Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ԴԱՍ 50

Ձգտիր սրտին հասնել

Ձգտիր սրտին հասնել

ՄԱՐԴԿԱՆՑ վկայություն տալուց բացի՝ պետք է ձգտես խոսքդ հասցնել նրանց սրտին։ Աստվածաշնչում սիրտը հաճախ հակադրության մեջ է դրվում այն ամենի հետ, ինչ մարդ դրսևորում է արտաքուստ։ Փոխաբերական իմաստով՝ սիրտը ցույց է տալիս մարդու ներքին էությունը՝ նրա զգացմունքները, թե ինչի մասին է մտածում, ինչու է դրա մասին մտածում և թե ինչպես են նրա մտքերն անդրադառնում իր գործելակերպի վրա։ Այս փոխաբերական սրտում է, որ սերմվում է ճշմարտության սերմը (Մատթ. 13։19)։ Եվ հենց այդ սրտից պետք է բխի Աստծուն հնազանդվելու ցանկությունը (Առակ. 3։1; Հռովմ. 6։17)։

Որպեսզի ուսուցանելիս քեզ հաջողվի խոսքդ հասցնել մարդու սրտի խորքերը, նպատակդ իրագործիր հետևյալ ձևերով. 1) փորձիր ըմբռնել, թե ինչն է արդեն իր ազդեցությունը թողել քեզ լսող անհատի սրտի վրա, 2) նրան օգնիր, որ իր մեջ արմատավորի դրական հատկություններ, ինչպիսիք են սերն ու աստվածավախությունը, 3) խրախուսիր նրան քննելու իր ներքին մղումները, որպեսզի լիովին հաճեցնի Եհովային։

Եղիր խորաթափանց։Մարդիկ չեն ընդունում ճշմարտությունը տարբեր պատճառներով։ Աստվածաշնչի տնային ուսումնասիրություն անցկացնելիս գուցե անհրաժեշտություն առաջանա արմատախիլ անել որևէ կանխակալ կարծիք, ներկայացնել փաստեր՝ ուսումնասիրողի սխալ պատկերացումները ուղղելու համար, կամ էլ ուղղակի ապացույցներ բերել։ Հարցրու ինքդ քեզ. «Որպես անհատ՝ գիտակցո՞ւմ է նա, որ ունի հոգևոր կարիքներ։ Ինչի՞ն է նա արդեն հավատում։ Իսկ ինչի՞ն դեռ չի հավատում։ Ինչո՞ւ է նա եկել նման համոզման։ Ունի՞ նա օգնության կարիք՝ հաղթահարելու բոլոր այն ցանկությունները, որ կարող են խանգարել նրան իր վրա վերցնելու պատասխանատվություններ, որ բերում է ճշմարտությունն իմանալը»։

Երբեմն հեշտ չէ պարզել, թե ինչու են մարդիկ հավատում այս կամ այն բանին։ «Խոր ջուրեր է մարդիս սրտի խորհուրդը, — ասվում է Առակաց 20։5–ում, — բայց խելօք [«խորաթափանց», ՆԱ] մարդը նորան կ’հանէ»։ Խորաթափանցությունը մի ունակություն է, որի օգնությամբ կարելի է նկատել այն, ինչ առաջին հայացքից չի երևում։ Ուստի հարկավոր է լինել ուշադիր և հետաքրքրություն ցուցաբերել մարդկանց հանդեպ։

Մարդկանց հաղորդակցությունը միմյանց հետ չի սահմանափակվում միայն խոսելով։ Որևէ թեմա շոշափելիս կնկատես, որ փոփոխվում է ուսումնասիրողի դեմքի արտահայտությունը կամ ձայնի տոնը։ Եթե ծնող ես, գիտակցում ես անշուշտ, որ երեխայի վարքագծի մեջ տեղի ունեցող ցանկացած փոփոխություն հետևանք է նրա կյանքում տեղի ունեցած որևէ նոր ազդեցության։ Մի անտեսիր այդ նշանները։ Դրանք փոքրիկ նշաններ են, որ ցույց են տալիս, թե ինչ է տեղի ունենում անհատի սրտում։

