Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ԴԱՍ 22

Ճիշտ գործածիր սուրբգրային համարները

Ճիշտ գործածիր սուրբգրային համարները

ՈՒՐԻՇՆԵՐԻՆ սովորեցնելիս միայն Աստվածաշնչից համարներ ընթերցելը բավարար չէ։ Իր համագործակից Տիմոթեոսին Պողոս առաքյալը գրեց. «Ջանք արա որ քո անձն ընտիր կանգնեցնես Աստուծոյ առաջին իբր մի մշակ առանց ամօթի, որ ճշմարտութեան խօսքն ուղիղ մատակարարես» (Բ Տիմոթ. 2։15

Դա նշանակում է, որ սուրբգրային համարների վերաբերյալ մեր բոլոր բացատրությունները պետք է համապատասխանեն Աստվածաշնչի սովորեցրածին։ Ուստի մեզ դուր եկած արտահայտություններն այնտեղից ընտրելու և սեփական գաղափարներ առաջ քաշելու փոխարեն՝ հարկավոր է հաշվի առնել, թե ինչ համատեքստում է հանդիպում տվյալ սուրբգրային համարը։ Երեմիա մարգարեի միջոցով Եհովան նախազգուշացրեց՝ չլսել այն մարգարեներին, ովքեր հայտարարում էին, թե Եհովայի բերանից դուրս եկած խոսքերն են ասում, սակայն իրականում «իրանց սրտի տեսիլքն [էին] խօսում» (Երեմ. 23։16)։ Պողոս առաքյալը զգուշացրեց քրիստոնյաներին, որ չապականեն Աստծո Խոսքը մարդկային փիլիսոփայություններով։ Նա գրեց. «Հապա կը հրաժարինք ամօթալի ծածուկ բաներէն ու խորամանկութիւնով չենք վարուիր եւ խարդախութիւն չենք ըներ Աստուծոյ խօսքին մէջ»։ Այն ժամանակներում խարդախ գինեվաճառները գինին բացում էին տարբեր հեղուկներով, որպեսզի քանակը շատանար, և իրենց շահույթն ավելանար։ Մենք չենք խարդախում Աստծո Խոսքը՝ այն խառնելով մարդկային փիլիսոփայության հետ։ «Որովհետեւ շատերին պէս չենք, որ Աստուծոյ խօսքը խարդախում են, — շեշտեց Պողոսը, — այլ ինչպէս պարզութիւնից, ինչպէս Աստուածանից՝ Աստուծոյ առաջին խօսում ենք Քրիստոսում» (Բ Կորնթ. 2։17; 4։2, Արևմտ. Աստ.)։

Երբեմն սուրբգրային համարի օգնությամբ գուցե ցանկանաս ընդգծել որևէ սկզբունք։ Աստվածաշունչը հարուստ է սկզբունքներով, որոնք հուսալի առաջնորդություն են տալիս բազմազան իրավիճակների համար (Բ Տիմոթ. 3։16, 17)։ Սակայն պետք է համոզված լինես, որ ճիշտ ես գործածում աստվածաշնչյան համարը և այնտեղի գրվածը սխալ կերպով չես մեկնաբանում՝ ներկայացնելով այնպես, ինչպես դու կցանկանայիր, որ այդ համարում ասվեր (Սաղ. 91։11, 12; Մատթ. 4։5, 6)։ Համարի գործածությունը պետք է ներդաշնակ լինի Եհովայի նպատակներին և համապատասխանի ողջ Աստվածաշնչին։

‘Ճշմարտության խոսքն ուղիղ մատակարարելու’ մեջ մտնում է նաև Աստվածաշնչում գրվածի ոգին հասկանալը։ Այն չի կարելի օգտագործել որպես մահակ՝ մարդկանց վախեցնելու համար։ Հիսուս Քրիստոսին հակառակվող կրոնական առաջնորդները իրենց խոսքերում մեջբերումներ էին անում Գրություններից, սակայն աչք էին փակում Աստծո կողմից պահանջվող առավել կարևոր բաների՝ արդարության, ողորմության և հավատարմության առաջ (Մատթ. 22։23, 24; 23։23, 24, ԱՆԹ)։ Աստծո Խոսքն ուսուցանելիս Հիսուսն արտացոլում էր իր Հոր բնավորության գծերը։ Ճշմարտության հանդեպ նրա ցուցաբերած նախանձախնդրությունը զուգորդվում էր խոր սիրով, որ նա տածում էր նրանց հանդեպ, ում սովորեցնում էր։ Պետք է ջանք թափենք հետևել նրա օրինակին (Մատթ. 11։28

