Կատարելագործվիր որպես ուսուցիչ
ՈՐՊԵՍ ուսուցիչ՝ ի՞նչ նպատակ ես հետապնդում։ Եթե վերջերս ես Թագավորության քարոզիչ դարձել, անշուշտ կցանկանայիր իմանալ, թե ինչպես պետք է Աստվածաշնչի տնային ուսումնասիրություն անցկացնել, քանի որ Հիսուսն աշակերտներ պատրաստելու առաջադրանք տվեց իր հետևորդներին (Մատթ. 28։19, 20)։ Իսկ եթե այս գործում արդեն որոշակի փորձ ունես, հավանաբար նպատակդ այն է, որ կարողանաս ավելի հմտորեն հասնել այն մարդկանց սրտերին, ում ձգտում ես օգնել։ Եթե ծնող ես, անշուշտ կամենում ես այնպես ուսուցանել երեխաներիդ, որ նրանց օգնես նվիրել իրենց կյանքը Աստծուն (Գ Յովհ. 4)։ Իսկ եթե երեց ես կամ ձգտում ես երեց դառնալ, ապա հավանական է, որ ցանկանաս լինել այնպիսի հռետոր, որը կկարողանա իր ունկնդրի սրտում գնահատանք առաջացնել Եհովայի ու նրա ուղիների հանդեպ։ Ինչպե՞ս կարող ես այս նպատակներին հասնել։
Ընդօրինակիր Հմուտ Ուսուցչին՝ Հիսուս Քրիստոսին (Ղուկ. 6։40, ԱՆԹ)։ Անկախ նրանից, թե ովքեր էին Հիսուսի ունկնդիրները՝ լեռան վրա հավաքված մեծաթիվ բազմություն, թե իր հետ ճանապարհով քայլող միայն մի քանի հոգի, նրա խոսքերն ու արտահայտվելու ձևը անջնջելի տպավորություն էին թողնում ունկնդիրների վրա։ Հիսուսը արթնացնում էր նրանց միտքն ու սիրտը և հասկանալի կերպով ցույց էր տալիս, թե իր սովորեցրածը ինչպես կարելի է գործնականում կիրառել։ Իսկ դու կարո՞ղ ես հասնել նույնանման արդյունքների։
Ապավինիր Եհովային
Ուսուցանելու հրաշալի կարողությունը, որին տիրապետում էր Հիսուսը, արդյունք էր իր երկնային Հոր հետ ունեցած մտերիմ փոխհարաբերությունների և Աստծո ոգու օրհնության։ Եհովայից անկեղծորեն խնդրո՞ւմ ես աղոթքով, որ նա օգնի քեզ արդյունավետ կերպով անցկացնել Աստվածաշնչի տնային ուսումնասիրությունները։ Եթե ծնող ես, կանոնավորաբար աղոթո՞ւմ ես երեխաներիդ կրթելու գործում աստվածային առաջնորդություն ստանալու համար։ Սրտանց աղոթո՞ւմ ես, երբ նախապատրաստվում ես հանդիպումներ անցկացնելու կամ ելույթ ներկայացնելու։ Աղոթքների միջոցով Եհովային ապավինելը կնպաստի, որ դու ավելի հմուտ ուսուցիչ դառնաս։
Եհովայի հանդեպ վստահությունը գալիս է նրա Խոսքի՝ Աստվածաշնչի հանդեպ ունեցած վստահությունից։ Իր մարդկային կյանքի վերջին գիշերը իր Հորն ուղղած աղոթքում Հիսուսն ասաց. «Քո խօսքը նորանց տուի» (Յովհ. 17։14)։ Չնայած Հիսուսը հազարավոր տարիների փորձ ուներ, սակայն նա երբեք իրենից չէր խոսում։ Նա միշտ ասում էր այն, ինչ իր Հայրն էր սովորեցրել իրեն։ Այդպիսով նա մեզ համար օրինակ է թողել (Յովհ. 12։49, 50)։ Աստծո խոսքը, որ արձանագրված է Աստվածաշնչում, ի զորու է ազդեցություն գործել մարդկանց վրա՝ նրանց գործերի, խորին մտքերի և զգացմունքների վրա (Եբր. 4։12)։ Աստծո Խոսքի գիտության մեջ աճելով և այդ գիտելիքները ծառայության մեջ հմտորեն օգտագործելով՝ դու ձեռք կբերես ուսուցանելու այնպիսի կարողություն, որը մարդկանց կմոտեցնի Եհովային (Բ Տիմոթ. 3։16, 17)։
