը (Ես. 43։10)։ Լուրը, որ պետք է հաղորդվի, չի նշանակում պարզապես այն, որ մարդիկ պետք է ինչ–​որ կրոն ընդունեն կամ ընդհանրապես հավատան որևէ աստծո գոյությանը։ Փոխարենը՝ նրանց պետք է հնարավորություն տրվի իմանալու, որ երկնքի և երկրի Արարիչն է միակ ճշմարիտ Աստվածը (Ես. 45։5, 18, 21, 22; Յովհ. 17։3)։ Միայն ճշմարիտ Աստված կարող է ճշգրտորեն կանխագուշակել ապագան։ Մեր խնդիրն է ցույց տալ մարդկանց, որ Եհովայի խոսքերի իրականացումն անցյալում վստահելի հիմք է տալիս համոզված լինելու, որ ապագայի վերաբերյալ նրա բոլոր խոստումները ամենայն ճշտությամբ կկատարվեն (Յեսու 23։14; Ես. 55։10, 11

Շատերը, որոնց մենք քարոզում ենք, ուրիշ աստվածների են երկրպագում կամ էլ հայտարարում են, թե առհասարակ ոչ մեկի կամ ոչ մի բանի չեն երկրպագում։ Որպեսզի մարդիկ լսեն մեր խոսքերը, պետք է փորձենք նրանց հետ ընդհանրություն գտնել։ Այս հարցում մեզ համար օգտակար կարող է լինել Գործք 17։22–31 համարներում արձանագրված դեպքը։ Ուշադրության է արժանի այն փաստը, որ թեպետ Պողոս առաքյալը նրբանկատ էր, բայց դա չխանգարեց նրան հստակորեն ցույց տալու, որ բոլոր մարդիկ պատասխանատու են Աստծո՝ երկնքի և երկրի Ստեղծիչի առջև։

Հայտնի դարձնել Աստծո անունը։ Երբեք առիթը բաց մի թող մարդկանց հայտնի դարձնելու Աստծո անունը։ Եհովան սիրում է իր անունը (Ելից 3։15; Ես. 42։8)։ Նա ցանկանում է, որ մարդիկ իմանան այդ անունը։ Նրա կամքով այդ փառավոր անունը ավելի քան 7 000 անգամ գործածվել է Աստվածաշնչում։ Մեր պարտականությունն է ծանոթացնել այդ անունը մարդկանց (Բ Օրին. 4։35

Մարդկանց ապագան կախված է նրանից, թե արդյոք ճանաչո՞ւմ են Եհովային և կանչո՞ւմ են նրան հավատով (Յովէլ 2։32; Մաղ. 3։16; Բ Թեսաղ. 1։8)։ Մինչդեռ մարդկանց մեծամասնությունը չի ճանաչում Եհովային։ Նրանցից շատերը պնդում են, թե երկրպագում են Աստվածաշնչի Աստծուն։ Նույնիսկ եթե նրանք ունեն Աստվածաշունչ և կարդում են այն, հնարավոր է՝ դեռ չիմանան Աստծո անձնական անունը, քանի որ ժամանակակից շատ թարգմանություններում այն հանված է։ Իսկ ոմանք էլ Աստծո անունը լսելու առիթ են ունեցել լոկ այն պատճառով, որ իրենց կրոնական առաջնորդները արգելել են իրենց օգտագործել այդ անունը։

Ինչպե՞ս կարող ենք մարդկանց ծանոթացնել Աստծո անվանը։ Լավագույն միջոցն այն է, որ ցույց տանք նրանց Աստվածաշնչերում, եթե դա հնարավոր է։ Որոշ թարգմանություններում այդ անունը հանդիպում է մի քանի հազար անգամ։ Մյուսներում այն հանդիպում է միայն Սաղմոս 83։18 և Ելից 6։3–6 համարներում, ինչպես նաև Ելից 3։14, 15 կամ 6։3–ի տողատակի ծանոթագրության մեջ։ Կան թարգմանություններ, որտեղ «Տեր» կամ «Աստված» բառերը գրված են ուրիշ տպատառերով, եթե բնագիր տեքստում դրանց տեղը գրված է Աստծո անձնական անունը։ Եթե ձեր լեզվով Աստվածաշնչի ժամանակակից թարգմանության մեջ ոչ մի տեղ չի հանդիպում Աստծո անունը, օգտվիր ավելի հին թարգմանությունից, որպեսզի ցույց տաս մարդկանց, թե ինչ է տեղի ունեցել։ Որոշ երկրներում Աստծո անվանը կարելի է հանդիպել եկեղեցական օրհներգերում կամ հասարակական շենքերի վրա տեղ գտած մակագրություններում։

Լավ արդյունքներ կարող են բերել Երեմիա 10։10–13 (ՆԱ) խոսքերը նույնիսկ այն մարդկանց, ովքեր ուրիշ աստվածների են երկրպագում։ Այդ համարներում ոչ միայն նշվում է Աստծո անունը, այլև պարզորոշ բացատրվում է, թե ով է նա։

Մի թաքցրու «Եհովա» անունը «Աստված» կամ «Տեր» տիտղոսների ետևում, ինչպես որ քրիստոնյա աշխարհի եկեղեցիներն են անում։ Սակայն դա չի նշանակում, որ ամեն անգամ մարդկանց հետ զրույց սկսելիս պետք է անմիջապես ասել, թե ինչ է Աստծո անունը։ Նախատրամադրվածության պատճառով ոմանք կարող են ընդհատել սկսված զրույցը։ Սակայն ձեր խոսակցության հիմքը դնելուց հետո մի ամաչիր Աստծո անունը հիշատակել։

