Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ԴԱՍ 44

Հարցերը կիրառիր արդյունավետ կերպով

Հարցերը կիրառիր արդյունավետ կերպով

ՔԱՆԻ որ հարցերը պատասխան են պահանջում՝ լինի դա բանավոր, թե՝ մտովի, ապա կարելի է ասել, որ դրանց օգնությամբ ունկնդիրները ներգրավվում են քննարկման մեջ։ Հարցերն օգնում են զրույց սկսել, ապա աշխույժ կերպով մտքեր փոխանակել։ Որպես հռետոր և ուսուցիչ՝ հարցերի միջոցով կարող ես հետաքրքրություն արթնացնել քննարկվող նյութի հանդեպ, օգնել դիմացինիդ տրամաբանելու ասվածի շուրջ, ինչպես նաև ընդգծել ասածներիդ կարևորությունը։ Հարցերը հմտորեն կիրառելով՝ կօգնես ունկնդիրներին իրենց ուշադրությունը կենտրոնացած պահել քննարկվող նյութի վրա ու չլինել լոկ պասսիվ լսող։ Քո առջև ունեցիր նպատակ և աշխատիր հարցերդ այնպես տալ, որ հասնես նպատակիդ։

Հարցեր՝ զրույց սկսելու նպատակով։Քարոզչական ծառայության ժամանակ աշխատիր ամեն հարմար առիթ օգտագործել՝ մարդկանց արտահայտվելու հնարավորություն տալու, եթե իհարկե ցանկանում են։

Վկաներից շատերը կարողանում են հետաքրքիր զրույցներ սկսել՝ ընդամենը հարցնելով. «Երբևէ մտածե՞լ եք...»։ Երբ նրանց հաջողվում է ընտրել այնպիսի հարց, որն իրոք մտահոգում է շատերին, ապա գրեթե միշտ բավականություն են ստանում իրենց ծառայությունից։ Նույնիսկ եթե հարցն անծանոթ է անհատին, այնուամենայնիվ այն կարող է շարժել նրա հետաքրքրությունը։ Զանազան թեմաների շուրջ զրույց սկսելու համար կարելի է տալ նմանատիպ հարցեր. «Ի՞նչ եք կարծում...», «Ինչպե՞ս եք վերաբերվում...», «Հավատո՞ւմ եք արդյոք...»։

Երբ Փիլիպպոս ավետարանիչը մոտեցավ եթովպացի թագուհու պալատականին, որը բարձրաձայն կարդում էր Եսայիայի մարգարեությունը, նա ընդամենը հարցրեց. «Հասկանո՞ւմ ես արդեօք կարդացածդ» (Գործք 8։30)։ Այս հարցը նրա համար ճանապարհ հարթեց՝ բացատրելու մի շարք ճշմարտություններ Հիսուս Քրիստոսի մասին։ Նմանատիպ հարցեր ուղղելով մարդկանց՝ մեր օրերի Վկաներից ոմանք գտել են այնպիսի անհատներ, ովքեր իսկապես ծարավ են եղել աստվածաշնչյան ճշմարտությունը հասկանալու։

Երբ մարդկանց հնարավորություն է ընձեռվում արտահայտելու իրենց տեսակետը, նրանք է՛լ ավելի տրամադրված են լինում լսելու։ Հարց տալուց հետո ուշադիր լսիր պատասխանը։ Քննադատական կերպով մի արձագանքիր անհատի տված պատասխանին, այլ աշխատիր լինել բարյացակամ։ Գովիր նրան, եթե կարող ես անկեղծորեն անել դա։ Մի առիթով, երբ դպիրներից մեկը «իմաստութեամբ պատասխանեց», Հիսուսը գովեց նրան՝ ասելով. «Դու հեռու չես Աստուծոյ արքայութիւնիցը» (Մարկ. 12։34)։ Եթե նույնիսկ համամիտ չես զրուցակցիդ հետ, կարող ես շնորհակալություն հայտնել իր տեսակետն արտահայտելու համար։ Նրա խոսքերից հնարավոր կլինի որոշել նրա վերաբերմունքը ու այն հաշվի առնել, երբ ներկայացնում ես Աստվածաշնչի ճշմարտությունը։

