ԴԱՍ 48
Ողջամիտ մոտեցում
ՄԵՆՔ երախտապարտ ենք Աստծուն, որ նրա Խոսքի շնորհիվ շատ փոփոխություններ են տեղի ունեցել մեր կյանքում և կցանկանայինք, որ ուրիշներն էլ նման օգուտներ քաղեն։ Բացի այդ, գիտակցում ենք նաև, որ մարդկանց հեռանկարներն ապագայի հանդեպ կախված են այն բանից, թե ինչպես կարձագանքեն նրանք բարի լուրին (Մատթ. 7։13, 14; Յովհ. 12։48)։ Մենք շատ ենք ցանկանում, որ նրանք ընդունեն ճշմարտությունը։ Այնուհանդերձ, որպեսզի այդ հարցում լավագույն արդյունքների հասնենք, մեր ամուր համոզվածությանն ու նախանձախնդրությանը պետք է զուգորդի խորաթափանցությունը։
Երբ ճշմարտությունը շատ կտրուկ կերպով է ներկայացվում, և նպատակը դիմացինին ապացուցելն է, որ երկար ժամանակ փայփայած իր համոզմունքները սխալ են, սովորաբար դա մարդկանց կողմից լավ չի ընդունվում, նույնիսկ եթե փաստարկներին թիկունք կանգնող շատ սուրբգրային համարներ են բերվում։ Օրինակ՝ եթե պարզապես ասենք, որ լայնորեն տարածված տոնակատարությունները դատապարտելի են հեթանոսական ծագում ունենալու պատճառով, ապա դրանով չի փոխվի մարդկանց վերաբերմունքը այդ տոնակատարությունների հանդեպ։ Մինչդեռ ողջամիտ մոտեցում հանդես բերելով՝ կարելի է լավ արդյունքների հասնել։ Ի՞նչ է իր մեջ ներառում ողջամիտ մոտեցումը։
Գրությունները մեզ տեղեկացնում են, որ «վերին իմաստութիւնը.... խաղաղարար [է], [«ողջամիտ», ՆԱ]» (Յակ. 3։17)։ Հունարեն բառը, որ այստեղ թարգմանվել է «ողջամիտ», բառացի նշանակում է «զիջող»։ Որոշ թարգմանություններում այն ներկայացվում է այլ բառերով, ինչպես օրինակ՝ «նրբանկատ», «հեզ», «զուսպ»։ Ուշադրություն դարձրու, որ ողջամտությունը զուգորդվում է խաղաղարար լինելու հետ։ Տիտոս 3։2–ում այն հիշատակվում է հեզության հետ միասին և հակադրվում կռվարարությանը։ Փիլիպպեցիս 4։5–ում (ՆԱ) մեզ հորդոր է տրվում, որ հայտնի լինենք մեր «ողջամտությամբ»։ Ողջամտություն դրսևորող անհատը հաշվի է առնում զրուցակցի ծագումը, հանգամանքները և զգացմունքները։ Նա հարկ եղած դեպքում պատրաստ է զիջել։ Նման կերպ մարդկանց հետ վարվելով՝ հնարավոր է օգնել նրանց առավել հետաքրքրությամբ լսելու և պատրաստ լինելու ընդունել մեր ասածները, երբ նրանց հետ միասին տրամաբանում ենք Գրությունների հիման վրա։
Ինչից սկսել։ Պատմագիր Ղուկասը տեղեկացնում է, որ երբ Պողոս առաքյալը Թեսաղոնիկեում էր, «նա բաց էր անում և բացատրում Սուրբ գրքերը,