Իսկ ինչպե՞ս կարող ենք համոզված լինել, որ ճիշտ ենք կիրառում սուրբգրային համարները։ Այդ հարցում կօգնի Աստվածաշնչի կանոնավոր ընթերցանությունը։ Նաև պետք է գնահատել «հաւատարիմ եւ իմաստուն ծառա[յի]»՝ ոգով օծված քրիստոնյաների կատարած աշխատանքը. այդ ծառայի միջոցով Եհովան հոգևոր կերակուրով է ապահովում իր բոլոր հավատարիմ ծառաներին (Մատթ. 24։45)։ Անձնական ուսումնասիրությունը, ժողովի հանդիպումներին կանոնավորաբար ներկա գտնվելն ու մասնակցելը կօգնեն, որ օգուտներ քաղենք այս հավատարիմ և իմաստուն ծառա դասակարգի կողմից տրվող կրթությունից։

Եթե «Տրամաբանել Սուրբ Գրությունների հիման վրա» գիրքը առկա է ձեր լեզվով, սովորիր լավ կիրառել այն, քանի որ այդ դեպքում ձեռքի տակ կունենաս քեզ անհրաժեշտ առաջնորդություն՝ ծառայության ժամանակ հաճախակի օգտագործվող հարյուրավոր սուրբգրային համարներ ճիշտ կիրառելու հարցում։ Եթե նախատեսել ես օգտագործել այնպիսի համար, որը հազվադեպ է գործածվում, համեստությունը կմղի քեզ կատարելու հարկ եղած հետազոտությունը, որպեսզի խոսելիս ճշմարտության խոսքը ճիշտ ներկայացնես (Առակ. 11։2, ՆԱ)։

Պարզ ցույց տուր համարը գործածելու նպատակը։Սովորեցնելիս հարկավոր է այնպես անել, որ մարդիկ կարողանան տեսնել կապը քննարկվող նյութի և քո կողմից օգտագործվող համարների միջև։ Եթե սուրբգրային համարն ընթերցելուց առաջ հարց ես տվել, քեզ լսողները պետք է տեսնեն, թե ինչպես է տվյալ համարը պատասխանում այդ հարցին։ Իսկ եթե տվյալ համարը ներկայացնում ես որպես ապացույց մի որևէ պնդման, ապա պետք է վստահ լինես, որ ուսումնասիրողը կարող է հեշտությամբ նկատել, թե ինչպես է այդ համարը հաստատում տվյալ պնդումը։

Նույնիսկ ճիշտ շեշտադրումով սուրբգրային համարն ընթերցելը դեռ բավարար չէ։ Հարկավոր է հիշել, որ մարդիկ ծանոթ չեն Աստվածաշնչին, և նրանք չեն կարողանա ըմբռնել այն, ինչ ցանկանում ես նրանց հաղորդել, եթե ընդամենը ընթերցես համարը։ Նրանց ուշադրությունը հրավիրիր համարի այն հատվածի վրա, որը սերտ կապ ունի քննարկվող նյութի հետ։

Սովորաբար դրան կարելի է հասնել՝ առանձնացնելով կարևոր բառերը, որ անմիջականորեն կապված են քննարկվող մտքի հետ։ Ամենապարզ մեթոդն է՝ կրկնել իմաստային կշիռ ունեցող բառերը։ Որևէ անհատի հետ զրուցելիս լավ կլինի հարցեր ուղղել, որոնք կօգնեն նրան նկատելու այդ բառերը։ Իսկ մի խումբ մարդկանց առջև ելույթ ունենալիս որոշ հռետորներ նախընտրում են կիրառել հոմանիշներ, կամ կրկնել միտքը՝ իրենց նպատակին հասնելու համար։ Սակայն այս մեթոդը կիրառելիս ուշադիր եղիր, որպեսզի նկատես, թե ունկնդիրները չե՞ն կորցրել արդյոք կապը քննարկվող թեմայի և սուրբգրային համարում հանդիպող բառերի մեջև։

Անհրաժեշտ բառերն առանձնացնելով՝ դու արդեն լավ հիմք ես դնում։ Սակայն դրանով մի բավարարվիր։ Արդյո՞ք համարները ներկայացրել ես այնպես, որ քեզ լսողները ըմբռնեն դրանք գործածելու նպատակը։ Եթե այո, ապա ցույց տուր, թե ինչպես են այդ առանձնացված բառերը առնչվում այն բանին, ինչ ունկնդիրներն ակնկալում են իմանալ։ Հստակ կերպով ցույց տուր այդ կապը։ Նույնիսկ եթե համարը չես ներկայացրել այդպիսի պարզորոշ կերպով, այնուամենայնիվ հարկ կլինի տալ որոշ պարզաբանումներ։

Փարիսեցիները Հիսուսին հարց ուղղեցին, որին, ինչպես իրենք էին կարծում, դժվար էր պատասխանել։ «Արժա՞ն է արդեօք մարդիս, որ իր կինն արձակէ ամեն որ եւ է պատճառի համար»։ Հիսուսն իր պատասխանը հիմնավորեց Ծննդոց 2։24 համարով։ Հետաքրքրական է, որ նա ուշադրությունը կենտրոնացրեց համարի միայն մեկ հատվածի վրա, ապա հարկ եղած ձևով ցույց տվեց իր ասելիքի և համարի այդ հատվածի միջև գոյություն ունեցող կապը. նշելով, որ տղամարդը և կինը «մէկ մարմին» դարձան՝ Հիսուսը եզրափակեց. «Արդ այն որ Աստուած միաւորեց, թող մարդը չ’բաժանէ» (Մատթ. 19։3–6