Լավ մտածված հարցերը կօգնեն քեզ ‘հանել’ անհատի սրտում եղածը։ Կարող ես հարց տալ. «Ո՞րն է ձեր տեսակետը... վերաբերյալ», «Ի՞նչն է ձեզ համոզել, որ...», «Ինչպե՞ս կվարվեիք, եթե...»։ Սակայն զգույշ եղիր, որ մարդկանց անհարմար վիճակի մեջ չդնես հարցերի տարափով։ Գուցե նախևառաջ նրբանկատորեն հարցնես. «Չէի՞ք առարկի, եթե հարցնեի...»։ Մարդու սրտում եղածը պարզելը հեշտ գործ չէ, ուստի չպետք է շտապել։ Հիմնականում որոշակի ժամանակ է հարկավոր, որպեսզի անհատը վստահի մեզ և ի՛նքը ցանկանա արտահայտել իր ներքին զգացումները։ Նույնիսկ այդ ժամանակ է հարկավոր աչալուրջ լինել, որ նրա մեջ այնպիսի տպավորություն չստեղծվի, թե ուզում ես իմանալ բաներ, որոնք քեզ չեն վերաբերում (Ա Պետ. 4։15

Մարդկանց ասածներին ճիշտ արձագանքելու համար նույնպես խորաթափանցություն է պահանջվում։ Միշտ հիշիր, որ քո նպատակը պետք է լինի հասկանալ մարդկանց և կողմնորոշվել, թե աստվածաշնչյան ինչպիսի տեղեկությունը կմղի նրանց գործերի։ Եթե քո մեջ ցանկություն է առաջանում մարդկանց ցույց տալ իրենց տեսակետի սխալ լինելը, աշխատիր անմիջապես ճնշել դա։ Փոխարենը՝ փորձիր ըմբռնել նրանց բառերի ետևում թաքնված զգացմունքները։ Ահա ա՛յդ ժամանակ կիմանաս, թե ինչպես արձագանքել. իր հերթին՝ երբ ուսումնասիրողը նկատի, որ հասկանում ես իրեն, հավանականությունը մեծ է, որ լուրջ մոտեցում ցուցաբերի քո ասածների հանդեպ (Առակ. 16։23

Նույնիսկ եթե դիմում ես մեծ թվով մարդկանց, նրանց շարքերում կլինեն առանձին անհատներ, որոնց կկարողանաս որոշ չափով մղել գործերի։ Եթե լավ տեսողական կապ պահպանես, ուշադիր հետևես նրանց դեմքի արտահայտությանը, առաջ քաշես մտածելու տեղիք տվող հռետորական հարցեր, հավանաբար պատկերացում կկազմես, թե ինչպես են ունկնդիրներդ ընդունում քո խոսքերը։ Եթե լավ ծանոթ ես ունկնդիրներին, ապա ցույց տուր, որ անտարբեր չես նրանց հանգամանքների հանդեպ։ Երբ տրամաբանում ես Աստծո Խոսքի հիման վրա, հաշվի առ տվյալ ժողովում տիրող ընդհանուր մթնոլորտը (Գաղ. 6։18, ԷԹ

Մարդկանց մեջ դրական զգացումներ արթնացրու։Որոշ չափով տեղեկանալով անհատի հավատալիքներին, պարզելով, թե ինչին չի հավատում և ինչու՝ լավ հիմք կունենաս հետագա խոսքդ կառուցելու համար։ Իր հարությունից հետո Հիսուսը, ‘բացատրելով Սուրբ գրքերը’ մինչ այդ կատարված իրադարձությունների լույսի ներքո, հասավ իր աշակերտների սրտին (Ղուկ. 24։32, ԱՆԹ)։ Դու նույնպես պետք է ջանք թափես անհատին ցույց տալ առնչությունը իր հետ կատարվածի, իր ձգտումների և այն ամենի միջև, ինչ նա կարդում է Աստծո Խոսքում։ Ուսումնասիրողի սիրտը կլցվի ջերմ զգացումներով, երբ նա լիովին գիտակցի. «Սա՛ է ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ»։

