Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ԴԱՍ 2

Հստակ արտասանություն

Հստակ արտասանություն

ՄԱՐԴԿԱՆՑ հետ շփվելիս մտքերդ ճիշտ փոխանցելու համար անհրաժեշտ է հստակ խոսել։ Այն, ինչ ցանկանում ես ասել, գուցե հետաքրքիր է և նույնիսկ կարևոր, սակայն խոսքերդ «տեղ չեն հասնի», եթե հեշտությամբ չհասկացվեն։

Սովորաբար, մարդիկ չեն մղվի համապատասխան գործերի, եթե դժվարանան ըմբռնել ասված խոսքերի իմաստը։ Նույնիսկ եթե հռետորի ձայնը այնքան հնչեղ է, որ անմիջապես ուշադրություն է գրավում, նրա խոսքերը ոչ մի ազդեցություն չեն թողնի, եթե բառերը հստակ չարտասանվեն։ Դա նույնն է, թե խոսել օտար լեզվով, որն անհասկանալի է լսողին (Երեմ. 5։15)։ Աստվածաշնչում այդ մասին հետևյալ հիշեցումն է տրվում. «Որովհետեւ եթէ փողն էլ անորոշ ձայն տայ, ո՞վ կ’պատրաստուի պատերազմի համար։ Այսպէս էլ դուք, եթէ լեզուներով բանը յայտնի չ’ասէք, այն խօսածն ի՞նչպէս կ’իմացուի. որովհետեւ իբր թէ օդի մէջ խօսողներ կ’լինիք» (Ա Կորնթ. 14։8, 9

Ի՞նչն է խոչընդոտում հստակ արտասանությանը։ Դա կարող է լինել բերանի ոչ բավարար բացվածությունը։ Եթե ծնոտի մկանները լարված են, և շրթունքները դժվարությամբ են շարժվում, ապա արդյունքում խոսքերը պարզ չեն հնչի։

Չափազանց արագ խոսելը նույնպես կարող է խոչընդոտել նյութը հեշտությամբ հասկանալուն։ Դա նման է ձայնագրված ելույթը արագացված տեմպով լսելուն։ Չնայած լսվում են ելույթի բոլոր բառերը, սակայն դրանց մեծ մասը չի հասկացվում։

Երբեմն ոչ հստակ խոսելու պատճառ կարող է լինել արտասանական գործարանների կառուցվածքի այս կամ այն խախտումը։ Սակայն նույնիսկ նրանք, ովքեր նման խնդիրներ ունեն, կարող են այս հարցում որոշակի հաջողությունների հասնել, եթե կիրառեն այս դասում տրված խորհուրդները։

Հաճախ ոչ հստակ խոսելու պատճառ կարող է լինել այն, որ խոսողը բառերն արտասանում է միաձուլված՝ առանց դադարների, բաց է թողնում վանկերը, անհրաժեշտ տառերը կամ վերջավորությունները։ Երբ նա առանց բացառության բոլոր բառերն է միաձուլված կարդում, լսողներին կհաջողվի որսալ ասված մտքերից և արտահայտություններից միայն որոշ հատվածներ, իսկ մնացածը հասկանալու համար նրանք ստիպված կլինեն ենթադրություններ անել։ Եվ այսպես, եթե հռետորը հստակ չի արտասանում բառերը, նրա սովորեցրածը կորցնում է իր արդյունավետությունը։

Ինչպես սովորել հստակ արտասանել։ Որպեսզի կարողանաս բառերը հստակ արտասանել, նախ պետք է իմանաս, թե ինչպիսի կառուցվածք ունեն դրանք քո մայրենի լեզվում։ Լեզուների մեծամասնությունում բառերը կազմված են վանկերից։ Վանկերն իրենց հերթին կազմված են մեկ կամ մի քանի տառերից, որոնք արտաբերվում են օդի մեկ մղումով։ Այդպիսի լեզուներում սովորաբար արտասանվում են բոլոր վանկերը, սակայն ոչ բոլորն են հավասարապես շեշտադրվում։ Եթե ցանկանում ես հստակ արտահայտել մտքերդ, աշխատիր խոսել ավելի դանդաղ և պարզ արտասանել ամեն մի վանկը։ Սկզբում բառերդ գուցե չափից դուրս հստակ հնչեն, սակայն փորձ ձեռք բերելու հետ մեկտեղ՝ կզարգանա նաև սահուն խոսելու ունակությունդ։ Անշուշտ, խոսքիդ սահունությունը պահպանելու համար որոշ բառեր կարտաբերես՝ գրեթե դադարներ չտալով դրանց միջև, սակայն եթե նույնիսկ փոքր–​ինչ վտանգ լինի, որ կարող է աղավաղվել բառերի իմաստը, անհրաժեշտ է խուսափել դրանից։

Նկատի ունեցիր հետևյալը։ Պարզ արտահայտվելու համար գուցե անհրաժեշտ համարես չափից ավելի հստակ խոսել և կարդալ։ Սակայն զգույշ եղիր՝ թույլ չտալով, որ դա սովորություն դառնա, այլապես խոսքերդ կհնչեն շինծու և անբնական։