Պատվիր Եհովային
Քրիստոսին ընդօրինակող ուսուցիչ լինելու համար բավարար չէ ընդամենը կարողանալ հետաքրքիր ելույթ մատուցել։ Ճիշտ է, մարդիկ զարմանում էին Հիսուսի «շնորհաց խօսքերի» վրա (Ղուկ. 4։22)։ Բայց ո՞րն էր նրա նպատակը։ Հիսուսի նպատակը Եհովային պատվելն էր, ոչ թե մարդկանց ուշադրությունն իր վրա հրավիրելը (Յովհ. 7։16–18)։ Նա իր հետևորդներին հորդորեց. «Այսպէս լուսաւորէ ձեր լոյսը մարդկանց առաջին, որ ձեր բարի գործերը տեսնեն, եւ փառաւորեն ձեր Հօրը որ երկնքումն է» (Մատթ. 5։16)։ Այս խորհուրդը պետք է ազդեցություն թողնի այն հարցում, թե ինչպես ենք սովորեցնում։ Մենք պետք է ձգտենք խուսափել այն ամենից, ինչը կարող է շեղել մեզ այդ նպատակից։ Ուստի երբ մտածում ենք, թե ինչ ասել կամ ինչպես ասել, լավ կլինի, եթե հարցնենք ինքներս մեզ. «Արդյոք իմ խոսքերը կօգնե՞ն մարդկանց խորացնել Եհովայի հանդեպ իրենց գնահատանքը, թե՞ նրանց ուշադրությունը կուղղեն ինձ վրա»։
Օրինակ՝ ուսուցանելիս արդյունավետ կերպով կարելի է օգտագործել կենսագրություններն ու օրինակները։ Բայց եթե օրինակը շատ ծավալուն լինի, իսկ պատմությունը՝ լի ավելորդ մանրամասնություններով, ապա տեսադաշտից կկորչի ուսուցման բուն նպատակը։ Նմանապես, միայն զվարճացնելու համար ներկայացված պատմությունը շեղում է ծառայության մեր նպատակակետից։ Նման դեպքում ստացվում է, որ աստվածապետական ուսուցման բուն նպատակը իրագործելու փոխարեն՝ ուսուցիչն ուշադրությունն իր վրա է հրավիրում։
Ցույց տուր ‘տարբերություններ’
Որպեսզի որևէ մեկն իսկապես աշակերտ դառնա, նա պետք է հստակ հասկանա, թե ինչ է սովորում։ Նա պետք է ոչ միայն լսի ճշմարտությունը, այլ նաև տեսնի, թե ինչով է այն տարբերվում մյուս հավատալիքներից։ Հակադրություններ կիրառելը կօգնի այս հարցում։
Եհովան միշտ խրախուսում էր իր ժողովրդին «տարբերել» մաքուրն անմաքուրից (Ղեւտ. 10։9–11)։ Նա հայտնել էր, որ իր մեծ հոգևոր տաճարում ծառայողները պետք է ժողովրդին սովորեցնեին հասկանալ «սուրբի եւ անսուրբի տարբերութիւնը» (Եզեկ. 44։23)։ «Առակաց» գիրքը լի է հակադրություններով։ Այնտեղ հակադրվում են արդարությունն ու ամբարշտությունը, իմաստությունն ու հիմարությունը։ Կարելի է որոշակի հակադրություններ ստեղծել նույնիսկ այնպիսի իրերի և հասկացությունների միջև, որոնք իրականում չեն հակասում իրար։ Օրինակ՝ Հռովմայեցիս 5։7–ում Պողոս առաքյալը տարբերություն դրեց արդար մարդու և բարի մարդու միջև։ «Եբրայեցիս» գրքում նա ցույց է տալիս Քրիստոսի քահանայապետության գերազանցությունը Ահարոնի քահանայապետության նկատմամբ։ 17–րդ դարի մանկավարժ Յան Ամոս Կոմենսկին գրում է. «Սովորեցնելը ոչ այլ ինչ է, եթե ոչ ցույց տալ, թե ինչպես են իրերը տարբերվում իրենց նպատակով, ձևով և ծագումով։ .... Հետևաբար նա, ով կարողանում է հմտորեն ցույց տալ տարբերությունը իրերի միջև, վարպետ ուսուցիչ է»։
