ԴԱՍ 31
Հարգանք մարդկանց հանդեպ
ԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ մեզ պատվիրում են ‘ամենին պատվել’ և «ոչ ոքի չանարգել» (ԱՆԹ) (Ա Պետ. 2։17; Տիտոս 3։2)։ Եվ իրոք, չէ՞ որ մեզ հանդիպած ամեն մի մարդ ‘Աստծո նմանությունով է ստեղծված’ (Յակ. 3։9)։ Քրիստոսն իր կյանքը տվեց յուրաքանչյուր մարդու համար (Յովհ. 3։16)։ Ուստի բոլորն էլ արժանի են լսելու բարի լուրը, որպեսզի հնարավորություն ունենան գործելու լսածի համաձայն և հասնելու փրկության (Բ Պետ. 3։9)։ Կան մարդիկ էլ, որոնք արժանի են հատուկ հարգալից վերաբերմունքի իրենց որոշակի հատկությունների կամ ունեցած իշխանության համար։
Ինչո՞ւ են ոմանք խուսափում մարդկանց հանդեպ ցույց տալ այն հարգանքը, որ Աստվածաշունչն է հորդորում դրսևորել։ Հնարավոր է, որ տեղի բնակիչների շրջանում ընդունված լինի հարգել մարդուն ըստ իր հասարակական դիրքի, մաշկի գույնի, առողջական վիճակի, ֆինանսական դրության, սեռի, տարիքի և այլն։ Իշխանության ներկայացուցիչների հանդեպ հարգանքը նվազել է, քանի որ պետական պաշտոնյաների շրջանում մեծ տարածում է գտել կաշառակերությունը։ Որոշ երկրներում մարդիկ խիստ դժգոհ են իրենց ապրուստից, քանի որ լոկ ամենաանհրաժեշտ կարիքները բավարարելու համար ստիպված են ծանր աշխատել, և ապրում են այնպիսի միջավայրում, որտեղ մարդիկ միմյանց չեն հարգում։ Դպրոցականները ճնշում են գործադրում իրենց հասակակիցների վրա, որպեսզի վերջիններս իրենց միանան ինչ–ինչ գործողություններ կատարելու ընդդեմ այն ուսուցիչների, ովքեր իրենց դուր չեն գալիս, ինչպես նաև՝ իշխանություն ունեցող այլ անձանց։ Շատերի վրա էլ վատ ազդեցություն են թողնում որոշ հեռուստահաղորդումներ, որոնցում ցուցադրվում է, թե ինչպես են երեխաները մատների վրա խաղացնում իրենց ծնողներին ու իշխում նրանց վրա։ Նման աշխարհիկ հայացքները ստիպում են մարդուն չհարգել դիմացինին, ուստի մենք պետք է մեծ ջանքեր թափենք, որպեսզի դրանց ազդեցությանը չենթարկվենք։ Իսկ երբ մարդը զգում է, որ հարգում ենք իր արժանապատվությունը, ավելի է հակվում մեզ հետ մտքեր փոխանակելու։
Հարգալից մոտեցում։ Կրոնական գործունեությամբ զբաղվող անհատից սպասվում է, որ իր վայելուչ հագուկապով ու ճիշտ պահվածքով հարգանք դրսևորի մյուսների հանդեպ։ Պատշաճ արտաքին տեսքի ու քաղաքավարի վարվեցողության վերաբերյալ տարբեր երկրներում տարբեր տեսակետներ կան։ Որոշ վայրերում անհարգալից է համարվում գլխարկը գլխին կամ ձեռքը գրպանում դիմել անհատին։ Բայց այլ տեղերում դա չի համարվում անքաղաքավարություն։ Ուստի հաշվի առ տեղացիների զգացմունքները, որպեսզի չվիրավորես նրանց։ Վարվելով այսպես՝ դու կխուսափես այն խոչընդոտներից,
որոնք կարող են առաջանալ բարի լուրն արդյունավետ կերպով քարոզելու ճանապարհին։Նույնը վերաբերում է այն բանին, թե ինչպես ենք դիմում մարդկանց, հատկապես՝ տարեցներին։ Սովորաբար հանդգնություն է համարվում, երբ երեխաները մեծահասակներին անունով են դիմում՝ առանց նրանցից թույլատրություն ստանալու։ Որոշ վայրերում էլ կարգն այնպես է, որ մեծահասակները անծանոթներին չպետք է անունով դիմեն։ Իսկ շատ լեզուներում օգտագործում են «դու» բառի հոգնակին կամ ուրիշ բառեր՝ իրենցից մեծին կամ իշխանություն ունեցողին դիմելու համար։
