ԴԱՍ 9
Հնչերանգի փոփոխում
ԹԵԵՎ տրամաբանական շեշտի պարզ կիրառությամբ կօգնես ունկնդիրներին հասկանալ խոսքերիդ իմաստը, սակայն որպեսզի նրանք շատ ավելի հաճույքով լսեն քո ելույթը, հարկավոր է զանազանություն մտցնել ձայնի բարձրության, տեմպի և տոնի մեջ։ Ավելին, դա ունկնդիրներին հնարավորություն կտա նկատելու քո վերաբերմունքը ներկայացվող նյութի հանդեպ, որն իր հերթին ներգործություն կթողնի նրանց վերաբերմունքի վրա։ Դա հավասարապես կիրառելի է և՛ բեմից ելույթ ունենալու դեպքում, և՛ քարոզչական ծառայության մեջ։
Մարդկային ձայնը մի հիասքանչ պարգև է, որն ունի բազմազան հնարավորություններ։ Ձայնը ճիշտ ձևով օգտագործելը հնարավորություն է տալիս ավելի կենդանի ներկայացնել ելույթը, խոսքը հասցնել մարդկանց սրտին, արթնացնել զգացմունքներ և մղել գործերի։ Այս հարցում հաջողության հասնելու համար, սակայն, բավարար չէ գրառումների մեջ ունենալ համապատասխան նշումներ, թե որտեղ է անհրաժեշտ ավելի հնչեղ ձայնով խոսել, փոփոխել տեմպը կամ տոնը։ Եթե առաջնորդվենք միայն այդպիսի նշումներով, ապա մեր ձայնի երանգավորումը անբնական կհնչի։ Այդ ժամանակ ոչ միայն ելույթը զուրկ կլինի կենդանությունից ու բազմազանությունից, այլ նաև ունկնդիրները իրենց կաշկանդված կզգան։ Ձայնի երանգավորումը պետք է լինի սրտաբուխ։
Հնչերանգի փոփոխումը ճիշտ ձևով իրականացնելու դեպքում հռետորին կհաջողվի անհարկի ուշադրություն չհրավիրել իր կողմը, այլ օգնել ունկնդիրներին խորապես ըմբռնելու քննարկվող նյութի ոգին։
Ձայնի հնչեղությունը պետք է համապատասխանի նյութին։ Որպեսզի խոսքը արտահայտիչ լինի, անհրաժեշտ է ձայնի հնչեղությունը համապատասխանեցնել նյութին։ Դա չի նշանակում, որ պետք է ուղղակի կանոնավորաբար, միապաղաղ կերպով բարձրացնես կամ ցածրացնես ձայնդ, քանի որ այդ դեպքում կաղավաղվի խոսքերիդ իմաստը։ Եթե հաճախակի բարձրացնես ձայնդ, ապա դա լսողներին տհաճություն կպատճառի։
Ձայնը պետք է համապատասխանի քննարկվող թեմային։ Եթե հրատապ կոչ (ինչպիսին հանդիպում ենք Յայտնութիւն 14։6, 7 և 18։4 համարներում) կամ ամուր համոզվածության արտահայտում ես ընթերցում (ինչպես արձանագրված է Ելից 14։13, 14 համարներում), տեղին կլինի որոշ չափով հնչեղ ձայնը։ Նմանապես, երբ Աստվածաշնչից ընթերցում ես դատապարտության կտրուկ արտահայտություններ (օրինակ՝ Երեմիա 25։27–38 համարները), հնչերանգի փոփոխությամբ կկարողանաս դրանք առանձնացնել։
Հաշվի առ նաև ելույթիդ նպատակը։ Եթե ցանկանում ես ունկնդիրներին մղել գործողությունների կամ ընդգծել գլխավոր կետերը, ապա ձայնիդ որոշակի ուժգնություն հաղորդելը կօգնի, որ հասնես նպատակիդ։ Սակայն ձայնը ոչ հարմար պահի բարձրացնելը հակառակ ազդեցություն կարող է թողնել։ Ինչո՞ւ։ Որովհետև երբեմն հարկ կլինի, որ խոսքդ ջերմություն և զգացմունք արտահայտի, իսկ նման դեպքերում հնչեղ ձայնով խոսելու կարիք չի զգացվում։ Այս հարցը կքննարկվի 11–րդ դասում։
