ԴԱՍ 49
Ներկայացրու համոզիչ փաստարկներ
ԵՐԲ ինչ–որ բան ես ասում, լսողները իրավացիորեն կարող են հարցնել. «Ինչո՞ւ է դա այդպես։ Ի՞նչ հիմքեր կան հռետորի ասածներին հավատալու»։ Որպես ուսուցիչ՝ քո պարտականությունն է՝ կամ պատասխանել նման հարցերին, կամ էլ օգնել քեզ լսողներին գտնելու պատասխանները։ Եթե քո առաջ քաշած պնդումը քննարկման ամենակարևոր մտքերից մեկն է, հավաստիացիր, որ համոզիչ հիմքեր ես ներկայացնում ունկնդիրներին վստահեցնելու համար։ Դա կնպաստի, որ քո խոսքը լինի ավելի համոզիչ։
Պողոս առաքյալը համոզիչ էր խոսում։ Անհերքելի փաստարկների, տրամաբանական հիմնավորումների օգնությամբ, ինչպես նաև ջերմ կոչերով նա ջանում էր փոփոխություն մտցնել լսողների մտածելակերպի մեջ։ Ի՜նչ հիանալի օրինակ՝ մեզ համար (Գործք 18։4; 19։8)։ Անշուշտ, կան այնպիսի մարդիկ, որոնք բեմից համոզիչ խոսելով՝ աշխատում են մոլորության մեջ գցել մարդկանց (Մատթ. 27։20; Գործք 14։18; Կող. 2։4)։ Նրանք գուցե իրենց խոսքը սխալ ենթադրություններից սկսեն, հիմնվեն կանխակալ աղբյուրների վրա, բերեն անհիմն փաստարկներ, արհամարհեն փաստեր, որ հակասում են իրենց տեսակետին, և ավելի շատ դիմեն էմոցիաներին, քան դատողությանը։ Մենք պետք է ամեն կերպ զգուշանանք նման մեթոդներից։
Ամուր հիմնված՝ Աստծո Խոսքի վրա։ Մենք պետք է ոչինչ չսովորեցնենք ինքներս մեզնից, այլ ջանք թափենք մարդկանց փոխանցել այն ամենը, ինչ սովորել ենք Աստվածաշնչից։ Այս հարցում շատ են օգնում հավատարիմ և իմաստուն ծառա դասակարգի կողմից տրված հրատարակությունները։ Դրանք մղում են մեզ մանրազնին կերպով քննել Գրությունները։ Մենք էլ մեր հերթին ենք մարդկանց ուշադրությունը հրավիրում Աստծո Խոսքի վրա։ Սակայն նպատակ չունենք ապացուցելու մեր ճիշտ լինելը, այլ խոնարհաբար ցանկանում ենք հնարավորություն տալ նրանց անձամբ տեսնելու, թե ինչ է այնտեղ գրված։ Մենք համաձայն ենք Հիսուս Քրիստոսի հետ. նա իր Հորն աղոթելիս ասաց. «Քո խօսքը ճշմարտութիւն է» (Յովհ. 17։17)։ Չկա ավելի մեծ հեղինակություն, քան Եհովա Աստված՝ երկնքի ու երկրի Արարիչը։ Որպեսզի մեր բերած փաստարկները հավաստի լինեն, դրանք պետք է հիմնված լինեն նրա Խոսքի վրա։
Երբեմն հնարավոր է, որ զրուցակիցդ ծանոթ չլինի Աստվածաշնչին, կամ էլ այն չընդունի որպես Աստծո Խոսք։ Եղիր խորաթափանց, որպեսզի կարողանաս ճիշտ կողմնորոշվել, թե երբ և ինչպես ներկայացնել աստվածաշնչյան համարները։ Այնուամենայնիվ պետք է աշխատես որքան հնարավոր է շուտ մարդկանց ուշադրությունը հրավիրել ինֆորմացիայի այս հեղինակավոր աղբյուրի վրա։
Ճի՞շտ կլինի մտածել, որ քննարկվող նյութին համապատասխան սուրբգրային համար մեջբերելն ինքնին անհերքելի փաստարկ է։ Անպայման չէ։ Գուցե հարկ լինի ունկնդրի ուշադրությունը հրավիրել համատեքստի վրա՝ ցույց տալու, որ տվյալ համարն իրոք հաստատում է քո ասածները։ Եթե ցանկանում ես համարի միջոցով որևէ սկզբունք ցույց տալ, բայց համատեքստում չի քննարկվում այդ սկզբունքը, ապա ավելի շատ ապացույցների կարիք կզգացվի։ Կարող ես գործածել քննարկվող նյութին առնչվող ուրիշ աստվածաշնչյան համարներ, որոնց օգնությամբ կհավաստիացնես քեզ լսողներին, որ ասածներդ ամբողջովին ներդաշնակ են Գրություններին։
Զգույշ եղիր, որ սուրբգրային համարի օգնությամբ չփորձես ապացուցել մի բան, ինչը իրականում չի ապացուցում տվյալ համարը։ Ուշադի՛ր կարդա այն։ Ընդհանուր առմամբ այդ համարը գուցե առնչվում է քննարկվող թեմային, սակայն որպեսզի այն համոզիչ դարձնի քո փաստարկը, ունկնդիրը պետք է տեսնի, որ այդ համարը ապացուցում է քո ասածների հիմնավոր լինելը։
Հավելյալ ապացույցներ՝ հիմնավորելու նպատակով։ Որպեսզի օգնենք մարդկանց տեսնելու Գրություններում ասվածի տրամաբանական լինելը, երբեմն օգտակար է լինում փաստարկներ բերել կողմնակի, սակայն միևնույն ժամանակ հավաստի աղբյուրներից։
