ԴԱՍ 10
Ոգևորություն
ՈԳԵՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ կենդանություն է տալիս ելույթին։ Նյութի բովանդակալից լինելը անշուշտ կարևոր է, սակայն խոսքդ կենդանի ու աշխույժ մատուցելով է, որ կարող ես օգնել ունկնդրին համակ ուշադրությամբ լսել քեզ։ Անկախ այն բանից, թե ինչ միջավայրում ես մեծացել, կամ թե ինչ բնավորության տեր ես՝ կարող ես սովորել ոգևորությամբ խոսել։
Խոսելիս արտահայտիր զգացմունքներդ։ Սամարացի մի կնոջ հետ խոսելիս Հիսուսն ասաց, որ Եհովային պետք է երկրպագել «հոգով եւ ճշմարտութիւնով» (Յովհ. 4։24)։ Նրանք պետք է երկրպագեին երախտագիտությամբ լի սրտից մղված և Աստծո Խոսքից բխող ճշմարտությանը ներդաշնակ։ Եթե անհատը լցված է այդպիսի խոր երախտագիտությամբ, ապա դա կարտացոլվի նաև նրա խոսքում։ Նրա մեջ մեծ ցանկություն կառաջանա Եհովայի սիրառատ հոգատարության մասին հայտնել նաև ուրիշներին։ Դա իր արտացոլումը կգտնի նրա դեմքի արտահայտության, ժեստերի և ձայնի մեջ։
Այդ դեպքում ի՞նչը կարող է պատճառ լինել, որ Եհովային սիրելով ու նրա ասածներին հավատալով հանդերձ՝ ելույթ ունեցողը թերանա ոգևորությամբ արտահայտվել։ Միայն ելույթին նախապատրաստվելը դեռ բավարար չէ։ Պետք է նկատելի լինի, որ նա ապրում է իր ելույթով՝ զգացմունքներով ներթափանցել է նյութի մեջ։ Ենթադրենք՝ ելույթը Հիսուս Քրիստոսի քավիչ զոհաբերության մասին է։ Խոսելիս հռետորի ուշադրության կենտրոնում պետք է լինի ոչ միայն դեպքերի մանրամասնությունները, այլ գնահատանքը Հիսուսի զոհաբերության հանդեպ, դրա նշանակությունը թե՛ իր և թե՛ ունկնդիրների համար։ Նա պետք է իր մեջ մտովի արթնացնի երախտագիտության զգացումը Եհովայի և Հիսուս Քրիստոսի հրաշալի հոգատարության հանդեպ։ Նաև խորհի կյանքի այն չքնաղ հեռանկարի մասին, որ այդ զոհագործության միջոցով բացվում է ողջ մարդկության առջև՝ հավիտենական երջանկություն, կատարյալ առողջություն, վերահաստատված երկրային դրախտ։ Այսպիսով՝ նա իր ամբողջ սրտով պետք է ներթափանցի թեմայի մեջ։
Աստվածաշնչում կարդում ենք, որ դպիր Եզրասը, որը նաև ուսուցիչ էր Իսրայելում, «պատրաստել էր իր սիրտը որ Տիրոջ օրէնքը խնդրէ եւ կատարէ եւ Իսրայէլի մէջ սովորեցնէ» (Եզր. 7։10)։ Նմանապես, եթե մենք էլ նախապատրաստենք ոչ միայն մեզ հանձնարարված նյութը, այլ նաև մեր սիրտը, ապա խոսքերը դուրս կբխեն այնտեղից։ Նման սրտաբուխ խոսքերով կարող ենք նպաստել, որ մեզ լսողների սրտում էլ ճշմարտության հանդեպ խոր սեր առաջանա։
Հաշվի առ ունկնդիրներիդ։ Ոգևորություն դրսևորելու համար կարևոր է ևս մի հանգամանք. պետք է համոզված լինես, որ ունկնդիրն ունի քո խոսքերի կարիքը։ Դա նշանակում է, որ ելույթ պատրաստելիս ոչ միայն պետք է արժեքավոր տեղեկություններ կուտակել, այլ նաև աղոթքով դիմել Եհովային, որպեսզի նա առաջնորդի քեզ այնպես ներկայացնելու նյութը, որ օգտակար լինի ունկնդիրների համար (Սաղ. 32։8; Մատթ. 7։7, 8)։ Խորհիր այն մասին, թե ինչու է տվյալ նյութը անհրաժեշտ նրանց համար, ինչ օգուտներ նրանք կարող են քաղել և ինչպես կարելի է այն ներկայացնել, որպեսզի հնարավորին չափ լավ հասկանան դրա արժեքը։
Նյութի վրա աշխատիր այնքան ժամանակ, մինչև որ գտնես այն մտքերը, որոնք ոգևորում են քեզ։ Անկախ այն բանից՝ նյութը նոր է, թե՝ ոչ, դու կարող ես հանդես բերել թարմ մոտեցում։ Եթե նախապատրաստել ես այնպիսի մտքեր, որ կօգնեն ունկնդրին ամրացնել իր փոխհարաբերությունները Եհովայի հետ, գնահատել այն ամենը, ինչ Եհովան անում է իր համար, հաղթահարել այս ներկա համակարգի առօրյա ճնշումները, ինչպես նաև պտղաբեր լինել ծառայության մեջ, ապա բոլոր հիմքերն ունես ոգևորություն ցուցաբերելու։