Հարցեր՝ կարևոր մտքեր ներկայացնելու նպատակով։Երբ ելույթ ես ունենում մի խումբ մարդկանց առջև, կամ խոսում ես որևէ անհատի հետ, փորձիր այնպիսի հարցեր առաջ քաշել, որոնք կառաջնորդեն կարևոր մտքերի քննարկման։ Պետք է համոզված լինես, որ հարցեր ես տալիս այնպիսի թեմաների շուրջ, որ իրոք մտահոգում են քեզ լսողներին։ Կարող ես նաև կիրառել հետաքրքրություն շարժող հարցեր՝ հարցեր, որոնց պատասխանը առաջին հայացքից ակնհայտ չէ։ Եթե հարցից հետո փոքր–​ինչ դադար տաս, ունկնդիրները ավելի մեծ ուշադրությամբ կլսեն հաջորդ մտքերը։

Մի առիթով Միքիա մարգարեն կիրառեց մի շարք հարցեր։ Հարցնելով, թե ինչ է Աստված ակնկալում իր երկրպագուներից՝ մարգարեն տվեց ևս չորս հարց, որոնցից յուրաքանչյուրը պարունակում է հարցի մոտավոր պատասխանը։ Այս բոլոր հարցերը պատրաստում են ընթերցողներին ավելի խորությամբ ըմբռնելու այն պատասխանը, որով Միքիան եզրափակեց իր քննարկման այդ հատվածը (Միք. 6։6–8)։ Կարո՞ղ ես ինքդ էլ նման մեթոդ կիրառել ուսուցանելիս։ Փորձիր։

Հարցեր՝ քննարկվող նյութի շուրջ տրամաբանելու նպատակով։Հարցերի միջոցով կարելի է օգնել մարդկանց տեսնելու քո բերած փաստարկի տրամաբանական լինելը։ Նման օրինակի հանդիպում ենք Մաղաքիա 1։2–10 համարներում, որտեղ Եհովան լուրջ հայտարարություն է անում Իսրայել ազգին։ Սկզբում նա ասում է նրանց. «Ես ձեզ սիրել եմ»։ Սակայն նրանք չէին գնահատել այդ սերը, ուստի նա հարցնում է. «Մի՞թէ Եսաւը եղբայրը չէ Յակոբին»։ Ապա Եդովմի ամայացած վիճակը բերելով որպես ապացույց՝ Եհովան ցույց է տալիս, որ իրենց չարության պատճառով Աստված չէր սիրում այդ ազգին։ Ապա նա շարունակում է՝ բերելով օրինակներ և միաժամանակ տալով հարցեր, որոնց միջոցով ցանկանում է ընդգծել, թե ինչպես էր Իսրայել ազգը թերացել արձագանքելու իր սիրուն։ Հարցերից մի քանիսը կազմված են այնպես, որ թվում է, թե անհավատարիմ քահանաներն են հարցնում։ Իսկ մյուս հարցերը Եհովան է ուղղում նրանց։ Այս երկխոսությունը զգացմունքներ է արթնացնում և գերում մեր ուշադրությունը։ Տրամաբանական փաստարկներն անհերքելի են, իսկ հաղորդագրությունը՝ անմոռանալի։

Հռետորներից ոմանք հաջողությամբ կիրառում են այս մեթոդը։ Չնայած այն բանին, որ նմանատիպ հարցերը բանավոր պատասխան չեն պահանջում՝ այնուամենայնիվ ունկնդիրները կարողանում են ներգրավվել քննարկման մեջ և մտովի մասնակցել զրույցին։

