ԴԱՍ 11
Ջերմություն և զգացմունքներ
ՀՈՒՅԶԵՐԸ մեր կյանքի անբաժանելի մասն են կազմում։ Զգացմունքների արտահայտմամբ անհատը ցույց է տալիս, թե ինչ ունի իր սրտում, ինչպիսի անձնավորություն է, ինչպես է ընկալում այս կամ այն երևույթը և ինչպիսի վերաբերմունք ունի մարդկանց հանդեպ։ Կյանքի դառը փորձը, իսկ երբեմն էլ մշակութային ազդեցությունները պատճառ են լինում, որ ոմանք թաքցնեն իրենց զգացմունքները։ Սակայն Եհովան քաջալերում է մեզ մշակել դրական հատկություններ և ապա պատշաճ կերպով արտահայտել դրանք (Հռովմ. 12։10; Ա Թեսաղ. 2։7, 8)։
Բառերով հնարավոր է ճշգրտորեն նկարագրել զգացմունքները։ Սակայն եթե մեզ չհաջողվի խոսել համապատասխան զգացմունքով, ապա լսողները թերևս կասկածեն մեր անկեղծությանը։ Եվ ընդհակառակը՝ եթե արտահայտվենք համապատասխան հույզերով, ապա մեր խոսքը կլինի գեղեցիկ ու հարուստ. այն կհասնի ունկնդիրների սրտին։
Ջերմություն արտահայտիր։ Ջերմ զգացմունքները սովորաբար դրսևորվում են որոշակի մարդկանց հանդեպ։ Նույն ձևով էլ, երբ խոսում ենք Եհովայի գրավիչ հատկությունների մասին, և երբ մեր գնահատանքն ենք արտահայտում նրա ցուցաբերած բարության համար, ապա մեր ձայնը պետք է արտացոլի երախտագիտության այդ ջերմ զգացումը (Ես. 63։7–9)։ Մարդկանց հետ զրուցելիս էլ մեր խոսքում պետք է արտահայտվի նման ջերմություն։
Մի անգամ Հիսուսին մոտեցավ բորոտությունով տառապող մի մարդ և խնդրեց, որ նա բուժի իրեն։ Պատկերացրու, թե ձայնի ինչպիսի տոնով արտահայտվեց Հիսուսը, երբ ասաց. «Կամենում եմ՝ սրբուիր» (Մարկ. 1։40, 41)։ Փորձիր պատկերացնել նաև հետևյալ տեսարանը. մի կին, որ 12 տարի տառապում էր արյունահոսությամբ, ետևի կողմից աննկատ մոտեցավ Հիսուսին և դիպավ նրա հանդերձի եզրին։ Ապա, երբ հասկացավ, որ իր արարքը աննկատ չի մնացել, կինը սարսափահար մոտ եկավ Հիսուսին, ծնկի իջավ ու բոլորի առջև բացեիբաց ներկայացրեց եղելությունը՝ թե ինչու է դիպչել Հիսուսի հանդերձին և ինչպես է բուժվել։ Մի պահ մտածիր, թե ինչպես Հիսուսն ասաց նրան. «Քաջացիր, դուստր, քո հաւատքը բժշկեց քեզ, գնա խաղաղութիւնով» (Ղուկ. 8։42բ–48)։ Այս առիթներով Հիսուսի ցուցաբերած ջերմությունը մինչև օրս հուզմունքով է լցնում մեր սիրտը։
Եթե Հիսուսի նման մենք էլ ենք կարեկցում մարդկանց և եթե իրոք ցանկանում ենք օգնել նրանց, ապա դա կարտացոլվի նաև մեր խոսքում։ Ջերմության նման արտահայտումը կլինի ոչ թե արհեստական ու ավելորդ, այլ բնական։
Մեր ցուցաբերած ջերմությունից է մեծապես կախված, թե ինչպես մարդիկ կարձագանքեն մեր ասածներին։ Այն, ինչի մասին խոսում ենք մարդկանց հետ քարոզչական ծառայության ժամանակ, ինքնին նման ջերմություն է պահանջում, հատկապես՝ երբ տրամաբանական փաստարկներ ենք ներկայացնում, քաջալերում, հորդորում և կարեկցանք ենք ցուցաբերում։Մարդկանց հանդեպ ունեցած ջերմ զգացմունքներդ թող որ նկատելի լինեն քո դեմքի արտահայտությունից։ Երբ ջերմություն ես դրսևորում ունկնդրիդ հանդեպ, նա մոտենում է քեզ այնպես, ինչպես ցուրտ գիշերին կմոտենար խարույկին։ Եվ ընդհակառակը՝ եթե դեմքի արտահայտությամբ ցույց չտաս քո ջերմ զգացմունքները, ապա ունկնդիրը չի կարող վստահ լինել, որ անկեղծորեն հետաքրքրված ես իրենով։ Անհնար է արհեստականորեն «հագնել» ջերմությունը ինչպես դիմակ. դա անպայման սրտից պիտի բխի։
