Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Ուսումնասիրություն կատարելը վարձահատույց գործ է

Ուսումնասիրություն կատարելը վարձահատույց գործ է

ԵՐԲԵՎԷ ուշադրություն դարձրե՞լ ես, թե մարդիկ ինչպես են միրգ ընտրում։ Շատերը նայում են մրգի գույնին ու չափսերին՝ պարզելու համար, թե արդյոք այն հասած է։ Ոմանք էլ հոտոտում են պտուղը։ Մյուսները շոշափում են, նույնիսկ սեղմում։ Մի քանիսն էլ իրենց ձեռքն են վերցնում նույն մրգից մեկական հատ ու ծանրութեթև անում՝ որոշելու համար, թե որն է ավելի հյութեղ։ Ի՞նչ են մտածում նրանք այդ ժամանակ։ Նրանք զբաղված են մրգերը զննելով ու ուսումնասիրելով, մտովի լավի ու վատի ընտրություն կատարելով։ Նրանք փորձում են վերհիշել նախկինում կատարած գնումները ու համեմատություններ են կատարում իրենց առջև դրվածի և մտքում եղածի միջև։ Ու քանի որ մեծ ուշադրությամբ են ընտրում պտուղը, նրանց «համեղ» վարձատրություն է սպասում։

Աստծո Խոսքն ուսումնասիրելը, անկասկած, շատ ավելի մեծ օգուտներ է բերում։ Երբ այսպիսի ուսումնասիրությունը առաջնային տեղում ենք դնում մեր կյանքում, մեր հավատն ավելի է ամրանում, մեր սերն ավելի խորն է դառնում, մեր ծառայությունն ավելի լավ պտուղներ է բերում, իսկ մեր կայացրած որոշումները փաստում են, որ խորաթափանցություն և աստվածային իմաստություն ենք դրսևորում։ Նման պարգևների մասին Առակաց 3։15–ում կարդում ենք. «Քո բոլոր ցանկալի բաները նորան չ’արժեն»։ Իսկ դու ստանո՞ւմ ես այդպիսի պարգևներ։ Այս հարցում որոշիչ դեր է խաղում այն, թե ինչպե՛ս ես ուսումնասիրում (Կող. 1։9, 10

Ժամանակ հատկացրու խորհրդածելուն

Ի՞նչ է ուսումնասիրությունը։ Ուսումնասիրությունն ավելին է, քան հենց այնպես ընթերցելը։ Ուսումնասիրության ժամանակ գործի ենք դնում մեր մտային կարողությունները, որպեսզի նյութն ավելի ուշադիր ու խորը քննենք։ Ուսումնասիրությունն ընդգրկում է կարդացածը վերլուծելու և արդեն իսկ ունեցած գիտելիքների հետ համեմատելու պրոցես, ինչպես նաև ուշադրություն դարձնելը, թե ինչ պատճառներով է բերվում տվյալ միտքը։ Ուսումնասիրության ընթացքում խորապես մտածիր ցանկացած նոր մտքի շուրջ։ Քննիր, թե անձամբ դու ինչպես կարող ես կյանքում լիարժեք կերպով կիրառել Աստվածաշնչի խորհուրդները։ Նաև խորհիր, թե որպես Եհովայի վկա՝ ինչ առիթներ կարող ես փնտրել, որպեսզի ուսումնասիրածդ նյութը գործի դնես ուրիշներին օգնելու նպատակով։ Ուստի ակնհայտ է, որ ուսումնասիրության մեջ մտնում է նաև խորհրդածելը։

Ճիշտ մտայնություն

Անձնական ուսումնասիրությունից լիարժեք օգուտներ կստանաս, եթե պատրաստես սիրտդ

Անկախ այն բանից, թե ինչ հրատարակություն ես պատրաստվում ուսումնասիրել՝ հավանաբար մինչև ուսումնասիրություն սկսելը ձեռքդ ես վերցնում Աստվածաշունչը, գրիչ կամ մատիտ, նաև նշումների տետր։ Իսկ պատրաստո՞ւմ ես արդյոք սիրտդ։ Աստվածաշնչում Եզրասի մասին կարդում ենք, որ նա «պատրաստել էր իր սիրտը որ Տիրոջ օրէնքը խնդրէ եւ կատարէ եւ Իսրայէլի մէջ սովորեցնէ օրէնք եւ դատաստան» (Եզրաս 7։10)։ Ի՞նչ է նշանակում սիրտն այս ձևով պատրաստել։

