Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ԴԱՍ 39

Ներգործուն վերջաբան

Ներգործուն վերջաբան

ԵՆԹԱԴՐԵՆՔ՝ քո ելույթի հիմնամասը պատրաստելու համար մանրակրկիտ հետազոտություններ ես կատարել, նյութն ինչպես հարկն է բաշխել ես։ Առաջաբանը նույնպես լավ է պատրաստված, այնպես որ կգրավի լսարանի ուշադրությունը։ Բայց ելույթն ամբողջական դարձնելու համար մի բան էլ է հարկավոր. դա ազդեցիկ վերջաբանն է։ Մի մտածիր, թե վերջաբանը էական դեր չի խաղում ելույթի մեջ։ Հաճախ ունկնդիրները ամենից երկար հիշում են հենց այն, ինչ որ վերջում է ասվում։ Իսկ եթե վերջաբանը թույլ է, ապա ինչ որ մինչ այդ ասել էիր, կարող է զգալիորեն կորցնել իր ուժը։

Ուշադրություն դարձրու հետևյալ օրինակի վրա։ Կյանքի վերջում Հեսուն Իսրայել ազգի ծերերի առջև հանդես եկավ մի անմոռանալի ելույթով։ Նա մանրամասն նկարագրեց, թե Աբրահամի օրերից սկսած ինչ է արել Եհովան Իսրայելի համար։ Իսկ ինչպե՞ս Հեսուն եզրափակեց իր խոսքը։ Պարզապես կրկնե՞ց գլխավոր կետերը։ Ո՛չ։ Նա խոր զգացումներով՝ ժողովրդին կոչ արեց. «[Եհովայից] վախեցէք եւ նորան հաւատարմութեամբ եւ ճշմարտութեամբ ծառայութիւն արէք»։ Ինքնուրույն կարդա Յեսու 24։14, 15 համարները, որտեղ գրված են Հեսուի եզրափակիչ խոսքերը։

Մեկ այլ ուշագրավ ելույթ, որը գրված է Գործք 2։14–36-ում, ներկայացվեց Պետրոս առաքյալի կողմից մ.թ. 33–ին։ Նա հանդես եկավ մի բազմության առջև, որը Երուսաղեմ էր եկել Պենտեկոստեի տոնի կապակցությամբ։ Նախ նա բացատրեց, որ հավաքվածներն իրենց աչքով են տեսնում, թե ինչպես է կատարվում Հովելի մարգարեությունը Աստծո սուրբ ոգու թափվելու մասին։ Հետո ցույց տվեց, թե ինչպես է դա առնչվում «Սաղմոսներում» գրված՝ Մեսիայի վերաբերյալ մարգարեություններին, որտեղ խոսվում է այն մասին, որ Հիսուս Քրիստոսը հարություն է առնելու, բարձրանալու է ու նստելու է Աստծո աջ կողմը։ Իսկ վերջաբանում Պետրոսը հստակորեն նշեց, թե ունկնդիրներից յուրաքանչյուրը ինչ հարցի առաջ է կանգնած։ Նա ասաց. «Հիմա թող ստոյգ գիտենայ Իսրայէլի բոլոր տունը, որ Աստուած նորան Տէր եւ Օծեալ արաւ, սոյն այս Յիսուսին, որին դուք խաչեցիք»։ Ներկաները հարցրեցին. «Ի՞նչ [պիտի] անենք, մարդիկ եղբարք»։ Պետրոսը պատասխանեց. «Ապաշխարեցէք՝ եւ ձեզանից ամեն մէկը թող մկրտուի Յիսուս Քրիստոսի անունովը» (Գործք 2։37, 38)։ Պետրոսի ելույթը մեծ ներգործություն թողեց ներկաների վրա, և այդ օրը մոտ 3 000 մարդ ընդունեց ճշմարտությունը Հիսուս Քրիստոսի վերաբերյալ։

