Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ԴԱՍ 3

Ճիշտ արտասանություն

Ճիշտ արտասանություն

ՈՉ ԲՈԼՈՐ քրիստոնյաներն են հնարավորություն ունեցել բավարար կրթություն ստանալու։ Ժամանակին նույնիսկ Պետրոս և Հովհաննես առաքյալների համար էին ասում, որ «պարզ և անուս» մարդիկ են (Գործք 4։13, ԱՆԹ)։ Այնուհանդերձ, անհրաժեշտ է խուսափել սխալ արտասանությունից, քանի որ այն կարող է մարդկանց խանգարել Աստվածաշնչի ճշմարտությունը լսելու։

Ինչ պետք է նկատի ունենալ։ Յուրաքանչյուր լեզու ունի արտասանության վերաբերյալ իր կանոնները։ Շատ լեզուներում գործում է տառային այբուբենը։ Բացի հայերեն այբուբենից, կան նաև հետևյալ այբուբենները՝ լատինագիր (լատինիցա), հունագիր, ռուսագիր (կիրիլիցա), սեմագիր (արաբերեն և եբրայերեն այբուբեններ)։ Գրավոր չինարենում, սակայն, կիրառվում են հիերոգլիֆներ, որոնք իրենց հերթին բաղկացած են մի շարք մասնիկներից։ Սովորաբար այս հիերոգլիֆները կարող են հանդես գալ կամ որպես ամբողջական բառեր, կամ էլ՝ բառի առանձին մասեր։ Չնայած նրան, որ ճապոներեն և կորեերեն լեզուներում կիրառվում են չինական հիերոգլիֆները, սակայն վերջիններս կարող են բոլորովին այլ կերպ հնչել և այլ իմաստ արտահայտել։

Այն լեզուներում, որոնցում կիրառվում է տառային այբուբենը, անչափ կարևոր է հնչյունների և հնչյունական կապակցությունների ճիշտ արտասանությունը։ Եթե նման լեզուներում գործում են արտասանության վերաբերյալ հաստատուն կանոններ, ինչպես օրինակ, հունարեն, իսպաներեն և զուլու լեզուներում, ուստի այս հարցում դժվարություններ չեն առաջանա։ Սակայն լեզուն կարող է ենթարկվել արտաքին ազդեցությունների, որոնց հետևանքով էլ որոշ բառեր փոխում են իրենց արտասանական ձևը։ Որպես հետևանք՝ որոշ հնչյուններ և հնչյունական կապակցություններ կա՛մ ընդհանրապես չեն արտասանվում, կա՛մ էլ արտասանվում են մի քանի ձևերով։ Կարևոր է հիշել այդ բացառությունները և խոսելիս աշխատել հաճախակի դրանք օգտագործել։ Չինարեն լեզվում բառերը ճիշտ արտասանելու համար հարկավոր է անգիր անել հազարավոր հիերոգլիֆներ։ Մի շարք լեզուներում ձայնի տոնի փոփոխման պատճառով փոխվում է նաև բառային իմաստը։ Եթե այս հանգամանքին բավարար ուշադրություն չդարձվի, ապա արդյունքում սխալ մտքեր կփոխանցվեն։

Եթե բառերը կազմված են մեկից ավելի վանկերից, անհրաժեշտ է շեշտը դնել ճիշտ վանկի վրա։ Շատ լեզուներում, որտեղ գործում է այս կանոնը, բանավոր շեշտն, ընդհանուր առմամբ, չի փոխում իր տեղը։ Իսկ երբ հանդիպում են բացառություններ, ապա գրավոր տեքստում տվյալ բառի համապատասխան վանկի վրա հնարավոր է դրվի շեշտի նշանը, ինչը որոշ չափով նպաստում է ճիշտ արտասանությանը։ Սակայն եթե լեզվում այս առումով հետևողականություն չի պահպանվում, ապա հավելյալ դժվարություններ են առաջ գալիս։ Այս հարցում բարելավվելու միակ միջոցը դրանք անգիր սովորելն է։

Որոշ լեզուներում հատուկ ուշադրություն են պահանջում հնչյունատարբերիչ նշանները։ Դրանք բոլոր այն նշաններն են, որոնք դրվում են այբուբենի որոշ տառերի վերևում կամ ներքևում, օրինակ՝ ŭ, ё , é, ô, ñ, ō, č, ö, ç։ Եթե այդ նշանները բացակայում են, ապա, ելնելով համատեքստից, ընթերցողն ինքը պետք է կողմնորոշվի, թե ինչպես կարդա տվյալ տառը։ Վերջինս մանրակրկիտ պատրաստվածություն է պահանջում, հատկապես այն դեպքում, երբ հանձնարարություն ես ստացել ընթերցելու հանրության առջև։

Արտասանության հետ կապված՝ կան որոշ վտանգներ, որոնցից պետք է խուսափել։ Չափազանցված արտասանությունը անբնական կհնչի, և այնպիսի տպավորություն կստեղծվի, թե անհատը ցանկանում է աչքի ընկնել։ Նույնպիսի տպավորություն կարող է թողնել նաև այն արտասանությունը, որն արդեն գործածությունից դուրս է եկել։ Նման դեպքերում մարդկանց ուշադրությունը կենտրոնանում է միայն խոսողի վրա։ Սակայն մյուս կողմից՝ անհրաժեշտ է խուսափել մեկ այլ ծայրահեղության մեջ ընկնելուց, այսինքն՝ անփույթ խոսելաձևից և արտասանությունից։ Սրա վերաբերյալ որոշ մանրամասներ արդեն քննարկվել են «Հստակ արտասանություն» դասում։

