ԴԱՍ 41
Հասկանալի է լսողներին
ԽՈՍԵԼԻՍ աշխատիր զուտ տեղեկություններ ներկայացնելուց ավելին անել։ Ձգտիր հասկանալի կերպով հաղորդել ասելիքդ։ Դա կնպաստի այն բանին, որ կարողանաս լավ փոխանցել մտքերդ ժողովում ելույթ ունենալիս, ինչպես նաև ոչ Վկա անհատների հետ զրուցելիս։
Գոյություն ունեն շատ գործոններ, որոնք նպաստում են, որ խոսքը դառնա հասկանալի։ Դրանցից մի քանիսն արդեն քննարկվել են 26–րդ դասում՝ «Նյութի բաշխումը տրամաբանական հաջորդականությամբ», իսկ մյուսները՝ 30–րդ դասում՝ «Հետաքրքրություն մարդու հանդեպ»։ Այս դասում մենք կքննարկենք մի շարք հավելյալ մտքեր։
Պարզ բառեր և մատուցման հասարակ ոճ։ Պարզ բառերի և համառոտ նախադասությունների օգնությամբ կարելի է ազդեցիկ մտքեր փոխանցել։ Հիսուսի Լեռան քարոզը ելույթի մի չքնաղ օրինակ է, որը հասկանալի է ամեն տեսակի մարդկանց՝ անկախ այն բանից, թե ովքեր են նրանք և որտեղ են ապրում։ Թեև այնտեղ արտահայտված մտքերը կարող են նոր լինել մարդկանց համար, սակայն նրանք կհասկանան Հիսուսի խոսքերը, քանի որ նա շոշափեց այնպիսի հարցեր, որ վերաբերում են բոլորիս. օրինակ՝ ինչպես կարելի է լինել երջանիկ, ինչպես բարելավել փոխհարաբերությունները մարդկանց հետ, հաղթահարել մտահոգությունների բեռը, ինչպես գտնել կյանքի իմաստը։ Եվ այդ ամենը նա ներկայացրեց շատ հասարակ լեզվով (Մատթ. 5–7 գլուխներ)։ Իհարկե, Աստվածաշնչում մենք հանդիպում ենք տարբեր տեսակի նախադասությունների, որոնք միմյանցից տարբերվում են թե՛ իրենց կառուցվածքով և թե՛ ծավալով։ Պարզապես քո հիմնական նպատակը պետք է լինի մտքերը պարզ ու հասկանալի կերպով փոխանցելը։
Նույնիսկ բավականին բարդ նյութը կարող ես դյուրըմբռնելի դարձնել, եթե ներկայացնես պարզ ոճով։ Իսկ ինչպե՞ս դա անել։ Ունկնդիրների միտքը մի ծանրաբեռնիր ավելորդ մանրամասներով։ Նյութն այնպես բաշխիր, որ այն լրացնի ելույթի գլխավոր կետերին։ Հանգամանորեն ընտրիր գլխավոր սուրբգրային համարները։ Աստվածաշնչյան համարներն արագ՝ մեկը մյուսի ետևից ընթերցելու փոխարեն՝ դրանք կարդալուց հետո մեկնաբանություններ տուր։ Սակայն խուսափիր երկար մեկնաբանություններից, որոնք կարող են ստվեր գցել լավ մտքերի վրա։
Նույն սկզբունքները փորձիր կիրառել նաև Աստվածաշնչի տնային ուսումնասիրություն անցկացնելիս։ Մի ջանա բոլոր մանրամասնությունները բացատրել։
Օգնիր ուսումնասիրողին պարզ հասկանալ կարևոր մտքերը։ Ավելի ուշ՝ իր անձնական ուսումնասիրության և ժողովի հանդիպումների ժամանակ, նա կյուրացնի նաև պետք եղած մյուս մանրամասները։Նյութը պարզ ներկայացնելու համար անհրաժեշտ է լավ նախապատրաստվել։ Քննարկվող նյութը նախ ինքդ պետք է լավ հասկանաս, որպեսզի կարողանաս այն հասկանալի լեզվով բացատրել ուրիշներին։ Երբ ինչ–որ բան լավ ես հասկանում, միայն այդ դեպքում կկարողանաս պատճառներ բերել, թե ինչու է տվյալ բանն այդպես։ Բացի դրանից, լավ նախապատրաստվելը քեզ հնարավորություն է տալիս սեփական բառերով ներկայացնելու ասելիքդ։
