ԴԱՍ 26
Նյութի բաշխումը տրամաբանական հաջորդականությամբ
ՆԱԽՔԱՆ նյութը տրամաբանական հաջորդականությամբ բաշխելը՝ որոշիր, թե որն է քո նպատակը։ Ուզում ես մարդկանց պարզապես տեղեկությո՞ւն փոխանցել, ասենք, որևէ ուսմունքի, տեսակետի, հատկության, վարքագծի կամ ապրելակերպի մասին։ Մտադիր ես ապացուցե՞լ կամ մերժե՞լ ինչ–որ տեսակետ, թե՞ նպատակդ այն է, որ ունկնդիրներիդ սրտում գնահատանք առաջացնես ինչ–որ մի բանի հանդեպ, կամ էլ նրանց գործերի մղես։ Անկախ այն բանից՝ առանձին անհատի ես դիմում, թե՝ մեծ բազմության, քո նպատակին հասնելու համար պետք է հաշվի առնես, թե նրանք այդ թեմայից ինչ գիտելիքներ ունեն արդեն և ինչպես են վերաբերվում այդ հարցին։ Այնուհետև մտածիր, թե ինչպես կազմես ելույթը, որ հասնես նպատակիդ։
Գործք 9։22–ում (ԱՆԹ), որտեղ խոսվում է Սողոսի (Պողոսի)՝ Դամասկոսում կատարած ծառայության մասին, գրված է, որ նա «ավելի ուժեղ [«տրամաբանական», ՆԱ] ապացույցներով շփոթեցնում ու լռեցնում էր Դամասկոսում բնակվող հրեաներին՝ համոզելով նրանց, թե Հիսուսն է Օծյալ Փրկիչը»։ Ի՞նչ էր մտնում նրա բերած տրամաբանական ապացույցների մեջ։ Ինչպես երևում է Պողոսի՝ Անտիոքում և Թեսաղոնիկեում կատարած հետագա ծառայությունից, նա նախ՝ հաշվի էր առնում այն հանգամանքը, որ հրեաներն ընդունում էին Եբրայերեն Գրությունները ու հավատում էին այնտեղ գրված բոլոր խոսքերին, որոնք վերաբերում էին Մեսիային։ Ապա՝ այդ Գրություններից ընտրում էր հենց այն հատվածները, որոնք վերաբերում էին Մեսիայի կյանքին ու ծառայությանը։ Նա մեջբերում էր դրանք ու համեմատում այն դեպքերի հետ, որ կատարվել էին Հիսուսի հետ։ Եվ վերջապես՝ նա հանգում էր այնպիսի եզրակացության, որն ակնհայտ էր բոլորի համար. Հիսուսն է Քրիստոսը՝ Մեսիան (Գործք 13։16–41; 17։2, 3)։ Եթե դու էլ աստվածաշնչյան ճշմարտությունը տրամաբանորեն ներկայացնես, կկարողանաս համոզել քեզ լսողներին։
Ինչպես տրամաբանորեն բաշխել նյութը։ Նյութը կարելի է բաշխել տարբեր եղանակներով։ Կարելի է նաև դրանք համակցել, եթե զգում ես, որ այդպես ավելի լավ կլինի։ Քննարկենք նյութը տրամաբանորեն բաշխելու ձևերից մի քանիսը։
Թեմատիկ բաշխում։ Հարկավոր է նյութը բաշխել ըստ առանձին բաժինների, որոնցից յուրաքանչյուրը թիկունք է կանգնում քո նպատակին։ Այդ բաժինները
կարող են լինել թեմայի գլխավոր կետերը, որոնք կարևոր դեր են խաղում այն բանում, որ քո խոսքի առարկան հասկանալի լինի, կարող են լինել նաև կոնկրետ փաստարկներ, որոնք հաստատում կամ մերժում են ինչ–որ միտք։ Հաշվի առնելով, թե ովքեր են ունկնդիրներդ կամ որն է թեմայիդ նպատակը՝ կարող ես ավելացնել կամ հանել որոշ մտքեր, չնայած որ դրանք կարող են կապված լինել թեմայի հետ։Ահա թեմատիկ բաշխման մի օրինակ։ Աստծո անվան վերաբերյալ հակիրճ մատուցումը կարող է ներառել հետևյալ կետերը՝ 1) ինչո՞ւ է կարևոր Աստծուն ճանաչել իր անունով, 2) ի՞նչ է Աստծո անունը, 3) ինչպե՞ս կարող ենք պատվել այդ անունը։
Թեմատիկ բաշխման վերաբերյալ շատ բան կարելի է սովորել «հաւատարիմ եւ իմաստուն ծառա[յի]» այն հրատարակություններից, որոնք նախատեսված են Աստվածաշնչի տնային ուսումնասիրություններ անցկացնելու համար (Մատթ. 24։45)։ Սովորաբար այդ հրատարակություններում քննարկվում են այնպիսի թեմաներ, որոնց օգնությամբ ուսումնասիրողը կարող է պատկերացում կազմել Աստվածաշնչի հիմնական ուսուցումների վերաբերյալ։ Ավելի ծավալուն հրատարակություններում գլուխները բաժանված են ենթավերնագրերի։ Յուրաքանչյուր գլուխ անհատին նախապատրաստում է ընդունելու հաջորդ գլխում ամփոփված նյութը և օգնում է ավելի հստակ պատկերացում կազմելու։