Ուշադրության արժանի է այն փաստը, որ Աստվածաշնչում Աստծո անունը ավելի հաճախ է հանդիպում, քան «Տեր» և «Աստված» բառերը միասին վերցրած՝ չնայած այն բանին, որ Աստվածաշնչի գրողները հատուկ ջանքեր չեն գործադրել այդ անունը յուրաքանչյուր նախադասության մեջ գործածելու։ Նրանք դա արել են ազատ ու անկաշկանդ և նաև հարգալից կերպով։ Սա մեզ համար լավ օրինակ է։

Ո՞վ է կանգնած այդ անվան ետևում։ Միայն այն փաստը, որ Աստված անուն ուննի, ինքնին արդեն զորեղ ճշմարտություն է. բայց դա միայն սկիզբն է։

Եհովային սիրելու ու նրան հավատով կանչելու համար հարկավոր է նախ իմանալ, թե ինչպիսի Աստված է նա։ Երբ Եհովան հայտնի դարձրեց իր անվան նշանակությունը Մովսեսին, երբ վերջինս Սինա սարի վրա էր, Նա ավելին արեց քան միայն «Եհովա» բառը կրկնելը. ուշադրության հրավիրեց Իր մի քանի հիանալի հատկությունների վրա (Ելից 34։6, 7)։ Մենք էլ պետք է ձգտենք նույնը անել։

Անկախ նրանից՝ քարոզում ես նոր հետաքրքրված անհատին, թե ելույթով հանդես ես գալիս ժողովի հանդիպմանը՝ երբ խոսք է գնում Թագավորության օրհնությունների մասին, նշիր, թե այդ օրհնություններն ինչ են մեզ ասում Աստծո մասին, որի միջոցով էլ իրականանալու են այդ խոստումները։ Երբ քննարկում ես նրա պահանջները, ընդգծիր այն սերն ու իմաստությունը, որ արտացոլված են դրանցում։ Հստակ կերպով ցույց տուր, որ Աստծո պահանջները բոլորովին էլ ծանր չեն, հակառակը՝ մեր օգտի համար են սահմանված (Ես. 48։17, 18; Միք. 6։8)։ Ցույց տուր, թե Եհովայի զորության յուրաքանչյուր դրսևորում ինչպես է արտացոլում նրա անձնավորության որոշ կողմերը, նրա սահմանած չափանիշներն ու նպատակները։ Ուշադրություն հրավիրիր այն բանի վրա, թե ինչ հավասարակշռված կերպով է Եհովան բացահայտում իր հատկությունները։ Թող մարդիկ լսեն, թե դու ինքդ ինչ զգացումներով ես արտահայտվում Եհովայի հանդեպ։ Աստծո հանդեպ քո սերը կարող է նրանց մեջ էլ նման զգացումներ արթնացնել։

Մեր օրերի համար անչափ կարևոր այս լուրը կոչ է անում բոլոր մարդկանց վախենալ Աստծուց։ Մեր խոսքերը պետք է խթանիչ ուժ ունենան՝ մարդկանց մեջ նման վախ արթնացնելու։ Աստվածավախությունը օգտակար վախ է, երկյուղածության, խոր հարգանքի ու ակնածանքի զգացում Եհովայի հանդեպ (Սաղ. 89։7)։ Այն նշանակում է՝ ընդունել, որ Եհովան է Գերագույն Դատավորը, և որ մեր ապագա կյանքը ամբողջովին կախված է այն բանից, թե արդյոք ունե՞նք նրա հավանությունը (Ղուկ. 12։5; Հռովմ. 14։12)։ Ուստի այսպիսի վախը սերտորեն կապված է Աստծո հանդեպ խոր սիրո, և, որպես հետևանք, նրան հաճելի լինելու ուժգին ցանկության հետ (Բ Օրին. 10։12, 13)։ Աստծո հանդեպ վախը նաև մղում է մեզ ատել չարը, ենթարկվել Աստծո պատվիրաններին և երկրպագել նրան կատարյալ սրտով (Բ Օրին. 5։29; Ա Մնաց. 28։9; Առակ. 8։13)։ Այն թույլ չի տալիս, որ Աստծուն ծառայելու հետ մեկտեղ շարունակենք սիրել այն ամենը, ինչ առաջարկում է մեզ այս աշխարհը (Ա Յովհ. 2։15–17

Աստծո անունը «ամուր աշտարակ է»։ Նրանք, ովքեր իսկապես ճանաչում են Եհովային, մեծ պաշտպանություն են գտնում։ Սակայն նրանք դա ստանում են ոչ միայն այն բանի համար, որ գործածում են նրա անունը կամ կարողանում են թվարկել նրա հատկություններից մի քանիսը։ Այդ մարդիկ ամբողջովին վստահում են Եհովային։ Հենց այդ մարդկանց մասին է խոսվում Առակաց 18։10–ում. «Ամուր աշտարակ է Տիրոջ անունը, նորա մէջ է փախչում արդարը եւ ապաստան գտնում»։

Օգտագործիր ստեղծված բոլոր հնարավորությունները՝ քաջալերելու մյուսներին վստահել Եհովային (Սաղ. 37։3; Առակ. 3։5, 6)։ Այդպիսի վստահությունը խոսում է Եհովայի և իր նպատակների հանդեպ ունեցած հավատի մասին (Եբր. 11։6)։ Եթե մարդիկ ‘կանչում են Տիրոջ անունը’, քանի որ ընդունում են, որ նա է Տիեզերքի Գերիշխանը, սիրում են նրա ճանապարհները և անխոս հավատում, որ միայն նա է իսկական փրկության աղբյուրը, ապա, ինչպես Աստծո Խոսքն է մեզ հավաստիացնում, նրանք անպայման կփրկվեն (Հռովմ. 10։13, 14)։ Երբ սովորեցնում ես ուրիշներին, օգնիր նրանց դրսևորել այդպիսի հավատ իրենց կյանքի բոլոր բնագավառներում։