Եթե ելույթ ունեցողը կարողանա հմտորեն անցում կատարել ավելի ցածր ձայնի, ապա նրան կհաջողվի ունկնդիրներին պահել սպասողական դրության մեջ։ Սակայն նման դեպքում հարկավոր է դրանից անմիջապես հետո խոսել ավելի բարձր։ Մեղմ, բայց միաժամանակ ուժեղ ձայնով հնարավոր է արտահայտել հուզմունք և վախ։ Ձայնի իջեցումով կարելի է նաև մատնանշել, որ ասված միտքը այնքան էլ կարևոր չէ, որքան նախորդող և հաջորդող մտքերը։ Սակայն միշտ ցածր ձայնով արտահայտվելու դեպքում ցույց կտաս, թե կասկածում ես քո խոսքերի ճշմարտացիությանը կամ այնքան էլ հետաքրքրված չես քո թեմայով։ Կասկած չկա՝ ուշադրություն է պահանջվում, որպեսզի կարողանանք ճիշտ պահերի ցածրացնել մեր ձայնը։
Փոփոխիր խոսքիդ տեմպը։ Մեր ամենօրյա խոսակցություններում բառերն ինքնաբերաբար են բխում. երբ ոգևորված ենք լինում, սկսում ենք սովորականից ավելի արագ խոսել։ Իսկ երբ ցանկանում ենք, որ ուրիշները հիշեն այն ամենն, ինչ ասում ենք, դանդաղեցնում ենք մեր խոսքի տեմպը։
Սակայն սկսնակ հռետորներից քչերն են կարողանում փոփոխել իրենց խոսքի տեմպը։ Ինչո՞ւ։ Պատճառն այն է, որ նրանք չափից շատ են կարևորություն տալիս բառերի ընտրությանը։ Հնարավոր է, որ նրանք գրի առնեն ամբողջ ելույթը, նույնիսկ ամբողջությամբ անգիր անեն այն։ Արդյունքը կարող է լինել այն, որ նրանք ամեն ինչ ներկայացնեն նույն տեմպով։ Ելույթի պլան կիրառելը կօգնի այս թերությունից ձերբազատվել։
Խուսափիր խոսքիդ տեմպը կտրուկ արագացնելուց, որպեսզի չհիշեցնես այնպիսի պատկեր, թե ինչպես է կատուն վեր ցատկում շուն տեսնելուն պես։ Եվ մի խոսիր այնքան արագ, որ տուժի արտասանությունդ։
Տեմպի մեջ փոփոխություն մտցնել՝ չի նշանակում ժամանակ առ ժամանակ արագացնել կամ դանդաղեցնել խոսքի ընթացքը։ Ելույթն ավելի արժեքավոր դարձնելու փոխարեն դա կշեղի ունկնդիրների ուշադրությունը։ Տեմպի արագացումը պետք է համապատասխանի քո ասելիքին, զգացմունքներին, որ կուզեիր փոխանցել, ինչպես նաև ելույթի նպատակին։ Ելույթդ ներկայացրու հիմնականում հանդարտ տեմպով։ Որպեսզի ոգևորություն արտահայտես,
խոսիր ավելի արագ, ինչպես կանեիր առօրյա զրույցի ժամանակ։ Նույնը կարելի է անել, երբ ներկայացնում ես պակաս կարևոր մտքեր, կամ պատմում ես դեպքեր, որոնց մեջ կան ոչ այնքան կարևոր մանրամասներ։ Այդպես վարվելով՝ ավելի բազմազան կդարձնես ելույթդ, և այն չի հնչի չափազանց խիստ։ Սակայն ծանրակշիռ փաստարկները, գլխավոր կետերը և ելույթի կուլմինացիոն պահերը սովորաբար ավելի դանդաղ տեմպ են պահանջում։Փոփոխիր ձայնիդ տոնը։ Պատկերացրու՝ մոտ մեկ ժամ լսում ես, թե ինչպես է ինչ–որ մեկը որևէ երաժշտական գործիքի վրա նվագում։ Ամբողջ այդ ժամանակահատվածում նա պարզապես մեկ նոտա է նվագում, նախ՝ ուժգին, ապա ավելի ցածր, երբեմն արագ, ապա՝ դանդաղ։ Ձայնի ուժգնությունը և տեմպը փոփոխվում են, սակայն ձայնի տոնը մնում է անփոփոխ։ Հավանաբար նման «մեղեդին» այնքան էլ հաճելի չի հնչի։ Նմանապես, եթե մեր ձայնի տոնի մեջ փոփոխություններ չմտցնենք, ապա ունկնդիրները հաճույքով չեն լսի մեզ։
