ԴԱՍ 33
Նրբանկատ, բայց հաստատակամ
ՆՐԲԱՆԿԱՏՈՒԹՅՈՒՆԸ մի ունակություն է, որը մարդուն հնարավորություն է տալիս մյուսների հետ վարվել այնպես, որ չվիրավորի նրանց զգացմունքները։ Նրբանկատ մարդը գիտի, թե ինչպես ու երբ խոսել։ Սա չի նշանակում զիջումների գնալ ճշտի ու սխալի հարցում կամ աղավաղել փաստերը։ Նրբանկատությունը չպետք է շփոթել մարդավախության հետ (Առակ. 29։25)։
Եթե անհատը զարգացնում է սուրբ ոգու պտուղը, ապա նա լավագույն արդյունքների կարող է հասնել նրբանկատություն հանդես բերելու մեջ։ Այսպես՝ այն մարդը, որի սիրտը լի է սիրով, չի ցանկանա զայրացնել ուրիշներին. հակառակը՝ կցանկանա օգնել նրանց։ Նա, ով հեզ է ու բարի, իր գործելակերպում մեղմություն է ցուցաբերում։ Խաղաղասեր անհատը ձգտում է լավ հարաբերությունների մեջ լինել մարդկանց հետ։ Իսկ երկայնամտությունը մարդուն օգնում է հանգստություն պահպանել, նույնիսկ եթե իր հետ կոպիտ ձևով են վարվում (Գաղ. 5։22, 23)։
Ոմանք տհաճությամբ են վերաբերվում մեր աստվածաշնչյան լուրին՝ անկախ այն բանից, թե ինչպես ենք դա մատուցում։ Առաջին դարում հրեաների մեծ մասը կարծրասիրտ էր դարձել, և այդ էր պատճառը, որ Հիսուս Քրիստոսը նրանց համար եղավ «գլորման քար, եւ գայթակղելու վէմ» (Ա Պետ. 2։7, 8)։ Թագավորության քարոզչության գործի հետ կապված՝ Հիսուսն ասաց. «Ես եկայ որ կրակ գցեմ երկրիս վերայ» (Ղուկ. 12։49)։ Եհովայի Թագավորության պատգամը, որը կոչ է անում մարդկանց ճանաչել իրենց Արարչի գերիշխանությունը, շարունակում է մնալ որպես մի հրատապ հարց, որին յուրաքանչյուր ոք պատասխան է տալու։ Շատերին դուր չի գալիս այն միտքը, որ Աստծո Թագավորությունը շուտով վերացնելու է ներկա ամբարիշտ համակարգը։ Բայց մենք, հնազանդվելով Աստծուն, շարունակում ենք քարոզել։ Սակայն քարոզելու հետ մեկտեղ հիշում ենք Աստվածաշնչի հետևյալ խորհուրդը. «Եթէ կարելի է՝ որքան ձեզանից է կախուած՝ ամեն մարդկանց հետ խաղաղութիւն ունեցէք» (Հռովմ. 12։18)։
Նրբանկատություն վկայություն տալու ժամանակ։ Մենք մեր հավատի մասին խոսում ենք ամենատարբեր իրավիճակներում։ Իհարկե, մենք այդպես ենք վարվում քարոզչական ծառայության ընթացքում, բայց հարմար առիթներ ենք փնտրում նաև խոսելու մեր հարազատների, գործընկերների ու համադասարանցիների հետ։ Այս բոլոր հանգամանքներում հարկավոր է նրբանկատություն ցուցաբերել։
Եթե Թագավորության լուրն այնպես ներկայացնենք, որ մարդուն թվա, թե իրեն խրատ ենք կարդում, ապա դա թերևս նրան վրդովմունք պատճառի. նա մեզնից օգնություն չի խնդրել և գուցե դրա կարիքը չի էլ զգում, և կարող է վիրավորվել մեր ցանկացած խոսքից. նա կարող է մտածել, թե իրեն առաջարկում են ուղղվել։ Ի՞նչ կարող ենք անել, որպեսզի մարդիկ մեզ սխալ չհասկանան։ Հարկավոր է սովորել բարեկամական զրույցներ վարելու արվեստը։