Ի՞նչ չափով է հարկավոր բացատրություններ տալ, որպեսզի աստվածաշնչյան համարի կիրառումը հասկանալի լինի լսողներին։ Դա որոշելու համար անհրաժեշտ է հաշվի առնել ունկնդիրների կազմը, ինչպես նաև քննարկվող թեմայի կարևորությունը։ Նպատակ դիր խոսել պարզ ու կոնկրետ։

Տրամաբանիր Գրությունների հիման վրա։Պողոս առաքյալի՝ Թեսաղոնիկեում անցկացրած ծառայության մասին Գործք 17։2, 3 համարներում կարդում ենք, որ նա ‘խոսում [«տրամաբանում», ՆԱ] էր Գրքերից’։ Անհրաժեշտ է, որ այս ունակությունը մշակեն Եհովայի բոլոր ծառաները։ Պողոսը ներկայացրեց մի շարք փաստեր Հիսուսի կյանքի և ծառայության վերաբերյալ, ցույց տվեց, որ դրանց մասին կանխագուշակվել էր Եբրայերեն Գրություններում, ապա ավարտեց իր խոսքը մի ազդեցիկ վերջաբանով. «Քրիստոսը այս Յիսուսն է որ ես պատմում եմ ձեզ»։

Եբրայեցիներին ուղղած իր նամակում Պողոսը բազմիցս մեջբերումներ արեց Եբրայերեն Գրություններից։ Որևէ միտք ընդգծելու կամ պարզեցնելու նպատակով՝ նա առանձնացնում էր մեկ բառ կամ մի համառոտ արտահայտություն, ապա ցույց տալիս դրա նշանակությունը (Եբր. 12։26, 27, ԱՆԹ Այն հաղորդագրության մեջ, որ կարդում ենք Եբրայեցիս 3–րդ գլխում, Պողոսը մեջբերում է կատարել Սաղմոս 95։7–11 համարներից։ Ուշադրություն դարձրու, թե ինչպես է նա լուսաբանում այդ սաղմոսի երեք կարևոր հատվածներ. 1) մատնանշում է սիրտը (Եբր. 3։8–12), 2) բացատրում է «Այսօր» բառի նշանակությունը (Եբր. 3։7, 13–15; 4։6–11) և 3) մեկնում է «Պիտի չ’մտնեն իմ հանգստի մէջ» արտահայտության իմաստը (Եբր. 3։11, 18, 19; 4։1–11)։ Որևէ համար կիրառելու հարցում ջանք թափիր ընդօրինակել Պողոսին։

Քննենք, թե ինչպես Հիսուսը արդյունավետ կերպով տրամաբանեց Գրությունների հիման վրա։ Այդ մասին կարդում ենք Ղուկաս 10։25–37 համարներում։ Մովսիսական օրենքին լավատեղյակ մի անձնավորություն հարցրեց Հիսուսին. «Վարդապետ, ի՞նչ գործեմ, որ յաւիտենական կեանքը ժառանգեմ»։ Ի պատասխան՝ Հիսուսը նախ հրավիրեց այդ անհատին արտահայտելու իր կարծիքը տվյալ հարցի վերաբերյալ, իսկ հետո ընդգծեց, թե ինչու է կարևոր շարժվել Աստծո Խոսքում գրվածի համաձայն։ Երբ պարզվեց, որ այդ մարդը չէր ըմբռնում ասվածի իմաստը, Հիսուսը հանգամանորեն քննարկեց սուրբգրային համարում հանդիպող ընդամենը մեկ բառ՝ «ընկեր»։ Պարզապես բառի սահմանումը տալու փոխարեն՝ նա օրինակ բերեց, որպեսզի օգնի այդ անհատին ինքնուրույն հանգելու ճիշտ եզրակացության։

Ակնհայտ է, որ հարցերին պատասխանելիս Հիսուսն ընդամենը համարներ չէր մեջբերում, որոնք ուղղակիորեն կպատասխանեին տրված հարցերին։ Նա վերլուծում էր այդ համարներում ասվածը, ապա դա անմիջապես կիրառում՝ տվյալ հարցին պատասխանելու համար։

Երբ սադուկեցիները հարցականի տակ դրեցին հարության հույսի գաղափարը, Հիսուսը նրանց ուշադրությունը հրավիրեց Ելից 3։6 համարի կոնկրետ մի հատվածի վրա։ Սակայն համարը մեջբերելով՝ նա վերջ չդրեց խոսակցությանը, այլ տրամաբանեց դրա հիման վրա՝ ցույց տալով, որ մարդկանց հարություն տալը Աստծո նպատակի մեջ է մտնում (Մարկ. 12։24–27

Գրությունների հիման վրա ճիշտ և արդյունավետ կերպով տրամաբանելու կարողություն ձեռք բերելը զգալի դեր է խաղում հմուտ ուսուցիչ դառնալու հարցում։