Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ԴԱՍ 28

Խոսակցական ոճ

Խոսակցական ոճ

ՍՈՎՈՐԱԲԱՐ մարդիկ ընկերների հետ խոսելիս իրենց անկաշկանդ են զգում։ Նրանք նախօրոք չեն մտածում, թե իրենց խոսքն ինչ բառերով պիտի ասեն. դա տեղի է ունենում ինքնաբերաբար։ Ոմանց բնորոշ է աշխույժ խոսելաոճը, մյուսներին՝ հանդարտ։ Բայց անկախ դրանից՝ երբ նրանք բնական ձևով են խոսում, դա մեզ դուր է գալիս։

Սակայն անծանոթ մարդու հետ առաջին անգամ շփվելիս չափից դուրս ազատ պահելաձևը պատշաճ չէ։ Որոշ մշակույթներում անծանոթի հետ ցանկացած խոսակցություն սկսվում է խիստ պաշտոնական ոճով։ Սակայն հարգանքի որոշ արտահայտություններ անելուց հետո ցանկալի է պաշտոնական ոճից զգուշորեն անցնել խոսակցականի։

Բեմից խոսելիս նույնպես հարկավոր է զգույշ լինել։ Եթե մեզ ավելորդ ազատություն տանք, ապա դրանով կնսեմացնենք քրիստոնեական հանդիպումների վարկը, ինչպես նաև մեր խոսքը կզրկենք լրջությունից։ Որոշ երկրներում առանձին արտահայտություններ են օգտագործվում տարեց անհատի, ուսուցչի, պաշտոնյայի ու ծնողի հետ խոսելիս (ուշադրություն դարձրու, թե այս առնչությամբ ինչ բառեր են գրված Գործք 7։2 և 13։16 համարներում)։ Ամուսնական կողակցի հետ խոսելիս ուրիշ բառեր են օգտագործում, մտերիմ ընկերոջ հետ՝ ուրիշ։ Չնայած որ բեմից խոսելիս մենք չպետք է ավելորդ պաշտոնականություն հանդես բերենք, այնուամենայնիվ մեր խոսքերում պետք է հարգանք զգացվի։

Կան մի քանի հանգամանքներ, որոնք կարող են ելույթին սառնություն հաղորդել։ Դրանցից մեկը նախադասության կառուցվածքն է, այսինքն՝ թե ինչպես է միտքը ձևակերպված։ Խնդիրն առաջ է գալիս այն ժամանակ, երբ հռետորը փորձում է տպագիր թերթից նախադասություններն արտասանել ճիշտ այնպես, ինչպես գրված է։ Իսկ գրավոր ու բանավոր խոսքի միջև տարբերությունը սովորաբար մեծ է։ Թեև հիմնականում այնպես է լինում, որ ելույթին նախապատրաստվելու համար դիմում ես տպագիր նյութերի օգնությանը, իսկ առանձին ելույթների համար էլ հիմք են հանդիսանում տպագիր պլանները, բայց եթե մտքերդ արտահայտես ճիշտ այնպես, ինչպես որ գրված է թղթի վրա կամ ուղղակի կարդաս տպագիր պլանից, ապա քիչ հավանական է, որ ելույթդ հնչի ինչպես զրույց։ Խոսակցական ոճով հանդես գալու համար հարկավոր է մտքերն արտահայտել սեփական բառերով և խուսափել բարդ նախադասություններից։

Մյուս գործոնը խոսքի տեմպն է։ Այն խոսքը, որ սառն է ու պաշտոնական բառերը հաճախ արտասանվում են միևնույն արագությամբ և համաչափությամբ։ Այնինչ սովորական խոսակցությունների ժամանակ լինում են և՛ արագության փոփոխություններ, և՛ տարբեր տևողության դադարներ։

Մեծ լսարանի ուշադրությունը գրավելու համար, անշուշտ, ելույթդ խոսակցական ոճով ներկայացնելուց բացի՝ պետք է նաև այն մատուցես ավելի բարձր ձայնով, ավելի ուժգին ու ավելի խանդավառ կերպով։

Որպեսզի քարոզչական ծառայության ժամանակ կարողանաս մտքերդ խոսակցական ոճով արտահայտել, սովորություն դարձրու ամեն օր գրագետ ձևով խոսել։ Դրա համար ամենևին էլ բարձրագույն կրթություն չի պահանջվում։ Պարզապես լավ կլինի ունենալ խոսելու այնպիսի ոճ, որը դիմացինին մղի հարգանքով վերաբերվելու քո խոսքերին։ Ելնելով այս մտքից՝ կարդա ստորև բերվող կետերը ու խորհիր, թե արդյոք կարիք չունես բարելավելու քո ամենօրյա խոսքը։

  1. Մի օգտագործիր այնպիսի արտահայտություններ, որոնք ակնհայտորեն հակասում են քերականական կանոններին կամ որոնց պատճառով քեզ կարող են դասել այն մարդկանց շարքը, ովքեր չեն հարգում Աստծո չափանիշները։ Գործելով Կողոսացիս 3։8–ի համաձայն՝ խուսափիր կոպիտ ու գռեհիկ լեզվից։ Մինչդեռ խոսակցական ոճով ասված մտքերը միանգամայն ընդունելի են։ Թեև ամենօրյա խոսքը ոչ պաշտոնական է հնչում, այն համապատասխանում է խոսելու ընդունված չափանիշներին։

  2. Խուսափիր միշտ նույն արտահայտությունները կրկնելուց և մտքերդ անընդհատ միևնույն բառերով արտահայտելուց։ Սովորիր խոսքի մեջ օգտագործել այնպիսի բառեր, որոնք հստակորեն են փոխանցում միտքդ։

  3. Ձգտիր նույն բառերն անհարկի չկրկնել։ Դրա համար մտքումդ պարզիր, թե ինչ էիր ուզում ասել, և նոր խոսիր։

  4. Կարևոր մտքերն արտահայտելու համար երկար–​բարակ մի խոսիր, քանի որ ունկնդիրներն այդպես էլ չեն հասկանա, թե ինչ էիր ուզում ասել։ Եթե ուզում ես, որ նրանք հիշեն տվյալ միտքը, սովորություն դարձրու խոսել հստակ կերպով՝ օգտագործելով պարզ նախադասություններ։

  5. Քո խոսքից պետք է երևա, որ հարգում ես ունկնդիրներիդ։