ապացուցում դրանցով, թե ինչպես Քրիստոսը պետք է չարչարվեր և հարություն առներ մեռելներից» (Գործք 17։2, 3, ԱՆԹ)։ Ուշադրության է արժանի, որ Պողոսը դա անում էր հրեական ժողովարանում։ Նրան լսողները Եբրայերեն Գրությունները հեղինակություն էին համարում։ Ուստի շատ տեղին էր խոսակցությունը սկսել այն բանից, ինչ նրանք ընդունում էին։Իսկ երբ Պողոսը Աթենքի Արիսպագոսում խոսում էր հույների հետ, նա անմիջապես մեջբերումներ չարեց Գրություններից։ Ընդհակառակը՝ նա սկսեց խոսել այն ամենից, ինչը նրանց և՛ ծանոթ էր, և՛ ընդունելի։ Այդ ամենի օգնությամբ նա մղեց նրանց խորհրդածելու Արարչի և նրա նպատակների մասին (Գործք 17։22–31)։
Մեր օրերում միլիարդավոր մարդիկ Աստվածաշունչը հեղինակություն չեն համարում։ Սակայն ներկա համակարգում գրեթե բոլորն են կյանքում բախվում դաժան իրավիճակների հետ։ Մարդիկ կարոտ են լավ պայմանների։ Ուստի՝ նախ ցույց տուր, որ անտարբեր չես այն ամենի հանդեպ, ինչ անհանգստացնում է նրանց, և ապա մատնանշիր, թե ինչպես է Աստվածաշունչը լուսաբանում տվյալ հարցը։ Նման ողջամիտ մոտեցումը կմղի մարդկանց լսելու, թե ինչ է Աստվածաշունչն ասում մարդկության հանդեպ Աստծո ունեցած նպատակների մասին։
Հնարավոր է, որ Աստվածաշունչ ուսումնասիրողի ծնողները որպես ժառանգություն նրան փոխանցած լինեն որոշ կրոնական հավատալիքներ ու սովորույթներ։ Իսկ այժմ նա տեղեկանում է, որ այդ բոլոր հավատալիքներն ու սովորույթները տհաճ են Աստծուն, ուստիև, հիմնվելով Աստվածաշնչից ձեռք բերած իր գիտելիքների վրա, որոշում է ձերբազատվել դրանցից։ Ինչպե՞ս կարող է ուսումնասիրողը իր ծնողներին բացատրել, թե ինչու է այդպես վարվում։ Նրանք գուցե մտածեն, որ հրաժարվելով իրենց թողած կրոնական ժառանգությունից՝ նա հրաժարվում է նաև իրենցից։ Հետևաբար, նախքան իր որոշումը հիմնավորող աստվածաշնչային բացատրություններ տալը, ուսումնասիրողը գուցե հարկ համարի ծնողներին հավաստիացնել նրանց հանդեպ ունեցած իր սիրո և հարգանքի մեջ։
Երբ է հարկավոր զիջել։ Եհովան բացառիկ ողջամտություն է հանդես բերում՝ չնայած այն բանին, որ ամբողջությամբ իրավասու է հրահանգներ տալու։ Սոդոմ քաղաքից Ղովտին և իր ընտանիքին փրկելիս Եհովայի հրեշտակները ասացին. «Սարը փախիր, որպէսզի չ’կորչիս»։ Սակայն Ղովտը խնդրեց. «Ոչ՝ Տէր, աղաչում եմ»։ Նա աղաչում էր, որ իրեն թույլատրվի փախչել Սեգովր։ Եհովան հաշվի առավ Ղովտի խնդրանքը՝ նրան թույլ տալով վարվել, ինչպես ցանկանում էր. մնացած քաղաքները կործանվեցին, սակայն Սեգովրը պահպանվեց։ Ավելի ուշ, սակայն, Ղովտը հետևեց Եհովայի տված սկզբնական առաջնորդությանը և տեղափոխվեց լեռնային շրջաններ (Ծննդ. 19։17–30)։ Իհարկե, Եհովան շատ լավ գիտեր, որ իր տված առաջնորդությունն էր ճիշտ, բայց համբերատար կերպով հաշվի առավ Ղովտի տեսակետը, մինչև որ նա կըմբռներ այն։