Աստծո Խոսքի ուսումնասիրությունը ճիշտ մտայնությամբ սկսելու համար օգտակար է նախապես աղոթել։ Մենք ուզում ենք, որ մեր սիրտը՝ մեր ներքին անձնավորությունը, ընդունակ լինի Եհովայի մատուցած ուսուցումն ընկալելու։ Ամեն անգամ ուսումնասիրություն սկսելուց առաջ Եհովայից խնդրիր իր ոգու օգնությունը (Ղուկ. 11։13)։ Խնդրիր, որ օգնի քեզ ըմբռնել նյութի իմաստը, որպեսզի հասկանաս, թե այն ինչպես է կապված Աստծո նպատակների հետ, ինչպես կօգնի քեզ տարբերել լավը վատից, ինչպես կարող ես աստվածային սկզբունքները կիրառել կյանքում, և թե այդ նյութն ինչպես կարող է ազդել Եհովայի հետ քո ունեցած փոխհարաբերության վրա (Առակ. 9։10)։ Ուսումնասիրություն կատարելիս նաև իմաստություն «խնդր[իր] Աստուածանից» (Յակ. 1։5)։ Երբ Եհովայից օգնություն ես խնդրում սխալ մտքերից կամ կործանարար ցանկություններից ազատվելու համար, անկեղծորեն քննիր ինքդ քեզ՝ ուսումնասիրածդ նյութի հիման վրա։ Միշտ «երգ[իր] Տիրոջը գոհութիւնով» այն բանի համար, որ իր մտքերը քեզանից գաղտնի չի պահում (Սաղ. 147։7)։ Աղոթքով սկսած ուսումնասիրությունը մեզ մոտեցնում է Աստծուն, քանի որ հենց աղոթքի միջոցով է, որ հնարավորություն ենք ունենում արձագանքել, երբ նա խոսում է մեզ հետ Աստվածաշնչի միջոցով (Սաղ. 145։18

Այսպիսի պատրաստակամությամբ Եհովայի ժողովուրդը տարբերվում է ուրիշներից։ Այն մարդկանց շրջանում, որոնք Աստծուն չեն ծառայում, ընդունված է իրենց կարդացածը կասկածի ու քննադատության ենթարկել։ Բայց մենք նման մոտեցում չենք ցուցաբերում։ Մենք վստահում ենք Եհովային (Առակ. 3։5–7)։ Եթե անգամ ինչ–​որ բան անհասկանալի է լինում, մենք մեծամտորեն չենք շտապում եզրակացնել, որ այն սխալ է։ Փոխարենը՝ փնտրելով ու պրպտելով մեր հարցերի պատասխանները՝ մենք համբերատարությամբ Եհովային ենք սպասում (Միք. 7։7)։ Եզրասի նման, մենք էլ նպատակ ունենք մեր սովորածին ներդաշնակ գործել և ուսուցանել ուրիշներին։ Սրտի այսպիսի տրամադրվածություն ունենալով՝ ակնկալում ենք առատ վարձատրություն ստանալ մեր ուսումնասիրությունից։

Ինչպես ուսումնասիրել

Առաջին պարբերությունից մինչև վերջինը առանց դադարի կարդալու փոխարեն՝ նախ աչքի անցկացրու ամբողջ հոդվածը (կամ ամբողջ գլուխը)։ Սկսիր վերնագրի վերլուծությունից։ Վերնագիրն իր մեջ ամփոփում է այն թեման, որը մտադիր ես ուսումնասիրել։ Այնուհետև՝ ուշադրություն դարձրու, թե ինչպես են ենթավերնագրերը կապվում ընդհանուր թեմայի հետ։ Զննիր թեմային վերաբերող նկարները, ցանկերը կամ շրջանակները։ Ինքդ քեզ հարց տուր. «Ելնելով այս նախնական վերլուծությունից՝ ինչի՞ մասին եմ սովորելու։ Ի՞նչ կարևորություն ունի այս թեման ինձ համար»։ Նման հարցերի օգնությամբ ուսումնասիրությունդ ճիշտ հունով կտանես։

Ծանոթացիր փնտրտուքներ կատարելու այն բոլոր միջոցներին, որոնք մատչելի են ձեր լեզվով

