ԴԱՍ 4
Սահուն խոսք
ԵՐԲ ընթերցում ես բարձրաձայն, բացթողումներ թույլ տալի՞ս ես որոշ արտահայտություններում։ Իսկ բեմից ելույթ ունենալիս նկատե՞լ ես, որ հաճախ ես մտածում ճիշտ բառեր ընտրելու մասին։ Եթե այո, ապա հավանաբար սահունության պակասն է խնդիրդ։ Եթե անհատի խոսքերը և արտահայտած մտքերը հաջորդում են մեկը մյուսին առանց ընդհատումների, և նրա համար դա դժվարություն չի ներկայացնում, ապա կարող ենք ասել, որ նա սահուն է խոսում։ Սակայն դա չի նշանակում, որ նա պետք է խոսի չմտածված, առանց դադարների կամ չափազանց արագ։ Սահունությունը նրա խոսքերը դարձնում է գրավիչ և վայելուչ։ Աստվածապետական ծառայության դպրոցում առանձնահատուկ ուշադրություն է դարձվում սահունությանը։
Խոսքի սահունությանը խոչընդոտող տարբեր պատճառներ կան։ Անհրաժեշտ չէ՞ արդյոք հատուկ ուշադրություն դարձնել ստորև նշված գործոններին։ 1) Երբ ուրիշների համար ընթերցելիս հանդիպում ես որոշ անծանոթ բառերի, դա կարող է կաշկանդվածություն առաջ բերել։ 2) Հաճախակի արվող դադարների պատճառով, նույնիսկ եթե դրանք աննշան են, ելույթն ընդհատումներով կլինի։ 3) Պատճառներից մեկն է նաև թերի պատրաստվածությունը։ 4) Սովորաբար խոսքը սահուն չի հնչում, երբ ելույթ ունեցողը նախօրոք իր մտքերը չի բաշխել տրամաբանական հաջորդականությամբ։ 5) Աղքատ բառապաշարը նույնպես կարող է շփոթմունքի մեջ գցել, քանի որ խոսողը սկսում է մտածել համապատասխան բառեր ընտրելու մասին։ 6) Սահունությունը տուժում է նաև այն դեպքում, երբ հռետորը չափից դուրս շատ բառեր է շեշտում։ 7) Սահունությանը խանգարող գործոններից է նաև քերականական կանոնների վատ իմացությունը։
Եթե նյութը սահուն չես ներկայացնում, ապա Թագավորության սրահում գտնվողները, ճիշտ է, բառացիորեն դուրս չեն գա սրահից, սակայն նրանց ուշադրությունը կշեղվի, և արդյունքում բաց կթողնեն ասածներիդ մեծ մասը։
Մյուս կողմից՝ պետք է զգույշ լինել, որ համոզիչ և սահուն խոսելով իշխանություն ունեցողի տպավորություն չթողնենք, այնպես, որ նույնիսկ ունկնդիրներն իրենց անհարմար զգան։ Եթե խոսքերիդ մեջ աննրբանկատության և անկեղծության պակաս է նկատվում, ինչի պատճառ կարող է լինել մշակութային տարբերությունը, ապա դու քո նպատակին չես հասնի։ Այս առումով Ա Կորնթ. 2։3)։
ուշադրության է արժանի Պողոս առաքյալի օրինակը, որը, լինելով փորձառու հռետոր, կորնթացիներին դիմեց «տկարութիւնով եւ վախով եւ շատ դողով», որպեսզի իր վրա անհարկի ուշադրություն չգրավի (Սովորություններ, որոնցից պետք է խուսափել։ Շատերը խոսելիս սովորություն ունեն ավելորդ հնչյուններ արտաբերել, ինչպես օրինակ՝ «ը՜ը՜», «ը՜մմ» և այլն։ Ուրիշներն իրենց մտքերը շարադրելիս նախադասությունը հաճախ սկսում են «բանը» բառով, իսկ «էլի» արտահայտությունը սովորաբար ավելացնում են նախադասության վերջում։ Գուցե մտքովդ չի էլ անցնում, թե որքան հաճախ ես նման արտահայտություններ կիրառում։ Կարող ես խնդրել որևէ մեկին, որ հետևի, թե ինչպես ես խոսում և ամեն անգամ քեզնից հետո կրկնի այդ հնչյուններն ու արտահայտությունները։ Արդյունքը թերևս զարմացնի քեզ։
Իսկ ոմանք շարունակ վերադառնում են ասվածին, այսինքն՝ դեռ նախադասությունը չավարտած՝ ընդհատում են իրենք իրենց և ապա նորից կրկնում իրենց ասածի որոշ մասը։
Ոմանք էլ չնայած բավական արագ են խոսում, սակայն նախադասությունը սկսում են մի մտքից և ավարտում բոլորովին մեկ այլ մտքով։ Ճիշտ է, տվյալ դեպքում բառերն արտաբերվում են անկաշկանդ, սակայն իմաստային փոփոխության պատճառով տուժում է սահունությունը։