Նյութի բաշխումը ըստ «պատճառ և հետևանք» սկզբունքի։ Երևույթի պատճառն ու հետևանքը բացատրելը նյութը տրամաբանորեն մատուցելու մյուս մեթոդն է։
Այս մեթոդից կարելի է օգտվել այն դեպքում, երբ խոսում ես մարդկանց այնպիսի խմբի կամ այնպիսի անհատների հետ, որոնց հարկավոր է զգուշացնել այն տխուր հետևանքների մասին, որ կարող են բերել նրանց գործերը, որոնք անում են հիմա կամ մտադիր են անելու հետագայում։ Այս մեթոդը կիրառելու գերազանց օրինակ է Առակաց 7–րդ գլուխը, որտեղ վառ կերպով նկարագրվում է, թե ինչպես մի երիտասարդ, որ «պակասամիտ» էր (պատճառ), կապվում է պոռնկուհու հետ ու իր արարքի դառը պտուղները քաղում (հետևանք) (Առակ. 7։7)։
Միտքդ ավելի ընդգծելու համար կարող ես հակադրել այն վատ հետևանքները, որ ունենում են Եհովայի ուղիները մերժող մարդիկ, այն լավ արդյունքների հետ, որ քաղում են Եհովային ականջ դնողները։ Մովսեսը՝ Եհովայից ներշնչված, նման ձևով վարվեց, երբ դիմեց իսրայելացիներին նախքան նրանց՝ Ավետյաց երկիր մտնելը (Բ Օրինաց, 28–րդ գլուխ)։
Որոշ դեպքերում ավելի լավ է խոսքը սկսել՝ ներկայացնելով իրավիճակը (հետևանքը), իսկ հետո խոսել այն գործոնների (պատճառի) մասին, որոնք նպաստել են այդ իրավիճակի ստեղծմանը։ Այս դեպքում հաճախ կարելի է նյութը մատուցել ըստ «խնդիր և լուծում» սկզբունքի։
Նյութի բաշխումը ըստ «խնդիր և լուծում» սկզբունքի։ Քարոզչական ծառայության ընթացքում մարդկանց հետ խոսելով իրենց հուզող խնդիրների մասին ու բացատրելով, թե ինչպես է հնարավոր դրանք լուծել՝ նրանց մեջ ցանկություն կառաջացնես քեզ լսելու։ Տվյալ խնդրի շուրջ կարող ես ինքդ խոսք բացել, բայց չի բացառվում, որ դա անի զրուցակիցդ։
Մարդկանց կարող է հետաքրքրել զրույցը ծերության, մահվան, հանցագործության աճի կամ համատարած անարդարության մասին։ Նման խնդիրների գոյությունը ցույց տալու համար հարկ չկա երկար–բարակ խոսելու, քանի որ դրանք ակնհայտ են։ Պարզապես նշիր խնդիրը, իսկ հետո Աստվածաշնչի միջոցով ցույց տուր, թե ինչպես է դա լուծվելու։
Սակայն խնդիրներ կան, որոնք զուտ անձնական բնույթ են կրում. օրինակ՝ միայնակ ծնողի համար դժվար է երեխա մեծացնելը, մեկ ուրիշը հուսալքվում է ծանր հիվանդության պատճառով, իսկ մյուսը դաժան վերաբերմունքի զոհ է դառնում։ Լավագույն բանը, որ առաջին հերթին կարող ես անել նրա համար, ուշադիր լսելն է։ Աստվածաշնչում արժեքավոր մտքեր կան այդ բոլոր խնդիրների վերաբերյալ։ Բայց դրանց մասին խոսելիս հարկավոր է խորաթափանց լինել։ Եթե ուզում ես, որ ձեր զրույցից անհատն իսկապես օգուտ ստանա, պետք է իրատես լինել։ Զրուցակցիդ հստակ ցույց տուր քո խոսքերի նպատակը. մատնանշո՞ւմ են դրանք խնդրի վերջնական լուծում, պարզապես ցույց են տալիս ինչպես դիմանալ տվյալ իրավիճակո՞ւմ, թե՞ այն, որ ներկա համակարգում այդ խնդիրը հնարավոր չէ լուծել և դրա հետ պետք է պարզապես հաշտվել։ Ուրիշ խոսքով ասած՝ համոզվիր, որ Աստվածաշնչից բերած հիմնավորումներդ բավական ծանրակշիռ են՝ հաստատելու քո խոսքերը։ Այլապես տվյալ խնդրի լուծումը, որի մասին խոսում ես, կարող է զրուցակցիդ միանգամայն անտրամաբանական թվալ։