Այժմ կարող ես սկսել ուսումնասիրությունը։ «Դիտարանի» ուսումնասիրության հոդվածները, ինչպես նաև որոշ գրքեր բովանդակում են քննարկման հարցեր։ Յուրաքանչյուր պարբերություն ընթերցելիս ընդգծիր հարցերի պատասխանները։ Եթե նույնիսկ նման հարցեր չկան, կարող ես ինքդ նշել այն կարևոր մտքերը, որոնք կցանկանայիր մտապահել։ Նոր մտքի հանդիպելիս կանգ առ մի փոքր՝ համոզվելու համար, որ լավ ես հասկանում այն։ Ուշադրություն դարձրու բերված օրինակների ու տրամաբանական փաստերի վրա, քանի որ դրանք կարող են պետք գալ քարոզչական ծառայության մեջ կամ քեզ հանձնարարված որևէ ելույթ պատրաստելիս։ Մտածիր, թե ում հավատը դու կկարողանայիր ամրապնդել, եթե ուսումնասիրածդ նյութի մասին պատմեիր նրան։ Գրի առ այն կետերը, որոնք մտադիր ես կյանքում կիրառել, և կրկնիր դրանք ուսումնասիրությունն ավարտելուց հետո։

Նյութը քննարկելիս բաց արա նշված սուրբգրային համարները։ Վերլուծիր դրանք, որպեսզի պարզես, թե այդ համարներից յուրաքանչյուրը ինչպես է կապված պարբերության ընդհանուր մտքի հետ։

Հնարավոր է՝ հանդիպես այնպիսի գաղափարների, որոնք մինչև վերջ չես հասկանում կամ էլ կցանկանայիր ավելի խորը ուսումնասիրել։ Թույլ մի տուր, որ դրանք շեղեն քեզ քո նպատակից, փոխարենը՝ մոտդ նշիր, որպեսզի ավելի ուշ մանրակրկիտ հետազոտություն կատարես։ Հաճախ նման մտքերը պարզաբանվում են հոդվածի շարունակության մեջ։ Հակառակ դեպքում կարող ես ինքդ փնտրտուքներ կատարել։ Ո՞ր կետերն են արժանի նման ուշադրության։ Դրանք կարող են լինել մեջբերված սուրբգրային համարներ, որոնց իմաստը մինչև վերջ չես հասկանում, կամ այնքան էլ պարզ չէ քեզ համար, թե ինչ կապ գոյություն ունի տվյալ համարի և քննարկվող նյութի միջև։ Կամ էլ, ենթադրենք, միտքը հասկանալի է, բայց ոչ այնքան, որ կարողանաս մեկ ուրիշին բացատրել։ Աշխատիր բաց չթողնել այդպիսի կետերը. խելամիտ կլինի, եթե թեման ավարտելուց հետո դրանք առանձին հետազոտես։

Բաց արա տրված սուրբգրային համարները

Եբրայեցի քրիստոնյաներին իր մանրամասն նամակը գրելու ընթացքում Պողոս առաքյալը ինքն իրեն ընդհատեց հետևյալ խոսքերով. «Գլխաւորն այս է» (Եբր. 8։1, ԷԹ)։ Իսկ դու ժամանակ առ ժամանակ անո՞ւմ ես նման հիշեցում ինքդ քեզ։ Տեսնենք, թե ինչու Պողոսը գրեց այդ խոսքերը։ Աստծո ներշնչմամբ գրած իր նամակի նախորդ գլուխներում նա արդեն հիշատակել էր այն մասին, որ Քրիստոսը՝ Աստծո մեծ Քահանայապետը, երկինք է մտել (Եբր. 4։14–5։10; 6։20)։ Մինչդեռ 8–րդ գլխի սկզբում, այդ գլխավոր միտքն առանձնացնելով և շեշտելով, Պողոսը տրամադրում է իր ընթերցողներին խորությամբ մտածելու, թե ինչպես է դա կապված իրենց կյանքի հետ։ Նա նշում է, որ Քրիստոսը հօգուտ նրանց «Աստուծոյ երեսի առաջին երեւ[աց]» և նրանց համար էլ ճանապարհ հարթեց՝ այդ երկնային «սրբարանը» մտնելու (Եբր. 9։24; 10։19–22)։ Եբրայեցի քրիստոնյաների ունեցած հաստատուն հույսը պետք է մղեր նրանց կիրառելու այդ նամակում տեղ գտած հետագա խորհուրդները՝ հավատի, տոկունության և քրիստոնեավայել վարքի վերաբերյալ։ Նույն ձևով էլ մենք՝ եթե ուսումնասիրության ժամանակ հատուկ ուշադրություն դարձնենք գլխավոր մտքերի վրա, ապա դա կօգնի տեսնել, թե ինչպես է զարգանում թեման, ինչպես նաև մեր մտքում կտպավորվեն այն ծանրակշիռ հիմքերը, որոնցից երևում է, թե ինչու պետք է գործենք մեր սովորածի համաձայն։