Ենթադրենք՝ ինչ–որ մեկին սովորեցնում ես Աստծո Թագավորության մասին։ Եթե վերջինս չգիտի՝ ինչ է Աստծո Թագավորությունը, կարող ես նրան ցույց տալ, թե ինչպես է Աստվածաշնչի հաղորդագրությունը տարբերվում այն հասկացողությունից, որ Թագավորությունը պարզապես մարդու սրտի վիճակ է։ Կամ կարող ես բացատրել, թե ինչով է Թագավորությունը տարբերվում մարդկային կառավարություններից։ Սակայն, եթե գործ ունես անհատների հետ, ովքեր արդեն ծանոթ են այս հիմնական ճշմարտություններին, կարող ես խորանալ նրբությունների մեջ։ Օրինակ՝ կարելի է ցույց տալ, թե ինչպես է Մեսիական թագավորությունը տարբերվում Եհովայի տիեզերական թագավորությունից (Սաղմոս 103։19) կամ ‘Աստծո սիրելի Որդու արքայությունից’ (Կողոսացիս 1։13) կամ էլ ‘տնտեսությունից’ (Եփեսացիս 1։10)։ Հակադրություններ գործածելով՝ դու կարող ես Աստվածաշնչի կարևոր ուսուցումները ավելի հստակ մատուցել ունկնդրիդ։
Հիսուսը հաճախ էր դիմում ուսուցման այս մեթոդին։ Օրինակ՝ նա հակադրության մեջ դրեց Օրենքի ճշգրիտ նպատակը և մարդկանց մեջ տարածում գտած հասկացողությունը Մովսիսական օրենքի վերաբերյալ (Մատթ. 5։21–48)։ Հակադրության մեջ դրեց Աստծո հանդեպ անկեղծ նվիրվածությունը և փարիսեցիների կեղծավոր արարքները (Մատթ. 6։1–18)։ Նա հակադրեց ուրիշների վրա ‘տիրող’ անձանց կողմից դրսևորվող ոգին անձնազոհության այն ոգու հետ, որ պետք է դրսևորեին իր հետևորդները (Մատթ. 20։25–28)։ Իսկ մեկ ուրիշ առիթով հրավիրեց իր ունկնդիրներին անձամբ մատնացույց անել ինքնարդարացման և անկեղծ զղջման միջև գոյություն ունեցող հակադրությանը. այս մասին կարդում ենք Մատթէոս 21։28–32-ում։ Այստեղից կարող ենք անցում կատարել դեպի ուսուցման մեկ այլ հիանալի մեթոդի։
Խրախուսիր ունկնդիրներին մտածել
Մատթէոս 21։28–ում կարդում ենք, որ երբ Հիսուսն ուսուցանելիս համեմատություններ էր գործածում, հարցնում էր. «Ի՞նչպէս է երեւում ձեզ»։ Որակյալ ուսուցիչը չի բավարարվում սոսկ փաստեր բերելով կամ միայն հարցերին պատասխանելով։ Ընդհակառակը՝ նա խրախուսում է իր ունկնդիրներին զարգացնելու իրենց մտածելու ունակությունը (Առակ. 3։21; Հռովմ. 12։1)։ Դա մասամբ կարելի է անել հարցեր տալու միջոցով։ Ինչպես կարդում ենք Մատթէոս 17։24–ում, Հիսուսը հարցրեց. «Քեզ ի՞նչպէս է երեւում, Սիմօն, երկրի թագաւորներն ումի՞ց են առնում հարկը կամ տուրքը, իրանց որդիների՞ցը թէ օտարներիցը»։ Մտածելու տեղիք տվող այս հարցերը օգնեցին Պետրոսին ճիշտ եզրակացություններ անել տաճարում վճարվող հարկերի վերաբերյալ։ Նմանապես, երբ մի մարդ Հիսուսին հարցրեց՝ «իմ ընկերն ո՞վ է», Հիսուսը քահանայի և ղևտացու վարքը հակադրեց սամարացու վարքին։ Ապա հետևյալ հարցն ուղղեց. «Հիմա այն երեքից ո՞րն է երեւում քեզ՝ թէ ընկեր է եղել այն աւազակների ձեռք ընկած մարդին» (Ղուկ. 10։29–36)։ Այս դեպքում ևս Հիսուսն իր ունկնդրի փոխարեն չմտածեց, այլ հրավիրեց նրան, որ նա ինքը պատասխանի իր բարձրացրած հարցին (Ղուկ. 7։41–43)։