Շատ մարդիկ բազում անհաղթահարելի թվացող անձնական խնդիրներ ունեն և, հնարավոր է, այդ վիճակից դուրս գալու ոչ մի ելք չեն տեսնում։ Հորդորիր նրանց ճանաչել Եհովայի ուղիները, ապավինել նրան, ինչպես նաև կյանքում կիրառել այն ամենը, ինչ սովորել են (Սաղ. 25։5)։ Քաջալերիր նրանց ջերմեռանդորեն աղոթել Աստծուն՝ օգնություն ստանալու և շնորհակալություն հայտնել նրան իր տված օրհնությունների համար (Փիլիպ. 4։6, 7)։ Երբ նրանք ծանոթանում են Եհովայի հետ ոչ միայն կարդալով որոշ համարներ Աստվածաշնչից, այլ նաև տեսնելով, թե ինչպես են նրա խոստումներն իրականանում իրենց կյանքում, նրանք ապահովության զգացումով են լցվում, որը բխում է այն բանից, որ նրանք ճիշտ են հասկանում Աստծո անվան նշանակությունը (Սաղ. 34։8; Երեմ. 17։7, 8

Օգտվիր բոլոր հնարավորություններից, որպեսզի օգնես մարդկանց հասկանալու և բարձր գնահատելու այն, թե որքան իմաստուն է վախենալ ճշմարիտ Աստված Եհովայից և պահել նրա պատվիրանները։

«ՅԻՍՈՒՍԻ ՎԿԱՅՈՒԹԻՒՆՆ ՈՒՆԻՆ»

ՀԱՐՈՒԹՅՈՒՆ առնելուց և երկինք համբարձվելուց հետո Հիսուս Քրիստոսը հրահանգներ տվեց իր աշակերտներին՝ ասելով. «Իմ վկաները կ’լինիք.... մինչեւ երկրի ծայրերը» (Գործք 1։8)։ Մեր օրերի՝ Աստծո անձնվեր ծառաների մասին ասվում է, որ նրանք «Յիսուսի [Քրիստոսի] վկայութիւնն ունին» (Յայտն. 12։17)։ Իսկ որքա՞ն եռանդորեն ես վկայություն տալիս դո՛ւ։

Շատերը, ովքեր անկեղծորեն ասում են, թե հավատում են Հիսուսին, ոչինչ չգիտեն նրա մինչմարդկային գոյության մասին։ Չգիտեն, որ երկրի վրա նա իսկապես ապրել է որպես մարդ։ Նրանք չեն հասկանում նշանակությունն այն բանի, որ նա Աստծո Որդին է։ Նրանք շատ քիչ բան կարող են ասել այն մասին, թե Աստծո նպատակների մեջ որն է Հիսուսի դերը։ Այդ մարդիկ չգիտեն նաև, թե այժմ ինչ է անում Հիսուսը, և թե ինչպես են նրա հետագա գործողությունները անդրադառնալու իրենց կյանքի վրա։ Նրանցից ոմանք գուցե սխալմամբ կարծում են, որ Եհովայի վկաները չեն ընդունում Հիսուսին։ Մեզ համար առանձնաշնորհում է՝ ջանք գործադրել՝ այս հարցերի վերաբերյալ ճշմարտությունը հասցնելու մարդկանց։

Դեռևս կան մարդիկ, ովքեր չեն հավատում, որ Աստվածաշնչում նկարագրված Հիսուսը ընդհանրապես գոյություն է ունեցել։ Ոմանք էլ նրան պարզապես համարում են երբևիցե ապրած հզոր մարդկանցից մեկը։ Շատերը մերժում են այն գաղափարը, որ նա Աստծո Որդին է։ Այսպիսի մարդկանց ‘Հիսուսի մասին վկայելու’ համար մեծ ջանքեր, համբերություն և նրբանկատություն է պահանջվում։

Անկախ այն բանից, թե այս հարցում ինչ տեսակետ ունի քո զրուցակիցը՝ որպեսզի նա կարողանա օգտվել Աստծուց հավիտենական կյանք ստանալու հնարավորությունից, պետք է գիտություն ստանա Հիսուս Քրիստոսի մասին (Յովհ. 17։3)։ Աստծո կամքը շատ հստակ է արտահայտված. բոլոր ապրողները պետք է ‘դավանեն, թե Հիսուս Քրիստոսը Տեր է’, և պետք է ենթարկվեն նրա իշխանությանը (Փիլիպ. 2։9–11)։ Այսպիսով՝ հանդիպելով մարդկանց, ովքեր Հիսուսի մասին հաստատուն, բայց սխալ տեսակետ ունեն կամ էլ բացահայտ կանխակալ կարծիք՝ մենք չենք կարող ուղղակի շրջանցել այդ հարցը և նրանց չասել ճշմարտությունը։ Որոշ դեպքերում կարող ենք ազատորեն խոսել Հիսուսի մասին նույնիսկ առաջին այցելության ժամանակ, իսկ որոշ դեպքերում էլ գուցե հարկ լինի զգույշ մեկնաբանություններ տալ այդ հարցի կապակցությամբ, որը կօգնի մեր զրուցակցին շտկելու իր տեսակետը։ Հարկավոր է նաև մտածել այն մասին, թե հետագա այցելությունների ժամանակ ինչպես կարելի է այս հարցը ուրիշ կողմերից քննարկել։ Բոլոր դեպքերում, այդ ամենը քննարկել՝ առանց Աստվածաշնչի ուսումնասիրություն սկսելու, ամենայն հավանականությամբ, հնարավոր չէ (Ա Տիմոթ. 2։3–7

