Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

«Միտք դիր կարդալուն»

«Միտք դիր կարդալուն»

ԿԵՆԴԱՆԻՆԵՐԸ չեն կարող անել այն, ինչ դու անում ես այս պահին։ Երկրի բնակչության յուրաքանչյուր վեցերորդը կարդալ չգիտի (հաճախ դպրոց հաճախելու հնարավորություն չունենալու պատճառով), իսկ շատերը թեև գիտեն, բայց կանոնավորաբար չեն կարդում։ Մինչդեռ ընթերցանության միջոցով դու կարող ես մտովի ճանապարհորդել դեպի օտար երկրներ, ծանոթանալ այնպիսի մարդկանց հետ, որոնց կյանքի փորձը կարող է հարստացնել քո կյանքը, ձեռք բերել գիտություն, որը գործնականում քեզ կօգնի դիմագրավել առօրյա կյանքի դժվարությունները։

Երեխաներիդ համար կարդալով՝ կօգնես նրանց ձևավորվել որպես անձնավորություն

Կարդալու կարողությունը մեծ դեր է խաղում այն հարցում, թե երեխան դպրոցում ստացած կրթությունից ինչ չափով կկարողանա օգուտներ քաղել։ Հետագայում աշխատանք փնտրելիս դա կարող է անդրադառնալ այն բանի վրա, թե ինչպիսի աշխատանք նա կգտնի և թե քանի ժամ կաշխատի իր նյութական կարիքները բավարարելու համար։ Տնային տնտեսուհին կարդալ իմանալու դեպքում ավելի լավ կհոգա իր ընտանիքի կարիքները՝ առողջարար սնունդ ձեռք բերելու, հիգիենա պահպանելու, ինչպես նաև հիվանդությունները կանխելու հարցերում։ Այն մայրը, որ վարժ կարդալ գիտի, հնարավորություն ունի մեծ չափով նպաստելու իր երեխայի մտային կարողությունների զարգացմանը։

Կարդալ իմանալու մեծագույն օգուտն անշուշտ այն է, որ կարող ենք դրա միջոցով ‘Աստծո գիտությունը գտնել’ (Առակ. 2։5)։ Աստծուն ծառայելիս մենք հաճախ ենք գործի դնում այդ կարողությունը։ Օրինակ՝ ժողովի հանդիպումներին կարդում ենք Գրություններից և Աստվածաշնչի վրա հիմնված հրատարակություններից։ Իսկ քարոզչական ծառայության մեջ արդյունավետությունը մեծապես կախված է այն բանից, թե ինչպես ենք կարդում։ Կարդալ կարողանալը անհրաժեշտ է նաև այս միջոցառումներին նախապատրաստվելու համար։ Հետևաբար կարող ենք ասել, որ հոգևոր աճը մեծապես կախված է այն բանից, թե ընթերցանության հետ կապված ինչպիսի սովորություններ ունի անհատը։

Օգտագործիր առիթը

Սովորիր արտահայտիչ կարդալ

Աստծո ճանապարհների մասին գիտություն ստացողների թվում կան անհատներ, ովքեր սահմանափակ կրթություն ունեն։ Հոգևորապես առաջադիմելու համար գուցե հարկ լինի նրանցից ոմանց կարդալ սովորեցնել, կամ անհատական օգնություն ցույց տալ այդ կարողությունը զարգացնելու մեջ։ Այն վայրերում, որտեղ հատկապես մեծ է այդպիսի օգնության կարիքը, տեղի ժողովներում կազմակերպվում են գրաճանաչության դասընթացներ։ Այս միջոցառումից հազարավոր մարդիկ են օգուտներ քաղում։ Հաշվի առնելով վարժ կարդալու կարևորությունը՝ որոշ ժողովներ նման դասընթացներ կազմակերպել են Աստվածապետական ծառայության դպրոցին զուգընթաց։ Նույնիսկ եթե ձեր տարածքում այդպիսի դասընթացներ չեն անցկացվում, օրական որոշ ժամանակ բարձրաձայն ընթերցանությամբ զբաղվելը, կանոնավորաբար Դպրոցին նախապատրաստվելն ու մասնակցելը մեծապես կնպաստեն քո առաջադիմությանը։

Ցավոք, կոմիկական գրականությունը և հեռուստատեսությունը՝ այլ պատճառների հետ միասին, շատերի կյանքում ընթերցանությունը ետին պլան են մղել։ Հեռուստացույցով տարվելն ու կարդալուն քիչ ժամանակ տրամադրելը կարող են խանգարել անհատին վարժ կարդալ սովորելու հարցում, արգելակել անհատի կարդալու, մտածելու և հստակորեն տրամաբանելու կարողությունների զարգացումը, ինչպես նաև բացասաբար ազդել նրա արտահայտվելու ձևի վրա։