Բացատրիր անհասկանալի տերմինները։ Խոսքը հասկանալի դարձնելու համար երբեմն անհրաժեշտություն է առաջանում ունկնդիրներին բացատրելու անծանոթ տերմինների իմաստը։ Չպետք է գերագնահատել ունկնդիրների գիտելիքները, բայց մյուս կողմից էլ հարկավոր է խուսափել նրանց հասկանալու ունակությունը թերագնահատելուց։ Աստվածաշունչը ուսումնասիրելիս քո բառապաշարի մեջ մտել են այնպիսի արտահայտություններ, որոնք կարող են տարօրինակ թվալ մարդկանց։ Եթե հավելյալ բացատրություններ չտրվեն «մնացորդ», «հավատարիմ և իմաստուն ծառա», «ուրիշ ոչխարներ» և «մեծ բազմություն» արտահայտությունների վերաբերյալ, ապա նրանք, ովքեր չեն գտնվում Եհովայի վկաների շարքերում, կդժվարանան հասկանալ, որ այդ արտահայտությունները վերաբերում են մարդկանց որոշակի խմբերի (Հռովմ. 11։5; Մատթ. 24։45; Յովհ. 10։16; Յայտն. 7։9, ԷԹ)։ Նմանապես, եթե անհատը ծանոթ չէ Եհովայի վկաների կազմակերպությանը, շատ հավանական է, որ նա չհասկանա այնպիսի արտահայտությունների նշանակությունը, ինչպիսիք են՝ «քարոզիչ», «ռահվիրա», «շրջանային վերակացու» և «Հիշատակի երեկո»։
Որոշ բացատրությունների կարիք են զգում նույնիսկ աստվածաշնչյան այնպիսի արտահայտություններ, որոնք հաճախ կիրառում են նաև նրանք, ովքեր Վկաներ չեն։ Շատերը «Արմագեդոն» ասելով հասկանում են միջուկային կործանում։ Երբեմն էլ «Աստծո Թագավորություն» արտահայտությունը մարդիկ հասկանում են որպես անհատի սրտի վիճակ կամ երկինք, բայց ոչ՝ կառավարություն։ «Հոգի» բառը նրանք կարող են ընկալել որպես մարդու, այսպես կոչված, ոգեղեն մի մասնիկ, որը մահվան ժամանակ լքում է մարդկային մարմինը։ Միլիոնավոր մարդիկ էլ սովորել են, որ «սուրբ ոգին» անձնավորություն է՝ Երրորդության մեկ մասը։ Քանի որ շատ–շատերը հեռու են Աստվածաշնչի բարոյական չափանիշներից, նույնիսկ գուցե անհրաժեշտ լինի նրանց բացատրել, թե ինչ ի նկատի ունի Աստվածաշունչը՝ «Փախէք պոռնկութիւնիցը» ասելով (Ա Կորնթ. 6։18)։
Եթե մարդիկ Աստվածաշունչը կանոնավորաբար չեն ընթերցում, հնարավոր է ճիշտ չհասկանան մեր խոսքերը, եթե պարզապես ասենք՝ «Պողոսը
գրել է...» կամ «Պետրոսն ասաց...». այդ անունները գուցե նրանց հիշեցնեն նույն անունը կրող ընկերոջը կամ հարևանին։ Ուստի հարկ կլինի որոշ պարզաբանող արտահայտությունների միջոցով բնորոշել նրանց որպես քրիստոնյա առաքյալ կամ Աստվածաշնչի գրող։Մեր օրերում հաճախ մարդիկ օգնության կարիք են զգում՝ հասկանալու սուրբգրային այնպիսի համարներ, որտեղ հիշատակվում են չափի միավորներ, կամ նկարագրվում որոշ հին սովորույթներ։ Օրինակ՝ եթե ասենք, որ Նոյի կառուցած տապանի երկարությունը 300 կանգուն էր, լայնությունը՝ 50, իսկ բարձրությունը՝ 30, դժվար թե մեզ լսողները կարողանան պատկերացում կազմել, թե ինչ չափերի է այն եղել (Ծննդ. 6։15)։ Սակայն եթե այդ նույն չափերը ներկայացնենք տվյալ վայրում ընդունված չափի միավորներով, ապա մեզ լսողները անմիջապես կպատկերացնեն տապանի մեծությունը։