Հարգալից վերաբերմունք։ Փոքր բնակավայրերում մարդիկ միմյանցից ակնկալում են, որ իրար անսպասելիորեն հանդիպելիս՝ լինի ճանապարհով քայլելիս, թե սենյակ մտնելիս, պետք է ինչ–որ մի ձևով ցույց տան, որ նկատել են դիմացինին։ Մարդուն նկատելը ցույց է տրվում նրան ողջունելով, ժպտալով, գլխի շարժումով կամ էլ հոնքերը վեր բարձրացնելով։ Անհատին անտեսելը համարվում է ոչ հարգալից վերաբերմունք։
Բայց ինչ–որ մեկը գուցե իրեն անտեսված զգա նույնիսկ այն դեպքում, երբ քո վերաբերմունքով ցույց ես տվել, որ տեսել ես իրեն։ Ինչո՞ւ։ Քանի որ նա կարող է զգալ, որ չես նկատել իրեն որպես անհատի։ Մարդիկ սովորաբար, ելնելով ֆիզիկական տվյալներից, միմյանց միջև խտրություն են դնում։ Հաճախ է պատահում, որ հաշմանդամներից և հիվանդներից խուսափում են։ Սակայն Աստծո Խոսքը սովորեցնում է, որ նման անհատների հետ պետք է վարվել սիրով ու հարգանքով (Մատթ. 8։2, 3)։ Ամեն մեկս այս կամ այն չափով գտնվում է ադամական մեղքի ծանրության տակ։ Մի՞թե դու քեզ հարգված կզգայիր, երբ մարդիկ քեզ ճանաչեին քո թերությունների միջոցով։ Որքա՜ն հաճելի կլիներ, եթե նրանք քեզ ճանաչեին քո բազում լավ հատկություններից։
Հարգանք դրսևորելու մեջ մտնում է նաև անհատի ունեցած գլխավորությունն ընդունելը։ Որոշ վայրերում տան անդամներին քարոզելուց առաջ հարկավոր է խոսել ընտանիքի գլխավորի հետ։ Չնայած որ քարոզելու և ուսուցանելու հանձնարարությունը Եհովայից ենք ստացել, մենք հասկանում ենք, որ Աստված է ծնողներին իրավունք տվել իրենց զավակներին դաստիարակելու, կրթելու և առաջնորդություն ցույց տալու (Եփես. 6։1–4)։ Ուստի՝ երբ այցելում ենք մարդկանց, լավ կլիներ երեխաների հետ ծավալուն զրույց սկսելուց առաջ խոսել նրանց ծնողների հետ։
Տարիքի հետ գալիս է նաև կյանքի փորձը, և մենք սա նույնպես պետք է հաշվի առնենք (Յոբ 32։6, 7)։ Այս հանգամանքը նկատի ունենալը օգնեց Շրի Լանկայում ապրող մի երիտասարդ ռահվիրա քրոջ քարոզելու մի տարեց մարդու։ Սկզբում նա դժգոհ էր, որ քույրն այցելել էր իրեն, ու ասաց.
— Ինչպե՞ս կարող է քեզ պես փոքր աղջիկն ինձ Աստվածաշունչ սովորեցնել։
Բայց նա պատասխանեց.
— Չէ, ես չեմ եկել ինչ–որ բան սովորեցնելու։ Ես եկել եմ ձեզ ասելու մի բան, ինչն ինձ այնքան երջանիկ է դարձրել, որ ուղղակի չեմ կարող լռել և ուզում եմ ուրիշներին էլ պատմել դրա մասին։
Ռահվիրայի հարգալից պատասխանը շարժեց մարդու հետաքրքրությունը։
— Դե լավ, ասա՛. ի՞նչ ես իմացել, — հարցրեց նա։
— Ես իմացել եմ, թե ինչպես կարելի է հավիտյան ապրել։
Այդ մարդը սկսեց Աստվածաշունչ ուսումնասիրել Եհովայի վկաների հետ։ Ճիշտ է, բոլոր տարեցները չէ, որ այսպես ուղղակիորեն հարգալից վերաբերմունք կպահանջեն, բայց նրանց մեծամասնությունը բարձր կգնահատի նման վերաբերմունքը։