Ջերմությունը պետք է նկատվի նաև քո ձայնից։ Եթե բնականից ձայնդ կոպիտ է ու խռպոտ, թերևս քեզ համար դժվար լինի խոսելիս ջերմություն արտահայտել։ Սակայն ժամանակի ընթացքում, շարունակական ջանքերի շնորհիվ կհասնես հաջողությունների։ Զուտ տեխնիկական տեսանկյունից՝ օգտակար կլինի հիշել հետևյալը. կարճ և կցկտուր հնչյունները անտարբերության երանգ են հաղորդում խոսքին։ Ձայնավորների փոքր–ինչ երկար արտաբերումը օգնում է ջերմություն հաղորդել խոսքին։
Այնուհանդերձ, շատ ավելի կարևոր է, թե ինչն է այդ պահին քեզ հատկապես հետաքրքրում։ Եթե անկեղծորեն հետաքրքրված ես քեզ լսողներով և մեծ ցանկություն ունես ինչ–որ օգտակար բան փոխանցելու նրանց, ապա այդ զգացմունքները կարտացոլվեն քո խոսքում։
Չնայած որ խոսքը աշխույժ ներկայացնելը ոգևորություն է հաղորդում, ջերմությունը նույնպես կարևոր է։ Չպետք է բավարարվենք պարզապես մարդկանց համոզիչ ապացույցներ ներկայացնելով, այլ աշխատենք զգացմունքներ փոխանցել նրանց։
Արտահայտիր նաև այլ զգացմունքներ։ Այնպիսի զգացումներ, ինչպիսիք են՝ անհանգստությունը, վախը և ընկճվածությունը սովորաբար մարդիկ արտահայտում են այն ժամանակ, երբ վշտացած են։ Մեր կյանքի անբաժանելի մասը պետք է լինի ուրախության զգացումը, և մարդկանց հետ հաղորդակցվելիս լավ կլինի անկաշկանդ արտահայտել այն։ Իսկ որոշ հույզեր, որոնք ընդհանուր ոչինչ չունեն քրիստոնյա անձնավորության հետ, անհրաժեշտ է սանձել (Եփես. 4։31, 32; Փիլիպ. 4։4)։ Ընդհանուր վերցրած՝ հույզերը իրենց արտահայտությունն են գտնում մեր ընտրած բառերի, ձայնի տոնի, ձայնի ուժգնության, դեմքի արտահայտության և ժեստերի մեջ։
Աստվածաշնչում կարելի է հանդիպել ամեն տեսակ մարդկային ապրումների։ Երբեմն այնտեղ պարզապես հիշատակվում են դրանք, իսկ երբեմն էլ նկատելի են լինում արձանագրված իրադարձություններից կամ մեջբերված
խոսքերից։ Երբ բարձրաձայն ընթերցում ես նմանօրինակ մի հատված Աստվածաշնչից, աշխատիր այնպես անել, որ ձայնդ արտացոլի այդ զգացմունքները։ Այդպիսի ընթերցանության շնորհիվ նյութն ավելի մեծ ազդեցություն կթողնի թե՛ քո և թե՛ քեզ լսողների վրա։ Ուստի փորձիր ինքդ քեզ պատկերացնել այն անձանց իրավիճակում, ում մասին որ կարդում ես։ Սակայն զգույշ եղիր, որպեսզի չափազանց չտարվես թեմայով և ելույթդ չվերածես թատերային ներկայացման։ Աշխատիր նյութն այնպես մատուցել, որ ունկնդիրները մտովի կարողանան տեսնել նկարագրվող դեպքերը։Ջերմությունն ու զգացմունքները համապատասխանում են նյութին։ Ինչպես ոգևորություն, այնպես էլ ջերմություն և այլ հույզեր արտահայտելու անհրաժեշտությունը հիմնականում կախված է քննարկման նյութից։
Բացիր Մատթէոս 11։28–30 համարները և ուշադրություն դարձրու, թե ինչի մասին է այնտեղ խոսվում։ Ապա Մատթէոս 23–րդ գլխում կարդա Հիսուսի խոսքերը՝ թե ինչպես էր նա դատապարտում դպիրներին և փարիսեցիներին։ Անշուշտ, դատապարտության այս սուր խոսքերը նա չէր արտահայտի սառն ու անտարբեր ձևով։
Քո կարծիքով՝ ինչպիսի՞ զգացմունքներ տեղին կլիներ արտահայտել, երբ ընթերցում ես Հուդայի աղերսանքը իր եղբայր Բենիամինի համար՝ արձանագրված Ծննդոց 44–րդ գլխում։ Ուշադրություն դարձրու այն ապրումների վրա, որ արտահայտված են 13–րդ համարում։ Փորձիր պատկերացնել, թե ինչ ապրումների մեջ էր Հուդան, երբ սկսեց խոսել այն մասին, թե որն էր իրենց պատահած դժբախտության պատճառը (16–րդ համար)։ Եվ վերջապես՝ ինչպես արձագանքեց Հովսեփը (Ծննդոց 45։1–ում)։
Այսպիսով՝ որպեսզի ընթերցանությունն ու խոսքը արդյունավետ լինեն, նյութը պատրաստելիս պետք է կարևորություն տալ ոչ միայն բառերին ու մտքերին, այլ նաև այն զգացմունքներին, որոնց միջոցով տեղին կլիներ արտահայտել այդ մտքերը։