Մարդկանց ուշադրությունը հրավիրելով Եհովայի բարության, սիրո, ողորմության վրա, ու ցույց տալով, որ նրա ճանապարհները ճշմարիտ են՝ նրանց օգնում ենք Աստծո հանդեպ սեր զարգացնել։ Եթե ժամանակ հատկացնենք մեզ լսողներին օգնելու տեսնել, որ Աստված նկատում է յուրաքանչյուրի լավ հատկությունները՝ որպես առանձին անհատի, նրանց հիմքեր կտանք հավատալու, որ հնարավոր է Աստծո հետ անձնական փոխհարաբերություն զարգացնել։ Այդ ամենին հասնելու համար կարելի է խորհրդածել այնպիսի համարների շուրջ, ինչպիսիք են՝ Սաղմոս 139։1–3, Ղուկաս 21։1–4, Յովհաննես 6։44–ը, նաև օգնել մեր ունկնդիրներին գնահատելու այն խոր սերն ու կապվածությունը, որ Եհովան դրսևորում է իր հավատարիմ ծառաների հանդեպ (Հռովմ. 8։38, 39)։ Բացատրիր, որ Եհովան ավելին է տեսնում, քան մեր թերությունները. նա տեսնում է մեր ողջ կյանքի ընթացքը, ճշմարիտ երկրպագության հանդեպ մեր նախանձախնդրությունը և իր անվան հանդեպ մեր ունեցած սերը (Բ Մնաց. 19։2, 3; Եբր. 6։10)։ Աստված հիշում է նույնիսկ ամենաչնչին մանրամասները մեր մասին՝ որպես անհատականության, և հրաշալի կերպով կյանքի կբերի բոլոր նրանց, «որ գերեզմաններումն են» (Յովհ. 5։28, 29; Ղուկ. 12։6, 7)։ Աստծո հատկությունների մասին քննարկումները հաճախ դրական արձագանք են արթնացնում մարդկանց սրտում, քանի որ մարդը ստեղծված է Աստծո պատկերով ու նմանությամբ (Ծննդ. 1։27

Անհատի սիրտը կլցվի դրական հույզերով նաև այն դեպքում, եթե նա սովորի մարդկանց հետ վերաբերվել այնպես, ինչպես Եհովան է վերաբերվում։ Տրամաբանական է, որ եթե Աստված ջերմորեն է վերաբերվում մեզանից յուրաքանչյուրին, ապա նույնանման հոգատարություն կցուցաբերի նաև այլ անձանց նկատմամբ՝ անկախ նրանց ծագումից, ազգային կամ ռասսայական պատկանելությունից (Գործք 10։34, 35)։ Նման եզրահանգումը սուրբգրային ամուր հիմք կհանդիսանա, որ անհատն իր սրտից արմատախիլ անի ատելությունն ու նախապաշարմունքը։ Դա նրան հնարավորություն կտա խաղաղ հարաբերություններ վայելելու ուրիշների հետ՝ սովորելով կատարել Աստծո կամքը։

Մեկ այլ կարևոր զգացում, որ պետք է մարդկանց օգնես զարգացնել, աստվածավախությունն է (Սաղ. 111։10; Յայտն. 14։6, 7)։ Այսպիսի խոր ակնածանքը կամ վախը Աստծո հանդեպ, կարող է մղել անհատին իրագործելու այն ամենը, ինչ անհնար է իրականացնել սեփական ուժերով։ Մարդկանց հետ զրուցելով Եհովայի՝ ակնածանք ներշնչող գործերի և նրա ցուցաբերած անզուգական ողորմության մասին՝ կօգնես նրանց առողջ վախ զարգացնել Աստծո հանդեպ, որպեսզի տհաճություն չպատճառեն նրան (Սաղ. 66։5; Երեմ. 32։40

Քեզ լսողներին բացատրիր, որ իրենց վարքը կարևորություն ունի Եհովայի համար։ Նա զգացմունքներ ունի, ուստի կախված այն բանից, թե ինչպես ենք արձագանքում նրա առաջնորդությանը՝ կարող ենք կա՛մ տխրեցնել նրան, կա՛մ էլ ուրախություն պատճառել (Սաղ. 78։40–42)։ Մարդկանց ցույց տուր, թե ինչու իրենց արարքները կարող են դեր խաղալ Աստծուն ուղղված՝ Սատանայի պնդումը հերքելու հարցում (Առակ. 27։11

