ԴԱՍ 14
Խոսքը բնական է հնչում
ԲՆԱԿԱՆՈՐԵՆ արտահայտվելով կշահես քեզ լսողների վստահությունը։ Կվստահեի՞ր արդյոք ինչ–որ մեկի ասածներին, եթե նա քեզ հետ խոսեր դիմակը դեմքին։ Իսկ եթե այդ դիմակը ավելի գեղեցիկ լինե՞ր, քան խոսողի դեմքը... դժվար թե դա փոխեր քո կարծիքը։ Հետևաբար, մի դիմակավորվիր, այլ եղիր այնպիսին, ինչպիսին որ կաս իրականում։
Բնական խոսքը չի կարելի շփոթել անփույթ խոսելաձևի հետ։ Ճիշտ չի լինի խոսելիս ընդհանրապես հաշվի չառնել քերականական կանոնները ու սխալ կամ ոչ հստակ արտասանել բառերը։ Անհրաժեշտ է խուսափել նաև ժարգոնից։ Մենք ցանկանում ենք միշտ ունենալ արժանավայել վարք և խոսելաձև։ Բնականություն հանդես բերող անհատը ո՛չ չափից դուրս պաշտոնական կլինի, ո՛չ էլ կմտածի ուրիշների վրա տպավորություն գործելու մասին։
Քարոզչական ծառայության ժամանակ։ Երբ վկայություն տալու նպատակով մոտենում ես հերթական դռանը, կամ ինչ–որ մի անհատի, զգո՞ւմ ես արդյոք ներքին լարվածություն։ Մեզանից շատերն են նման զգացում ունենում, բայց ոմանց մոտ դա տևական բնույթ է կրում։ Լարվածության պատճառով անհատը սկսում է խոսել անբնական, դողդոջուն ձայնով, կամ էլ ձեռքերով ու գլխով անսովոր շարժումներ անել։
Քարոզչի մոտ նման խնդիր կարող է առաջանալ մի շարք պատճառներով։ Հնարավոր է՝ նա մտահոգված լինի, թե ինչպիսի տպավորություն կթողնի, և թե ինչպիսի հաջողություն կունենա իր մատուցումը. դրանում ոչ մի արտասովոր բան չկա։ Սակայն նման հարցերին չափից շատ ուշադրություն դարձնելու դեպքում է, որ առաջ են գալիս խնդիրներ։ Ի՞նչ է հարկավոր անել, եթե քարոզչության գնալուց առաջ լարվածություն ես զգում։ Լավ նախապատրաստվիր և ջերմեռանդորեն աղոթիր Եհովային (Գործք 4։29)։ Խորհիր, թե ինչպիսի ողորմածություն է ցույց տալիս Եհովան, որ հրավիրում է մարդկանց դրախտային պայմաններում վայելելու կատարյալ առողջություն և հավիտենական կյանք։ Մտածիր նաև այն մարդկանց մասին, ում ցանկանում ես օգնել և այն մասին, թե ինչու նրանք կարիք ունեն լսելու բարի լուրը։
Նաև հիշիր, որ մարդիկ ազատ կամքի տեր են, ուստիև կարող են թե՛ լսել և թե՛ մերժել քո հաղորդած լուրը։ Հիսուսի ժամանակ էլ այդպես էր, երբ նա քարոզում էր հին Իսրայելում։ Քո պարտականությունը ընդամենը քարոզելն է (Մատթ. 24։14)։ Նույնիսկ եթե մարդիկ քեզ թույլ չտան արտահայտվելու, քո ներկայությամբ արդե՛ն վկայություն ես տալիս։ Այն, որ Եհովային թույլ ես տվել քո միջոցով իրագործելու իր կամքը, արդեն ինքնին հաջողություն է։ Իսկ եթե խոսելու հնարավորություն ունենաս, ինչպե՞ս կարտահայտվես։ Սովորիր մտածել մարդկանց կարիքների մասին, և դա կօգնի, որ արտահայտվես հաճելի կերպով ու բնական։
Մարդիկ իրենք էլ կաշկանդվածություն չեն զգա, եթե ծառայության ժամանակ քո խոսելաձևն ու պահելաձևը լինի այնպիսին, ինչպիսին որ առօրյա կյանքում է։ Նրանք ավելի պատրաստակամորեն կլսեն սուրբգրային մտքերը, որ կուզեիր հայտնել։ Դասախոսություն կարդալու փոխարեն, պարզապես խոսիր նրանց հետ։ Եղիր ընկերական, ցույց տուր, որ հետաքրքրված ես նրանցով և բարեհամբույր կերպով արձագանքիր, երբ արտահայտում են իրենց տեսակետը։ Իհարկե, եթե անծանոթի հետ հարգալից զրույց վարելու համար տեղի լեզուն կամ սովորույթները պահանջում են հետևել էթիկայի որոշ կանոնների, ապա դրանք պետք է հաշվի առնել։ Սակայն սիրալիր ժպիտը միշտ էլ տեղին կլինի։
Ելույթ ունենալիս։ Բնական և խոսակցական ոճը լավագույն միջոց է հանդիսանում նաև ելույթ ունենալիս։ Իհարկե, ավելի բարձր ձայնով խոսելու անհրաժեշտություն կառաջանա, եթե լսարանը մեծ է։ Եթե փորձում ես անգիր անել ելույթը, կամ մանրակրկիտ գրառումներ ես կատարում, ապա կարելի է ենթադրել, որ չափից շատ ես մտահոգված բառերի ճշգրիտ շարադրանքով։ Թեև ճիշտ շարադրանքը կարևոր հանգամանք է, սակայն եթե դրան չափազանց մեծ ուշադրություն է դարձվում, ելույթը կոպիտ ու պաշտոնական երանգ է ստանում։ Կորչում է բնականությունը։ Անհրաժեշտ է նախապես հատուկ ուշադրություն դարձնել ելույթի մտքերի՛ վրա և ոչ թե բառերի ճշգրիտ շարադրանքի։
