Խոսելու և ուսուցանելու հմտությունը զարգացնելու ծրագիր
ՏԱՐԵՑ լինես, թե երիտասարդ, կին՝ թե տղամարդ՝ այս դասընթացը կօգնի քեզ ավելի լավ արտահայտել մտքերդ, ինչպես նաև Աստծո Խոսքի ավելի հմուտ ուսուցիչ դառնալ։
Աստվածապետական ծառայության դպրոցին ցուցակագրված անհատների առաջադրանքները տալիս է Դպրոցի վերակացուն։ Հաջորդ երեք էջերում դու կտեսնես քո ուսումնական բլանկը։ Թվերը համապատասխանում են գրքի հաջորդ հատվածում զետեղված դասերի համարներին։ Այդ դասերում բացատրվում է, թե ինչ է անհրաժեշտ անել՝ տիրապետելու համար խոսելու և ուսուցանելու արվեստին, և թե դրանցից յուրաքանչյուրն ինչու է կարևոր։ Նաև կգտնես օգտակար ցուցումներ այն մասին, թե ինչպես կիրառել տրված խորհուրդները։
Ուսումնական բլանկի ձախ կողմում տարված ուղղաձիգ գունավոր շերտերի միջոցով կարելի է տեսնել, թե տվյալ դասը երեք տեսակի առաջադրանքներից որի՛ն է վերաբերում։ Դրանք են՝ 1) ընթերցանություն ունկնդիրների համար, 2) երկխոսություն երկու կամ ավել անհատների մասնակցությամբ կամ 3) ելույթ ժողովի առաջ։ Դպրոցի վերակացուն կնշանակի քեզ այն դասը, որի վրա պետք է աշխատես։ Ցանկալի է ամեն մի ելույթի ժամանակ աշխատել միայն մեկ դասի վրա։ Օգուտներ կքաղես, եթե կատարես հանձնարարված դասի վերջում տրված վարժությունները։ Երբ քեզ հաջողվի կիրառել հանձնարարված դասի խորհուրդները, վերակացուն մեկ այլ դաս կնշանակի։
Եթե առաջադրանք ես ստացել երկխոսություն ներկայացնելու, այդ դեպքում պետք է պայմանական իրադրություն ընտրես։ Դասագրքի 82–րդ էջում տրված են մի շարք պայմանական իրադրություններ։ Սակայն պարտադիր չէ միայն դրանցով սահմանափակվել։ Վերակացուն ինքը կարող է պայմանական իրադրութուն նշանակել, որպեսզի փորձ ձեռք բերես, բայց հնարավոր է նաև, որ թողնի քո հայեցողությանը։
Դասագիրքը կարդալն ու տրված վարժությունները կատարելն արդեն իսկ կնպաստեն քո առաջադիմությանը, նույնիսկ այն ժամանակ, երբ առաջադրանք չես նախապատրաստում։ Կարող ես փորձել ամեն շաբաթ կամ մի քանի շաբաթը մեկ մի դաս ուսումնասիրել։
Անկախ այն բանից, թե որքան ժամանակ է, ինչ մասնակցում ես Դպրոցին կամ քարոզչական ծառայությանը՝ միշտ կարող ես կատարելագործել ընդունակություններդ։ Թող որ կարողանաս լիարժեք օգուտներ քաղել Աստվածապետական ծառայության դպրոցում մատուցվող կրթությունից։