Որպեսզի մարդկանց հետ լավ հաղորդակցվենք, մենք նույնպես պետք է ողջախոհություն դրսևորենք։ Հնարավոր է՝ համոզված ենք, որ մեր զրուցակիցը սխալ մտածելակերպ ունի, և գուցե ծանրակշիռ փաստարկներ ունենք դա ապացուցելու համար։ Սակայն երբեմն լավ է չհարկադրել անհատին ընդունելու իր տեսակետի սխալ լինելը։ Ողջամտություն հանդես բերել՝ չի նշանակում փոխզիջման գնալ Եհովայի չափանիշների մեջ։ Պարզապես լավ կլինի շնորհակալություն հայտնել անհատին իր կարծիքն արտահայտելու համար, կամ ուղղակի չպատասխանել նրա սխալ պնդումներին։ Դա կօգնի, որ կարողանաս խոսակցությունն ուղղել այնպիսի թեմայի շուրջ, որի քննարկումն ավելի շատ օգուտներ կբերի։ Նույնիսկ եթե զրուցակիցդ վատաբանի քո համոզմունքները, բուռն կերպով մի հակազդիր։ Լավ կլինի հարցնել, թե ինչու է նա այդպես կարծում։ Ուշադիր լսիր նրա պատասխանը։ Դա քեզ կօգնի ըմբռնելու տվյալ անհատի մտածելակերպը, ինչպես նաև ճանապարհ կհարթի ապագայում նրա հետ կերտիչ զրույցներ վարելու համար (Եհովան մարդկանց օժտել է ընտրություն կատարելու ունակությամբ։ Նա թույլ է տալիս, որ նրանք գործի դնեն այդ ունակությունը, նույնիսկ եթե անխոհեմ կերպով են կիրառում այն։ Եհովայի անունից խոսելով՝ Հեսուն պատմեց, թե ինչպես էր Աստված վերաբերվել Իսրայել ազգի հետ։ Ապա ասաց. «Բայց եթէ Տիրոջը ծառայութիւն անելը ձեզ անհաճոյ է, ընտրեցէք այսօր ձեզ համար, թէ ո՞րն էք պաշտելու. գետի այն կողմին ձեր հայրերի պաշտած աստուածնե՞րը, թէ Ամօրհացիների աստուածները. որոնց երկրի մէջ դուք բնակվում էք. բայց ես եւ իմ տունը Եհովային ենք պաշտելու» (Յեսու 24։15)։ Ներկայումս մենք հանձնարարություն ենք ստացել «վկայութիւն» տալ։ Մենք համոզվածությամբ ենք խոսում, սակայն չենք փորձում մարդկանց ստիպել հավատալու մեր ասածներին (Մատթ. 24։14)։ Իրե՛նք պետք է ընտրություն կատարեն. մենք չենք փորձում զրկել նրանց այդ իրավունքից։
Հարցեր տուր։ Հիսուսը հիանալի օրինակ է մեզ համար մարդկանց տրամաբանությանը դիմելու հարցում։ Նա հաշվի էր առնում նրանց ծագումը և բերում այնպիսի օրինակներ, որ նրանք հեշտությամբ կընդունեին։ Նաև արդյունավետ կերպով կիրառում էր հարցեր, որ հնարավորություն էին տալիս մարդկանց արտահայտվելու և բացահայտելու իրենց սրտում եղածը։ Դրանք նաև մղում էին նրանց խորհրդածելու քննարկվող թեմայի շուրջ։
Մի անգամ, Օրենքին լավատեղյակ մի անձնավորություն հարցրեց Հիսուսին. «Վարդապետ, ի՞նչ գործեմ որ յաւիտենական կեանքը ժառանգեմ»։ Հիսուսը կարող էր անմիջապես պատասխանել նրա հարցին, սակայն նա թույլ տվեց, որ անհատն արտահայտվի։ Նա ասաց. «Օրէնքումն ի՞նչ է գրուած, ի՞նչպէս ես կարդում»։ Անհատը տվեց ճիշտ պատասխանը։ Սակայն արդյո՞ք դա բավարար էր, որ զրույցն ավարտվեր։ Ոչ։ Հիսուսը նրան հնարավորություն