«Հաւատարիմ եւ իմաստուն ծառա[յի]» միջոցով ստացված հրատարակությունները օգնում են մեզ հասկանալ Աստվածաշունչը։ Դրանք առատ տեղեկություններ են պարունակում հոգևոր հարցերի վերաբերյալ (Մատթ. 24։45; Ա Կորնթ. 2։12, 13)։ Նաև տեղյակ են պահում աշխարհում տեղի ունեցող կարևոր իրադարձությունների մասին, օգնում են ավելի լավ ճանաչել բնաշխարհը և մեզ մտահոգող խնդիրները լուծելու ուղիներ են ցույց տալիս։ Այս ամենից բացի՝ այդ հրատարակությունները բացատրում են, թե ինչպես ծառայել Աստծուն ընդունելի կերպով և ինչպես շահել նրա հաճությունը։ Այսպիսի օգտավետ ընթերցանությունն է, որ կօգնի քեզ աճել հոգևորապես։

Ինչ խոսք, մեր նպատակը չպետք է լինի լոկ վարժ կարդալ կարողանալը։ Այդ կարողությունը հարկավոր է տեղին գործածել։ Ընթերցանության հարցում անհրաժեշտ է ընտրողական լինել, ճիշտ ինչպես որ վարվում ենք սննդամթերքից օգտվելիս։ Մի՞թե արժե ուտել այնպիսի կերակուր, որը բոլորովին օգտակար չէ կամ գուցե նույնիսկ թունավոր է։ Նմանապես, մի՞թե արժե կարդալ (թեկուզ պարզապես աչքի անցկացնել) այնպիսի բաներ, որոնք կարող են ապականել մեր միտքն ու սիրտը։ Աստվածաշնչի սկզբունքների հիման վրա սահմանված չափանիշները կօգնեն մեզ որոշել, թե ընթերցանության ինչ նյութ կարող ենք ընտրել։ Կարդալու նյութն ընտրելիս հաշվի առ սուրբգրային այնպիսի համարներ, ինչպիսիք են՝ Ժողովող 12։12, 13; Եփեսացիս 4։22–24; 5։3, 4; Փիլիպպեցիս 4։8; Կողոսացիս 2։8; Ա Յովհաննէս 2։15–17 և Բ Յովհաննէս 10։

Ճիշտ մղումներով ընթերցիր

Ճիշտ մղումներով կարդալու կարևորությունը հստակ երևում է Ավետարանների հաղորդագրությունները ուսումնասիրելիս։ Մատթեոսի Ավետարանը կարդալիս, օրինակ, տեսնում ենք, թե Հիսուսն ինչպիսի հարցեր էր ուղղում Գրություններին քաջածանոթ կրոնական առաջնորդներին՝ «չէ՞ք կարդացել», կամ էլ՝ «դուք երբէք չէ՞ք կարդացել»։ Եվ այս հարցերը տալիս էր՝ նախքան Սուրբ Գրություններից պատասխաններ կտար նրանց խորամանկ հարցերին (Մատթ. 12։3, 5; 19։4; 21։16, 42; 22։31)։ Հիսուսի այս մոտեցումից կարող ենք սովորել, որ ոչ ճիշտ մղումներով կարդալու դեպքում հնարավոր է հանգել սխալ եզրակացությունների կամ բոլորովին չհասկանալ գրվածի իմաստը։ Օրինակ՝ փարիսեցիները Գրությունները կարդում էին, քանի որ կարծում էին, թե այդպիսով կարող են հավիտենական կյանք ստանալ։ Մինչդեռ այդ պարգևը, ինչպես նշեց Հիսուսը, չի շնորհվում նրանց, ովքեր չեն սիրում Աստծուն և մերժում են ընդունել նրա տված փրկության միջոցը (Յովհ. 5։39–43)։ Փարիսեցիները եսասիրական միտումներ ունեին, այդ պատճառով էլ նրանցից շատերը սխալ եզրակացություններ էին անում։

Աստծո Խոսքը կարդալիս ամենամաքուր մղումը, որ կարող ենք ունենալ, դա սերն է Եհովայի հանդեպ։ Այդ սիրուց մղված՝ մենք ուզում ենք իմանալ Աստծո կամքը, քանի որ սերը «ուրախանում է ճշմարտութեան հետ» (Ա Կորնթ. 13։6)։ Նույնիսկ եթե նախկինում ընթերցանության հանդեպ սեր չենք ունեցել, «բոլոր մտքով» Եհովային սիրելով՝ մենք կարող ենք լիարժեք կերպով գործածել մեր մտային կարողությունները, որպեսզի աճենք Աստծո գիտության մեջ (Մատթ. 22։37)։ Սերը մեր մեջ հետաքրքրվածություն կարթնացնի, իսկ հետաքրքրվածությունը կմղի սովորելու։