Սակայն հնարավոր է, որ հարգանք ցուցաբերելու մեջ ծայրահեղության հասնենք։ Խաղաղօվկիանոսյան կղզիներում և այլուր կան գյուղեր ու ցեղեր, որոնք ունեն առաջնորդներ։ Հարգալից կերպով օգտվելով դիմելաձևի տեղի սովորություններից՝ Վկաները կարող են զրուցելու լավ հնարավորություն ստեղծել թե՛ նրանց և թե՛ նրանց ենթակայության տակ գտնվող բնակիչների հետ։ Բայց շողոքորթելը տեղին չէ և այդպես վարվելու կարիք էլ չկա (Առակ. 29։5)։ Նաև տվյալ լեզվում կարող են գոյություն ունենալ հարգանք արտահայտող բառեր, որոնցով դիմում են անհատին, բայց քրիստոնեական հարգանք դրսևորելու համար ամենևին էլ կարիք չկա չափից դուրս օգտագործել այդ բառերը։
Հարգալից խոսք։ Աստվածաշունչը հորդորում է, որ «հեզութեամբ եւ երկիւղածութեամբ [«խոր հարգանքով», ՆԱ]» բացատրենք մեր հույսի պատճառը (Ա Պետ. 3։15)։ Գուցեև կարողանանք արագորեն բացահայտել մեր զրուցակցի տեսակետի թերի կողմերը, բայց մի՞թե խելացի կլիներ դա անել այնպես, որ նա իր արժանապատվությունը ոտնահարված զգար։ Ավելի լավ չէ՞ր լինի նրան համբերատարությամբ լսել, հարցնել, թե ինչու է այդպես կարծում, և հաշվի առնել նրա զգացումները, երբ Գրություններից ցույց ես տալիս ճիշտ տեսակետը։
Մեր հարգանքը պետք է դրսևորվի ոչ միայն անհատական խոսակցությունների ժամանակ, այլ նաև լսարանի առջև ելույթ ունենալիս։ Իր ունկնդիրներին հարգող հռետորը նրանց չի ենթարկի խիստ քննադատության կամ չի ընդունի այնպիսի կեցվածք, որով կարծես թե ասում է. «Եթե դուք իսկապես ցանկանայիք, ապա դա վաղուց արած կլինեիք»։ Նման ձևով խոսելը միայն ու միայն վհատեցնում է մարդկանց։ Որքա՜ն ավելի խելացի կլիներ հավաքվածներին դիտել որպես անհատների, որոնք սիրում են Եհովային ու ցանկանում են ծառայել նրան։ Հիսուսի պես մենք էլ պետք է ըմբռնումով մոտենանք այն մարդկանց, ովքեր գուցե հոգևորապես թույլ են, կյանքի քիչ փորձ ունեն կամ էլ դանդաղորեն են կիրառում Աստվածաշնչի խորհուրդները կյանքում։
Հռետորն իր հարգանքը ունկնդիրների հանդեպ ցույց կտա նաև նրանով, որ ոչ միայն նրանց, այլև իրեն էլ համարի մի մարդ, որը կարիք ունի սուրբգրային խորհուրդներն ավելի լավ կիրառելու։ Ուստի, բացատրելով, թե ինչպես կիրառել տվյալ սուրբգրային համարը, լավ կլինի խուսափել ամեն անգամ «դու» և «դուք» դերանունները օգտագործելուց։ Օրինակ՝ ուշադրություն դարձրու, թե ինչ տարբերություն կա «Անո՞ւմ եք այն ամենը, ինչ ձեր ուժերի սահմաններում է» և «Մեզնից ամեն մեկը լավ կանի, որ ինքն իրեն հարց տա. «Անո՞ւմ եմ այն ամենը, ինչ իմ ուժերի սահմաններում է»» նախադասությունների միջև։ Երկուսն
էլ նույն միտքն են արտահայտում, բայց առաջին դեպքում հռետորն իրեն բարձր է դասում ունկնդիրներից, իսկ երկրորդում նա հորդորում է ամեն մեկին, այդ թվում իրեն, քննել սեփական հանգամանքներն ու շարժառիթները։Գուցե լսարանին լոկ ծիծաղեցնելու նպատակով որևէ սրամիտ դիտողություն անելու գայթակղություն առաջանա. զգուշացիր դրանից։ Դա արժեքազրկում է աստվածաշնչյան պատգամը։ Ճիշտ է, Աստծուն ծառայելուց մենք պետք է հաճույք ստանանք։ Հնարավոր է, որ նույնիսկ մեր ստացած հանձնարարության մեջ ծիծաղաշարժ պահեր լինեն։ Այնուամենայնիվ, լուրջ մտքերը ծիծաղելի դարձնելը վկայում է լսարանի ու Աստծո հանդեպ հարգանքի պակասի մասին։
Թող որ մեր մոտեցումը, վարվելակերպը և խոսքը միշտ վկայեն այն մասին, որ մենք մարդկանց դիտում ենք այնպես, ինչպես Եհովան է սովորեցնում դիտել։