Եթե բարձրաձայն ընթերցելու հանձնարարություն ես ստացել, ապա դա ոգևորությամբ կատարելու համար բավարար չէ միայն ուշադրություն դարձնել բառերի ճիշտ արտասանությանը կամ տեսնել դրանց միջև եղած իմաստային կապը։ Ուսումնասիրիր նյութը։ Եթե Աստվածաշնչից հատված ես ընթերցելու, ապա դրա վերաբերյալ կատարիր որոշ փնտրտուքներ։ Պարզիր, թե որն է տվյալ հատվածի հիմնական ասելիքը։ Մտածիր, թե ինչ օգուտներ այն կարող է տալ քեզ և ունկնդիրներին։ Աշխատիր այնպես ընթերցել, որ քեզ լսողները նույնպես նկատեն այդ օգուտները։
Իսկ եթե պատրաստվում ես քարոզչական ծառայությա՞ն։ Վերանայիր քննարկման նյութը և այն աստվածաշնչյան համարները, որոնք պետք է կիրառես։ Հաշվի առ նաև մարդկանց հետաքրքրություններն ու մտահոգությունները։ Որո՞նք են վերջին լուրերը։ Ինչպիսի՞ խնդիրների են նրանք բախվում։ Երբ դու լիովին պատրաստ ես մարդկանց ցույց տալու, որ Աստծո Խոսքում են գտնվում իրենց վերաբերող խնդիրների լուծումները, քո մեջ փափագ է առաջանում խոսել նրանց հետ, և բնականից սկսում ես ոգևորությամբ արտահայտվել։
Ոգևորությունը դրսևորվում է նյութի կենդանի մատուցմամբ։ Ոգևորություն դրսևորելու լավագույն եղանակը նյութը կենդանի ու աշխույժ մատուցելն է։ Դա պետք է ակնհայտորեն երևա քո դեմքի արտահայտությունից։ Պետք է խոսես վստահ, սակայն ոչ անառարկելի տոնով։
Անհրաժեշտ է լինել հավասարակշռված։ Ոմանք հակում ունեն ամեն ինչում ոգևորություն արտահայտել։ Գուցե անհրաժեշտ լինի նրանց օգնել հասկանալու, որ երբ անհատը վերամբարձ կամ չափից դուրս էմոցիոնալ կերպով է արտահայտվում, ունկնդիրները ավելի շուտ մտածում են ոչ թե խոսքերի, այլ խոսողի մասին։ Իսկ ամաչկոտ անձանց հարկավոր է խրախուսել, որ ավելի արտահայտիչ կերպով խոսեն։
Ոգևորությունը վարակիչ է։ Եթե ունկնդիրների հետ լավ տեսողական կապ հաստատես ու ելույթդ ներկայացնես ոգևորությամբ, ապա այն կփոխանցվի նաև քո ունկնդիրներին։ Ապողոսը կենդանի կերպով էր ներկայացնում իր ասելիքը և նրան ճանաչում էին որպես ճարտարախոս հռետորի։ Եթե քո սրտում վառվում է Աստծո ոգու կրակը, քո խոսքը կհնչի կենդանի ու լսողներին կմղի գործերի (Գործք 18։24, 25; Հռովմ. 12։11)։
Ոգևորությունը համապատասխանում է նյութին։ Աշխատիր զգույշ լինել, որպեսզի չափազանց ոգևորված չլինես ամբողջ ելույթի ընթացքում։ Հակառակ դեպքում՝ ունկնդիրներին հոգնածություն կպատճառես, և քո խրախուսիչ խոսքերը, որ պետք է մղեին նրանց գործերի, տեղ չեն հասնի։ Այստեղից երևում է, թե որքան կարևոր է նյութը նախապատրաստելիս բազմազանություն մտցնել ներկայացման ոճի մեջ։ Հարկավոր է ամեն կերպ զգուշանալ անտարբերություն հանդես բերելուց։ Դու խորապես հետաքրքրված կլինես ելույթով, եթե նախապես ամենայն մանրամասնությամբ ընտրես նյութը։ Անկասկած, ելույթում որոշ մտքեր անհրաժեշտ կլինի ներկայացնել ավելի կամ պակաս ոգևորությամբ, և դրանք հարկավոր է հմտորեն միահյուսել իրար ամբողջ ելույթի ընթացքում։
Հատկապես ելույթի գլխավոր կետերը անհրաժեշտ է ներկայացնել հատուկ ոգևորությամբ։ Քո ելույթում պետք է լինեն գագաթնակետեր՝ կուլմինացիաներ, որոնց ուղղությամբ զարգանում են մտքերը։ Քանի որ դրանք ելույթի ամենակարևոր կետերն են, սովորաբար հենց այդ մտքերն էլ լսողներին մղում են գործերի։ Ունկնդիրներին համոզելուց հետո պետք է նաև քաջալերել նրանց և ցույց տալ, թե ինչ օգուտներ կարող են քաղել նրանք՝ քննարկված տեղեկությունները կիրառելով իրենց կյանքում։ Ինչ խոսք, ոգևորությունը կօգնի քեզ հասնել լսողների սրտին։ Խուսափիր արհեստական աշխուժություն ցուցաբերելուց։ Ոգևորությունը պետք է հիմք ունենա, և այդ հիմքը տալիս է ելույթի թեման։