Հիսուսի կարևոր դերը Աստծո նպատակների մեջ։ Մենք պետք է օգնենք մարդկանց հասկանալ, որ Հիսուսն է «ճանապարհը», և ‘ոչ ոք չի գալիս Հոր մոտ, եթե ոչ նրանով’, ուստի հնարավոր չէ, առանց հավատալու Հիսուս Քրիստոսին, մտերիմ հարաբերություններ ունենալ Աստծո հետ (Յովհ. 14։6)։ Քանի դեռ մարդը չի գիտակցում, թե ինչ կարևոր դեր է Եհովան տվել իր անդրանիկ Որդուն, նա չի կարող հասկանալ Աստվածաշունչը։ Ինչո՞ւ։ Որովհետև Եհովան այդ Որդուն դարձրեց իր բոլոր նպատակները կատարող գլխավոր անձը (Կող. 1։17–20)։ Այս կարևոր փաստի շուրջ են պտտվում աստվածաշնչյան բոլոր մարգարեությունները (Յայտն. 19։10)։ Հենց Հիսուս Քրիստոսի միջոցով պետք է վերջնականապես լուծվեն բոլոր այն խնդիրները, որոնք առաջ են եկել Սատանայի ըմբոստության և Ադամի գործած մեղքի պատճառով (Եբր. 2։5–9, 14, 15

Հասկանալու համար, թե որն է Հիսուսի դերը, անհատը պետք է ընդունի, որ մարդիկ իրոք ողբալի վիճակում են գտնվում, և այդ վիճակից ինքնուրույն չեն կարող դուրս գալ։ Մենք բոլորս մեղքի մեջ ենք ծնվել։ Այս հանգամանքը կարող է տարբեր կերպերով դրսևորվել մեր կյանքի ընթացքում, սակայն վաղ թե ուշ բոլորն էլ մահանում են (Հռովմ. 3։23; 5։12)։ Տրամաբանիր այս մասին նրանց հետ, ում վկայություն ես տալիս։ Այնուհետև նշիր, որ Հիսուս Քրիստոսի քավիչ զոհաբերության միջոցով Եհովան սիրով մեղքից և մահից ազատվելու հնարավորություն տվեց բոլոր նրանց, ովքեր հավատ են ցուցաբերում այդ փրկանքի հանդեպ (Մարկ. 10։45; Եբր. 2։9)։ Այդպիսով՝ նրանց առջև ճանապարհ է բացվում դեպի կատարելություն և հավիտենական կյանք (Յովհ. 3։16, 36)։ Չկա մեկ այլ միջոց այս ամենին հասնելու համար (Գործք 4։12)։ Ժողովում սովորեցնելիս կամ որևէ մեկին ուսուցանելիս աշխատիր ոչ միայն հիշատակել այս փաստերը, այլև քո բարությամբ ու համբերատարությամբ ունկնդիրներիդ մեջ սերմանել խորը երախտագիտության զգացում այն ամենի հանդեպ, ինչ որ Հիսուսը որպես Փրկիչ արեց մեզ համար։ Գնահատանքի այդ զգացումը կարող է խոր ազդեցություն թողնել անհատի մտածելակերպի, վարքի, ինչպես նաև կյանքում ունեցած նպատակների վրա (Բ Կորնթ. 5։14, 15

Ինչ խոսք, մենք հասկանում ենք, որ Հիսուսն իր կյանքը մեկ անգամ է զոհաբերել (Եբր. 9։28)։ Սակայն այժմ նա եռանդորեն ծառայում է որպես Քահանայապետ։ Օգնիր ուրիշներին հասկանալ դրա նշանակությունը։ Հնարավոր է՝ նրանցից ոմանք ծանր ստրես են տարել, ոմանք հիասթափություն են ապրել կամ տառապանքներ կրել, ոմանք էլ մեծ խնդիրներ են ունեցել շրջապատի մարդկանց կոպիտ վերաբերմունքի պատճառով։ Երբ Հիսուսը երկրի վրա էր, այս ամենը նա «ճաշակեց»։ Հետևաբար նրան ծանոթ են մեր զգացումները։ Տեսնելով մեր անկատարությունը՝ զգո՞ւմ ենք արդյոք Աստծո ողորմածության կարիքը։ Երբ աղոթքով Աստծուց ներում ենք խնդրում Հիսուսի զոհի հիման վրա, նա հանդես է գալիս որպես օգնական Հոր մոտ։ Նա կարեկցաբար «բարեխօս[ում] է մեզ համար» (Ա Յովհ. 2։1, 2; Հռովմ. 8։34)։ Շնորհիվ Հիսուսի զոհաբերության և այն բանի, որ այժմ նա Քահանայապետ է՝ մենք հնարավորություն ունենք մոտենալու Եհովայի «շնորհի աթոռին»՝ իր ժամանակին օգնություն ստանալու համար (Եբր. 4։15, 16)։ Չնայած որ անկատար ենք, այն օգնությունը, որ ցուցաբերում է Հիսուսը մեր հանդեպ որպես Քահանայապետ, թույլ է տալիս մեզ մաքուր խղճով ծառայելու Աստծուն (Եբր. 9։13, 14

