Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ԴԱՍ 23

Հստակ ցույց տուր գործնական արժեքը

Հստակ ցույց տուր գործնական արժեքը

ՄԻ ԱՆՀԱՏԻ հետ կզրուցես թե ավելի մեծ լսարանի՝ խելամիտ չի լինի մտածել, որ քեզ լսողը (կամ՝ լսողները) հետաքրքրություն կցուցաբերի քննարկվող նյութի հանդեպ զուտ այն պատճառով, որ այն քեզ համար է հետաքրքիր։ Որքան էլ որ կարևոր լինի քո ասելիքը, եթե հստակ ցույց չտաս դրա գործնական արժեքը, դու չես կարողանա երկար պահել ունկնդիրների ուշադրությունը քննարկվող նյութի վրա։

Նույն սկզբունքը գործում է նաև այն դեպքում, երբ ելույթ ես ունենում Թագավորության սրահում։ Ունկնդիրների ուշադրությունը չի շեղվի, եթե ելույթում ընդգրկես որևէ օրինակ կամ իրական դեպք, որ մինչ այդ նրանք չեն լսել։ Իսկ եթե քննարկվող նյութն արդեն հայտնի է նրանց, ապա նրանք գուցե դադարեն լսելուց, եթե չկարողանաս նորովի ներկայացնել այն։ Հարկավոր է նրանց օգնել, որպեսզի տեսնեն, թե ինչպիսի օգուտներ կարող են քաղել քո ասածներից և ինչպես։

Աստվածաշունչը խրախուսում է մեզ գործնական մտածելակերպ ունենալ, այսինքն՝ իմաստություն դրսևորել (Առակ. 3։21, Արևմտ. Աստ.)։ Հովհաննես Մկրտչի միջոցով Եհովան ժողովրդին առաջնորդեց «դեպի արդարների իմաստությունը», որ դրսևորվում է գործերով (Ղուկ. 1։17, ԱՆԹ)։ Այս իմաստության հիմքում ընկած է առողջ վախը Եհովայի հանդեպ (Սաղ. 111։10)։ Նրանք, ովքեր գիտակցում են այս հատկության արժեքը, կարող են հաջողությունների հասնել՝ հաղթահարելով ներկա կյանքի խնդիրները և ամուր կառչած մնալով իրական՝ հավիտենական կյանքին (Ա Տիմոթ. 4։8; 6։19

Ելույթը դարձրու գործնական։Եթե ցանկանում ես ցույց տալ ելույթիդ գործնական արժեքը, ապա հատուկ ուշադրություն պետք է դարձնես ոչ միայն նյութին, այլ նաև հաշվի առնես, թե ովքեր են քեզ լսողները։ Մի մտածիր, որ քո առջև ընդամենը մարդկանց մի խումբ է։ Հաշվի առ, որ այն բաղկացած է առանձին անհատներից և ընտանիքներից։ Նրանց մեջ կարող են լինել երեխաներ, դեռահասներ, չափահաս մարդիկ և տարեցներ։ Նրանց շարքերում գուցե կան նորերս հետաքրքրված անձինք, նաև այնպիսի անհատներ, որ սկսել են Եհովային ծառայել դեռ այն ժամանակ, երբ դու չէիր ծնվել։ Ունկնդիրներից ոմանք գուցե հոգևոր հասուն մարդիկ են, իսկ մյուսները դեռևս գտնվում են աշխարհային մտածելակերպի և գործելակերպի ազդեցության տակ։ Ինքդ քեզ հարցրու. «Ինչպե՞ս կարող է տվյալ նյութը օգուտներ բերել ունկնդիրներին։ Ինչպե՞ս օգնել նրանց ըմբռնելու թեմայի էությունը»։ Գուցե որոշես հատուկ ուշադրություն դարձնել վերը նշված մարդկանց միայն մեկ կամ երկու կատեգորիաների, սակայն մի մոռացիր նաև մյուսներին։