Աստվածաշնչի տնային ուսումնասիրություն անցկացնելիս ևս մենք այնպիսի մեթոդ ենք կիրառում, որը հնարավորություն է տալիս ուսումնասիրողին մասնակցել քննարկմանը։ Իհարկե, օգուտներն ավելի շատ են, երբ ուսումնասիրողը իր բառերով է պատասխանում հարցերին։ Սիրալիր տոնով տուր լրացուցիչ հարցեր՝ նրա հետ միասին նյութի շուրջ տրամաբանելու համար։ Կարևոր մտքերին հասնելիս խրախուսիր նրան իր պատասխանները հիմնավորել Աստվածաշնչով։ Կարող ես նաև հարց տալ. «Ինչպիսի՞ կապ կարելի է տեսնել այս և մեր քննարկած նախորդ մտքի միջև։ Ինչո՞ւ է դա կարևոր։ Ինչպիսի՞ ազդեցություն պետք է թողնի մեր կյանքում»։ Ահա այսպիսի մեթոդը շատ ավելի արդյունավետ է, քան տվյալ նյութի վերաբերյալ քո համոզմունքների մասին խոսելը, կամ էլ մանրամասն բացատրություններ տալը։ Այսպես կօգնես ուսումնասիրողին երկրպագել Աստծուն՝ ‘գործի դնելով իր ըմբռնողականությունը’ (Եբր. 5։14, ՆԱ)։

Եթե ուսումնասիրողը չի կարողանում ընկալել որևէ միտք, եղիր համբերատար։ Հնարավոր է՝ նա փորձում է համեմատել քո ասածներն այն ամենի հետ, ինչին հավատացել է երկար տարիներ։ Ուստի օգտակար կլինի քննարկվող նյութին մոտենալ նաև մի ուրիշ տեսանկյունից։ Սակայն երբեմն միայն պարզ բացատրությունները կարող են բավարար լինել։ Ազատ գործածիր Գրությունները։ Բեր օրինակներ։ Այս ամենի հետ միասին կիրառիր պարզ հարցեր, որոնք հնարավորություն կտան անհատին տրամաբանելու բերված ապացույցների հիման վրա։

Հարցեր՝ խոր զգացմունքները բացահայտելու նպատակով։Հարցերին պատասխանելիս միշտ չէ, որ մարդիկ արտահայտում են իրենց իրական զգացմունքները։ Գուցե նրանք այնպիսի պատասխաններ տան, որոնք, իրենց կարծիքով, քեզ դուր կգան։ Ուստի հարկավոր է լինել խորաթափանց (Առակ. 20։5)։ Դու էլ, Հիսուսի նման, կարող ես հարցնել. «Հաւատո՞ւմ ես սորան» (Յովհ. 11։26

Երբ Հիսուսի աշակերտներից շատերը գայթակղվեցին իր խոսքերից և հեռացան, նա փորձեց իմանալ, թե առաքյալներն ինչ էին մտածում։ Նա հարցրեց. «Մի՞թէ դուք էլ ուզում էք գնալ»։ Պետրոսը արտահայտելով իրենց բոլորի զգացմունքները՝ ասաց. «Տէր, ո՞ւմ մօտ գնանք. յաւիտենական կեանքի խօսքեր ունիս դու։ Եւ մենք հաւատացինք եւ ճանաչեցինք, թէ դու ես Քրիստոսը՝ կենդանի Աստուծոյ Որդին» (Յովհ. 6։68–70)։ Մի ուրիշ առիթով Հիսուսը հարցրեց իր աշակերտներին. «Մարդիկ իմ մասին ի՞նչ են ասում, ո՞վ է մարդու Որդին»։ Ապա նա իր խոսքերը շարունակեց՝ հարց տալով, որի միջոցով նա հրավիրեց նրանց բաց անելու իրենց սրտի եղածը։ «Իսկ դուք իմ մասին ի՞նչ էք ասում, ո՞վ եմ ես»։ Պետրոսը պատասխանեց. «Դու ես Քրիստոսը՝ կենդանի Աստծու Որդին» (Մատթ. 16։13–16, ԷԹ