Բացի դրանից, Հիսուսը մեծ իշխանություն է գործադրում՝ որպես Աստծու կողմից նշանակված՝ քրիստոնեական ժողովի Գլուխ (Մատթ. 28։18; Եփես. 1։22, 23)։ Այսպիսով՝ համաձայն Աստծո կամքի՝ նա ժողովին անհրաժեշտ ուղղություն է տալիս։ Երբ սովորեցնում ես մարդկանց, օգնիր նրանց հասկանալ, որ Հիսուս Քրիստոսն է ժողովի Գլուխը, և ոչ թե ինչ–​որ մարդ (Մատթ. 23։10)։ Հետաքրքրվող անհատի հետ հենց առաջին հանդիպումների ժամանակ հրավիրիր նրան տեղի ժողով, որտեղ մենք Աստվածաշունչ ենք ուսումնասիրում «հաւատարիմ եւ իմաստուն ծառա[յի]» միջոցով լույս տեսնող հրատարակությունների օգնությամբ։ Բացատրիր նրանց ոչ միայն այն, թե ով է «ծառան», այլև թե ով է «տէրը», որպեսզի նրանք սկսեն գիտակցել Հիսուսի գլխավորությունը (Մատթ. 24։45–47)։ Ծանոթացրու նրանց ժողովի երեցների հետ և բացատրիր, թե աստվածաշնչյան ինչ պահանջների պետք է համապատասխանեն (Ա Տիմոթ. 3։1–7; Տիտոս 1։5–9)։ Ցույց տուր, որ ժողովները երեցների սեփականությունը չեն. նրանք միայն օգնում են մեզ Հիսուսի հետքերով քայլել (Գործք 20։28; Եփես. 4։16; Ա Պետ. 5։2, 3)։ Օգնիր այդ անհատներին տեսնել, որ սա կազմակերպված, համաշխարհային կազմակերպություն է, որ գործում է Հիսուսի գլխավորության ներքո։

Ավետարաններից մենք սովորում ենք, որ երբ Հիսուսը իր մահից կարճ ժամանակ առաջ մտավ Երուսաղեմ, նրա աշակերտները ողջունեցին նրան որպես ‘Տիրոջ անունով եկող Թագավորի’ (Ղուկ. 19։38)։ Ավելի խորն ուսումնասիրելով Աստվածաշունչը՝ մարդիկ իմանում են, որ Եհովան այժմ Հիսուսին իշխանությամբ է լիազորել, և այն իր ազդեցությունն է թողնում բոլոր ազգերի վրա (Դան. 7։13, 14)։ Երբ ելույթ ես ունենում ժողովում կամ ուսումնասիրություն ես անցկացնում, օգնիր մարդկանց հասկանալ ու գնահատել, թե ինչ է նշանակում մեզ համար Հիսուսի ղեկավարությունը։

Նշիր, որ մեր կյանքի ուղին ցույց է տալիս, թե իրականում հավատում ենք արդյոք, որ Հիսուս Քրիստոսը Թագավոր է, և պատրաստ ենք արդյոք նրա ղեկավարությանը ենթարկվելու։ Նրանց ուշադրությունը դարձրու այն գործի վրա, որ Հիսուսը հանձնարարել է իր հետևորդներին կատարել Թագավոր նշանակվելուց հետո (Մատթ. 24։14; 28։18–20)։ Բացատրիր, թե ինչ է ասել Հիսուսը՝ Հրաշալի Խորհրդատուն այն մասին, թե կյանքում ինչին պետք է առաջնահերթությունը տալ (Ես. 9։6, 7; Մատթ. 6։19–34)։ Նրանց ուշադրությունը հրավիրիր այն բանի վրա, թե, Խաղաղության Իշխանի խոսքերի համաձայն, ինչ ոգի պետք է ցուցաբերեն իր հետևորդները (Մատթ. 20։25–27; Յովհ. 13։35)։ Զգույշ եղիր, որ քեզ իրավունք չվերապահես դատելու ուրիշներին, թե անում են արդյոք այնքան, որքան պետք է անեն. փոխարենը՝ քաջալերիր նրանց խորհել, թե իրենց գործերով ցույց տալիս են արդյոք, որ ենթարկվում են Հիսուս Քրիստոսի թագավորական իշխանությանը։ Մի մոռացիր, սակայն, որ ինքդ էլ կարիք ունես այս ամենն անելու։

Հիսուս Քրիստոսը՝ որպես հիմք։ Աստվածաշունչը քրիստոնյա աշակերտներ պատրաստելու գործը նմանեցնում է այն տան շինարարության հետ, որի հիմքը Հիսուս Քրիստոսն է (Ա Կորնթ. 3։10–15)։ Որպեսզի այդ աշխատանքը հաջողությամբ ավարտվի, օգնիր մարդկանց ճանաչել Հիսուսին այնպես, ինչպես նրան Աստվածաշունչն է նկարագրում։ Զգույշ եղիր, որ նրանք քեզ չհամարեն որպես մեկը, որին պետք է հետևել (Ա Կորնթ. 3։4–7)։ Նրանց ուշադրությունը դարձրու Հիսուս Քրիստոսի վրա։

Եթե հիմքը ճիշտ է դրվում, ուսումնասիրողները կհասկանան, որ Քրիստոսը մեզ օրինակ է թողել, «որ նորա հետքերին հետեւինք» (Ա Պետ. 2։21)։ Ելնելով դրանից՝ քաջալերիր նրանց կարդալ Ավետարանները ոչ թե զուտ որպես իրական պատմություն, այլ որպես հետևելու ուղեցույց։ Օգնիր նրանց սրտանց ընդունել և մտապահել, թե ինչ հատկություններով ու մտածելակերպով էր օժտված Հիսուսը։ Քաջալերիր նրանց ուշադրություն դարձնել այն բանի վրա, թե ինչպիսի տեսակետ ուներ Հիսուսն իր Հոր մասին, ինչպես հաղթահարեց բազմաթիվ գայթակղություններն ու փորձությունները, ինչպես Աստծո հանդեպ հնազանդություն ցուցաբերեց և թե ինչպիսի վերաբերմունք ցույց տվեց տարբեր հանգամանքներում ապրող մարդկանց նկատմամբ։ Կենտրոնացիր այն գործունեության վրա, որով հագեցած էր Հիսուսի կյանքը։ Այնուհետև, երբ ուսումնասիրողները որոշումներ կայացնեն կյանքում կամ փորձությունների հանդիպեն, իրենք իրենց հետևյալ հարցերը կտան. «Ինչպե՞ս կվարվեր Հիսուսը, եթե իմ փոխարեն ինքը լիներ։ Արդյոք իմ գործերով ցույց տալի՞ս եմ, որ խորապես երախտապարտ եմ այն ամենի համար, ինչ որ նա արել է ինձ համար»։