Քո անձնական ուսումնասիրությունը կմղի՞ քեզ գործերի։ Դա շատ կարևոր հարց է։ Որևէ նոր բան սովորելուց հետո հարցրու ինքդ քեզ. «Սովորածս ի՞նչ ազդեցություն պետք է գործի իմ մտածելակերպի և կյանքում ունեցած նպատակների վրա։ Ինչպե՞ս կարող եմ այդ գիտելիքները կիրառել խնդիրներ լուծելիս, որոշումներ կայացնելիս կամ որևէ նպատակ հետապնդելիս։ Ինչպե՞ս կարող եմ դրանք կիրառել ընտանիքում, քարոզչական ծառայության մեջ, ժողովում»։ Աղոթքով դիմիր Եհովային և ապա մտածիր այս հարցերի շուրջ՝ փորձելով պատկերացնել այնպիսի իրավիճակներ, որտեղ կարող ես կիրառել քո ձեռք բերած գիտելիքները։

Որևէ գլուխ կամ հոդված ուսումնասիրելուց հետո նյութը հակիրճ կրկնիր։ Ստուգիր, թե արդյոք հիշո՞ւմ ես գլխավոր կետերը և դրանք հիմնավորող փաստերը։ Կրկնելը կօգնի քեզ մտապահել սովորածդ, որպեսզի հետագայում այն օգտագործես։

Ինչ ուսումնասիրել

Լինելով Եհովայի ժողովուրդը՝ մենք ունենք ուսումնասիրության հոգևոր թեմաների առատ ընտրության հնարավորություն։ Իսկ ինչի՞ց սկսել։ Լավ կլինի ամեն օր ուսումնասիրել «Գրությունները քննենք ամեն օր» գրքույկում տվյալ օրվա համար նախատեսված աստվածաշնչյան խոսքն ու դրա վերաբերյալ մեկնաբանությունը։ Ամեն շաբաթ մենք ներկա ենք լինում ժողովի հանդիպումներին, որոնց նախապատրաստվելու դեպքում հնարավորին չափ շատ օգուտներ կքաղենք։ Իմաստուն կերպով տնօրինելով իրենց ժամանակը՝ ոմանք ուսումնասիրում են որոշ հրատարակություններ, որ լույս են տեսել նախքան ճշմարտության հետ իրենց ծանոթանալը։ Ոմանք էլ Աստվածաշնչի իրենց շաբաթական ընթերցանությունից առանձնացնում են որոշ համարներ և ավելի խորությամբ ուսումնասիրում դրանք։

Իսկ ինչպե՞ս վարվել, եթե հանգամանքները թույլ չեն տալիս մանրամասն ուսումնասիրել ժողովի շաբաթական հանդիպումների համար տրվող ամբողջ նյութը։ Մի փորձիր նյութը սկզբից մինչև վերջ մեկ շնչով կարդալ կամ, ինչն ավելի վատ է, ընդհանրապես ոչինչ չանել զուտ այն պատճառով, որ ի վիճակի չես նյութն ամբողջությամբ ուսումնասիրել։ Դրա փոխարեն՝ որոշիր, թե նյութի ինչ ծավալ կարող ես հանգամանորեն ուսումնասիրել, և քննիր այդքանը, բայց քննիր ինչպես հարկն է։ Այդպես վարվիր ամեն շաբաթ։ Ժամանակի ընթացքում ընդգրկիր մյուս հանդիպումների համար նախատեսված նյութերը ևս։

«Շինիր տունդ»

Եհովան ակնկալում է, որ ընտանիքի գլուխը հոգա իր ընտանիքի անդամների կարիքները։ «Պատրաստիր դրսի գործքդ,— ասվում է Առակաց 24։27–ում,— եւ բանդ կարգադրիր դաշտումը»։ Բայց, միևնույն ժամանակ, նա չպետք է անտեսի նաև ընտանիքի հոգևոր կարիքները։ Տեսնենք, թե նույն համարի շարունակության մեջ ինչ է ասվում. «Յետո էլ շինիր տունդ»։ Ի՞նչ իմաստով կարող է ընտանիքի գլուխը ‘շինել իր տունը’։ Պատասխանը գտնում ենք Առակաց 24։3–ում, որտեղ ասվում է. «Հանճարով [«խորաթափանցությամբ», ՆԱ] [տունը] կ’հաստատուի»։