Ենթադրենք՝ հանձնարարություն ես ստացել քննարկելու Աստվածաշնչի հիմնական ուսուցումներից որևէ մեկը։ Ինչպե՞ս կարելի է ելույթը օգտակար դարձնել այն ունկնդիրների համար, ովքեր արդե՛ն հավատում են տվյալ ուսուցմանը։ Աշխատիր է՛լ ավելի ամրացնել նրանց համոզվածությունը այդ հարցում։ Ինչպե՞ս։ Տրամաբանելով այն սուրբգրային փաստարկների հիման վրա, որոնք թիկունք են կանգնում տվյալ ուսուցմանը։ Նաև կարող ես խորացնել նրանց գնահատանքը դրա հանդեպ։ Դա անելու համար ցույց տուր, թե ինչ կապ գոյություն ունի այդ ուսուցման և Աստվածաշնչի մյուս ճշմարտությունների միջև, և թե ինչ է այն սովորեցնում Եհովայի անձնավորության մասին։ Օգտագործիր օրինակներ, հնարավորության դեպքում՝ կյանքից վերցրած իրական դեպքեր, որոնք ցույց կտան, թե ինչպիսի օգուտներ են մարդիկ քաղել՝ հասկանալով այդ ուսուցումը, և թե ինչպիսի ազդեցություն է դա թողել ապագայի հանդեպ ունեցած նրանց տեսակետի վրա։

Նյութի գործնական կիրառումը ցույց տալու համար բավարար չէ պարզապես ելույթի վերջաբանում մի քանի բառով նշել այն։ Ելույթի հենց սկզբից ունկնդիրներից յուրաքանչյուրը պետք է զգա, որ նյութը անձամբ իրեն է վերաբերում։ Այդ հիմքը դնելուց հետո շարունակիր անդրադառնալ նյութի գործնական արժեքին՝ ինչպես ելույթի հիմնամասում գլխավոր կետերը զարգացնելիս, այնպես էլ վերջաբանում։

Որպեսզի ունկնդիրներին մղես գործնականում կիրառելու քննարկվող նյութը, հավաստիացիր, որ դա անում ես Աստվածաշնչի սկզբունքներին համապատասխան։ Ի՞նչ է դա նշանակում։ Այն, որ պետք է կարեկցանք արտահայտես և խոսես սիրալիր (Ա Պետ. 3։8; Ա Յովհ. 4։8)։ Թեսաղոնիկեում առաջացած լուրջ խնդիրներն անգամ լուծելիս Պողոսը հարկ համարեց ընդգծել այն հոգևոր հաջողությունները, որոնց հասել էին իր քրիստոնյա եղբայրներն ու քույրերը։ Նա արտահայտեց նաև իր վստահությունը այն բանում, որ քննարկվող հարցի առնչությամբ նրանք կցանկանային վարվել հարկ եղած կերպով (Ա Թեսաղ. 4։1–11)։ Ի՜նչ հիանալի օրինակ է մեզ համար։

Արդյո՞ք քո ելույթի նպատակն է մղել ունկնդիրներին մասնակցելու բարի լուրի քարոզչության և աշակերտներ պատրաստելու գործին։ Փորձիր ոգևորություն արթնացնել նրանց մեջ, և գնահատանք՝ այդպիսի առանձնաշնորհման հանդեպ։ Սակայն հիշիր, որ այս գործին մասնակցելու հարցում ամեն անհատ չունի նույն հնարավորությունը, և Աստվածաշունչը հաշվի է առնում այդ հանգամանքը (Մատթ. 13։23)։ Աշխատիր եղբայրներին չծանրաբեռնել մեղավորության զգացումով։ Եբրայեցիս 10։24 համարը հորդորում է մեզ ‘սիրո և բարի գործերի’ մղել միմյանց։ Եթե մենք մյուսներին մղում ենք սեր ցուցաբերելու, ապա դրան կհաջորդեն բարի գործեր, որոնց հիմքում ընկած են ճիշտ շարժառիթներ։ Փոխարեն թելադրելու ունկնդիրներին շարժվել քո ասածների համաձայն՝ հիշիր՝ Եհովան ցանկանում է, որ մենք մարդկանց օգնենք ‘հավատքով հնազանդվել’ (Հռովմ. 16։26, Արևմտ. Աստ.)։ Այս ամենն ի մտի ունենալով՝ մենք աշխատում ենք ամրացնել և՛ մեր, և՛ մեր եղբայրների հավատը։

