Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ԴԱՍ 19

Խրախուսիր ունկնդիրներին օգտվել Աստվածաշնչից

Խրախուսիր ունկնդիրներին օգտվել Աստվածաշնչից

ԿԱՄԵՆՈՒՄ ենք բոլորի ուշադրությունը հրավիրել Աստծո Խոսքի՝ Աստվածաշնչի վրա։ Մեր քարոզած պատգամի հիմքը այս Սուրբ Գիրքն է, և մենք աշխատում ենք մարդկանց ցույց տալ, որ ինքներս մեզնից ոչինչ չենք խոսում՝ ասում ենք այն, ինչ Աստծուց է բխում։ Անհրաժեշտ է, որ մարդիկ վստահություն զարգացնեն Աստվածաշնչի հանդեպ։

Քարոզչական ծառայության ժամանակ։ Քարոզչական ծառայության նախապատրաստվելիս միշտ ընտրիր մեկ կամ մի քանի աստվածաշնչյան համարներ՝ ընթերցելու այն անձանց, ովքեր տրամադրված կլինեն լսելու։ Եթե նույնիսկ շատ հակիրճ մատուցում ես պատրաստել աստվածաշնչյան գրականություն առաջարկելու նպատակով, համապատասխան համար ընթերցելը շատ օգտակար կլինի։ Հեզ մարդկանց օգնելու նպատակով ինչ էլ որ ասելու լինենք, չի թողնի այն ազդեցությունը, ինչպիսին որ Աստվածաշունչը կարող է թողնել։ Եթե հնարավոր չէ կարդալ հենց Աստվածաշնչից, գուցե հարմար գտնես ուղղակի մեջբերում անել։ Առաջին դարում Գրությունների գլանաձև փաթեթները լայնորեն տարածված չէին։ Սակայն Հիսուսն ու իր առաքյալները միշտ մեջբերումներ էին անում Գրություններից։ Մենք ևս պետք է ջանքեր գործադրենք մտապահելու աստվածաշնչյան համարներ և ծառայության ժամանակ կիրառելու դրանք՝ ընթերցելով, իսկ երբեմն պարզապես մեջբերելով։

Եթե Աստվածաշնչից որևէ համար ընթերցելու հնարավորություն է ստեղծվել, գիրքն այնպես պահիր, որ տանտերն ի վիճակի լինի հետևելու ընթերցանությանը։ Իսկ եթե նա հետևի իր Աստվածաշնչով, ապա հնարավոր է, որ էլ ավելի դրականորեն արձագանքի իր կարդացածին։

Սակայն հարկավոր է հաշվի առնել, որ Աստվածաշնչի որոշ թարգմանություններում շատ ազատ մոտեցում է ցուցաբերվել Աստծո Խոսքի հանդեպ։ Արդյունքը եղել է այն, որ այդ թարգմանությունները ամեն մանրամասնություններով չեն համապատասխանում բնագիր լեզուներով գրվածին։ Շատ արդի թարգմանություններից հանվել է Աստծո անձնական անունը։ Այնտեղ աղավաղվել է ճշմարտությունը մահացածների մասին, որը հստակ երևում է բնագիր լեզվում, և ստվերի տակ է թողնվել երկրի նկատմամբ Աստծո ունեցած նպատակը։ Այս ամենը զրուցակցիդ բացատրելու համար կարող ես տարբեր Աստվածաշնչերում համեմատել հիմնական համարները, կամ օգտվել ձեր լեզվով առկա ավելի հին թարգմանություններից։ «Տրամաբանել Սուրբ Գրությունների հիման վրա» գիրքը հնարավորություն է տալիս համեմատել, թե տարբեր թարգմանություններում ինչպես են ձևակերպվել այն համարների հիմնական արտահայտությունները, որոնք հաճախակի են կիրառվում։ Ճշմարտությունը սիրող մարդիկ երախտապարտ կլինեն իմանալու այս բոլոր փաստերը։

Ժողովի հանդիպումներին։ Անհրաժեշտ է բոլորին խրախուսել օգտվելու իրենց Աստվածաշնչերից նաև ժողովի հանդիպումների ժամանակ։ Դրա օգուտները շատ են։ Դա օգնում է ունկնդիրներին իրենց ուշադրությունը չշեղել քննարկվող թեմայից։ Բացի այդ, նրանք ասվածը կընկալեն ոչ միայն լսելու, այլ նաև տեսնելու միջոցով։ Նորերս հետաքրքրված անձինք էլ իրենց հերթին կհամոզվեն, որ իրոք՝ մեր բոլոր հավատալիքների աղբյուրը Աստվածաշունչն է։

Ունկնդիրներն իրենց Աստվածաշնչերով կհետևեն սուրբգրային համարների ընթերցանությանը, թե՝ ոչ, մեծապես կախված է այն բանից, թե դու ինչպես կմղես նրանց դա անել։ Ամենալավ միջոցներից մեկն է՝ հրավիրել նրանց բացելու գրքերը։

Որպես հռետոր՝ որոշողը դու ես, թե ո՛ր համարների վրա արժե հրավիրել ունկնդիրների ուշադրությունը, և այդպիսով ընդգծել դրանք։ Հարկավոր է կարդալ հատկապես այն համարները, որոնք կօգնեն լուսաբանել ելույթի գլխավոր կետերը։ Եթե ժամանակը ներում է, կարող ես ընթերցել նաև այլ համարներ՝ քո կողմից ներկայացրած փաստարկները հիմնավորելու համար։

Իհարկե, բավարար չէ պարզապես ասել սուրբգրային համարի տեղը և հրավիրել ունկնդիրներին բացելու այն։ Եթե դու կարդում ես որևէ համար և անմիջապես անցնում հաջորդին, երբ ունկնդիրները դեռ չեն էլ հասցրել գտնել առաջինը, նրանց մեջ կկորի փնտրելու ցանկությունը, և կդադարեն իրենց Աստվածաշնչերով հետևել համարների ընթերցանությանը։ Հետևիր ունկնդիրներին և Աստվածաշնչից ընթերցիր միայն այն ժամանակ, երբ մեծամասնությունն արդեն գտել է նշված համարը։

Եղիր շրջահայաց։ Ընթերցելուց բավականաչափ առաջ հիշատակիր համարի տեղը։ Այդ դեպքում ստիպված չես լինի երկար սպասել, մինչև որ ունկնդիրները գտնեն այն։ Չնայած այդպես վարվելով քիչ տեղեկություն կկարողանաս հաղորդել նրանց, այնուամենայնիվ ելույթից շատ ավելի մեծ օգուտներ կքաղեն քեզ լսողները։