Ժողովի առջև ելույթ ներկայացնելիս մի եզրակացրու, թե հարկ չկա հատուկ ուշադրություն հրավիրել Հիսուսի վրա, քանի որ եղբայրները առանց այն էլ արդեն հավատում են նրան։ Քո խոսքերն ավելի կիմաստավորվեն, եթե կառուցես հենց այդ հավատի վրա։ Երբ խոսում ես ժողովի հանդիպումների մասին, խոսքիդ մեջ նշիր, որ Հիսուսն է ժողովի Գլուխը։ Երբ խոսքդ քարոզչական ծառայության մասին է, ուշադրություն դարձրու այն ոգու վրա, որը ցուցաբերեց Հիսուսն իր ծառայության ժամանակ։ Ներկայացրու մեր ծառայությունը այն լույսի ներքո, թե, որպես Թագավոր, ինչ է անում այսօր Հիսուսը՝ հավաքելու համար մարդկանց, որպեսզի փրկվեն և նոր աշխարհի կենդանի վկաները դառնան։

Ակնհայտ է, ուրեմն, որ Հիսուսի մասին հիմնական ճշմարտություններն իմանալը դեռ բավական չէ։ Ճշմարիտ քրիստոնյա լինելու համար հարկավոր է ինչպես հավատ ունենալ, այնպես էլ խորը սեր տածել նրա հանդեպ։ Այսպիսի սերն է, որ մղում է անձնվիրության ու հնազանդության (Յովհ. 14։15, 21)։ Այն օգնում է մարդկանց ամուր մնալ հավատի մեջ հակառակությունների ներքո, ողջ կյանքի ընթացքում անշեղորեն քայլել Քրիստոսի հետքերով և ապացուցել, որ իրենք հասուն քրիստոնյաներ են՝ ‘արմատ գցած և հաստատված’ (Եփես. 3։17)։ Նման ընթացքը փառք է բերում Եհովային՝ Հիսուս Քրիստոսի Հորը և Աստծուն։

«ԱՐՔԱՅՈՒԹԵԱՆ ԱՅՍ ԱՒԵՏԱՐԱՆԸ»

«ԻՐԵՐԻ այս համակարգի ավարտի հետ կապված նշանի և իր ներկայության մասին մանրամասնությունները տալիս Հիսուսը մարգարեացավ նաև հետևյալը. «Եւ արքայութեան այս աւետարանը բոլոր տիեզերքումը կ’քարոզուի ամեն հեթանոսներին վկայութիւն լինելու համար, եւ այն ժամանակ կ’գայ վերջը» (Մատթ. 24։14

Իրականում դա ի՞նչ լուր էր, որ պիտի ամբողջ աշխարհով մեկ քարոզվեր։ Դա Թագավորության մասին լուրն էր, որի համար պետք է աղոթենք Աստծուն, ինչպես սովորեցրեց մեզ Հիսուսը՝ ասելով. «Գայ քո արքայութիւնը» (Մատթ. 6։10 Յայտնութիւն 11։15–ում այդ մասին կարդում ենք. «Աշխարհքի թագաւորութիւնները մեր Տիրոջը [Եհովայինը] եւ նորա Քրիստոսինը եղան», որովհետև ղեկավարելու համար իշխանությունը սկիզբ է առնում Եհովայից, և նա է Հիսուսին թագավոր նշանակել։ Ուշադրություն դարձրու, սակայն, որ, Հիսուսի խոսքերի համաձայն, մեր օրերում ազդարարվող լուրը պետք է ավելի մեծ տարածում ունենար, քան այն լուրը, որ քարոզում էին Հիսուսի հետևորդներն առաջին դարում։ Նրանք մարդկանց ասում էին. «Աստուծոյ արքայութիւնը մօտեցել է ձեզ վերայ» (Ղուկ. 10։9)։ Հիսուսը, որ օծվել էր՝ ապագայում թագավորելու, նրանց մեջ էր գտնվում։ Մինչդեռ, համաձայն Մատթէոս 24։14–ի, նա նախագուշակեց, որ պետք է աշխարհածավալ ազդարարություն տրվեր Աստծո նպատակի իրագործման հետ կապված մեկ այլ կարևոր իրադարձության մասին ևս։

Այդ իրադարձության հետ էր կապված նաև այն տեսիլքը, որ տրվեց Դանիել մարգարեին։ Նա տեսավ մեկին՝ «մարդի որդիի նման»՝ Հիսուս Քրիստոսին, որը ‘Հինավուրցից’, այսինքն՝ Եհովա Աստծուց ստացավ «իշխանութիւն եւ պատիւ ու թագաւորութիւն, որ բոլոր ժողովուրդները, ազգերը եւ լեզուները նորան ծառայեն» (Դան. 7։13, 14)։ Տիեզերական կարևորություն ունեցող այդ իրադարձությունը տեղի ունեցավ երկնքում 1914 թվականին։ Այդ ժամանակվանից ի վեր՝ Սատանան և իր դևերը վայր են նետված երկրի վրա (Յայտն. 12։7–10)։ Իրերի այս հին համակարգը մտավ իր վերջին օրերի մեջ։ Իսկ մինչ համակարգի ամբողջական կործանման վրա հասնելը, ամբողջ աշխարհով մեկ պետք է հռչակվեր այն մասին, որ Եհովայի կողմից նշանակված Մեսիական Թագավորը այժմ կառավարում է իր երկնային գահից։ Ամենուրեք մարդկանց տեղեկացվում է այս մասին։ Նրանց արձագանքը ցույց է տալիս, թե ինչպես են վերաբերվում Ամենաբարձրյալին՝ որպես Կառավարչի, որ «տիրում է մարդկանց թագաւորութեան վերայ» (Դան. 4։32