Աշխատիր խոսակցությունը սկսել այնպիսի թեմայից, որը կհետաքրքրի անհատին։ Եթե նա քո հարազատն է, աշխատակիցը կամ համադասարանցին, ապա հավանաբար քեզ արդեն հայտնի են նրա հետաքրքրությունները։ Իսկ եթե այդ մարդուն ընդհանրապես առաջին անգամ ես հանդիպում, կարող ես խոսել այնպիսի հարցի շուրջ, որը լսել ես լուրերից կամ էլ թերթում ես կարդացել։ Սովորաբար նման հարցերը շատերին են հետաքրքրում։ Տնետուն ծառայելիս դիտունակ եղիր։ Տան զարդարանքները, բակում գտնվող խաղալիքները, պաշտամունքի առարկաները կարող են տանտիրոջ հետաքրքրությունների վերաբերյալ հավելյալ տեղեկություններ հայտնել։ Երբ տանտերը բացի դուռը ու սկսի խոսել, ուշադիր լսիր, թե ինչ է նա ասում։ Նրա խոսքերը կա՛մ կհաստատեն, կա՛մ էլ կշտկեն քո եզրակացությունները նրա հետաքրքրությունների և տեսակետների վերաբերյալ ու քեզ լրացուցիչ հնարավորություններ կընձեռեն կշռադատելու, թե ինչի մասին պիտի խոսես։
Խոսակցության ընթացքում թեմայի հետ կապված որոշ մտքեր ընթերցիր Աստվածաշնչից և օժանդակ հրատարակություններից։ Բայց միայն դու մի խոսիր (Ժող. 3։7)։ Թույլ տուր, որ նա էլ արտահայտվի, եթե ցանկանում է։ Հետաքրքրություն հանդես բեր զրուցակցիդ կարծիքի ու հայացքների հանդեպ։ Դա կօգնի քեզ կողմնորոշվելու, թե ինչ անել նրբանկատ լինելու համար։
Նախքան ինչ–որ բան ասելը մտածիր, թե դա ինչ տպավորություն կթողնի անհատի վրա։ Առակաց 16։23–ում ասվում է. «Իմաստունի սիրտն իմաստուն է անում նորա բերանը»։ Եբրայերենում այս արտահայտությունը կապվում է այնպիսի հասկացությունների հետ, ինչպիսիք են խորաթափանցությունն ու շրջահայացությունը։ Ուստի իմաստուն մարդը խոսելիս զգույշ է լինում, քանի որ նա մինչև խոսելը լավ մտածում է իր ասելիքի շուրջ։ Իսկ Առակաց 12։18–ը (Արևմտ. Աստ.) ասում է, որ «անմիտ խօսքերը սուրի պէս կը խոցոտեն»։ Այո, հնարավո՛ր է պաշտպանել աստվածաշնչյան ճշմարտությունը առանց վիրավորելու մարդուն։
Որպեսզի զուր տեղը պատնեշ չստեղծես քո և տվյալ մարդու միջև, հարկավոր է ողջախոհություն ցուցաբերել բառերի ընտրության հարցում։ Եթե «Աստվածաշունչ» բառը տհաճություն է առաջացնում անհատի մեջ, ապա կարող ես փորձել օգտագործել «Սուրբ Գրություններ» կամ «մի գիրք, որն
այժմ հրատարակված է ավելի քան 2 000 լեզուներով» արտահայտությունները։ Իսկ եթե անհրաժեշտ լինի դիմել Աստվածաշնչին, հարցրու նրան, թե ինչ է մտածում այդ գրքի մասին, և ձեր զրույցի ընթացքում հաշվի առ նրա տեսակետը։Նրբանկատ լինել՝ հաճախ նշանակում է հասկանալ, թե տվյալ խոսքը երբ տեղին կլինի ասել (Առակ. 25։11)։ Հնարավոր է, որ դիմացինիդ ոչ բոլոր մտքերին համաձայն լինես, բայց կարիք էլ չկա նրա ամեն մի դատողությունը, որ հակասում է Աստվածաշնչին, քննադատության ենթարկել։ Մի փորձիր զրուցակցիդ ամեն ինչ միանգամից պատմել։ Հիսուսն իր աշակերտներին ասաց. «Տակաւին շատ բան ունիմ ձեզ ասելու, բայց հիմա չէք կարող տանիլ» (Յովհ. 16։12)։
