Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ԴԱՍ 7

Կարևոր մտքերի ընդգծում

Կարևոր մտքերի ընդգծում

ՓՈՐՁԱՌՈՒ ընթերցողը կարող է նկատել ոչ միայն ընթերցվող նախադասությանը հաջորդող մտքերը, այլ նույնիսկ ավելին, քան պարբերությունը, որում հանդիպում է տվյալ նախադասությունը։ Ընթերցելիս նա նկատի է ունենում ներկայացվող ամբողջ նյութի կարևոր մտքերը և ըստ այդմ էլ ընդգծում համապատասխան հատվածները։

Եթե ընթերցողը չի անում այս քայլերը, ապա արդյունքում նրա մատուցման մեջ կբացակայեն գագաթնակետերը կամ կուլմինացիոն պահերը։ Փաստորեն, ոչինչ պարզորոշ չի առանձնացվի, և ընթերցանության ավարտից հետո ունկնդիրները դժվարությամբ կհիշեն որևէ աչքառու միտք։

Կարևոր մտքերն ընդգծելուն բավականաչափ ուշադրություն դարձնելով՝ կարող ես ուրիշների համար ավելի ազդեցիկ կերպով կարդալ Աստվածաշնչի խոսքերը։ Բացի այդ, դրա շնորհիվ ավելի իմաստալից կդառնա մեր ընթերցանությունը Աստվածաշնչի տնային ուսումնասիրության և ժողովի հանդիպումների ժամանակ։ Ի վերջո, կարևոր մտքերն ընդգծելուն պետք է հատուկ ուշադրություն դարձնել պատրաստի տեքստով ելույթ ներկայացնելիս, ինչպես երբեմն արվում է մեր համաժողովների ժամանակ։

Ինչպես ընդգծել կարևոր մտքերը։ Աստվածապետական ծառայության դպրոցում հնարավոր է Աստվածաշնչից որևէ հատված ընթերցելու հանձնարարություն ստանաս։ Ինչպե՞ս որոշել, թե ո՛ր մտքերն է հարկավոր ընդգծել։ Եթե Աստվածաշնչի այդ հատվածում որևէ հիմնական միտք է զարգանում, կամ կարևոր իրադարձություն է նկարագրվում, ապա դա հենց այն է, ինչը պետք է ակնառու դարձնել։

Անկախ այն բանից, թե ինչ ես պատրաստվում ընթերցել՝ չափածո, արձակ, առակ թե պատմական դրվագ՝ քեզ լսողները օգուտներ կքաղեն միայն այն դեպքում, եթե լավ ընթերցես (Բ Տիմոթ. 3։16, 17)։ Իսկ դրա համար պետք է հաշվի առնել թե՛ այն հատվածները, որ պատրաստվում ես ընթերցել, և թե՛ ունկնդիրներին։

Երբ Աստվածաշնչի տնային ուսումնասիրության կամ ժողովի հանդիպման ժամանակ որևէ հրատարակություն ես ընթերցում, ինչպե՞ս կարող ես որոշել կարևոր մտքերը, որոնք հարկավոր է ընդգծել։ Նախևառաջ, կարևոր մտքեր են հանդիսանում ուսումնասիրվող նյութի մեջ գտնվող հարցերի պատասխանները։ Անհրաժեշտ է ընդգծել նաև ենթավերնագրի տակ գտնվող հատվածում ամփոփված այն մտքերը, որոնք սերտորեն կապված են այդ ենթավերնագրին։

Եթե ելույթ ես ունենում ժողովում, խորհուրդ չի տրվում սովորություն դարձնել ամբողջությամբ գրի առնել ելույթը և ապա այն կարդալ։ Սակայն երբեմն պատրաստի տեքստեր են տրվում համաժողովներում ներկայացվող որոշ ելույթների համար, որպեսզի միևնույն մտքերը միանման ձևով մատուցվեն ամենուրեք՝ բոլոր համաժողովներում։ Որպեսզի հռետորը կարողանա ընդգծել կարևոր մտքերը, առաջին հերթին պետք է մանրազնին կերպով ուսումնասիրի այդ տեքստը։ Նա պետք է կարողանա զատորոշել, թե որոնք են գլխավոր կետերը։ Գլխավոր կետերը այն մտքերը չեն, որոնք, իր կարծիքով, հետաքրքիր են։ Դրանք այն կարևորագույն մտքերն են, որոնց վրա էլ կառուցված է ամբողջ թեման։ Երբեմն կարևոր միտքը կարող է հանդես գալ շատ հակիրճ նախադասության ձևով, որին հաջորդում է պատմական դրվագը կամ ապացույցների շարքը։ Սակայն շատ հաճախ սկզբում ներկայացվում են այդ ապացույցները, իսկ դրանց հաջորդում է գլխավոր եզրահանգումը։ Այս գլխավոր կետերը որոշելուց հետո հռետորը պետք է իր տեքստում դրանք նշի։ Սովորաբար այդ կետերը շատ չեն լինում՝ չորս կամ հինգ։ Ապա նա պետք է վարժվի այնպես կարդալ, որ ունկնդիրներն անմիջապես նկատեն դրանք։ Այո՛, հենց սրանք էլ հանդիսանում են ելույթի կուլմինացիոն պահերը։ Եթե ելույթ ունեցողը նյութը ներկայացնելիս ճիշտ ձևով է ընդգծել կարևոր մտքերը, ապա հավանականությունը մեծ է, որ դրանք կմնան լսողների հիշողության մեջ։ Դա՛ էլ պետք է լինի հռետորի նպատակը։

Հռետորը կարող է տարբեր կերպերով ընդգծել կարևոր մտքերը և այդպիսով օգնել ունկնդիրներին նկատել դրանք։ Օրինակ՝ նա կարող է խոսել ավելի մեծ ոգևորությամբ, փոփոխել տեմպը, արտահայտել ավելի խոր զգացմունքներ, կիրառել համապատասխան ժեստեր և այլն։