Ինչի մասին պետք է հիշել։ Այն, ինչ ասելու ես վերջաբանում, պետք է անմիջականորեն կապված լինի թեմայի հետ։ Վերջաբանը թեմայի գլխավոր կետերի զարգացման տրամաբանական ամբողջացումը պետք է լինի։ Եզրափակիչ խոսքերում կարող ես հիշատակել թեմայի վերնագրից վերցված որոշ գլխավոր բառեր կամ էլ վերնագիրն ամբողջությամբ։

Ընդհանրապես ելույթ ունենալիս հռետորի նպատակը ունկնդիրներին քաջալերելն է՝ գործելու ստացած տեղեկության հիման վրա։ Վերջաբանի հիմնական նպատակներից մեկը մարդկանց ցույց տալն է, թե ինչ անել։ Երբ թեմա ես ընտրում և որոշում դրա գլխավոր կետերը, ապա հանգամանորեն քննո՞ւմ ես, թե նյութն ինչով է կարևոր ունկնդիրների համար, և թե ելույթի նպատակը որը պետք է լինի։ Եթե այո, ուրեմն գիտես, թե ինչ գործերի պետք է մղես նրանց։ Այժմ մնում է բացատրել, թե որն է այդ գործը, և գուցե նաև այն, թե ինչպես դա անել։

Բացի լսարանին ցույց տալուց, թե ինչ պետք է անել, վերջաբանի խոսքերով պետք է ունկնդիրներին նաև մղես գործերի։ Եզրափակիչ խոսքերում պետք է ծանրակշիռ հիմքեր բերես, թե ինչու ունկնդիրները կարիք ունեն գործելու քո ասածների համաձայն։ Կարելի է նաև շեշտել, թե ինչ օգուտներ նրանք կարող են ստանալ այդպես վարվելով։ Եթե վերջին նախադասությունը լավ մտածված ու մշակված լինի, ապա այն ավելի ներգործուն կդարձնի քո ամբողջ ելույթը։

Հիշիր, որ ելույթդ վերջանալու վրա է։ Քո խոսքերում դա պետք է զգացվի։ Տեմպն էլ պետք է համապատասխան լինի։ Հետևիր, որ այնպես չլինի, որ մինչև ելույթի ավարտը արագ–​արագ խոսես ու միանգամից կանգ առնես։ Բայց հետզհետե ձայնը ցածրացնելն էլ ճիշտ չի լինի։ Ձայնդ պետք է բավական բարձր լինի, բայց ոչ՝ չափից ավելի։ Քո վերջին նախադասությունները պետք է ավարտական երանգ ունենան, ասվեն լրջությամբ ու համոզվածությամբ։ Ելույթին նախապատրաստվելիս՝ երբ փորձեր ես անում, մի անտեսիր վերջաբանը։

Ի՞նչ տևողության պետք է լինի վերջաբանը։ Սա այնպիսի հարց է, որին հնարավոր չէ պատասխանել միայն ժամացույցին նայելով։ Մի բան պարզ է. վերջաբանը չպետք է ձգձգվի։ Նրա տևողության ճիշտ լինելը կարելի է որոշել լսարանի վրա թողած ազդեցությամբ։ Պարզ ու կոնկրետ, դրական հնչերանգով ասված վերջաբանը միշտ էլ լավ է ընդունվում ունկնդիրների կողմից։ Երկար վերջաբանը, որի մեջ մտնում է ինչ–​որ կարճ օրինակ, նույնպես կարող է ներգործուն լինել, եթե, իհարկե, մանրամասնորեն մշակված է։ Համեմատիր հետևյալ երկու վերջաբանները. մի ամբողջ գրքի՝ «Ժողովողի» համառոտ վերջաբանը, որ գրված է Ժողովող 12։13, 14–ում, և այս գրքի համեմատությամբ շատ ավելի կարճ Լեռան քարոզի վերջաբանը՝ գրված Մատթէոս 7։24–27-ում։

Քարոզչական ծառայության ժամանակ։ Ոչ մի ուրիշ տեղ այնպես հաճախակի չես զգա վերջաբանի կարիքը, ինչպես քարոզչական ծառայության ժամանակ։ Ծառայությանը նախապատրաստվելով, ինչպես նաև սիրով լի հետաքրքրություն ցուցաբերելով մարդկանց հանդեպ՝ դու կարող ես նշանակալի արդյունքների հասնել։ Նախորդ էջերում տրված խորհուրդները կարելի է նույն հաջողությամբ կիրառել նաև այն դեպքում, երբ առանձին անհատի հետ ես զրուցում։