Հետևիր, թե ինչ արագությամբ ես ընթերցում

Ընթերցանությունը սերտորեն կապված է ճանաչողության հետ։ Այս պահին, երբ կարդում ես, դու ճանաչում ես բառեր և վերհիշում դրանց նշանակությունը։ Դու կկարողանաս ավելի արագ ընթերցել, եթե ընդարձակես քո ճանաչողության սահմանները։ Ամեն բառ մեկ առ մեկ կարդալու փոխարեն՝ կարդալիս փորձիր հայացքով ընդգրկել միաժամանակ մի քանի բառ միասին։ Այդ կարողությունը զարգացնելով՝ դու կնկատես, որ ավելի պարզ ես հասկանում կարդացածդ։

Միասին կարդալը մտերմացնում է ընտանիքի անդամներին

Սակայն համեմատաբար բարդ նյութ ընթերցելիս քո գործադրած ջանքերն ավելի արդյունաբեր կլինեն, եթե մեկ այլ մեթոդ կիրառես։ Եհովան Գրությունները կարդալու վերաբերյալ խորհուրդ տվեց Հեսուին՝ ասելով. «Այս օրէնքի գիրքը քո բերանիցը չ’հեռանայ, այլ.... նորա վերայ մտածես» (Յեսու 1։8)։ Մտածելիս անհատը խորհրդածում է և չի շտապում։ Կարդալու ընթացքում միևնույն ժամանակ նաև մտածելով՝ մենք թույլ ենք տալիս, որ Աստծո Խոսքը ավելի խորը ազդեցություն գործի մեր մտքի ու սրտի վրա։ Աստվածաշնչում կան մարգարեություններ, խորհուրդներ, առակներ, բանաստեղծություններ, Աստծո դատաստանի մասին ազդարարություններ, Եհովայի նպատակներին առնչվող մանրամասն տեղեկություններ և իրական դեպքեր՝ մարդկանց կյանքից. այս ամենը շատ արժեքավոր է նրանց համար, ովքեր ցանկանում են ընթանալ Եհովայի ուղիներով։ Ուստի որքա՜ն օգտակար է Աստվածաշունչը կարդալ այնպես, որ այն իր խոր ազդեցությունը թողնի կարդացողի մտքի և սրտի վրա։

Սովորիր կենտրոնանալ

Ընթերցանությունը սովորություն դարձնելը նպաստում է հոգևոր աճին

Կարդալիս փորձիր քեզ պատկերացնել նկարագրվող ամեն մի տեսարանում։ Փորձիր մտովի տեսնել աստվածաշնչյան հերոսներին և մասնակից լինել նրանց կյանքում տեղի ունեցող իրադարձություններին։ Դա համեմատաբար հեշտ կստացվի այնպիսի հատվածներ կարդալիս, ինչպիսին է, օրինակ, Դավիթի և Գողիաթի մասին պատմությունը, որն արձանագրված է «Ա Թագաւորաց» գրքի 17–րդ գլխում։ Բայց նույնիսկ այնպիսի հատվածներ, ինչպիսիք են «Ելից» և «Ղեւտացոց» գրքերում տեղ գտած՝ խորանի կառուցման մանրամասնությունները կամ քահանայության հաստատման նկարագրությունը, կարող են կենդանություն ստանալ, եթե պատկերացնենք խորանի չափսերը, գործածված շինանյութերը կամ էլ փորձենք զգալ ողջակիզվող կենդանիների, խունկի և այրվող հացահատիկի հոտը։ Կամ փորձիր պատկերացնել, թե ինչպիսի՜ ակնածանքով էին մատուցվում քահանայական ծառայությունները (Ղուկ. 1։8–10)։ Զգացմունքներն ու հույզերը ընթերցանության պրոցեսին նման ձևով մասնակից դարձնելով՝ կարող ես ավելի հեշտությամբ ըմբռնել նյութի էությունը և մտապահել կարդացածդ։