Ձգտիր սրտին հասնել
Այն ուսուցիչը, որն ըմբռնում է Աստծո Խոսքը, գիտակցում է, որ իրականում ճշմարիտ երկրպագություն մատուցելու համար բավարար չէ պարզապես որոշակի փաստեր մտապահելն ու որոշակի կանոնների հետևելը։ Ճշմարիտ երկրպագությունը հիմնված է Եհովայի ուղիները գնահատելու, ինչպես նաև նրա հետ մտերիմ փոխհարաբերություն հաստատելու վրա։ Այն սրտից է բխում (Բ Օրին. 10։12, 13; Ղուկ. 10։25–27)։ Գրություններում «սիրտ» բառը հաճախ վերաբերում է անհատի ներքին անձնավորությանը, այդ թվում՝ նրա ցանկություններին, հույզերին, զգացմունքներին և մղումներին։
Հիսուսը գիտեր, որ մարդը դատում է ըստ արտաքինի, իսկ Աստված սրտին է նայում (Ա Թագ. 16։7)։ Մենք ևս Աստծուն պիտի ծառայենք նրա հանդեպ ունեցած սիրուց մղված, ոչ թե մեր հավատակիցների վրա տպավորություն թողնելու ձգտումով (Մատթ. 6։5–8)։ Մինչդեռ փարիսեցիները ամեն բան ցուցադրաբար էին անում՝ մարդկանց կողմից աչքի ընկնելու նպատակով։ Նրանք մեծ նշանակություն էին տալիս Օրենքի մանրամասնությունները կատարելուն և իրենց սահմանած կանոններին ենթարկվելուն։ Նրանք ձևացնում էին, թե երկրպագում են Աստծուն, սակայն թերանում էին իրենց կյանքում դրսևորել այնպիսի հատկություններ, որոնցով կբնորոշվեին որպես Աստծո երկրպագուներ (Մատթ. 9։13; Ղուկ. 11։42)։ Հիսուսը սովորեցրեց, որ Աստծո պահանջներին հնազանդվելը կարևոր է, բայց թե ինչ արժեք կունենա այդպիսի հնազանդությունը, կախված է անհատի սրտի վիճակից (Մատթ. 15։7–9; Մարկ. 7։20–23; Յովհ. 3։36)։ Մեր մատուցած ուսուցումը լավագույն օգուտները կտա մարդկանց, եթե այդ գործում ընդօրինակենք Հիսուսին։ Ինչ խոսք, կարևոր է մարդկանց սովորեցնել, թե ինչ է Աստված պահանջում իրենցից։ Բայց պակաս կարևոր չէ նաև այն, որ նրանք ճանաչեն ու սիրեն Եհովային որպես անձնավորության։ Այդ դեպքում նրանց վարքը կլինի ճշմարիտ Աստծո հետ նրանց ունեցած ջերմ փոխհարաբերությունների արտացոլումը։
Ինչ խոսք, նման ուսուցումից օգուտներ քաղելու համար մարդիկ պետք է ուշադրություն դարձնեն իրենց սրտին։ Հիսուսը հորդորեց մարդկանց քննել իրենց մղումներն ու զգացմունքները։ Որևէ սխալ տեսակետ ուղղելուց առաջ նա հարցնում էր, թե ինչու են նրանք այդպես մտածում, այդպես վարվում կամ այդպիսի բան ասում։ Սակայն նա չէր սահմանափակվում միայն դրանով. Հիսուսն իր հարցը զուգակցում էր այնպիսի արտահայտություններով, օրինակներով ու գործերով, որոնք խրախուսում էին նրանց ճշտել տվյալ հարցի վերաբերյալ իրենց տեսակետը (Մարկ. 2։8; 4։40ա; 8։17; Ղուկ. 6։41, 46)։ Մենք էլ կարող ենք օգնել մեր ունկնդիրներին, որ իրենք իրենց այսպիսի հարցեր տան. «Ինչո՞ւ է ինձ դուր գալիս այս վարվելակերպը։ Ինչո՞ւ եմ ես այս իրադրության մեջ ինձ այսպես պահում»։ Ապա կարող ենք օգնել նրանց իրերը դիտել Եհովայի տեսանկյունից։
