ԴԱՍ 32
Համոզվածությամբ խոսիր
ԵԹԵ անհատը համոզվածությամբ է խոսում, ապա կարելի է եզրակացնել, որ նա ամենևին էլ չի կասկածում իր խոսքերի ճշմարտացիության մեջ։ Պողոս առաքյալը ծառայության ժամանակ համոզվածությամբ էր խոսում. դա ակնհայտ էր։ Թեսաղոնիկեցի քրիստոնյաներին նա գրեց. «Մեր աւետարանը միայն խօսքերով չքարոզուեց ձեզ, այլ նաեւ.... կատարեալ վստահութեամբ [«համոզվածությամբ», ՆԱ]» (Ա Թեսաղ. 1։5, ԷԹ)։ Պողոսի համոզվածությունը երևում էր թե՛ իր խոսելաձևից, թե՛ իր ապրելակերպից։ Մենք էլ պետք է այնպես ներկայացնենք աստվածաշնչյան ճշմարտությունները, որ մեր խորին համոզվածությունն ակնհայտ լինի։
Համոզվածությամբ խոսել՝ չի նշանակում լինել համառ, դոգմատիկ կամ գոռոզամիտ։ Եթե անհատը համոզված է խոսում Աստծո Խոսքում գրված թեմաների շուրջ, ապա դա վկայում է նրա ամուր հավատի մասին (Եբր. 11։1)։
Երբ հարկավոր է համոզվածությամբ խոսել։ Քարոզչական ծառայության ժամանակ համոզվածությամբ խոսելը կարևոր է։ Մարդիկ հաճախ ուշադրություն են դարձնում ոչ միայն այն բանին, թե ինչ ես ասում, այլև քո խոսելաոճին։ Նրանք զգում են, թե իրականում ինչպիսին է քո վերաբերմունքը ասածներիդ հանդեպ։ Քո համոզվածությամբ կարող ես ավելի տպավորիչ ձևով ընդգծել ասելիքիդ կարևորությունը, քան խոսքերով։
Հարկավոր է համոզվածություն դրսևորել նաև այն դեպքում, երբ ելույթ ես ունենում հավատակիցներիդ առջև։ Աստծուց ներշնչված՝ Պետրոս առաքյալն իր հավատակիցներին «յորդորելու եւ վկայելու համար, որ Աստծու ճշմարիտ շնորհն ա՛յս է», գրեց իր առաջին նամակը, որում ասում էր. «Հաստա՛տ մնացէք» (Ա Պետ. 5։12, ԷԹ)։ Պողոս առաքյալը Հռոմի քրիստոնյաներին գրելիս արտահայտեց համոզվածություն, ինչը զորացրեց նրանց։ Ահա թե ինչ էր գրել նա. «Հաստատ գիտեմ որ ոչ մահ, ոչ կեանք, ոչ հրեշտակներ, ոչ իշխանութիւններ, ոչ զօրութիւններ, ոչ ներկայ բաներ, ոչ գալու բաներ, եւ ոչ բարձրութիւն, ոչ խորութիւն, եւ ոչ մէկ ուրիշ ստեղծուած բան կարող է մեզ բաժանել Աստուծոյ սէրիցը՝ որ մեր Տէր Յիսուս Քրիստոսումն է» (Հռովմ. 8։38, 39)։ Պողոսի նամակներում համոզվածություն է արտահայտված նաև ուրիշներին քարոզելու անհրաժեշտության վերաբերյալ։ Այս գործում նրա ցուցաբերած եռանդը վառ կերպով վկայում է, որ նա անձամբ համոզված էր քարոզչության կարևորության մեջ (Գործք 20։18–21; Հռովմ. 10։9, 13–15)։ Մեր օրերում քրիստոնյա երեցները պետք է նման համոզվածություն դրսևորեն, երբ ուսուցանում են Աստծո Խոսքը։
Ծնողները նույնպես պետք է համոզվածությամբ խոսեն, երբ ընտանեկան ուսումնասիրության ժամանակ կամ այլ առիթներով հոգևոր բնույթի հարցեր են քննարկում իրենց զավակների հետ։ Իսկ դրա համար նրանք նախևառաջ իրենց սրտում պետք է սեր մշակեն Աստծո և նրա ճանապարհների հանդեպ։ Այսպես վարվելով՝ ծնողները կկարողանան երեխաների հետ անկեղծ համոզվածությամբ խոսել, «որովհետեւ սրտի աւելացածիցն խօսում է.... բերանը» (Ղուկ. 6։45; Բ Օրին. 6։5–7)։ Նման համոզվածությունը կմղի ծնողներին օրինակ լինել «անկեղծ հաւատք» ունենալու մեջ (Բ Տիմոթ. 1։5)։
Առանձնապես կարևոր է համոզվածությամբ խոսել այն ժամանակ, երբ հավատդ փորձության է ենթարկվում։ Կարող է այնպես լինել, որ քո համադասարանցին, ուսուցիչը կամ գործընկերը զարմանա, որ իրենց հետ միասին չես նշում ինչ–որ տոն։ Եթե վճռական, լավ տրամաբանված պատասխան տաս, ապա դա կարող է օգնել նրանց հարգելու Աստվածաշնչի վրա հիմնված քո տեսակետը։ Իսկ ի՞նչ կարող ես անել, երբ որևէ մեկը փորձում է քեզ ներքաշել սխալ արարք կատարելու մեջ, օրինակ՝ անազնվություն, թմրանյութերի գործածում կամ էլ սեռական անբարոյություն։ Շատ կարևոր է նրան պարզ բացատրել, որ դու ոչ մի դեպքում չես անի դա, և ինչ ձևով էլ քեզ համոզի, միևնույն է, միտքդ չես փոխի։ Սակայն, որպեսզի մերժումդ նպատակին հասնի, պետք է համոզված խոսես։ Հովսեփը, դիմադրելով Պետափրեսի կնոջ անբարո առաջարկություններին, վճռականորեն ասաց. «Ի՞նչպէս գործեմ այս մեծ չարութիւնը, եւ Աստուծոյ դէմ մեղանչեմ»։ Իսկ երբ այդ կինը համառեց, նա տնից դուրս փախավ (Ծննդ. 39։9, 12)։