Զրույցը կարող է շատ կարճ տևել. գուցե անհատը զբաղված լինի։ Քո այցելությունը սկզբից մինչև վերջ կարող է տևել ընդամենը մեկ րոպե։ Եթե տեղին է, կարող ես, օրինակ, ասել. «Ինչպես տեսնում եմ, զբաղված եք։ Բայց թույլ տվեք գնալուց առաջ մի հաճելի միտք հայտնել։ Աստվածաշունչն ասում է, որ մեր Ստեղծիչը հրաշալի նպատակ ունի. նա երկիր մոլորակը դարձնելու է մի վայր, որտեղ մարդիկ հավիտյան ապրելու են երջանիկ կյանքով։ Մենք կարող ենք լինել այդ Դրախտում, բայց դրա համար անհրաժեշտ է իմանալ Աստծո պահանջները»։ Կամ էլ կարող ես առաջարկել, որ հետո՝ ավելի հարմար ժամանակի, այցելես այդ անհատին։

Եթե բնակիչը կտրուկ, գուցե նաև կոպիտ ձևով ընդհատում է քեզ, ապա դա դեռ չի նշանակում, թե ամեն ինչ ձախողվեց։ Հիշիր Մատթէոս 10։12, 13 և Հռովմայեցիս 12։17, 18 համարներում գրված խորհուրդը։ Եթե անհատին մեղմորեն պատասխանես, գուցե փոխվի նրա տեսակետը Եհովայի վկաների մասին, ինչն արդեն իսկ լավ արդյունք կլինի։

Ուրիշ օրինակ։ Ենթադրենք՝ անհատի հետ ունեցած զրույցը քեզ բավականություն է պատճառել։ Շատ լավ կլիներ, եթե խոսակցության գլխավոր միտքը կրկնեիր. դա կօգներ նրան հետագայում չմոռանալու այդ միտքը։ Ընդգծիր, թե ինչու իր համար լավ կլիներ գործել ստացած տեղեկության համաձայն։

Եթե տեսնում ես, որ հնարավորություն կա հաջորդ անգամ էլ զրուցել մարդու հետ, ապա ասա մի միտք, որի մասին նա, ըստ ամենայնի, կցանկանար մյուս հանդիպմանը լսել։ Կարող ես տալ մի հարց, որը քննարկվում է «Տրամաբանել Սուրբ Գրությունների հիման վրա» գրքում (անգլ.) կամ էլ այն գրականության մեջ, որը նախատեսված է Աստվածաշնչի տնային ուսումնասիրություններ անցկացնելու համար։ Միշտ հիշիր, որ քո նպատակն այն է, ինչ ասաց Հիսուսը Մատթէոս 28։19, 20–ում։

Եվս մեկ իրավիճակ։ Ենթադրենք՝ անհատի հետ անցկացվող Աստվածաշնչի ուսումնասիրությունը մոտենում է ավարտին։ Եթե կրկնես թեման, ապա ուսումնասիրողը կհիշի ձեր քննարկման առարկան։ Օգտվելով կրկնության հարցերից՝ դու կկարողանաս գլխավոր մտքերը տպավորել նրա հիշողության մեջ։ Դա շատ ավելի արդյունավետ կանես, եթե չշտապես։ Նրան հարցեր տալով այն մասին, թե քննարկված նյութն ինչպես կարող է օգուտ բերել իրեն, կամ թե նա ինչպես կարող է այդ մասին խոսել ուրիշների հետ՝ դու կօգնես նրան մտածել, թե ինչպես սովորածը կիրառել կյանքում (Առակ. 4։7, Արևմտ. Աստ.)։

Հիշիր, որ վերջաբանի ինչպիսին լինելը ազդում է այն բանի վրա, թե որքանով ներգործուն կլինի ամբողջ ելույթը։