Ինչ խոսք, առջևում մեզ է՛լ ավելի ցնցող իրադարձություններ են սպասում։ Մենք շարունակում ենք աղոթել՝ գա քո արքայությունը, բայց դա չի նշանակում, որ Աստծո Թագավորությունը ապագայում է հաստատվելու։ Այս խոսքերից հասկանում ենք, որ երկնային Թագավորությունը վճռականորեն գործի պիտի անցնի՝ իրագործելով այնպիսի մարգարեություններ, ինչպիսիք են Դանիէլ 2։44 և Յայտնութիւն 21։2–4-ը։ Այդ Թագավորությունը երկիրը կվերածի դրախտանման վայրի՝ բնակեցված այնպիսի մարդկանցով, ովքեր սիրում են Աստծուն և իրենց մերձավորին։ Թագավորության բարի լուրը մարդկանց հայտնելիս նրանց ուշադրությունը հրավիրում ենք հենց այս բաների վրա։ Բայց մեզ նաև հայտնի է, և համոզված ենք նրանում, որ Եհովան ղեկավարելու լիակատար իշխանությունը արդեն վստահել է իր Որդուն։ Թագավորության մասին վկայություն տալիս արդյոք ուշադրություն դարձնո՞ւմ ես այս բարի լուրի վրա։

Բացատրիր, թե ինչ է Թագավորությունը։ Ինչպե՞ս կարող ենք կատարել մեր հանձնարարությունը՝ տեղեկացնելու մարդկանց Աստծո Թագավորության մասին։ Կարող ենք մարդկանց հետաքրքրությունը շարժել՝ խոսակցությունը սկսելով այլ թեմաներից, բայց, շատ չանցած, նրանք պետք է հասկանան, որ մեր նպատակը Թագավորության լուրը հաղորդելն է։

Այս գործում կարևոր տեղ է գրավում աստվածաշնչյան այն համարներն ընթերցելն ու մեջբերելը, որտեղ խոսվում է Թագավորության մասին։ Համոզվիր այն բանում, որ Թագավորության մասին հիշատակելիս մարդիկ հասկանում են, թե դա ինչ է։ Բավական չէ միայն ասել, որ Աստծո Թագավորությունը կառավարություն է։ Ոմանց համար գուցե դժվար լինի պատկերացնել մի կառավարություն, որը տեսանելի չէ։ Կարող ես տարբեր ձևերով տրամաբանել նրանց հետ։ Օրինակ՝ թեպետ ձգողականությունը անտեսանելի է, բայց այն հզոր ազդեցություն է գործում մեր կյանքի վրա։ Չենք կարող տեսնել ձգողականության օրենքը Ստեղծողին, բայց ակնհայտ է, որ նա ահռելի ուժի տեր անձնավորություն է։ Աստվածաշնչում նա կոչվում է «յավիտենութեան Թագաւոր» (Ա Տիմոթ. 1։17, ԷԹ)։ Կարող ենք մեկ ուրիշ օրինակ բերել։ Մեծ երկրներում շատ մարդիկ երբեք չեն եղել մայրաքաղաքում և անձամբ չեն տեսել իրենց պետության ղեկավարին։ Այն, թե ինչ է տեղի ունենում մայրաքաղաքում և կառավարական շրջաններում, նրանք իմանում են միայն նորությունների թողարկումից։ Նմանապես, Աստվածաշունչը, որը հրատարակվել է 2 200–ից ավել լեզուներով, հայտնում է մեզ Աստծո Թագավորության մասին։ Այս գրքից մենք իմանում ենք, թե ում է վստահված կառավարումը, և ինչ է անում Թագավորությունն այժմ։ «Դիտարանը» թողարկվում է ավելի շատ լեզուներով, քան ցանկացած պարբերական, և նրա նպատակն է «Ծանուցան[ել] Եհովայի Թագավորությունը», ինչպես նշված է առաջին էջի վրա։

Որպեսզի օգնենք մարդկանց հասկանալ, թե ինչ է Թագավորությունը, կարող ենք հիշատակել այն մի քանի բաների մասին, ինչը որ սովորաբար նրանք ակնկալում են կառավարությունից. այն է՝ տնտեսության մեջ կայունություն, խաղաղություն, ապահովություն հանցագործությունից, իրավահավասարություն բոլոր ազգությունների և էթնիկական խմբերի համար, կրթություն ստանալու հնարավորություն և բուժսպասարկում։ Ցույց տուր, որ միայն Աստծո Թագավորությունը կարող է այդ ամենը իրականություն դարձնել, և ոչ միայն դա, նաև շատ ուրիշ ցանկություններ, որ միանգամայն բնական են (Սաղ. 145։16

Փորձիր ցանկություն արթնացնել մարդկանց մեջ Թագավորության հպատակները դառնալու, որի Թագավորն է Հիսուս Քրիստոսը։ Բացատրիր, որ նրա գործած հրաշքները նախապես ցույց էին տալիս, թե ինչ է անելու նա՝ որպես երկնային Թագավոր։ Հաճախակի խոսիր նրա հրաշալի հատկությունների մասին (Մատթ. 8։2, 3; 11։28–30)։ Բացատրիր, որ Հիսուսը զոհեց իր կյանքը հանուն մեզ, և որ դրանից հետո Աստված հարություն տվեց նրան և անմահ կյանք շնորհեց երկնքում։ Եվ հենց երկնքից էլ այժմ նա կառավարում է որպես Թագավոր (Գործք 2։29–35)։

