Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ԴԱՍ 8

Ձայնի հնչեղություն

Ձայնի հնչեղություն

ԵԹԵ ելույթով հանդես եկողի ձայնը զուրկ լինի անհրաժեշտ հնչեղությունից, ապա ունկնդիրներից ոմանք գուցե սկսեն ննջել։ Իսկ եթե քարոզչական ծառայության ընթացքում քարոզիչը չափից դուրս ցածր ձայնով խոսի, դժվար թե կարողանա գրավել զրուցակցի ուշադրությունը։ Ի վերջո, եթե ժողովի հանդիպման ժամանակ մեկնաբանությունները դժվարությամբ լսվեն, ապա ներկաները ինչպես հարկն է չեն քաջալերվի (Եբր. 10։24, 25)։ Սակայն, եթե հռետորն իր ձայնը բարձրացնի ոչ ճիշտ պահի, ապա անհանգստություն և նույնիսկ ջղագրգռություն կպատճառի ունկնդիրներին (Առակ. 27։14

Հաշվի առ ունկնդիրներիդ կազմը։ Ո՞ւմ են ուղղված քո խոսքերը. առանձին անհատի՞, թե՞ ընտանիքի, քարոզչության դուրս գալու նպատակով հավաքված մի խումբ մարդկա՞նց, թե՞ մի ամբողջ ժողովի, կամ գուցե համաժողովում ներկա գտնվողների մեծ բազմության։ Ակնհայտ է, որ տարբեր իրավիճակներում ձայնի հնչեղությունը պետք է տարբեր լինի։

Տարբեր առիթներով՝ Աստծո ծառաները խոսել են մեծ թվով մարդկանց առջև։ Քանի որ Սողոմոնի օրերում Երուսաղեմի տաճարի հանդիսավոր բացմանը ձայնի կարգավորման սարքավորումներ չկային, Սողոմոնը կանգնեց մի բարձր բեմահարթակի վրա և «մեծ ձայնով» օրհնեց ժողովրդին (Գ Թագ. 8։55; Բ Մնաց. 6։13)։ Դարեր անց՝ մ.թ. 33–ի Պենտեկոստեին, երբ մի խումբ քրիստոնյաներ լցվել էին սուրբ ոգով, Երուսաղեմում մի մեծ բազմություն շրջապատել էր նրանց. մի մասը հետաքրքրություն էր ցուցաբերում, իսկ մյուսը՝ ծաղրում։ Իմաստություն գործի դնելով՝ Պետրոսը «վերկացավ.... [և] իր ձայնը բարձրացրեց» (Գործք 2։14)։ Այն ժամանակ շատ ազդեցիկ վկայություն տրվեց։

Ինչպե՞ս կարող ես որոշել՝ տվյալ իրավիճակում ձայնիդ հնչեղությունը բավարար է, թե՝ ոչ։ Լավագույն չափանիշներից մեկը ունկնդիրների արձագանքն է։ Եթե նկատես, որ ունկնդիրներից ոմանք ջանքեր են գործադրում ասածներդ լսելու համար, աշխատիր փոքր ինչ ավելի բարձր խոսել։

Անկախ այն բանից ում ես դիմում՝ մեկ անհատի, թե մի խումբ մարդկանց՝ իմաստություն դրսևորած կլինես, եթե հաշվի առնես, թե ովքեր են քեզ լսողները։ Եթե նրանց մեջ կա որևէ մեկը, որ թույլ լսողություն ունի, ապա անհրաժեշտություն կառաջանա բարձրացնելու ձայնդ։ Սակայն բղավելով չես շահի հասակն առած մարդկանց համակրանքը. իրենց լսածը հասկանալու համար նրանք լրացուցիչ ժամանակի կարիք ունեն։ Ավելին՝ կարող ես նույնիսկ անքաղաքավարի մարդու տպավորություն թողնել։ Որոշ մշակույթներում չափազանց բարձր ձայնով ասված խոսքը դիտվում է որպես բարկության կամ անհամբերության արտահայտում։

Հաշվի առ աղմուկները։ Հարկ է հիշել, որ քարոզչական ծառայության ժամանակ ձայնի հնչեղությունը անկասկած պայմանավորված է հանգամանքներով։ Գուցե հարկ լինի ավելի հնչեղ ձայնով խոսել, որպեսզի կարողանաս հաղթահարել երթևեկության աղմուկը, չարաճճի երեխաների ձայնը, շների հաչոցը, բարձր երաժշտությունը կամ հեռուստացույցի խլացնող ձայնը։ Սակայն այնպիսի վայրերում, որտեղ տները մոտ են գտնվում մեկը մյուսին, բարձր խոսելով կարող ես անհարմար վիճակի մեջ գցել տանտիրոջը, քանի որ կգրավես հարևանների ուշադրությունը։