Տուր պետք եղած ուրիշ բացատրություններ։ Նյութը պարզ ներկայացնելու համար միայն տերմինների ճիշտ սահմանում տալը բավարար չէ։ Եզրասի օրերում Երուսաղեմում կարդացվում էր Օրենքը և բացատրություններ տրվում։ Որպեսզի մարդիկ հասկանային Օրենքը, ղևտացիները մեկնաբանում էին այն, ինչպես նաև ցույց էին տալիս, թե ինչպես կարելի էր Օրենքը կիրառել, երբ բախվում էին զանազան իրավիճակների, որոնք հատուկ էին իրենց ժամանակներին (Նէեմ. 8։8, 12)։ Փորձիր ինքդ էլ բացատրություններ տալ սուրբգրային համարների վերաբերյալ, և ցույց տուր, թե ինչպես կարելի է դրանք կիրառել։
Իր մահից ու հարություն առնելուց հետո Հիսուսն իր աշակերտներին բացատրեց, որ այդ ամենը տեղի էր ունեցել ի կատարում Գրություններում արձանագրված մարգարեությունների։ Նաև շեշտեց, թե ինչպիսի պատասխանատվություն ունեին նրանք՝ որպես այդ ամենի ականատեսներ (Ղուկ. 24։44–48)։ Երբ մարդկանց օգնում ես տեսնել, թե իրենց սովորածը ինչպիսի ազդեցություն պետք է թողնի իրենց կյանքի վրա, նրանք ավելի հեշտությամբ են հասկանում ասվածի բուն էությունը։
Սրտի դերը այս հարցում։ Անշուշտ, նույնիսկ պարզ բացատրությունները դեռ բավարար չեն, որ անհատը լավ հասկանա, քանի որ կան գործոններ, որոնք կարող են խանգարել։ Եթե անհատը ներքուստ տրամադրված չէ ընդունելու, ապա դա խոչընդոտ կհանդիսանա ասվածը հասկանալու հարցում (Մատթ. 13։13–15)։ Նրանք, ովքեր հակված են ամեն ինչի նայել զուտ ֆիզիկական տեսանկյունից, հոգևոր բաները կարող են դիտել ուղղակի որպես անհեթեթություն (Ա Կորնթ. 2։14)։ Երբ անհատը նման ոգի է դրսևորում, թերևս իմաստուն քայլ լինի որոշ ժամանակով դադարեցնել քննարկումը։
Մինչդեռ լինում է այնպես, որ մարդու սիրտը չի արձագանքում կյանքի դժվար հանգամանքների պատճառով։ Եթե նրան հնարավորություն ընձեռվի որոշ ժամանակ լսել Աստվածաշնչի ճշմարտությունը, գուցե նրա սիրտը պատրաստ լինի ընդունելու այդ ամենը։ Երբ Հիսուսն ասաց իր առաքյալներին, որ իրեն պետք է մտրակեն և ապա սպանեն, նրանք չհասկացան այդ խոսքերի իմաստը։ Իսկ ինչո՞ւ։ Որովհետև նրանք չէին ակնկալում և անշուշտ նաև չէին ցանկանում, որ այդպիսի բան տեղի ունենար (Ղուկ. 18։31–34)։ Այնուամենայնիվ, ժամանակի ընթացքում այդ առաքյալներից 11–ը ըմբռնեցին այդ ամենը և դա արտահայտեցին գործերով՝ անելով այն, ինչ սովորեցրել էր Հիսուսը։
Անձնական լավ օրինակի դերը։ Մարդկանց կարող ենք սովորեցնել ոչ միայն մեր խոսքերով, այլ նաև գործերով։ Երբ մարդիկ պատմում են Թագավորության սրահ կատարած իրենց առաջին այցելության մասին, նրանք հիշում են ոչ թե իրենց լսածը, այլ այն սերը, որ ակնհայտ երևում էր այնտեղ գտնվող մարդկանց միջև։ Նույն ձևով էլ, ծառայության ժամանակ ցուցաբերած մեր ուրախությունը օգնել է շատ մարդկանց՝ արձագանքելու Աստվածաշնչի ճշմարտությանը։ Տեսնելով, թե Եհովայի ծառաները ինչպիսի անձնուրաց սեր են դրսևորում իրար հանդեպ և ծանր իրավիճակներում ինչպիսի հոգատարություն ցուցաբերում ուրիշների նկատմամբ՝ ոմանք եկել են այն եզրակացության, որ Եհովայի վկաների կրոնն է ճշմարիտը։ Ուստի, եթե ջանում ես հասկանալի կերպով ներկայացնել աստվածաշնչյան ճշմարտությունը, ուշադրություն դարձրու, թե ինչպես ես բացատրում և թե ինքդ ինչ օրինակ ես հանդիսանում մարդկանց համար։