Օրինակ՝ տիեզերքը բերելով որպես ապացույց՝ կարող ես մարդկանց օգնել հասկանալու, որ գոյություն ունի Արարիչ։ Նրանց ուշադրությունը հրավիրիր բնության օրենքների վրա, ինչպիսին է ձգողականության ուժը. տրամաբանիր նրանց հետ՝ նշելով, որ նման օրենքների առկայությունը վկայում է Օրենսդրի գոյության մասին։ Քո բերած տրամաբանական փաստարկները համոզիչ կլինեն միայն այն դեպքում, եթե ներդաշնակ լինեն Աստծո Խոսքում ասվածին (Յոբ 38։31–33; Սաղ. 19։1; 104։24; Հռովմ. 1։20)։ Նման փաստարկները արդյունավետ են, որովհետև դրանք մատնանշում են, որ Աստվածաշունչը չի հակասում ակնհայտ փաստերին։
Ենթադրենք՝ նպատակ ունես ինչ–որ մեկին օգնել ըմբռնելու, որ Աստվածաշունչը իրոք Աստծո Խոսքն է։ Գուցե մեջբերես աստվածաշնչագետների խոսքեր՝ ի հաստատումն այդ մտքի, սակայն արդյո՞ք դա բավարար ապացույց է։ Նրանց խոսքերը կարող են օգնել միայն այն անձանց, ովքեր հարգանքով են վերաբերվում նրանց տեսակետին։ Իսկ ի՞նչ կարելի է ասել գիտական ապացույցների մասին, որ փաստում են Աստվածաշնչի ճշգրտությունը։ Եթե անկատար գիտնականների տեսակետներն օգտագործես որպես հեղինակություն, ապա երերուն հիմքի վրա կկառուցես քո ասելիքը։ Սակայն եթե զրույցը սկսես Աստծո Խոսքից և հետո նշես, թե ինչպես են գիտական հայտնագործությունները հաստատում Աստվածաշնչի ճշգրտությունը, քո բերած փաստարկների հիմքը ամուր կլինի։
Որևէ բան ապացուցելիս ջանք թափիր բավարար չափով փաստարկներ ներկայացնել։ Թե որչափ՝ կախված է այն բանից, թե ովքեր են քո ունկնդիրները։ Ենթադրենք՝ խոսում ես վերջին օրերի մասին, ինչը արձանագրված է Բ Տիմոթէոս 3։1–5 համարներում։ Կարող ես ունկնդիրների ուշադրությանը հրավիրել
լուրերից նրանց քաջածանոթ որևէ տեղեկություն՝ ցույց տալու համար, որ մարդիկ դարձել են «անգութ»։ Այս մեկ օրինակը հնարավոր է բավարար լինի՝ ապացուցելու, որ վերջին օրերին վերաբերող այդ նշանը այժմ իրականանում է։Հաճախ օգտակար է լինում կիրառել նմանաբանություն (անալոգիա), այսինքն՝ համեմատություն անցկացնել երկու պրոցեսների կամ երևույթների միջև, որոնք ունեն ընդհանրություններ։ Նմանաբանությունն ինքնին ապացույց չի հանդիսանում. դրա հիմնավոր լինելը հարկ կլինի ցույց տալ Աստվածաշնչի միջոցով։ Բայց այն կարող է օգնել անհատին նկատելու ասված մտքի տրամաբանական լինելը։ Օրինակ՝ երբ բացատրում ենք, որ Աստծո Թագավորությունը կառավարություն է, կարելի է դիմել անալոգիայի օգնությանը։ Հարկ կլինի նշել, որ ինչպես մարդկային կառավարությունները, այնպես էլ Աստծո Թագավորությունը ունի կառավարիչներ, հպատակներ, օրենքներ, դատական ու կրթական համակարգ։
Հաճախ իրական դեպքեր պատմելու միջոցով նույնպես կարելի է ցույց տալ, որ Աստվածաշնչի խորհուրդները կիրառելը իմաստուն ընթացք է։ Խոսքերդ կարող ես հիմնավորել նաև կյանքի անձնական փորձից պատմելով։ Եթե որևէ մեկին բացատրում ես Աստվածաշունչը կարդալու և ուսումնասիրելու կարևորությունը, հարկ կլինի նշել, թե դա ինչ դրական արդյունքների է հանգեցրել անձամբ քո կյանքում։ Իր եղբայրներին քաջալերելու համար Պետրոս առաքյալը հիշատակեց Հիսուսի կերպարանափոխումը, որին ինքն ականատես էր եղել (Բ Պետ. 1։16–18)։ Պողոսը ևս նշում էր իր հետ կատարված դեպքեր (Բ Կորնթ. 1։8–10; 12։7–9)։ Իհարկե, սեփական կյանքում տեղի ունեցած դեպքերի մասին խոսելիս պետք է չափավոր լինել քեզ վրա անհարկի ուշադրություն չհրավիրելու համար։
Քանի որ մարդիկ տարբեր են թե՛ իրենց ծագումով և թե՛ մտածելակերպով, այն, ինչ համոզիչ է մեկի համար, անպայման չէ, որ մյուսի համար էլ լինի համոզիչ։ Հետևաբար, երբ որոշում ես, թե ինչ փաստարկներ առաջ քաշել և ինչպես դրանք ներկայացնել, հաշվի առ ունկնդիրներիդ տեսակետը։ Առակաց 16։23–ում (ՆԱ) ասվում է. «Իմաստունի սիրտը խորաթափանցություն է տալիս նրան, և նրա շրթունքներին համոզելու ուժ է ավելացնում»։