Հնարավորության դեպքում զրուցակցիդ անկեղծորեն գովիր։ Եթե անգամ նա սիրում է վիճել, կարող ես գովել այն բանի համար, որ սեփական կարծիք ունի։ Պողոս առաքյալն այդպես վարվեց, երբ Աթենքի Արիսպագոսում խոսեց փիլիսոփաների հետ։ Վերջիններս «նորա հետ հակառակում էին»։ Ինչպե՞ս կարողացավ Պողոսը, առանց վիրավորելու նրանց զգացումները, իր մտքերն արտահայտել։ Մինչ այդ նա նկատել էր, որ աթենացիները բազմաթիվ զոհասեղաններ էին պատրաստել իրենց աստվածների համար։ Նա չնախատեց նրանց կռապաշտության համար, այլ նրբանկատորեն գովեց, որ այդքան ջերմեռանդ կրոնասերներ են։ Պողոսն ասաց. «Ես ձեզ ամեն կերպով կրօնասէր եմ տեսնում»։ Նման մոտեցումը նրան հնարավորություն տվեց խոսելու ճշմարիտ Աստծո մասին։ Արդյունքն այն եղավ, որ նրանցից ոմանք հավատացյալներ դարձան (Գործք 17։18, 22, 34)։
Մի վրդովվիր, երբ առարկում են։ Հանգստություն պահպանիր։ Առարկությունը համարիր որպես հնարավորություն՝ հասկանալու, թե ինչու է տվյալ անհատն այդպես մտածում։ Կարող ես նրան շնորհակալություն հայտնել իր կարծիքն արտահայտելու համար։ Ենթադրենք՝ նա կտրուկ կերպով ասում է. «Ես իմ կրոնն ունեմ»։ Կարող ես նրբանկատորեն հարցնել. «Իսկ դուք ձեր ամբո՞ղջ կյանքում եք կրոնասեր եղել»։ Պատասխանը լսելուց հետո հարցրու. «Ի՞նչ եք կարծում, կգա՞ ժամանակ, երբ բոլոր մարդիկ մեկ կրոն կդավանեն»։ Հնարավոր է, որ նման հարցերի միջոցով քեզ հաջողվի շարունակել զրույցը։
Սեփական անձի մասին ճիշտ տեսակետ ունենալն էլ կօգնի, որ նրբանկատ լինենք։ Մենք լիովին համոզված ենք, որ Եհովայի ճանապարհներն ուղիղ են, իսկ Խոսքը՝ ճշմարիտ, և մարդկանց հետ խոսելիս արտահայտում ենք այդ համոզվածությունը։ Բայց ոչ մի հիմք չկա կարծելու, թե մենք չափազանց արդար անձնավորություններ ենք (Ժող. 7։15, 16)։ Մենք երախտապարտ ենք Եհովային ճշմարտությունն իմանալու և իր օրհնությունները վայելելու համար, բայց նաև հասկանում ենք, որ նրա հավանությանն ենք արժանացել ոչ թե մեր արդար լինելու, այլ իր շնորհի ու Քրիստոսի հանդեպ մեր ցուցաբերած հավատի պատճառով (Եփես. 2։8, 9)։ Մենք գիտակցում ենք, որ պետք է ‘փորձենք մեր անձերը, թե արդյոք հավատի մեջ ենք, քննենք մեր անձերը’ (Բ Կորնթ. 13։5)։ Ուստի, երբ անհատին ասում ենք, որ հարկավոր է Աստծո չափանիշներին համապատասխան ապրել, չպետք է մոռանանք, որ ինքներս էլ կարիք ունենք խոնարհաբար կիրառելու Աստվածաշնչի խորհուրդները։ Մենք չէ, որ պետք է դատենք մարդուն։ Եհովան «ամեն դատաստանը տուաւ Որդուն» և հենց Քրիստոսի աթոռի առջև է, որ պատասխան կտանք մեր գործերի համար (Յովհ. 5։22; Բ Կորնթ. 5։10)։