Միևնույն լեզվում նույն բառը տարբեր երկրներում կարող է տարբեր ձևով արտասանվել։ Այդ երևույթը կարող է նկատվել նույնիսկ տվյալ երկրի տարբեր շրջաններում։ Հնարավոր է, որ օտարերկրացին տեղի լեզվով խոսելիս բոլորովին այլ կերպ արտասանի բառերը։ Բառարաններում կարելի է գտնել միևնույն բառի արտասանության տարբեր ձևեր։ Եթե բավարար կրթություն ստանալու հնարավորություն չես ունեցել, կամ եթե այն լեզուն, որով հիմա խոսում ես, քո մայրենի լեզուն չէ, քեզ համար օգտակար կլինի ուշադրությամբ լսել նրանց, ովքեր լավ են խոսում տեղի լեզվով, և ընդօրինակել նրանց արտասանությունը։ Որպես Եհովայի վկաներ՝ մենք ցանկանում ենք այնպես խոսել, որ կարողանանք միշտ բարձր պահել մեր քարոզած լուրի արժեքը, և օգնել մեր շրջապատի մարդկանց հեշտությամբ այն հասկանալ։

Լավ կլինի, որ քեզ քաջածանոթ բառերը կիրառես առօրյա խոսակցություններում։ Նման դեպքերում, սովորաբար, արտասանության հետ կապված խնդիրներ չեն առաջանում։ Սակայն բարձրաձայն ընթերցելիս հնարավոր է հանդիպես բառերի, որոնք քո առօրյա խոսքում չես գործածում։ Իսկ Եհովայի վկաները բավականին հաճախ են բարձրաձայն ընթերցում։ Օրինակ՝ վկայություն տալիս Աստվածաշնչից հատվածներ ենք կարդում։ Որոշ եղբայրների հրավիրում են ընթերցել «Դիտարանի» և Գրքի ուսումնասիրության ժամանակ։ Շատ կարևոր է ճիշտ ընթերցել, քանի որ սխալ արտասանված բառերը կարող են շեղել լսողների ուշադրությունը մեր հաղորդած պատգամից։

Դժվարանո՞ւմ ես արտասանել Աստվածաշնչում հանդիպող որոշ հատուկ անուններ։ Ի նկատի ունեցիր, որ Աստվածաշնչի հայերեն թարգմանություններում բառամիջում հաճախակի հանդիպող իւ երկբարբառը ժամանակակից հայերենում կարդացվում է յու (օրինակ՝ Կիւրոս–Կյուրոս, Սիւքեմ–Սյուքեմ և այլն)։ Իսկ բառասկզբի յ–ն կարդացվում է հ (օրինակ՝ Յակոբ–​Հակոբ, Յովնան–Հովնան և այլն)։ Ժամանակ հատկացրու նաև բաղաձայնների ճիշտ արտասանությանը ծանոթանալուն, որը բանավոր խոսքում կատարված հնչյունափոխության հետևանք է (օրինակ՝ գրվում է սուրբ, կարդացվում է սուրփ, կամ՝ թագավոր–թաքավոր, ողջակեզ–ողչակեզ և այլն)։

Ինչ պետք է անես։ Շատերը տեղյակ չեն, որ արտասանության հարցում որոշ թերություններ ունեն։ Եթե Դպրոցի վերակացուն նշի, թե արտասանության հատկապես ո՛ր ոլորտների վրա պետք է հատուկ ուշադրություն դարձնես, ուրախությամբ ընդունիր նրա տված խորհուրդը։ Հիմա, երբ արդեն գիտես, թե որն է խնդիրը, ինչպե՞ս կարող ես բարելավվել։

Ենթադրենք՝ բարձրաձայն ընթերցելու առաջադրանք ես ստացել։ Նախևառաջ փորձիր օգտվել հայոց լեզվի ձեռնարկներից։ Քանի որ հայերենում շեշտը հիմնականում դրվում է վերջին վանկի ձայնավորի վրա, ուստի շեշտադրության հարցում առանձնապես դժվարություններ չես ունենա։ Սակայն երբեմն լինում են բացառություններ, երբ շեշտը փոխում է իր տեղը (օրինակ՝ այլ լեզուներից փոխառնված որոշ հատուկ անուններում)։ Ահա այսպիսի դեպքերում է, որ կարող ես դիմել այդ ձեռնարկների օգնությանը։ Իսկ եթե չգիտես, թե ինչպես օգտվել, ապա դրանց առաջին կամ վերջին էջերը քեզ համար ուղեցույց կլինեն։ Կարող ես նաև խնդրել որևէ մեկին օգնելու քեզ այդ հարցում։ Պարզելուց հետո, թե ինչպես պետք է արտասանել քեզ անհրաժեշտ բառը, բարձրաձայն կրկնիր այն մի քանի անգամ։

Արտասանությունը բարելավելու մեկ այլ միջոցն էլ այն է, որ խնդրես որևէ մեկին, ով բառերը ճիշտ է արտասանում, լսել ընթերցանությունդ և ուղղել սխալներդ։

Երրորդը՝ ուշադիր լսիր, թե ելույթ ունենալիս ինչպես են խոսում լավ հռետորները։ Ուշադրություն դարձրու այն բոլոր բառերի վրա, որոնք դու այլ կերպ կարտասանեիր։ Ապա դուրս գրիր դրանք և բարձրաձայն կրկնիր։ Ժամանակի ընթացքում կկարողանաս անթերի արտասանել բառերը և ավելի գրագետ կխոսես։