Եթե զգում ես, որ ձայնդ խլացված է, աշխատիր գլուխդ բարձր պահել՝ դունչդ հեռացնելով կրծքավանդակից։ Երբ Աստվածաշնչից որևէ հատված ես ընթերցում, գիրքը բավականաչափ բարձր պահիր, այնպես, որ հայացքդ ունկնդիրներից Աստվածաշնչին ուղղելիս գլուխդ միայն թեթևակի իջեցնես. դա քեզ թույլ կտա անարգել արտասանել բառերը։

Այս հարցում հաջողությունների հասնելու համար նաև սովորիր զսպել ներքին լարվածությունդ։ Քաջ հայտնի է, որ դեմքի կամ շնչառությունը կարգավորող մկանների լարվածությունը բացասական ազդեցություն է ունենում արտասանական գործարանների վրա։ Դա նաև խանգարում է ուղեղի, խոսքի գործարանների և շնչառությունը կարգավորող օրգանների միջև գոյություն ունեցող ներդաշնակ ու համաչափ գործունեությանը։

Ծնոտի մկանները պետք է հանգիստ վիճակում լինեն. միայն այդ դեպքում դրանք անմիջապես կարձագանքեն ուղեղից եկող հրահանգներին։ Նույնը կարելի է ասել շրթունքների մասին։ Դրանք պետք է պատրաստ լինեն արագ բացվելու և հպվելու, որպեսզի հեշտությամբ արտաբերեն կոկորդից և բերանից դուրս եկող բոլոր հնչյունները։ Եթե ծնոտդ և շրթունքներդ լարված են, բերանդ չես կարողանա բաց անել հարկ եղած չափով, իսկ հնչյունները դժվարությամբ դուրս կմղվեն ատամներիդ արանքից։ Արդյունքում՝ կարտահայտվես խռպոտ և խլացված ձայնով, և խոսքերդ անորոշ կհնչեն։ Սակայն ծնոտի և շրթունքների մկանները թուլացնելը չի նշանակում, որ պետք է խոսել ծուլորեն։ Հարկավոր է հավասարակշռվածություն պահպանել. չլարվել և միևնույն ժամանակ սովորություն դարձնել այնպես արտաբերել հնչյունները, որ բառերը հստակ հնչեն։

Ինքդ քեզ ստուգելու համար կարող ես ընթերցել բարձրաձայն։ Ուշադիր հետևիր, թե ինչպես ես գործի դնում քո հրաշալի խոսքի գործարանները։ Արդյոք բավարար չափո՞վ ես բաց անում բերանդ, որպեսզի հնչյունները ինքնաբերաբար դուրս բխեն։ Մի մոռացիր, որ թեև լեզուն համարվում է արտասանական գործարանների ամենաակտիվ օրգաններից մեկը, բայց այն միակը չէ։ Պարանոցը, ստորին ծնոտը, շրթունքները, դեմքի և կոկորդի մկանները նույնպես կարևոր դեր են խաղում այս հարցում։ Խոսելիս փոխվո՞ւմ են արդյոք դեմքիդ շարժումները։ Եթե ոչ, ապա հավանականությունը քիչ է, որ հստակ կարտահայտվես։

Եթե հնարավոր է, ձայնագրիր ինքդ քեզ՝ լսելու համար, թե ինչպես ես անմիջական զրույց վարում ինչ–​որ մեկի հետ, օրինակ՝ ինչպես կանեիր քարոզչական ծառայության ընթացքում։ Ապա մի քանի րոպե ձայնագրիր քո առօրյա խոսակցություններից։ Լսելով այդ ձայնագրությունները՝ կկարողանաս առանձնացնել այն բոլոր բառերը, որոնք հստակ չես արտասանել։ Ուշադրություն դարձրու այն մասերի վրա, երբ բառերը միաձուլված ես արտասանել, կուլ ես տվել որոշ բառեր, կամ էլ դրանք հստակ չես արտաբերել։ Փորձիր պարզել պատճառը։ Վերը նշված խորհուրդները մեծամասամբ օգնում են շտկել այս բոլոր թերությունները։

Լեզվի արա՞տ ունես։ Աշխատիր սովորականից ավելի լայն բաց անել բերանդ և որքան հնարավոր է պարզ արտաբերել բառերը։ Խորը շունչ քաշիր և խոսիր ավելի դանդաղ։ Այս վարժությունների օգնությամբ լեզվի արատ ունեցողներից շատերը կարողացել են ավելի պարզ խոսել։ Եթե սվսվախոսության խնդիր ունես, ապա ս և զ հնչյուններն արտասանելիս աշխատիր լեզուդ ետ քաշել առջևի ատամներից։ Ի վերջո, եթե այդ հարցում լիարժեք հաջողությունների չես հասնում, մի հուսալքվիր։ Հիշիր Մովսեսին։ Եհովան ընտրեց նրան, որը հավանաբար լեզվի արատ ուներ, որպեսզի կարևոր պատգամներ հաղորդեր թե՛ Իսրայելի ժողովրդին և թե՛ Եգիպտոսի փարավոնին (Ելից 4։10–12)։ Եթե նման պատրաստակամ ոգի ցուցաբերես, նա քո միջոցով էլ կգործի և կօրհնի ջանքերդ, որպեսզի հաջողությունների հասնես ծառայության մեջ։