ԴԱՍ 1
Ճիշտ ընթերցանություն
ԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ համաձայն՝ Աստծո կամքն է, որ բոլոր մարդիկ «ճշմարտութեան [«ճշգրիտ», ՆԱ] գիտութեանը գան» (Ա Տիմոթ. 2։4)։ Ուստի՝ մարդկանց ճշգրիտ գիտելիքներ փոխանցելու մեր ցանկությունը պետք է մեզ մղի ուշադիր լինելու այն հարցում, թե ինչպես ենք ընթերցում Աստվածաշունչը բարձրաձայն։
Աստվածաշունչը և դրա վրա հիմնված գրականությունը բարձրաձայն ընթերցելու կարողությունը կարևոր է ինչպես երիտասարդների, այնպես էլ մեծահասակների համար։ Որպես Եհովայի վկաներ՝ մենք պատասխանատվություն ենք կրում մարդկանց պատմելու Եհովայի և նրա ճանապարհների մասին։ Հետևաբար հաճախ հարկ է լինում ընթերցել ինչ–որ մեկի կամ մարդկանց խմբի համար։ Բարձրաձայն ընթերցում ենք նաև մեր ընտանիքներում։ Աստվածապետական ծառայության դպրոցում ինչպես երիտասարդ, այնպես էլ մեծահասակ եղբայրներն ու քույրերը հիանալի հնարավորություն ունեն խորհուրդներ ստանալու՝ կապված բարձրաձայն ընթերցելու իրենց կարողությունը բարելավելու հետ։
Աստվածաշնչի ընթերցանությանը պետք է լուրջ մոտեցում ցուցաբերել՝ լինի դա առանձին մարդկանց համար, թե ժողովի։ Աստվածաշունչը գրի է առնվել Աստծո ներշնչմամբ։ Դեռ ավելին, «Աստուծոյ խօսքը կենդանի է եւ զօրաւոր.... եւ քննող է սրտի մտքերը եւ խորհուրդները» (Եբր. 4։12)։ Անհնար է մեկ ուրիշ տեղ գտնել այն անգին գիտելիքները, որոնք Աստծո Խոսքն է պարունակում։ Դրանց օգնությամբ կարելի է ճանաչել միակ ճշմարիտ Աստծուն և ջերմ հարաբերություններ զարգացնել նրա հետ, ինչպես նաև հաղթահարել առօրյա խնդիրները։ Այդ գիտելիքներն են, որ ցույց են տալիս Աստծո նոր աշխարհում հավիտենական կյանքի տանող ճանապարհը։ Եվ այսպես՝ մեր նպատակը պետք է լինի հնարավորին չափ լավ կարդալ Աստվածաշունչը (Սաղ. 119։140; Երեմ. 26։2)։
Ինչ քայլեր են անհրաժեշտ ճիշտ ընթերցանության համար։ Լավ ընթերցելու համար մի շարք կարևոր քայլեր են անհրաժեշտ, սակայն առաջին հերթին պետք է ուշադրություն դարձնել ճիշտ ընթերցանության վրա։ Դա նշանակում է ջանք թափել ճիշտ ընթերցելու այն ամենը, ինչ գրված է։ Եղիր
ուշադիր, որպեսզի բաց չթողնես բառերը, կուլ չտաս դրանց վերջավորությունները կամ չշփոթես միանման բառերը։Որպեսզի ճիշտ ընթերցես, նախևառաջ պետք է ծանոթանաս համատեքստին, իսկ ծանոթանալու համար մանրակրկիտ պատրաստվածություն է պահանջվում։ Ժամանակի ընթացքում, երբ սովորես ընթերցելիս աչքերով կարդացածից առաջ ընկնել և նկատել մտքի սահուն ընթացքը, քո ընթերցանությունը կբարելավվի։