Եթե կարդալիս ուշադիր չլինես, մտքերդ կթափառեն այս ու այն կողմ։ Հնարավոր է՝ աչքերդ ուղղված լինեն էջին, բայց մտքերդ ուրիշ տեղ լինեն։ Երաժշտության տա՞կ ես կարդում։ Հեռուստացույցը միացվա՞ծ է։ Ընտանիքիդ անդամները զրուցո՞ւմ են։ Ցանկալի է լռության մեջ կարդալ, եթե կա այդպիսի հնարավորություն։ Սակայն խանգարող հանգամանքները կարող են պայմանավորված լինել նաև ներքին գործոններով։ Գուցե ծանրաբեռնված օր ես ունեցել։ Այնքան հեշտ է մտովի վերապրել օրվա իրադարձությունները... Ինչ խոսք, դրանք վերլուծելը լավ է, բայց ոչ ընթերցանության ժամանակ։ Կարող է պատահել այսպես. ընթերցանությունը սկսում ես՝ նախօրոք մտքերդ կենտրոնացնելով կամ էլ աղոթելով։ Բայց դեռ չես հասցնում մի քանի տող կարդալ, երբ մտքերդ սկսում են սավառնել։ Կրկի՛ն փորձիր։ Հսկիր ինքդ քեզ, որպեսզի մտքերդ կենտրոնացնես ընթերցվող նյութի վրա։ Այսպես վարվելով՝ կնկատես, որ աստիճանաբար բարելավվում ես։

Ինչպե՞ս ես վարվում անհասկանալի բառերի հանդիպելիս։ Հնարավոր է, որ անծանոթ բառերից մի քանիսը քննարկվեն տեքստում կամ գուցե տրվի դրանց սահմանումը։ Նաև հնարավոր է, որ տվյալ բառի իմաստը հասկացվի համատեքստից։ Եթե ոչ, փնտրիր այն բառարանում, եթե ունես բառարան, կամ նշիր քեզ մոտ, որպեսզի հետո որևէ մեկից հարցնես նշանակությունը։ Դա կհարստացնի բառապաշարդ և կօգնի քեզ ավելի խորը հասկանալ կարդացածդ։

Ընթերցանություն հանրության առջև

Շարունակաբար «միտք դիր» ընթերցել հանրության առջև

Երբ Պողոս առաքյալը հորդորեց Տիմոթեոսին շարունակ «միտք դնել» Աստծո Խոսքը կարդալուն, նա ի նկատի ուներ հատկապես ուրիշների օգտի համար ընթերցելը (Ա Տիմոթ. 4։13, ՆԱ)։ Արդյունավետ հանրային ընթերցանությունը ավելին է, քան պարզապես էջի վրա զետեղված բառերը բարձրաձայն կարդալը։ Ընթերցողը պետք է հասկանա այդ բառերի իմաստը և ըմբռնի դրանցով արտահայտված մտքի էությունը։ Միայն այդ դեպքում նրան կհաջողվի ճիշտ հաղորդել մտքերը և ճշգրտորեն փոխանցել զգացմունքները։ Դրա համար իհարկե անհրաժեշտ է նախապատրաստվել ինչպես հարկն է և փորձեր անել։ Դա էր պատճառը, որ Պողոսը խրախուսեց «շարունակաբար միտք դ[նել] կարդալուն»։ Հանրային ընթերցանության մեջ վարժվելու համար դու արժեքավոր ուսուցում կստանաս Աստվածապետական ծառայության դպրոցում։

Ժամանակ հատկացրու ընթերցանությանը

«Աշխատասէրի մտածողութիւնները միայն դէպի առատութիւն են. բայց ամեն աճապարող՝ միայն դէպի կարօտութիւն է դիմում» (Առակ. 21։5)։ Որքա՜ն ճիշտ են բնորոշում այս խոսքերը մեր ընթերցասիրությունը։ «Առատութիւն» ստանալու համար պետք է այնպիսի ջանասիրությամբ կազմենք մեր ծրագրերը, որ մյուս գործերը երկրորդական պլան չմղեն մեր ընթերցանությունը։

Ե՞րբ ես նախընտրում կարդալ. առավոտյա՞ն, թե՞ օրվա ընթացքում։ Եթե օրական ընդամենը 15–​20 րոպե տրամադրես ընթերցանությանը, գուցե զարմանաս, թե որքան շատ կարող ես կարդալ։ Ամբողջ գաղտնիքը կանոնավորաբար ընթերցելու մեջ է։

Ինչո՞ւ է Եհովան նախընտրել իր վեհ նպատակները թղթին հանձնել։ Որովհետև նա կամենում է, որ իր ժողովուրդը խորհուրդներ ստանա իր գրավոր Խոսքից։ Դա հնարավորություն է տալիս Աստծո ժողովրդին՝ քննել Եհովայի հրաշալի գործերը, պատմել դրանց մասին իրենց երեխաներին, ինչպես նաև իրենց հիշողության մեջ տպավորել այդ ամենը (Սաղ. 78։5–7)։ Այս հարցում Եհովայի ցուցաբերած առատաձեռնության դիմաց մեր երախտագիտությունը լավագույն կերպով ցույց կտանք, եթե «միտք դնենք» նրա կենսատու Խոսքը կարդալուն։