Ունկնդիրներին օգնիր նաև հասկանալու, որ Աստծո պահանջները իրենց օգտին են ծառայում (Ես. 48։17)։ Այդ նպատակով կարելի է նշել, թե ֆիզիկական և էմոցիոնալ առումներով ինչպիսի հետևանքներ կարող է ունենալ Աստծո իմաստությունը մերժելը՝ նույնիսկ շատ կարճ ժամանակով։ Բացատրիր, թե ինչպես է մեղքը մեզ հեռացնում Աստծուց, պատճառ լինում, որ մարդիկ մերժեն ճշմարտությունը, նաև այլ կերպերով ոտնահարում նրանց իրավունքները (Ա Թեսաղ. 4։6)։ Նրանց օգնիր թանկ գնահատել բոլոր օրհնությունները, որ արդեն վայելում են Աստծո օրենքներին հետևելու շնորհիվ։ Փորձիր ամրացնել նրանց գնահատանքը այն բանի հանդեպ, որ Եհովայի արդար ճանապարհներով գնալը մեզ ազատում է բազմաթիվ դժբախտություններից։ Բավական է՝ մարդ հավաստիանա, որ Աստծո ճանապարհներն իմաստուն են, նա կմերժի ցանկացած ընթացք, որ հակառակ է այդ ճանապարհներին (Սաղ. 119։104)։ Այդ դեպքում անհատը Եհովային հնազանդվելը ոչ թե բեռ կհամարի, այլ միջոց՝ նրա հանդեպ իր սերն ու նվիրվածությունը արտահայտելու։

Օգնիր մարդկանց ինքնաքննություն կատարել։Որպեսզի մարդիկ շարունակեն հոգևորապես աճել, նրանք պետք է կարողանան ճիշտ արձագանքել իրենց սրտում եղածին։ Բացատրիր, թե ինչպես կարող է այդ հարցում նրանց օգնել Աստվածաշունչը։

Օգնիր ունկնդիրներին ըմբռնել, որ Աստվածաշունչը լոկ պատվիրանների, խրատների, պատմական իրադարձությունների և մարգարեությունների արձանագրություն չէ։ Այն նաև բացահայտում է Աստծո մտածողությունը։ Յակոբոս 1։22–25-ում Աստծո Խոսքը համեմատվում է հայելու հետ. թե ինչպես ենք արձագանքում Աստվածաշնչի պատգամին և այն բանին, թե ինչ ձևով է Եհովան իրագործում իր նպատակը, դրանով ցույց ենք տալիս մեր սրտում եղածը։ Այսպիսով՝ Աստծո Խոսքը բացահայտում է, թե ինչպիսին ենք մենք ‘սրտեր քննող’ Աստծո աչքին (Առակ. 17։3)։ Խրախուսիր քեզ լսողներին միշտ հիշել այս մասին։ Մղիր նրանց խորհրդածել այն ամենի շուրջ, ինչ Աստված պահպանել է Աստվածաշնչում, ու օգնիր նրանց մտածել, թե ինչ բարեփոխումներ պետք է մտցնեն կյանքում, որ է՛լ ավելի հաճելի լինեն Աստծուն։ Օգնիր նրանց Աստվածաշնչի ընթերցանությունը դիտել որպես մի միջոց, որն իրենց հնարավորություն է տալիս տեսնելու, թե Եհովան ինչպես է գնահատում իրենց «սրտի մտքերը եւ խորհուրդները», որպեսզի Աստծո հետ համագործակցելով՝ անհրաժեշտ փոփոխություններ մտցնեն իրենց կյանքում (Եբր. 4։12; Հռովմ. 15։4)։

Աստվածաշունչ ուսումնասիրողներից ոմանք գուցե ցանկանան վարվել իրենց սովորածի համաձայն, սակայն վարանեն՝ մտահոգված, թե ինչ կմտածեն ուրիշները։ Ոմանք էլ, հնարավոր է, պայքարում են իրենց մեջ արմատացած մարմնի ցանկությունների դեմ։ Կամ հավանաբար հնարներ են փնտրում՝ ծառայելու Աստծուն և միաժամանակ կառչած մնալու աշխարհիկ գործելակերպին։ Մատնանշիր, թե ինչ վտանգներ կարող է իր հետ բերել նման անվճռականությունը (Գ Թագ. 18։21)։ Խրախուսիր նրանց աղոթել Աստծուն, որ նա քննի և մաքրի իրենց սիրտը (Սաղ. 26։2; 139։23, 24