Ինչպես է համոզվածությունը դրսևորվում։ Բառերը, որոնցով արտահայտում ես միտքդ, կարող են բավական ակնառու կերպով ցույց տալ, որ համոզված ես քո խոսքերում։ Բազմաթիվ են այն դեպքերը, երբ Հիսուսը կարևոր մտքեր արտահայտելուց անմիջապես առաջ ասում էր. «Ճշմարիտ ճշմարիտ ասում եմ քեզ» (Յովհ. 3։3, 5, 11; 5։19, 24, 25)։ Այն, որ Պողոսը համոզված էր, երևում է նրա այնպիսի արտահայտություններից, ինչպիսիք են՝ «հաստատ գիտեմ», «ասիկա գիտեմ ու համոզուած եմ Տէր Յիսուսով», «ճշմարիտն եմ ասում, սուտ չեմ խօսում» (Հռովմ. 8։38; 14։14, Արևմտ. Աստ.; Ա Տիմոթ. 2։7)։ Ցույց տալու համար, որ Եհովայի խոսքն անպայման կկատարվի, Աստծո մարգարեները նրա ներշնչումով երբեմն շատ տպավորիչ արտահայտություններ էին ասում, ինչպես՝ «անպատճառ պիտի գայ» (Ամբ. 2։3)։ Այսպիսի մարգարեություններ քննարկելիս դու էլ կարող ես նման արտահայտություններ օգտագործել։ Եթե քո ընդունակությունների վրա հույս դնելու փոխարեն ապավինես Եհովային և մարդկանց հետ հարգալից խոսես, ապա քո՝ այսպիսի համոզվածություն արտահայտող խոսքերը կվկայեն ամուր հավատիդ մասին։
Համոզվածությունը երևում է նաև խոսքի լրջությունից ու արտահայտչականությունից։ Դեմքի արտահայտությամբ, ժեստերով և մարմնի շարժումներով նույնպես կարելի է համոզվածություն դրսևորել, թեպետ տարբեր մարդիկ տարբեր ձևով են դա անում։ Նույնիսկ եթե ամաչկոտ ես կամ բնականից ցածր ձայն ունես, քո համոզվածությունն ակնհայտ կլինի, եթե լիովին վստահ լինես, որ ասածներդ ճշմարտացի են, և ուրիշները կարիք ունեն քեզ լսելու։
Անշուշտ, համոզվածություն արտահայտելու համար մեր խոսքը պետք է անկեղծ հնչի։ Եթե մարդը զգա, որ ձևացնում ենք թե սրտանց ենք խոսում, նա ամենայն հավանականությամբ կեզրակացնի, թե մեր ասածների մեջ չկա այնպիսի բան, որ արժե լսել։ Ուստի ամենակարևորը պարզ, բնական ձևով խոսելն է։ Իսկ երբ ելույթ ես ունենում մեծ լսարանի առջև, այդ դեպքում լավ կլինի, որ սովորականից ավելի բարձր և ուժգին խոսես։ Բայց քո նպատակը պետք է լինի անկեղծ ու բնական խոսելը։
Ինչը կօգնի համոզվածությամբ խոսել։ Որպեսզի խոսքդ համոզվածություն արտահայտի, շատ կարևոր է լավ նախապատրաստվել, քանի որ համոզվածությամբ խոսել–չխոսելը կախված է խոսակցության նյութի հանդեպ ունեցած քո վերաբերմունքից։ Նյութը որևէ աղբյուրից արտագրելը և հետո ներկայացնելը բավական չէ։ Հարկավոր է մինչև վերջ հասկանալ, թե ինչի մասին է թեման, և նյութը սեփական բառերով շարադրել։ Դու պետք է լիովին համոզված լինես, որ այն, ինչ որ ասելու ես, ճշմարիտ է և մեծ կարևորություն ունի ունկնդիրների համար։ Սա նշանակում է, որ ելույթին նախապատրաստվելիս պետք է հաշվի առնես ինչպես նրանց հանգամանքները, այնպես էլ այն, թե տվյալ թեմայից ինչ գիտեն նրանք կամ ինչպես են վերաբերվում այդ թեմային։
Եթե մեր խոսքը սահուն է հնչում, մարդիկ ավելի հեշտությամբ են զգում, որ մենք համոզված ենք մեր ասածներում։ Ուստի, բացի այն բանից, որ հոգ ես տանում նյութի բովանդակալից լինելու մասին, աշխատիր նաև նյութի մատուցման վրա։ Առանձնապես ուշադրություն դարձրու այն հատվածների վրա, որոնք հարկավոր է ասել ավելի մեծ համոզվածությամբ, որպեսզի դրանք առանց գրառումներին նայելու մատուցես։ Մի՛ մոռացիր նաև աղոթել Եհովային, որ օրհնի քո ջանքերը։ Այսպես դու Աստծո օգնությամբ համարձակություն կունենաս քո ունկնդիրներին ցույց տալու, որ համոզված ես քո խոսքերի ճշմարտացիության ու կարևորության մեջ (Ա Թեսաղ. 2։2)։