Նշիր, որ Աստծո Թագավորությունն արդեն կառավարում է երկնքից։ Մի մոռացիր, սակայն, այն մասին, որ մարդկանց մեծամասնության կարծիքով գոյություն ունեցող պայմաններից այսօր դա չի երևում։ Համաձայնվիր, որ դա այդպես է, և հարցրու՝ գիտե՞ն արդյոք նրանք, թե ինչ նշաններ տվեց Հիսուս Քրիստոսը՝ իր կառավարման հետ կապված։ Թվարկիր բաղադրյալ նշանի մի քանի մանրամասնություններ, որի մասին խոսվում է Մատթէոս 24–րդ, Մարկոս 13–րդ և Ղուկաս 21–րդ գլուխներում։ Այնուհետև հարցրու, թե ինչու Հիսուսի գահակալությունը երկնքում երկրի վրա նման պայմաններ բերեց։ Զրուցակցիդ ուշադրությունը հրավիրիր Յայտնութիւն 12։7–10, 12 համարների վրա։

Ցույց տալու համար, թե իրականում ինչ է անում այսօր Աստծո Թագավորությունը, կարդա Մատթէոս 24։14–ը և պատմիր աստվածաշնչյան կրթություն ստանալու ծրագրի մասին, որն այժմ անց է կացվում ամբողջ աշխարհում (Ես. 54։13)։ Պատմիր մարդկանց գոյություն ունեցող տարբեր դպրոցների մասին, որտեղ Եհովայի վկաները կրթություն են ստանում։ Կրթական ծրագիրը հիմնված է Աստվածաշնչի վրա և անց է կացվում անվճար։ Բացատրիր, որ բացի այն, որ քարոզում ենք մարդկանց տնից տուն, նաև ինչպես առանձին անհատների, այնպես էլ ընտանիքների առաջարկում ենք Աստվածաշնչի անվճար տնային ուսումնասիրություն։ Այսպիսի ուսումնասիրություններ անց են կացվում 230–ից ավելի երկրներում։ Մարդկային ո՞ր կառավարությունն է, որ կարող է առաջարկել նման ընդարձակ կրթական ծրագիր ոչ միայն իր քաղաքացիներին, այլև ամբողջ աշխարհի մարդկանց։ Հրավիրիր զրուցակցիդ Թագավորության սրահ, ինչպես նաև հրավիրիր ներկա լինել Եհովայի վկաների համաժողովներին, որպեսզի տեսնի, թե ինչ ազդեցություն է գործում այդ կրթությունը մարդկանց կյանքի վրա (Ես. 2։2–4; 32։1, 17; Յովհ. 13։35

Կհասկանա՞ արդյոք տանտերը, թե ինչ կապ ունեն քո ասածները անձամբ իր հետ։ Կարող ես նրբանկատորեն բացատրել, որ այցելության նպատակն է՝ զրուցել կյանք ընտրելու այն հնարավորության մասին, որ տրված է բոլոր մարդկանց, ովքեր կնախընտրեն Աստծո Թագավորության հպատակները դառնալ։ Իսկ ի՞նչ է հարկավոր դրա համար. իմանալ, թե ինչ է պահանջում Աստված, և արդեն հիմա՛ ապրել այդ պահանջներին համապատասխան (Բ Օրին. 30։19, 20; Յայտն. 22։17

Օգնիր մարդկանց Թագավորությունը առաջին տեղում դնել։ Այն բանից հետո, երբ անհատն ընդունում է Թագավորության պատգամը, նա դեռ պետք է մի շարք որոշումներ կայացնի։ Ի՞նչ տեղ կհատկացնի նա Թագավորությանը իր կյանքում։ Հիսուսը կոչ արեց իր աշակերտներին ‘նախ Աստծո արքայությունը փնտրել’ (Մատթ. 6։33, ՆԱ)։ Ինչպես՞ կարող ենք օգնել մեր հավատակիցներին այս գործում. ինքներս նրանց համար լավ օրինակ ծառայելով և այդ մասին նրանց հետ զրուցելու առիթներ ստեղծելով։ Ժամանակ առ ժամանակ կարող ես նաև հարցնել, թե արդյոք նա մտածել է որոշակի հնարավորությունների մասին. պատմիր, թե տվյալ պարագայում ինչպես են վարվել ուրիշները։ Ձգտիր աստվածաշնչյան հաղորդագրությունները քննարկել այնպես, որ Եհովայի հանդեպ նրա սերը է՛լ ավելի խորանա։ Ընդգծիր Թագավորության իրական լինելը։ Ուշադրությունը կենտրոնացրու այն բանի վրա, թե որքան կարևոր է Թագավորության քարոզչության գործը։ Երբեմն լավագույն արդյունքների կարելի է հասնել ոչ թե մարդկանց ասելով, թե ինչ պետք է անեն, այլ դա անելու համար նրանց մեջ ցանկություն արթնացնելով։

Ամեն կասկածից վեր է, որ կարևոր լուրը, որ մենք բոլորս պետք է քարոզենք, գլխավորաբար կենտրոնացած է Եհովա Աստծո, Հիսուս Քրիստոսի և Թագավորության վրա։ Նրանց հետ կապված կարևոր ճշմարտությունները պետք է միշտ շեշտվեն մեր հանդիպումների ժամանակ, վկայություն տալիս, ինչպես նաև մեր անձնական կյանքում։ Այդպես վարվելով՝ մենք ցույց կտանք, որ իրոք օգուտներ ենք ստանում Աստվածապետական ծառայության դպրոցից։