Ժողովներում և համաժողովներում ելույթներով հանդես եկող եղբայրները նույնպես բախվում են զանազան խանգարող հանգամանքների։ Մի բան է՝ դրսում մարդկանց հետ զրուցելը, և բոլորովին այլ բան՝ ելույթ ունենալ սրահում, որտեղ ապահովված են լսելիության բոլոր պայմանները։ Լատինական Ամերիկայում երկու միսիոներ Աստվածաշունչ ուսումնասիրողի տան բակում հանրային ելույթ էին ներկայացնում, որի ընթացքում մոտակա հրապարակում հրավառություն էր կատարվում, և անդադար լսվում էր աքաղաղի կանչը։

Երբեմն ինչ–​ինչ պատճառներով կարող է անհրաժեշտություն առաջանալ, որ հռետորը կամ դադար տա, մինչև որ աղմուկն ավարտվի, կամ էլ ավելի բարձրաձայն խոսի։ Օրինակ՝ եթե ժողովի հանդիպումն անց է կացվում այնպիսի շինության մեջ, որն ունի մետաղյա տանիք, անսպասելի տեղատարափի պատճառով ունկնդիրները գրեթե ոչինչ չեն կարողանա լսել։ Անշուշտ, կարող է խանգարել նաև լացող երեխան կամ հանդիպմանն ուշացումով եկածները։ Սովորիր այնպես անել, որ նման հանգամանքները չշեղեն ունկնդրիդ ուշադրությունը, որ նա կարողանա ամբողջական օգուտներ քաղել ներկայացվող նյութից։

Ձայնի ուժեղացման սարքավորումները, եթե առկա են, օգնում են այս հարցում, սակայն դա չի նշանակում, որ ելույթ ունեցողի համար անհրաժեշտություն չի առաջանա բարձրացնելու իր ձայնը, երբ իրավիճակը պահանջի դա անել։ Այն վայրերում, որտեղ հաճախակի տեղի են ունենում էլեկտրականության հովհարային անջատումներ, ելույթ ունեցողները ստիպված են լինում առանց խոսափողի շարունակել իրենց ելույթը։

Հաշվի առ քննարկվող նյութը։ Թե որքան պետք է լինի ձայնի հնչեղությունը, կախված է նաև քննարկվող նյութից։ Եթե թեման պահանջում է, որ բարձր ձայնով խոսես, տեղին չի լինի այն ներկայացնել չափազանց մեղմ ձայնով։ Օրինակ՝ Գրությունների այն հատվածները, որոնք դատապարտություն են արտահայտում, պետք է ավելի ուժգին ձայնով ընթերցել, քան այն համարները, որոնք հորդորում են սեր ցուցաբերել։ Ձայնիդ հնչեղությունը համապատասխանեցրու քննարկվող նյութին, սակայն դա արա զգուշությամբ, որպեսզի ավելորդ ուշադրություն չհրավիրես քեզ վրա։

Հաշվի առ, թե ինչ նպատակ ես հետապնդում։ Եթե նպատակ ունես ոգևորելու ունկնդիրներիդ ու մղելու նրանց ակտիվ գործերի, կարող ես փոքր–​ինչ հնչեղ ձայնով արտահայտվել։ Իսկ եթե նպատակդ այն է, որ նրանք փոփոխություն մտցնեն իրենց մտածելակերպի մեջ, ապա նկատի ունեցիր, որ չափից դուրս բարձր ձայնը կվանի նրանց։ Ի վերջո, եթե ջանք ես թափում սփոփել ունկնդրիդ, լավ է խոսես մեղմ ձայնով։

Հմտորեն փոփոխել ձայնի հնչեղությունը։ Երբ փորձում ես գրավել զբաղված մարդու ուշադրությունը, հաճախ անհրաժեշտ է լինում բարձր խոսել։ Հատկապես ծնողներին դա լավ հայտնի է, քանի որ նրանք ստիպված են լինում բարձրացնել իրենց ձայնը, որպեսզի երեխաներին խաղից կտրեն և կանչեն տուն։ Փոքր–​ինչ բարձր ձայնով խոսելը կօգնի նաև նախագահող եղբորը ժողովի հանդիպումը կամ համաժողովը սկսելուց առաջ հրավիրել ներկաներին զբաղեցնելու իրենց տեղերը։ Ծառայության ժամանակ գուցե հարկ լինի, որ նախքան դրսում աշխատող մարդկանց մոտենալը քարոզիչը բարձր ձայնով ողջունի նրանց։