Գրավոր խոսքում կարևոր դեր է խաղում կետադրությունը։ Կետադրական նշանները ցույց են տալիս, թե երբ պետք է դադար տալ, որքան պետք է այն տևի, և թե ինչպես փոփոխել հնչերանգը։ Երբ հնչերանգի մեջ պահանջվող փոփոխությունը չի արվում, հարցական նախադասությունը կարող է վերածվել հաստատականի կամ ամբողջությամբ փոխել իր իմաստը։ Ինչ խոսք, երբեմն կետադրական նշանների գործածությունը զուտ քերականական բնույթ է կրում։ Համոզվիր, որ լավ գիտես քո մայրենի լեզվի կետադրական նշանների ճիշտ կիրառումը։ Ահա թե որն է իմաստալից ընթերցանության բանալին։ Հիշիր, որ քո նպատակը ոչ թե սոսկ բառեր ասելն է, այլ մտքեր փոխանցելը։
Եթե ցանկանում ես բարելավել ճիշտ ընթերցելու ունակությունդ, անհրաժեշտ է պարապել։ Նախ՝ կարդա մի պարբերություն. եթե նկատում ես, որ սխալներ ես թույլ տալիս, շարունակիր այն կարդալ այնքան ժամանակ, մինչև որ ընթերցանությունդ սահուն ու անթերի դառնա։ Ապա՝ անցիր հաջորդ պարբերությանը։ Ի վերջո փորձիր կարդալ մի քանի թերթ՝ ձգտելով բաց
չթողնել, սխալ չարտաբերել և չկրկնել բառերը։ Այս ամենից հետո խնդրիր որևէ մեկին հետևել, թե ինչպես ես ընթերցում, և ուղղել սխալներդ։Երբեմն վատ տեսողությունը և ոչ բավարար լուսավորումը խոչընդոտ են հանդիսանում ընթերցանության համար։ Եթե հնարավոր է ինչ–որ ձևով լուծել այս խնդիրները, ապա անկասկած կբարելավվի և ընթերցանությունը։
Այն եղբայրներին, ովքեր վարժ են ընթերցում, ժամանակի ընթացքում հնարավորություն կտրվի ընթերցել ժողովի Գրքի ուսումնասիրության և Դիտարանի ուսումնասիրության ժամանակ։ Սակայն այսպիսի հանձնարարությունը լավ կատարելու համար բավական չէ միայն առանձին բառերը ճիշտ արտասանել։ Որպեսզի ժողովում հանրային ընթերցանության մեջ հաջողություններ ունենաս, նախևառաջ պետք է բարելավես քո անձնական ընթերցանությունը։ Սա նշանակում է միշտ հիշել, որ յուրաքանչյուր բառ իր ուրույն դերն ունի նախադասության մեջ։ Չես կարող անտեսել որոշ բառեր և, միևնույն ժամանակ, ամբողջությամբ հասկանալ կարդացածդ։ Բառերը սխալ կարդալու դեպքում, նույնիսկ անձնական ընթերցանության ժամանակ նախադասության իմաստը չես հասկանա։ Սխալ կարդալու պատճառներից մեկը կարող է լինել այն, որ ուշադրություն չես դարձնում համատեքստին։ Փորձիր հասկանալ, թե տվյալ հատվածում գտնվող յուրաքանչյուր բառը ինչ իմաստ է կրում, ինչպես նաև մտածիր, թե նախադասության իմաստի վրա ինչպես է ազդում կետադրությունը։ Մի մոռացիր, որ սովորաբար ոչ թե առանձին բառերն են միտքը փոխանցում, այլ բառերի խմբերը։ Ընդգծիր այդ խմբերը, որպեսզի բարձրաձայն ընթերցելիս կարդաս ոչ թե առանձին բառերը, այլ արտահայտություններն ու բառակապակցությունները։ Հանրային ընթերցանության օգնությամբ ուրիշներին ճշգրիտ գիտելիքներ փոխանցելու համար շատ կարևոր է, որ առաջին հերթին ինքդ լավ հասկանաս կարդացածդ։
«Միտք դիր կարդալուն», — գրեց Պողոս առաքյալը մի փորձառու քրիստոնյա երեցի (Ա Տիմոթ. 4։13)։ Այո՛, այս հարցում բոլորս էլ կարող ենք բարելավվել։