Նյութի բաշխումը ժամանակագրական եղանակով։ Երբեմն թեմայի բնույթը պահանջում է, որ փաստերը շարադրվեն ըստ ժամանակագրության։ Օրինակ՝ «Ելից» գրքում տասը պատուհասները ժամանակի տեսանկյունից ներկայացված են այնպիսի հերթականությամբ, ինչպիսին որ իրականում տեղի են ունեցել։ Պողոս առաքյալը նույնպես այս մեթոդն է կիրառել, երբ Եբրայեցիս 11–րդ գլխում հիշատակում է օրինակելի հավատ ունեցող մարդկանց մասին։
Երբ դեպքերն ըստ ժամանակագրության ես պատմում, դա օգնում է ունկնդիրներին հասկանալու, թե որոշ հանգամանքներ ինչպես են դասավորվել։ Սա վերաբերում է և՛ աստվածաշնչային ժամանակների, և՛ մեր օրերի դեպքերին։ Այսպես դու համակցում ես նյութը բաշխելու երկու մեթոդ՝ ժամանակագրական և պատճառահետևանքային։ Եթե մտադիր ես խոսել այն իրադարձությունների մասին, որոնք, ըստ Աստվածաշնչի, պետք է տեղի ունենան ապագայում, ապա փաստերը ժամանակագրական կարգով ներկայացնելը լավագույնս կնպաստի, որ մարդիկ քեզ ուշադրությամբ լսեն ու հիշեն ասածներդ։
Սակայն ժամանակագրական մեթոդից օգտվել՝ չի նշանակում, թե պետք է տվյալ պատմությունն ամենասկզբից պատմել։ Երբեմն ավելի ճիշտ է լինում
ներկայացնել այդ պատմության ամենահետաքրքիր պահը։ Օրինակ՝ երբ պատմում ես ինչ–որ մեկի կյանքից, կարող ես հիշատակել նրա կյանքի այն դրվագը, երբ Աստծո հանդեպ նրա անարատությունը փորձի է ենթարկվել։ Այս դրվագի միջոցով մարդկանց մեջ հետաքրքրություն արթնացնելուց հետո կարող ես ժամանակագրական հերթականությամբ շարադրել այն դեպքերը, որոնք նախորդել են այդ փորձությանը։Ընդգրկիր ելույթի մեջ միայն այն, ինչ անհրաժեշտ է։ Անկախ այն բանից, թե որ մեթոդով ես բաշխելու նյութը՝ օգտագործիր միայն այն տեղեկությունը, որը կապված է խոսքի առարկայի հետ։ Ելույթիդ թեման կօգնի քեզ ճիշտ որոշում կայացնել այս հարցում։ Նաև պետք է հաշվի առնես, թե ովքեր են ունկնդիրներդ։ Ունկնդիրների մեկ խումբ տվյալ միտքը կարող է շատ կարևոր համարել, մինչդեռ մյուս խմբի համար դա կարող է ավելորդ լինել։ Դու պետք է նաև համոզված լինես, որ քո օգտագործած նյութն իսկապես կօգնի քեզ՝ հասնելու նպատակիդ։ Հակառակ դեպքում քո ելույթը, որքան էլ որ հետաքրքիր լինի, թերևս ցանկալի արդյունքներ չունենա։
Փնտրտուքներ կատարելիս թերևս բազում հետաքրքիր նյութեր գտնես՝ թեմայի հետ կապված։ Հարց է առաջանում. դրանց ո՞ր մասը պետք է ընդգրկվի ելույթում։ Եթե ունկնդիրներին ողողես տեղեկությունների հեղեղով, ապա հավանական է՝ չհասնես նպատակիդ։ Քիչ քանակությամբ, բայց մանրամասն բացատրված գլխավոր մտքերն ավելի հեշտությամբ կհիշվեն, քան մեծաթիվ, իրար հետևից ասված մտքերը։ Սա չի նշանակում, թե ոչ մի դեպքում չպետք է ելույթում ընդգրկել հետաքրքիր մանրամասնություններ։ Բայց, մյուս կողմից, թույլ մի տուր, որ դրանք ստվեր գցեն քո նպատակի վրա։ Ուշադրություն դարձրու, թե Մարկոս 7։3, 4 և Յովհաննէս 4։1–3, 7–9 համարներում մանրամասնությունները ինչպիսի նրբությամբ են հիշատակված։
Մեկ մտքից մյուսին անցում կատարելիս զգույշ եղիր, որ դա չանես կտրուկ ձևով, այնպես, որ ունկնդիրների մտքի թելը կտրվի։ Որպեսզի մտքերդ իրար լրացնեն, դրանք իրար կապիր։ Այդ կապը կարող ես ցույց տալ մեկ կամ մեկից ավելի նախադասություններով։ Շատ լեզուներում նոր մտքի կապը նախորդի հետ ցույց է տրվում առանձին կապական բառերով կամ բառակապակցություններով։
Օգտագործելով միայն անհրաժեշտ նյութերը և դրանք բաշխելով տրամաբանական հաջորդականությամբ՝ դու կկարողանաս հասնել քո նպատակին։