Ցույց տուր՝ ինչպես կիրառել սովորածը
Հմուտ ուսուցիչը գիտի, որ «ամէն բանի գլուխը իմաստութիւնն է» (Առակ. 4։7, տող. ծանոթ.)։ Իմաստությունը հաջողությամբ գիտելիքները կիրառելու հատկությունն է՝ պրոբլեմները լուծելու, վտանգներից խուսափելու, նպատակների հասնելու և ուրիշներին օգնելու հարցում։ Ուսուցիչը պետք է օգնի աշակերտին հասնել այդ նպատակին և ոչ թե նրա փոխարեն որոշումներ կայացնի։ Աստվածաշնչյան տարբեր սկզբունքներ քննարկելիս օգնիր հետաքրքրվողին տրամաբանել։ Կարող ես առօրյա կյանքից որևէ իրավիճակ ներկայացնել նրան, ապա հարցնել, թե նրա կարծիքով՝ այդ նոր աստվածաշնչյան սկզբունքն ինչպես կարող է օգնել իրեն այդպիսի իրավիճակում հայտնվելիս (Եբր. 5։14)։
Մ.թ. 33–ի Պենտեկոստեին Պետրոս առաքյալն իր ելույթում մի օրինակ բերեց, որը գործնական էր այն առումով, որ անմիջականորեն առնչվում էր մարդկանց կյանքին (Գործք 2։14–36)։ Քննարկելով Գրություններից երեք հատված, որոնց ժողովուրդը հավատում էր՝ Պետրոսը ցույց տվեց դրանց կատարումն այն իրադարձությունների լույսի ներքո, որոնց վկաներն էին նրանք։ Արդյունքում ունկնդիրները հասկացան, որ պետք է գործեն Պետրոսի ասածների համաձայն։ Քո մատուցած ուսուցումը նույնպիսի ազդեցություն թողնո՞ւմ է մարդկանց վրա։ Աշխատո՞ւմ ես արդյոք փաստեր ներկայացնելուց ավելին անել, օգնո՞ւմ ես մարդկանց հասկանալ, թե ինչու այն, ինչ բացատրում ես, իրոք այդպես է։ Մղո՞ւմ ես նրանց խորհելու, թե իրենց սովորած գաղափարներն ինչ ազդեցություն պետք է թողնեն իրենց կյանքի վրա։ Գուցե նրանք Պենտեկոստեին հավաքված ամբոխի նման չբացականչեն՝ «ի՞նչ անենք», սակայն եթե դու հարկ եղած ձևով բացատրես, թե ինչպես կիրառել մեջբերված սուրբգրային համարները, նրանք պատրաստ կլինեն համապատասխան քայլեր անելու (Գործք 2։37)։
Երեխաների հետ Աստվածաշունչ կարդալիս, որպես ծնող՝ դու հիանալի հնարավորություն ունես սովորեցնելու նրանց մտածել, թե ինչպես կարելի է կյանքում կիրառել սուրբգրային սկզբունքները (Եփես. 6։4)։ Օրինակ՝ կարող ես տվյալ շաբաթվա ընթերցանության համար նախատեսված հատվածից ընտրել մի քանի աստվածաշնչյան համար, քննարկել դրանց իմաստը և ապա այսպիսի հարցեր տալ երեխաներին. «Ինչպիսի՞ առաջնորդություն է սա մեզ համար։ Ինչպե՞ս կարող ենք այս համարներն օգտագործել ծառայության մեջ։ Եհովայի ու նրա գործելակերպի մասին ի՞նչ ենք իմանում այս համարներից, և ինչպե՞ս են դրանք օգնում մեզ երախտապարտ լինել Եհովային»։ Հորդորիր ընտանիքիդ անդամներին մեկնաբանություններ տալ, երբ Աստվածապետական ծառայության դպրոցում քննարկվեն այդ հատվածի ուշագրավ մտքերը։ Հավանաբար հենց այդ համարներն էլ կտպավորվեն նրանց հիշողության մեջ։