Ինչպե՞ս կարող է խորաթափանցություն դրսևորելը օգուտներ բերել քո ընտանիքին։ Խորաթափանցությունը տեսանելիից ավելին տեսնելու մտային կարողությունն է։ Կարելի է ասել, որ արդյունավետ ընտանեկան ուսումնասիրությունը սկսվում է ընտանիքը ուսումնասիրելուց. ինչպե՞ս է ընթանում ընտանիքի անդամներից յուրաքանչյուրի հոգևոր աճը։ Նրանց հետ հաղորդակցվելիս ուշադիր լսիր։ Տրտունջի կամ բողոքի ոգի չե՞ս նկատում նրանց մեջ։ Նյութականին մեծ նշանակություն չե՞ն տալիս։ Քարոզչական ծառայության ժամանակ երեխաներդ չե՞ն ընկճվում, երբ իրենց հասակակիցների առջև ներկայանում են որպես Եհովայի վկա։ Հաճույքո՞վ են մասնակցում Աստվածաշնչի ընտանեկան ընթերցանությանը և ուսումնասիրությանը։ Ձգտո՞ւմ են արդյոք Եհովայի ուղին իրենց կյանքի ճանապարհը դարձնել։ Ընտանիքի անդամների հանդեպ նման ուշադրությունը կօգնի, որ դու որպես ընտանիքի գլուխ ավելի լավ հասկանաս, թե ինչ է հարկավոր անել նրանցից յուրաքանչյուրի հոգևոր բարօրության համար, որպեսզի նրանց հոգևորապես ամրապնդես։

«Դիտարան» և «Արթնացե՛ք» պարբերագրերից ընտրիր այն հոդվածները, որոնք հատկապես համապատասխանում են քո ընտանիքի կարիքներին։ Ապա նախապես տեղեկացրու բոլորին, թե ինչ թեմա եք քննարկելու, որպեսզի նրանք ժամանակ ունենան մտածելու դրա շուրջ։ Ուսումնասիրության ընթացքում հաճելի մթնոլորտ պահպանիր։ Առանց նրանցից որևէ մեկին նախատելու կամ ամաչեցնելու՝ ընդգծիր քննարկվող նյութի արժեքը և ցույց տուր, թե ինչպես կարելի է այն կիրառել՝ ձեր ընտանիքում։ Աշխատիր քննարկման մեջ ընդգրկել բոլորին։ Օգնիր նրանցից յուրաքանչյուրին տեսնել, թե որքան «անարատ է» Եհովայի Խոսքը, որ տալիս է հենց այն, ինչն անհրաժեշտ է կյանքում (Սաղ. 19։7

Քո ջանքերի վարձատրությունը

Խելացի, բայց հոգևորից հեռու մարդիկ կարող են ուսումնասիրել Տիեզերքը, աշխարհում տեղի ունեցող իրադարձությունները, նույնիսկ մարդ արարածին, բայց չեն կարող լիովին ըմբռնել իրենց ուսումնասիրածի իսկական իմաստը։ Մինչդեռ Աստծո Խոսքի ուսումնասիրությամբ կանոնավորաբար զբաղվող անհատը Աստծո ոգու օգնությամբ կարող է նույն այդ երևույթները դիտել որպես Աստծո ձեռքի գործ, աստվածաշնչյան մարգարեությունների կատարում և հնազանդ մարդկությանը օրհնելու վերաբերյալ՝ Աստծո ունեցած նպատակի բացահայտում (Մարկ. 13։4–29; Հռովմ. 1։20; Յայտն. 12։12

Թեև այդ ամենը հասկանալը հիանալի է, բայց չպետք է թույլ տանք, որ դա հպարտանալու պատճառ դառնա մեզ համար։ Ընդհակառակը՝ Աստծո Խոսքի ամենօրյա քննությունը օգնում է մեզ խոնարհ լինել (Բ Օրին. 17։18–20)։ Նաև պաշտպանում է մեզ «մեղքի խաբէութիւնից», որովհետև երբ Աստծո Խոսքը կենդանի է մեր սրտում, ապա մեղք գործելու հակվածությունը դժվար թե այնքան ուժեղ լինի, որ կարողանա ճնշել մեղքին հակառակվելու մեր վճռականությունը (Եբր. 2։1; 3։13; Կող. 3։5–10)։ Եվ այդժամ մենք կկարողանանք «գնա[լ] ինչպէս արժանի է Տիրոջը, ամեն բանի մէջ հաճոյ լինելով նորան, ամեն բարի գործով պտղաբեր լին[ել] եւ աճ[ել] Աստուծոյ գիտութեան մէջ» (Կող. 1։10)։ Սա է Աստծո Խոսքն ուսումնասիրելու մեր նպատակը, և այս նպատակին հասնելը մեծագույն վարձատրությունն է։