ընձեռեց շարունակելու իր խոսքը, և երբ այդ մարդը տվեց ևս մեկ հարց, ակնհայտ դարձավ, որ նա փորձում էր ինքն իրեն արդար ձևացնել։ Նա ասաց. «Եւ իմ ընկերն ո՞վ է»։ Քանի որ հրեաների մեջ գոյություն ուներ լայնորեն տարածված որոշակի տեսակետ ուրիշ ազգերի ներկայացուցիչների և սամարացիների հանդեպ, այդ մարդը կարող էր համամիտ չլինել Հիսուսի հետ, եթե նա պարզապես տար «ընկեր» բառի սահմանումը։ Ուստի Հիսուսը հրավիրեց նրան խորհրդածելու։ Ղուկ. 10։25–37)։ Ինչպիսի՜ հիանալի օրինակ է մեզ համար։ Իրոք որ, շարունակաբար խոսելու և արդյունքում մեր զրուցակցի տեղը մտածելու փոխարեն՝ լավ կլինի, նրբանկատորեն հարցեր տալով ու օրինակներ բերելով, նրան մղենք մտածելու։
Նա պատմեց մի առակ բարի սամարացու մասին, որը օգնության էր հասել կողոպտված և ծեծված ճանապարհորդին, մինչդեռ քահանան ու ղևտացին այդպես չէին վարվել։ Պատմելուց հետո Հիսուսը մի պարզ հարցի միջոցով հավաստիացավ, որ այդ անհատը հասկացել է առակի էությունը։ Օգնելով դիմացինին տրամաբանելու՝ Հիսուսը «ընկեր» հասկացությանը այնպիսի իմաստ հաղորդեց, որ նախկինում երբեք այդ մարդու մտքով չէր անցել (Բեր պատճառներ։ Երբ Պողոսը խոսում էր Թեսաղոնիկեի ժողովարանում, նա չբավարարվեց միայն իր ունկնդիրների կողմից հեղինակություն համարվող աղբյուրից ընթերցանություն կատարելով։ Ղուկասը տեղեկացնում է, որ Պողոսը նաև բացատրում էր, ապացուցում ու կիրառում իր կարդացածը։ Արդյունքը եղավ այն, որ «նորանցից ոմանք հաւատացին, եւ Պօղոսի եւ Շիղայի հետ միացան» (Գործք 17։1–4)։
Նման ողջամիտ մոտեցումը օգտակար է՝ անկախ այն բանից, թե ովքեր են քեզ լսողները։ Դա կարելի է դրսևորել ազգականներին, աշխատակիցներին կամ համադասարանցիներին վկայություն տալիս, քարոզչական ծառայության ընթացքում հանդիպած անծանոթ մարդկանց հետ զրուցելիս, Աստվածաշնչի ուսումնասիրություն անցկացնելիս, կամ ժողովում ելույթ ունենալիս։ Երբ սուրբգրային որևէ համար ես ընթերցում, գուցե միտքը պարզ լինի քեզ համար, բայց մյուսներին՝ անհասկանալի։ Քո տված բացատրությունը կամ համարի կիրառումը թերևս լսողների կողմից ընկալվի որպես դոգմատիկ պնդում։ Օգտակար կլինի՞ արդյոք առանձնացնել և բացատրել սուրբգրային համարի որոշ կարևոր արտահայտություններ։ Կկարողանայի՞ր արդյոք բերել ապացույցներ համատեքստից կամ քննարկվող թեմային առնչվող ուրիշ սուրբգրային համարից, կամ էլ օրինակի միջոցով ցույց տալ խոսքերիդ տրամաբանական լինելը։ Կօգնեի՞ն արդյոք հարցերը ունկնդիրներին՝ խորհելու նյութի շուրջ։ Նման ողջախոհ մոտեցում դրսևորելով՝ հաճելի տպավորություն կթողնես ունկնդրի վրա և բավականին նյութ կհաղորդես նրան խորհրդածելու համար։