Ընտանիքի անդամների և հավատակիցների հանդեպ։ Մենք պետք է նրբանկատություն ցուցաբերենք ոչ միայն քարոզչական ծառայության ժամանակ։ Քանի որ սուրբ ոգու պտուղը արտահայտվում է նրբանկատության դրսևորմամբ, մենք պետք է այս հատկությունը հանդես բերենք նաև ընտանիքում։ Սերը կմղի մեզ հաշվի առնել ընտանիքի անդամների զգացումները։ Եսթեր թագուհին հարգում էր իր ամուսնուն, թեև վերջինս չէր երկրպագում Եհովային։ Եհովայի ծառաներին առնչվող հարցով թագավորին դիմելիս նա մեծ խորագիտություն հանդես բերեց (Եսթեր, 3–8-րդ գլուխներ)։ Որոշ դեպքերում ընտանիքի ոչ Վկա անդամների հանդեպ նրբանկատությունը մեզնից գուցե պահանջի, որ ճշմարտության մասին վկայենք ոչ թե մեր համոզմունքները բացատրելով, այլ մեր վարքով (Ա Պետ. 3։1, 2)։
Այն, որ ժողովի անդամներին լավ ենք ճանաչում, չի նշանակում, թե կարող ենք նրանց նկատմամբ աննրբանկատ ու կոպիտ լինել։ Մենք չպետք է մտածենք, թե քանի որ նրանք հասուն քրիստոնյաներ են, ուրեմն չպետք է նեղանան մեզնից։ Ոչ էլ պետք է արդարացնենք ինքներս մեզ՝ ասելով. «Դե, ինչ արած, ես էլ այսպիսին եմ»։ Եթե տեսնում ենք, որ մեր խոսքերը վիրավորում են մյուսներին, ապա պետք է վճռականորեն փոփոխություններ անենք մեր անձնավորության մեջ։ Քանի որ միմյանց հանդեպ ‘սերտ սեր ունենք’, ապա պետք է «բարի գործենք.... հաւատքի ընտանիներին» (Ա Պետ. 4։8, 15; Գաղ. 6։10)։
Բեմից խոսելիս։ Բեմից խոսողներն էլ պետք է նրբանկատություն հանդես բերեն։ Լսարանը բաղկացած է լինում տարբեր ծագում ունեցող և տարբեր պայմաններում ապրող մարդկանցից։ Նրանց մեջ կան հոգևոր տարբեր մակարդակ ունեցող անհատներ։ Ինչ–որ մեկը գուցե առաջին անգամ է գալիս Թագավորության սրահ։ Մյուսը, հնարավոր է, ապրում է իր կյանքի առանձնապես լարված շրջաններից մեկը, ինչին հռետորը տեղյակ չէ։ Ի՞նչ կարող է վերջինս անել, որպեսզի խուսափի ունկնդիրներից թեկուզ որևէ մեկին վիրավորելուց։
Հետևելով Պողոս առաքյալի՝ Տիտոսին ուղղված խորհրդին՝ նպատակ դիր «ոչ ոքի չանարգել» (ԱՆԹ), այլ ‘հեզ լինել, ամեն մարդկանց ամեն քաղցրութիւն ցույց տալ’ (Տիտոս 3։2)։ Խուսափիր աշխարհին ընդօրինակելուց, որտեղ մարդիկ օգտագործում են բառեր, որոնք նսեմացնում են այլ ռասայի պատկանող, ուրիշ լեզվով խոսող՝ այլազգի մարդկանց (Յայտն. 7։9, 10)։ Առանց քաշվելու խոսիր Եհովայի չափանիշների մասին և ցույց տուր, թե ինչու է իմաստություն դրանց հետևելը, սակայն խուսափիր նսեմացուցիչ դիտողություններ անելուց այն մարդկանց հասցեին, ովքեր դեռևս լիովին չեն քայլում Եհովայի ճանապարհներով։ Փոխարենը՝ քաջալերիր բոլոր ներկաներին իմանալ Եհովայի կամքը և աստվածահաճո գործեր անել։ Որպեսզի խորհուրդ տալիս խոսքդ մեղմ հնչի, անկեղծորեն գովիր ունկնդիրներին ու ջերմությամբ արտահայտվիր։ Թող խոսքդ ու ձայնդ արտահայտեն եղբայրասիրություն, որը մենք բոլորս էլ պարտավոր ենք ունենալ միմյանց հանդեպ (Ա Թեսաղ. 4։1–12; Ա Պետ. 3։8)։