Հարկ է նշել, որ ձայնի տոնի փոփոխումը բոլոր լեզուներում միևնույն նպատակին չի ծառայում։ Տոնային լեզուներում, ինչպես օրինակ՝ չինարենում, ձայնի տոնի փոփոխությամբ կարող է փոխվել նաև բառի իմաստը։ Այդուհանդերձ, նույնիսկ նման լեզվով խոսելու դեպքում կարելի է հասնել խոսքի արտահայտչականության՝ ձայնի մեջ զանազանություն մտցնելով։
Նույնիսկ ոչ տոնային լեզուներում տոնի փոփոխությունը կարող է հաղորդել տարբեր գաղափարներ։ Օրինակ՝ ձայնի տոնը և հնչեղությունը փոքր–ինչ բարձրացնելու միջոցով հնարավոր է ցույց տալ, թե որտեղ է ընկնում տրամաբանական շեշտը։ Տոնի փոփոխությամբ կարելի է նաև արտահայտել չափ կամ հեռավորություն։ Նախադասության վերջում բարձր ինտոնացիան՝ հնչերանգը, (որոշ լեզուներում՝ ցածր) կարող է խոսքին հարցական երանգ հաղորդել։
Ավելի բարձր տոնով հնարավոր է հուզմունք և խանդավառություն արտահայտել (տոնային լեզվում հավանաբար կարիք լինի արտաբերել ավելի լայն դիապազոնով)։ Թախիծն ու անհանգստությունը՝ ավելի ցածր տոնով (տոնային լեզվում կպահանջվի ձայնի փոքր դիապազոն)։ Զգացմունքներով արտահայտվելը կօգնի հռետորին իր ասելիքը հասցնել ունկնդիրների սրտին։ Ուստի բավարար չէ միայն արտասանել բառերը. քո ձայնից պետք է երևա, որ դու նաև զգում ես դրանք։
Նախապատրաստական աշխատանք։ Ե՞րբ է անհրաժեշտ որոշել, թե ինչպես փոփոխել խոսքի հնչերանգը։ Ելույթի նյութը ընտրելիս։ Եթե ելույթի մեջ ընդգրկել ես միայն փաստարկներ և հորդորներ, ապա դժվար թե կարողանաս զանազանություն մտցնել խոսքիդ մեջ։ Ուստի՝ նախապես վերլուծիր ելույթիդ պլանը և համոզվիր, որ քո տրամադրության տակ ունես անհրաժեշտ ամեն բան, որպեսզի ելույթդ լինի արտահայտիչ ու բովանդակալից։
Ենթադրենք՝ ելույթը ներկայացնելիս զգում ես, որ խոսքի մեջ զանազանություն մտցնելու անհրաժեշտություն է զգացվում, քանի որ այն ձանձրալի է դարձել։ Ի՞նչ անել։ Փոխիր մատուցման ոճը։ Ինչպե՞ս։ Խոսքդ շարունակելու փոխարեն՝ կարող ես հրավիրել ունկնդիրներին բաց անել իրենց
Աստվածաշունչը և որևէ համար կարդալ։ Կամ՝ որևէ պնդում կարող ես փոխել հարցական նախադասության և դադար տալ՝ այն ընդգծելու համար։ Կարող ես մի պարզ օրինակ բերել։ Հմուտ հռետորները լավ են տիրապետում այս մեթոդներին։ Անկախ այն բանից, թե ինչքանով ես փորձառու այս հարցում՝ նյութը պատրաստելիս դու ևս կարող ես հաշվի առնել այս հանգամանքները։Կարելի է ասել, որ հնչերանգի փոփոխումը ելույթին համ ու հոտ է տալիս։ Եթե «համեմունքը» ճիշտ է ընտրված ու պետք եղած «քանակությամբ», ապա հնարավոր կլինի զգալ նյութի իրական «համը», որն էլ իր հերթին մեծ բավականություն կպատճառի ունկնդիրներին։