Աստվածաշնչի ուսումնասիրություն անցկացնելիս գուցե նկատես, որ բավականին օգտակար է նման մոտեցում հանդես բերելը որոշ հարցեր քննարկելու ժամանակ։ Ուսումնասիրողին կարելի է հարցնել. «Ինչպե՞ս են քո համադասարանցիները (կամ աշխատակիցները) վերաբերվում այս հարցին»։ Ապա ավելացնել. «Իսկ դո՞ւ ինչպես ես վերաբերվում»։ Անհատի ներքին զգացմունքներն իմանալով՝ կկարողանաս առավելագույնս օգնել նրան որպես ուսուցիչ։

Հարցեր՝ միտքը ընդգծելու նպատակով։Հարցերը կարելի է օգտագործել նաև մտքեր ընդգծելու նպատակով։ Պողոս առաքյալը կիրառեց այս մեթոդը, ինչպես կարդում ենք Հռովմայեցիս 8։31, 32 համարներում. «Եթէ Աստուած մեր կողմն է՝ ո՞վ է մեզ հակառակ. Որ իր Որդին էլ չ’խնայեց, այլ մեր ամենի համար մատնեց նորան. էլ ի՞նչպէս նորան հետ ամեն բան չի շնորհիլ մեզ»։ Ուշադրություն դարձրու, որ յուրաքանչյուր նախադասության մեջ հարցերը լրացնում են նախորդ խոսքերին։

Բաբելոնի թագավորի դեմ ուղղված Եհովայի դատաստաններն արձանագրելուց հետո՝ Եսայիա մարգարեն արտահայտեց իր ամուր համոզվածությունը հետևյալ խոսքերով. «Զօրաց Տէրը որոշեց, եւ ո՞վ կարող է արգելել, եւ նորա ձեռքը մեկնուած է. եւ ո՞վ կարող է նորան ետ դարձնել» (Ես. 14։27)։ Իրենց բովանդակությամբ իսկ այս հարցերը մատնանշում են, որ արտահայտված մտքերը անհերքելի են, ուստիև պատասխանի կարիք չեն զգում։

Հարցեր, որոնք բացահայտում են սխալ մտածելակերպը։Լավ մտածված հարցերը կարող են նաև ազդեցիկ միջոց լինել սխալ մտածելակերպը բացահայտելու համար։ Նախքան մի մարդու բուժելը՝ Հիսուսը հարց ուղղեց փարիսեցիներին և Օրենքին քաջածանոթ որոշ անձանց՝ ասելով. «Արժա՞ն է շաբաթ օրը բժշկութիւն անել»։ Այդ անհատին բուժելուց հետո նա կրկին հարցով դիմեց նրանց. «Ձեզանից որի՞ էշը կամ եզը ջրհորի մէջ ընկնի, եւ նա շուտով չի հանիլ նորան շաբաթ օրը» (Ղուկ. 14։1–6)։ Այս հարցը տալով՝ Հիսուսը պատասխանի չէր սպասում. և ոչ էլ որևէ մեկը պատասխան տվեց։ Այդ հարցերը ջրի երես հանեցին նրանց սխալ մտածելակերպը։

Ժամանակ առ ժամանակ հնարավոր է, որ ճշմարիտ քրիստոնյաներն էլ սխալ մտածելակերպ որդեգրեն։ Առաջին դարում Կորնթոսի քրիստոնյաներից ոմանք դատարանի միջոցով իրենց եղբայրներին կանչում էին պատասխանատվության՝ լուծելու այնպիսի խնդիրներ, որոնք կարող էին ինքնուրույն հարթել։ Ինչպե՞ս վարվեց Պողոսը այդ իրավիճակը շտկելու համար։ Նա մի քանի հստակ հարցեր տվեց՝ նրանց մտածելակերպը ուղղելու նպատակով (Ա Կորնթ. 6։1–8

Կիրառելով այս բոլոր խորհուրդները՝ կսովորես արդյունավետորեն օգտագործել հարցերը։ Սակայն հիշիր, որ հարկավոր է հարգալից լինել՝ հատկապես երբ խոսում ես տարեցների, անծանոթների և որոշակի հեղինակություն ունեցող մարդկանց հետ։ Հարցերն այնպես կիրառիր, որ Աստվածաշնչի ճշմարտությունը գրավիչ լինի մարդկանց համար։