ԴԱՍ 29
Ձայն
ՄԱՐԴԿԱՆՑ վրա մեծ ազդեցություն է թողնում ոչ միայն այն, թե ինչ ես ասում, այլև այն, թե դա ինչպես ես ասում։ Անվիճելի փաստ է, որ եթե քեզ հետ խոսող անհատը բարի, հաճելի, ջերմ ու բարյացակամություն արտահայտող ձայն ունի, դու ավելի ես հակվում նրան լսելու, քան երբ այդ ձայնը սառն է ու կոպիտ։
Ձայնի ցանկալի առանձնահատկություններ ձեռք բերելու հարցում միայն ձայնառաջացման գործարանները չեն դեր խաղում։ Այստեղ դեր է խաղում նաև մարդու անձնավորությունը։ Երբ նա անընդհատ ավելացնում է իր գիտելիքները Աստվածաշնչից ու դրանք կիրառում կյանքում, ակնհայտ փոփոխություններ են նկատվում նրա խոսելաձևում։ Նրա ձայնը սկսում է արտահայտել այնպիսի աստվածահաճո հատկություններ, ինչպիսիք են՝ սեր, ուրախություն, բարություն (Գաղ. 5։22, 23)։ Երբ անհատն անկեղծ հետաքրքրություն է հանդես բերում ուրիշների նկատմամբ, ապա դա իր արտացոլումն է գտնում նրա ձայնի մեջ։ Մի ժամանակ նա գուցե տրտնջալու հակում է ունեցել, բայց այժմ լի է երախտագիտության զգացումով. սա նույնպես իր արտացոլումն է գտնում նրա խոսքում ու ձայնի երանգի մեջ (Ողբ. 3։39–42; Ա Տիմոթ. 1։12; Յուդա 16)։ Նույնիսկ անծանոթ լեզվով խոսակցություն լսելիս քեզ համար դժվար չի լինի տարբերել, թե երբ է արտահայտվում գոռոզություն, անհանդուրժողականություն, քննադատություն, կոպտություն և երբ՝ խոնարհություն, համբերություն, բարություն, սեր։
Որոշ դեպքերում ձայնի անցանկալի առանձնահատկությունները կարող են պայմանավորված լինել անհատի տարած հիվանդությամբ, որը վնասել է կոկորդը, կամ ժառանգական գործոններով։ Գուցե նրա կացությունն այնքան վատթար է, որ իրերի ներկա համակարգում անհնար է դա լիովին վերացնել։ Բայց սովորաբար հնարավոր է լինում բարելավել ձայնը՝ սովորելով, թե ինչպես ճիշտ ձևով աշխատեցնել արտասանական գործարանները։
Նախևառաջ պետք է ընդունել, որ ձայնի առանձնահատկությունները անհատից անհատ տարբերվում են, և քո նպատակը չպետք է լինի մշակել այնպիսի ձայն, որը նման է մեկ ուրիշի ձայնին։ Հարկավոր է բացահայտել սեփական ձայնի հնարավորությունները ու մշակել այն՝ իր բոլոր առանձնահատկություններով հանդերձ։ Ինչպե՞ս։ Այստեղ պետք է հաշվի առնել երկու կարևոր հանգամանք։
Հարկավոր է ճիշտ ձևով շնչել։ Որպեսզի ձայնդ լավագույն ձևով հնչի, թոքերումդ պետք է բավարար չափով օդ լինի, ինչպես նաև պետք է հետևես քո շնչառությանը։ Այլապես ձայնդ կհնչի թույլ, և խոսքդ կլինի ընդհատուն։
Թոքերի մեծ մասը չի գտնվում կրծքավանդակի վերին հատվածում. կրծքավանդակի այս մասը ուսերի պատճառով է մեծ երևում։ Իրականում թոքերի ամենաընդարձակ մասը գտնվում է կրծքավանդակի ստորին հատվածում՝ ստոծանուց անմիջապես վերև։ Ստոծանին, միանալով ստորին կողերին, կրծքավանդակն առանձնացնում է որովայնային խոռոչից։
Եթե ներշնչման ժամանակ թոքերիդ միայն վերին մասն է լցվում օդով, շուտով կզգաս, որ շունչդ կտրվում է, ձայնդ թուլանում է, իսկույն հոգնում ես։ Ճիշտ շնչելու համար հարկավոր է մեջքն ուղղել, ուսերը՝ ետ տանել։ Հետևիր, որ ներշնչելիս չընդարձակվի կրծքավանդակի միայն վերին մասը. նախ պետք է թոքերի ստորին մասերը օդով լցվեն։ Լցվելով՝ կրծքավանդակիդ ներքևի մասը կընդարձակվի, ստոծանին կիջնի ցած՝ փափուկ կերպով հրելով ստամոքսն ու աղիքները. դու կզգաս, թե որովայնի հատվածում ինչպես է ձգվում քո գոտին կամ հագուստը։ Բայց թոքերը շարունակում են մնալ կրծքավանդակում. նրանք չեն իջնում որովայն։ Որպեսզի ստուգես, թե արդյոք