Նույն սկզբունքը գործում է նաև այն դեպքում, երբ ժողովի հանդիպմանը քեզ հետ հարցազրույց է անցկացվում։ Լավ նախապատրաստվիր, սակայն մի փորձիր կարդալ կամ անգիր անել պատասխաններդ։ Խոսելիս բնականորեն փոփոխիր ձայնիդ հնչերանգը, ինչպես որ կանեիր հաճելի ու անմիջական զրույց վարելիս։
Խոսքը անբնական կհնչի նույնիսկ այն դեպքում, եթե ելույթ ունեցողը դրսևորում է նախընտրելի հռետորական հատկություններ, սակայն՝ չափազանցված կերպով։ Օրինակ՝ հարկավոր է հստակ և ճիշտ արտասանել բառերը, բայց ոչ այն աստիճան, որ խոսքը շինծու և արհեստական հնչի։ Ընդգծող և նկարագրական ժեստերը ճիշտ կիրառելու դեպքում ելույթը կենդանություն կստանա, մինչդեռ քարացած կամ չափից դուրս ընդարձակ ժեստերը կշեղեն լսողների ուշադրությունը։ Խոսիր բավականաչափ բարձր ձայնով, բայց մի բղավիր։ Շատ լավ է ժամանակ առ ժամանակ ոգևորություն արտահայտել, սակայն խուսափիր վերամբարձ ոճից։ Ձայնի հնչերանգը, ոգևորությունը և զգացմունքները չպետք է ունկնդիրների ուշադրությունը հրավիրեն ելույթ ունեցողի վրա, ոչ էլ այնպես արտահայտվեն, որ լսողները անհարմար զգան իրենց։
Ոմանք բնականորեն գրական ոճով են արտահայտում իրենց մտքերը, նույնիսկ երբ ելույթ չեն ներկայացնում։ Մյուսներին ավելի շատ բնորոշ է խոսակցական ոճը։ Այսպես թե այնպես՝ կարևորն այն է, որ միշտ ձգտենք խոսելիս ճիշտ արտահայտել մեր մտքերը և ամեն օր քրիստոնեավայել վարք դրսևորել։ Արդյունքում՝ բեմից հեշտությամբ կկարողանանք բնականորեն խոսել, և ունկնդիրները հաճույքով կլսեն մեզ։
Հանրության առջև ընթերցելիս։ Հանրային ընթերցանության ժամանակ բնականություն պահպանելը ջանքեր է պահանջում։ Դրա համար հարկավոր է որոշել, թե որոնք են նյութի կարևոր մտքերը, և ինչպես են դրանք զարգանում։ Այդ մտքերը հարկավոր է լավ մտապահել, հակառակ դեպքում դու ուղղակի բառեր կկարդաս։ Ստուգիր անծանոթ բառերի արտասանությունը։ Բարձրաձայն ընթերցելու վարժություններ կատարիր, որպեսզի բարելավես ինտոնացիան և կարողանաս այնպես ընթերցել բառային խմբերը, որ մտքերը պարզ լինեն լսողներին։ Դա արա այնքան ժամանակ, մինչև որ սահուն ընթերցես։ Բավարար չափով ծանոթացիր տեքստին, և դա կնպաստի այն բանին, որ քո բարձրաձայն ընթերցանությունը նման լինի աշխույժ զրույցի։ Հենց դա՛ է բնականությունը։
Հանրային ընթերցանության ժամանակ մեծամասամբ օգտվում ենք Աստվածաշնչի վրա հիմնված մեր հրատարակություններից։ Բացի այն, որ Աստվածապետական ծառայության դպրոցում ստանում ենք ընթերցանության առաջադրանքներ, սուրբգրային համարներ կարդում ենք նաև քարոզչական ծառայության ընթացքում և ելույթ ներկայացնելիս։ Եղբայրներին հանձնարարվում է ընթերցել «Դիտարանի» ուսումնասիրության, ինչպես նաև ժողովի Գրքի ուսումնասիրության ժամանակ քննարկվող նյութը։ Համապատասխան որակավորում ունեցող եղբայրներից ոմանք էլ համաժողովների ժամանակ կարդում են պատրաստի տեքստից։ Անկախ այն բանից Աստվածաշունչ ես ընթերցում, թե ուրիշ տեքստ՝ այն հատվածներում, երբ ուրիշի ուղղակի խոսք է գրված, աշխատիր ընթերցել կենդանի զրույցի ձևով։ Եթե մի քանի անձանց խոսքեր են մեջբերված, փորձիր ձայներանգով օգնել ունկնդրին նկատելու, թե ով է խոսողը։ Զգո՛ւյշ եղիր, որ ընթերցանությունդ չնմանվի թատերական ներկայացման, այլ պարզապես կենդանի ու բնական հնչի։
Ընթերցանությունը կլինի բնական, եթե կիրառվի խոսակցական ոճ։ Այդ դեպքում կարդացածը կհնչի համոզիչ և զերծ կլինի արհեստականությունից։