Լավ օրինակ եղիր
Մենք սովորեցնում ենք ոչ միայն խոսքերով, այլև գործերով։ Քո գործերը պետք է ցույց տան, թե ինչպես ես կիրառում այն ամենը, ինչ ասում ես։ Երեխաները հենց այդպես են սովորում։ Նրանք փորձում են ընդօրինակել իրենց ծնողներին և դրանով իսկ ցույց են տալիս, որ ուզում են նրանց նմանվել։ Նրանք ուզում են անձամբ տեսնել, թե ինչ կլինի, եթե անեն այն, ինչ իրենց ծնողներն են անում։ Նմանապես, եթե քո աշակերտները ‘քեզ նմանվող լինեն, ինչպես դու էլ Քրիստոսին’, նրանք կստանան այն օրհնությունները, որ կարելի է ստանալ Եհովայի ուղիներով ընթանալուց (Ա Կորնթ. 11։1)։ Այդ դեպքում Աստծո հետ մտերիմ փոխհարաբերություններ ունենալով՝ նրանք անձամբ կզգան դրա օգուտները։
Սա տեղին հիշեցում է այն մասին, թե որքան կարևոր է լավ օրինակ ծառայելը։ «Սուրբ ու աստուածապաշտ վարք» դրսևորելով՝ մենք Աստվածաշնչի սկզբունքները կիրառելու հարցում կենդանի օրինակ կլինենք այն անձանց համար, ում հետ ուսումնասիրում ենք Աստվածաշունչը (Բ Պետ. 3։11)։ Եթե դու հորդորում ես նրանց կանոնավորաբար կարդալ Աստծո Խոսքը, նախ ինքդ կարդա ջանասիրաբար։ Եթե ցանկանում ես, որ նրանք սովորեն ապրել սուրբգրային սկզբունքներով, թող որ նրանք նկատեն, որ դու գործում ես Աստծո կամքին ներդաշնակ։ Եվ եթե ուսուցանում ես ժողովին եռանդուն լինել ծառայության մեջ, նախ ինքդ լիարժեք մասնակցություն ունեցիր այդ գործում։ Երբ մարդիկ տեսնեն, որ կյանքում կիրառում ես այն, ինչ որ սովորեցնում ես ուրիշներին, ավելի հեշտությամբ կմղվեն գործերի (Հռովմ. 2։21–23)։
Նպատակ ունենալով կատարելագործվել որպես ուսուցիչ՝ հարցրու ինքդ քեզ. «Հաջողվո՞ւմ է ինձ սովորեցնել մարդկանց այնպես, որ նրանք մղվեն փոխելու իրենց մտածելակերպը, խոսելաձևն ու գործերը։ Որևէ հարց պարզաբանելիս կարողանո՞ւմ եմ հստակ ցույց տալ տարբերությունը այս կամ այն տեսակի գաղափարների կամ վարվելակերպերի միջև։ Ի՞նչ եմ անում՝ օգնելու երեխաներիս, այն անհատին, որի հետ ուսումնասիրում եմ Աստվածաշունչը կամ էլ ժողովի հանդիպմանը ներկա գտնվողներին, որ հիշեն իմ ասածը։ Արդյոք հստակորեն ցույց տալի՞ս եմ ունկնդրին, թե ինչպես կարելի է կյանքում կիրառել սովորածը։ Իսկ դա ցույց տալի՞ս եմ իմ օրինակով։ Հասկանո՞ւմ են արդյոք նրանք, թե քննարկվող հարցի հանդեպ իրենց վերաբերմունքն ինչպես է առնչվում Եհովայի հետ ունեցած փոխհարաբերությանը (Առակ. 9։10)։ Շարունակ կատարելագործվիր որպես ուսուցիչ. միշտ ուշադրություն դարձրու այդ հարցերին։ «Զգոյշ կաց անձիդ եւ վարդապետութեանդ, եւ դորանում յարատեւիր. որովհետեւ այդ անելով քո անձն էլ կ’ապրեցնես, եւ քեզ լսողներին էլ» (Ա Տիմոթ. 4։16)։