ճիշտ ես շնչում, ձեռքերդ դիր ստորին կողերի վրա և խորը շունչ քաշիր։ Եթե որովայնդ սեղմվեց, իսկ ուսերդ՝ բարձրացան, ուրեմն ներշնչումը սխալ ես կատարում. ճիշտ ներշնչման դեպքում պետք է զգաս, որ կրծքավանդակիդ ստորին մասը թեթևակի բարձրանում ու լայնանում է։Իսկ հիմա հարկավոր է աշխատել արտաշնչման վրա։ Թույլ մի տուր, որ օդը թոքերիցդ արագորեն դուրս մղվի։ Դանդաղ արտաշնչիր։ Մի՛ փորձիր դա անել կոկորդը լարելով։ Այլապես, շատ ժամանակ չանցած, ձայնիդ մեջ կզգացվի լարվածություն կամ անբնական սրություն։ Որովայնային ու միջկողային մկանների ճնշման տակ օդը թոքերից դուրս է գալիս, իսկ այդ ընթացքում ստոծանին կարգավորում է դուրս մղման արագությունը։
Հռետորը պետք է վարժություններ անի շնչառությունը ճիշտ ձևով կատարելու համար, այնպես ինչպես վազորդն է մրցումներից առաջ մարզվում։ Կանգնիր ուղիղ, ուսերդ՝ ետ, խորը շունչ քաշիր, որ թոքերիդ ստորին հատվածը լցվի օդով, իսկ հետո աստիճանաբար արտաշնչիր՝ դանդաղորեն հաշվելով, որքան հնարավոր է՝ շատ։ Իսկ հետո, այս նույն ձևով շնչելով, բարձրաձայն կարդա։
Թուլացնել մկանային լարվածությունը։ Ձայնի որակը բարելավելու մյուս կարևոր պայմանն է՝ թուլացնել լարված մկանները։ Դու պարզապես կզարմանաս՝ տեսնելով, թե ինչ հաջողությունների կարելի է հասնել՝ սովորելով խոսելու ընթացքում դա անել։ Երբ մարդու միտքը լարվում է, լարվում են նաև նրա մկանները. հետևաբար, մտային լարվածությունը թուլացնելով՝ կարելի է թուլացնել մկանային լարվածությունը։
Մտային լարվածության թուլացմանը նպաստում է ունկնդիրների մասին ճիշտ տեսակետ ունենալը։ Ենթադրենք, քո ունկնդիրներն այն մարդիկ են,
որոնց հանդիպում ես քարոզչական ծառայության մեջ։ Հիշիր, որ եթե նույնիսկ ընդամենը մի քանի ամիս է, ինչ Աստվածաշունչ ես ուսումնասիրում, դու Եհովայի նպատակների վերաբերյալ արդեն ունես բավականաչափ արժեքավոր գիտելիքներ, որոնց մասին կարող ես խոսել նրանց հետ։ Բացի այդ, դու գնում ես նրանց մոտ, քանի որ նրանք օգնության կարիք ունեն՝ անկախ այն բանից՝ գիտակցում են դա, թե՝ ոչ։ Իսկ այն դեպքում, երբ ելույթ ես ունենում Թագավորության սրահում, պետք է հիշես, որ ունկնդիրներիդ մեծ մասը Եհովայի ծառաներ են։ Նրանք քո բարեկամներն են և քեզ հաջողություն են ցանկանում։ Երկրագնդի վրա ոչ մի ուրիշ հռետոր չունի այնպիսի բարյացակամ լսարան, ինչպիսին որ մենք ունենք։Կոկորդի մկանները թուլացնելու համար մտքով կենտրոնացիր դրանց վրա ու գիտակցորեն փորձիր թուլացնել դրանք։ Հիշիր, որ մարդու ձայնալարերը սկսում են տատանվել այն ժամանակ, երբ նրանց միջով օդ է անցնում։ Կոկորդի մկանների ձգվելու կամ թուլանալու հետ փոխվում է ձայնի տոնը, ճիշտ ինչպես կիթառի կամ ջութակի ձայնն է փոխվում, երբ նրանց լարերը ձգում կամ թուլացնում են։ Ձայնալարերը թուլացնելիս տոնը ցածրանում է։ Կոկորդի մկանների թուլացումը նպաստում է, որ քթի անցուղիները բաց լինեն. այս հանգամանքը զգալիորեն բարելավում է ձայնի որակը։
Թուլացած պետք է լինի քո ամբողջ մարմինը՝ ծնկները, ձեռքերը, ուսերը, պարանոցը։ Սա կնպաստի ռեզոնանսին (ձայնային տատանումների ուժեղացմանը), ինչն անհրաժեշտ է ձայնի բավականաչափ բարձր հնչելու համար։ Ռեզոնանս առաջանում է այն ժամանակ, երբ ողջ մարմինն է ռեզոնատորի (ձայնի ուժեղացուցիչի) դեր խաղում, իսկ դա կլինի այն դեպքում, երբ մարմինը լարված չէ։ Կոկորդում առաջացած ձայնի ուժեղացմանը նպաստում է ոչ միայն քթի խոռոչը, այլև կրծքավանդակը, ատամները, քիմքը և քթի հավելյալ ծոցերը։ Այս ամենն անդրադառնում է ռեզոնանսի որակի վրա։ Եթե, օրինակ, կիթառի դեկայի վրա ծանրություն լինի, ձայնը խուլ կհնչի. ուստի, որպեսզի ձայնը լավ հնչի, հարկավոր է դեկան ազատել։ Նույն ձևով էլ մեր մարմնի ոսկորները, որոնք ամուր պահված են մկաններով, կարող են գտնվել մկանային լարվածության «ծանրության» տակ, որից հարկավոր է ազատվել։ Լավ ռեզոնանսի միջոցով դու կարող ես հնչերանգի համապատասխան փոփոխություն անել ու ամենատարբեր զգացումներ արտահայտել։ Դու կկարողանաս, առանց ձայնալարերը պրկելու, քո խոսքը հասցնել մեծ լսարանի։