Նրանց ցույց տուր, որ Եհովան հասկանում է, թե որքան դժվար է իրենց պայքարը, և Աստվածաշնչում բացատրվում է, թե որն է այդ ամենի պատճառը (Հռովմ. 7։22, 23)։ Նրանց օգնիր զգուշանալ, որպեսզի թույլ չտան անկատար սրտի հակումներին իշխելու իրենց վրա (Առակ. 3։5, 6; 28։26; Երեմ. 17։9, 10

Քաջալերիր նրանց, որ ինչ–​որ բան անելուց առաջ վերլուծեն սեփական շարժառիթները։ Սովորեցրու անհատին ինքն իրեն հարց տալ. «Ի՞նչն է պատճառը, որ ցանկանում եմ այս բանն անել։ Իմ այս արարքով ցույց կտա՞մ արդյոք Եհովային, որ իրոք գնահատում եմ այն ամենը, ինչ նա արել է ինձ համար»։ Ջանք թափիր ամրացնել նրանց վստահությունն այն հարցում, որ Եհովայի հետ ունեցած ջերմ փոխհարաբերությունը ամենաարժեքավոր հարստությունն է, որ անհատը կարող է ունենալ։

Օգնիր քեզ լսողներին ըմբռնելու, թե ինչ է նշանակում Եհովային ծառայել «ամբողջ սրտով» (Ղուկ. 10։27, ԷԹ)։ Դա նշանակում է, որ իրենց զգացմունքները, ցանկությունները և մղումները պետք է ներդաշնակ լինեն Եհովայի ճանապարհների հետ։ Ուստի նրանց սովորեցրու, որպեսզի վերլուծեն ոչ միայն իրենց արարքները, այլ նաև իրենց վերաբերմունքը Աստծո պահանջների հանդեպ, և այն, թե ինչն է իրենց մղում ծառայելու նրան (Սաղ. 37։4)։ Երբ ուսումնասիրողները հասկանան, թե ինչ ոլորտներում պետք է բարելավումներ մտցնեն, խրախուսիր նրանց աղոթել Եհովային. «Միացրու իմ սիրտը որ քո անունիցը վախենայ» (Սաղ. 86։11

Երբ ուսումնասիրողը անձնական փոխհարաբերություն մշակի Եհովայի հետ, նա արդեն կհնազանդվի Աստծուն ոչ թե լոկ կողմնակի քաջալերանքներից մղված, այլ իր հավատից։ Նա ինքը կհամոզվի, «թէ ո՛րն է հաճելի Տիրոջը» (Եփես. 5։10; Փիլիպ. 2։12)։ Նման սրտանց հնազանդությունը ուրախացնում է Եհովային (Առակ. 23։15

Հիշիր, որ Եհովան է «սրտեր կշռողը» և նա է մարդկանց հնարավորություն տալիս իր հետ հարաբերություններ հաստատելու (Առակ. 21։2; Յովհ. 6։44)։ Մեր դերն ընդամենը նրա հետ համագործակցելն է (Ա Կորնթ. 3։9)։ Կարծես՝ «Աստուած ինք մեր միջոցով կոչ կ’ուղղէ» (Բ Կորնթ. 5։20, Արևմտ. Աստ.; Գործք 16։14)։ Եհովան չի հարկադրում մարդկանց ընդունել ճշմարտությունը, բայց երբ կիրառում ենք Գրությունները, նա օգնում է մեզ լսող անձանց հասկանալու, որ այն, ինչ նրանք լսում են, պատասխանն է իրենց հարցերի կամ աղոթքների։ Ամեն անգամ, երբ ուսուցանելու հնարավորություն է ստեղծվում, աշխատիր նման մտայնություն դրսևորել և միշտ ջերմեռանդորեն խնդրել Եհովային՝ առաջնորդության և օգնության համար (Ա Մնաց. 29։18, 19; Եփես. 1։16–18