Օգնիր մյուսներին՝ տեսնելու գործնական արժեքը։Մարդկանց քարոզելիս աշխատիր նրանց ցույց տալ բարի լուրի գործնական արժեքը։ Դա անելու համար պետք է հաշվի առնել, թե ինչով են մտահոգված քո տարածքում ապրող մարդիկ։ Իսկ ինչպե՞ս կարող ես իմանալ։ Հետևիր ռադիոյով և հեռուստատեսությամբ հեռարձակվող ընթացիկ լուրերին։ Ուշադրություն դարձրու լրագրերի առաջին էջին։ Աշխատիր մարդկանց հետ զրույցի բռնվել, և երբ խոսում են, լսիր նրանց։ Այդ ընթացքում գուցե նկատես, թե ինչ խնդիրների են բախվում նրանք։ Դա կարող է լինել՝ գործազրկությունը, տան վարձը վճարելը, հիվանդությունը, ընտանիքի անդամի կորուստը, վախը հանցագործության հանդեպ, հեղինակություն ունեցող անձանց կողմից դրսևորվող անարդարությունը, ամուսնալուծությունը, երեխաներին կրթելու հարցը և այլն։ Կարո՞ղ է արդյոք Աստվածաշունչն օգնել։ Անկասկա՛ծ։

Խոսակցությունը սկսելուց առաջ գուցե արդեն մտովի նախատեսել ես, թե ինչ նյութ ես շոշափելու։ Այնուհանդերձ, եթե նկատես, որ տվյալ պահին անհատին ուրիշ հարց է հետաքրքրում, մի վարանիր նրա հետ խոսել ա՛յդ հարցի շուրջ (եթե, իհարկե, կարող ես), կամ առաջարկիր նորից այցելել նրան՝ բերելով օգտակար տեղեկություններ։ Իհարկե, մենք ‘ուրիշների գործերին չենք խառնվում’, այլ մարդկանց բաժնեկից ենք դարձնում այն գործնական խորհուրդներին, որ առաջարկում է Աստվածաշունչը (Բ Թեսաղ. 3։11, ԱՆԹ)։ Անկասկած՝ աստվածաշնչյան խորհուրդը ավելի մեծ ազդեցություն կթողնի մարդկանց վրա, եթե այն առնչվի անձամբ իրենց կյանքին։

Եթե մարդիկ դժվարանան նկատել, որ մեր հաղորդած լուրը վերաբերում է անձամբ իրենց, հավանաբար նրանք կտրուկ կդադարեցնեն զրույցը։ Նույնիսկ եթե նրանք մեզ խոսելու հնարավորություն էլ տան, այդ լուրը շատ քիչ ազդեցություն կունենա իրենց կյանքում, եթե չկարողանանք նրանց օգնել հստակ տեսնելու մեր ասածների գործնական արժեքը։ Եվ ընդհակառակը՝ եթե մեզ հաջողվի հստակ ցույց տալ այն, ապա մեր քննարկումը կարող է շրջադարձային կետ հանդիսանալ նրանց կյանքում։

Աստվածաշնչի տնային ուսումնասիրություններ անցկացնելիս նույնպես անհրաժեշտ է ընդգծել ստացած գիտելիքները գործնականում կիրառելու կարևորությունը (Առակ. 4։7)։ Օգնիր ուսումնասիրողներին հասկանալու սուրբգրային խորհուրդները, սկզբունքները և օրինակները, որ կարող են նրանց համար ուղեցույց ծառայել Եհովայի ճանապարհներով ընթանալու հարցում։ Ընդգծիր, թե ինչ օգուտներ կարող են քաղել այդպես վարվելով (Ես. 48։17, 18)։ Դա կմղի նրանց անհրաժեշտ փոփոխություններ մտցնել կյանքում։ Օգնիր, որ խորացնեն իրենց սերը Եհովայի հանդեպ, է՛լ ավելի պատրաստակամ լինեն նրան հաճեցնելու հարցում, և թող որ իրենց սրտում ներքին մղում առաջանա՝ կիրառելու Աստծո Խոսքում գտնվող խորհուրդները։