Նույնիսկ այն բանից հետո, երբ քեզ արդեն հաջողվել է գրավել ունկնդրիդ ուշադրությունը, շատ կարևոր է շարունակել հետևել ձայնի հնչեղությանը։ Չափազանց թույլ ձայնով խոսելը կարող է այնպիսի տպավորություն ստեղծել, թե անհատը լավ չի պատրաստվել, կամ էլ վստահ չի այն բանում, ինչի մասին որ խոսում է։

Երբ խոսքդ հրահանգ է արտահայտում, ապա բարձր ձայնը լսողներին կմղի գործողությունների (Գործք 14։8, 9)։ Եղել են դեպքեր, որ հրահանգ արտահայտող բացականչությունը նույնիսկ դժբախտություն է կասեցրել։ Փիլիպպեում մի բանտապետ քիչ էր մնում, որ ինքնասպանություն գործեր՝ կարծելով, թե բանտարկյալները փախուստի են դիմել։ Այդ պահին «Պողոսը մեծ ձայնով կանչեց եւ ասեց. Անձիդ չար բան չ’անես, որովհետեւ ամենքս այստեղ ենք»։ Այդպես վարվելով՝ նա կասեցրեց հնարավոր ինքնասպանությունը։ Այդ ժամանակ Պողոսը և Շիղան վկայություն տվեցին բանտապետին ու նրա ընտանիքին։ Նրանց ամբողջ ընտանիքը ընդունեց ճշմարտությունը (Գործք 16։27–33)։

Ինչպես բարելավել ձայնի հնչեղությունը։ Կան մարդիկ, որ պետք է հավելյալ ջանքեր գործադրեն իրենց ձայնի հնչեղությունը բարելավելու համար։ Ոմանց համար դժվար է բավականաչափ բարձր խոսել, քանի որ իրենց ձայնը բնականից ցածր է։ Սակայն ջանքերի շնորհիվ հնարավոր են որոշ բարելավումներ, թեև իրենց ձայնն ինքնին քիչ է ենթակա փոփոխության։ Հարկավոր է ուշադրություն դարձնել շնչառությանն ու կեցվածքին։ Սովորություն դարձրու ուղիղ կեցվածք պահպանել թե՛ կանգնած և թե՛ նստած վիճակում։ Ուսերդ ուղիղ պահիր և աշխատիր խորը շնչել։ Շնչելիս օդը պետք է լցվի թոքերիդ ներքևի հատվածը։ Շնչառությունդ այս ձևով կարգավորելու շնորհիվ է, որ կկարողանաս հետևել ձայնիդ հնչեղությանը։

Ոմանց խնդիրն էլ կայանում է նրանում, որ չափազանց բարձր են խոսում։ Հավանաբար նման սովորություն նրանք ձեռք են բերել դրսում կամ աղմկոտ միջավայրում աշխատելու պատճառով։ Մյուս պատճառը կարող է լինել դաստիարակությունը։ Գուցե այն միջավայրում, որտեղ նրանք մեծացել են, սովորական երևույթ է համարվել բղավելը և ուրիշների խոսակցությունն ընդհատելը։ Դրա հետևանքը եղել է այն, որ նրանք կարծում են, թե խոսակցության մեջ ներգրավվելու միակ միջոցը մյուսներից ավելի բարձր խոսելն է։ Եթե նրանք շարունակաբար ուշադրություն դարձնեն «ողորմասիրտ գթածութիւն, քաղցրութիւն, խոնարհութիւն, հեզութիւն, երկայնմտութիւն» հագնելու վերաբերյալ աստվածաշնչյան խորհրդին, ապա կկարողանան ուրիշների հետ խոսելիս համապատասխան փոփոխություն մտցնել իրենց ձայնի հնչեղության մեջ (Կող. 3։12

Լավ պատրաստվածությունը, փորձը, որ աստիճանաբար ձեռք կբերես քարոզչական ծառայությանը կանոնավորաբար մասնակցելով, և իհարկե Եհովային աղոթելը քեզ կօգնեն խոսել ձայնի համապատասխան հնչեղությամբ։ Թե՛ ելույթ ունենալիս և թե՛ քարոզչական ծառայության ընթացքում ինչ–​որ մեկի հետ զրուցելիս աշխատիր ամեն ինչ անել, որ կենտրոնանաս այն մտքի վրա, թե ինչպես կարող ես քո խոսքով օգնել դիմացինիդ (Առակ. 18։21