Ինչպես կարող ես ավելի սահուն խոսել։ Եթե նկատում ես, որ հստակ արտահայտվելու համար ստիպված ես լինում հաճախակի բառեր փնտրել, պետք է նպատակային ջանքեր ներդնես բառապաշարդ հարստացնելու ուղղությամբ։ «Դիտարան» և «Արթնացե՛ք» պարբերագրերը, ինչպես նաև այլ հրատարակություններ ընթերցելիս հատուկ ուշադրություն դարձրու քեզ անծանոթ բառերի վրա։ Բառարանի օգնությամբ ստուգիր դրանց իմաստը և աշխատիր դրանք դարձնել բառապաշարիդ մեկ մասը։ Իսկ եթե բառարանից օգտվելու հնարավորություն չունես, ապա խնդրիր որևէ մեկին, ով լավ է խոսում տվյալ լեզվով, օգնել քեզ։
Կանոնավոր բարձրաձայն ընթերցանությունը կօգնի քեզ բարելավվել։ Նշիր այն բառերը, որոնք դժվարանում ես կարդալ, և բարձրաձայն կրկնիր մի քանի անգամ։
Սահուն ընթերցելու համար շատ կարևոր է հասկանալ, թե ինչպես են բառերն իրար կապակցված նախադասության մեջ։ Սովորաբար, որպեսզի փոխանցվի այն միտքը, որ ցանկացել է արտահայտել գրողը, բառերը պետք է կարդալ ոչ թե իրարից առանձին, այլ բառային խմբերով։ Հատուկ ուշադրություն դարձրու դրանց։ Ցանկության դեպքում կարող ես ընդգծել այդ բառային խմբերը։ Քո նպատակը պետք է լինի ոչ միայն բառերը ճիշտ ընթերցելը, այլ նաև մտքերը հստակ փոխանցելը։ Հերթականությամբ վերլուծիր պարբերության բոլոր նախադասությունները և փորձիր հասկանալ, թե ինչպես է
զարգանում միտքը։ Իսկ հիմա բարձրաձայն ընթերցիր։ Շարունակիր ընթերցել պարբերությունը այնքան ժամանակ, մինչև որ դա անես առանց սայթաքումների և անտեղի դադարների։ Ապա անցիր հաջորդ պարբերություններին։Այժմ փորձիր արագացնել ընթացքը։ Եթե ըմբռնես, թե ինչպես են բառերն իրար կապակցված նախադասության մեջ, ապա կարդացվելիք տեքստում կկարողանաս նկատել ոչ միայն բառերն առանձին վերցրած, այլ նաև գլխի կընկնես, թե ինչ է դրանց հաջորդելու։ Այս անելով՝ ընթերցանությունդ կբարելավես։
Վարժվիր կանոնավորաբար ընթերցել հանպատրաստից, և դա շատ օգտակար կլինի քեզ համար։ Օրինակ՝ սովորություն դարձրու առանց պատրաստվելու բարձրաձայն ընթերցել օրվա խոսքն ու դրա մեկնաբանությունը։ Աշխատիր վարժվել՝ տեսնելու ոչ թե առանձին բառերը, այլ ամբողջական մտքեր արտահայտող բառային խմբերը։
Որպեսզի զրուցելիս սահուն արտահայտվես, հարկավոր է նախօրոք մտածել, հետո նոր խոսել։ Սովորություն դարձրու այդպես անել քո առօրյա
խոսակցություններում։ Նախ մտածիր, թե ի՛նչ մտքեր ես ուզում արտահայտել և ի՛նչ հերթականությամբ, ապա սկսիր խոսել։ Մի՛ շտապիր։ Ջանք թափիր ամբողջական մի միտք արտահայտել՝ առանց ճանապարհի կեսին կանգ առնելու կամ մտքերդ փոխելու։ Քեզ համար հեշտ կլինի, եթե քո խոսքում գործածես համառոտ ու պարզ նախադասություններ։Եթե գիտես, թե ի՛նչ ես ուզում ասել, ապա բառերը բնական կերպով դուրս կբխեն։ Ընդհանուր առմամբ, կարիք չկա մտածել բառերի ընտրության մասին։ Պատրաստվելիս լավ կլինի ուղղակի ստուգել, թե արդյոք քեզ համար որքանով է պարզ ասածդ միտքը, իսկ բառերի մասին կարելի է մտածել միայն խոսելու ընթացքում։ Եթե դու այդպես վարվես և ուշադրությունդ կենտրոնացնես ոչ թե արտասանելիք բառերի, այլ մտքերի վրա, ապա բառերը դուրս կբխեն ինքնաբերաբար, և մտքերդ կարտահայտես ճիշտ այնպես, ինչպես զգում ես։ Մինչդեռ, եթե մտքերի շուրջը կենտրոնանալու փոխարեն մտածես բառերի մասին, կսկսես կցկտուր խոսել։ Կանոնավոր պարապմունքների շնորհիվ սահունությունդ, անկասկած, կբարելավես, որն անչափ կարևոր է լավ ընթերցելու և խոսելու համար։
Երբ Եհովան Մովսեսին հանձնարարություն տվեց իր անունից խոսելու Իսրայել ազգի և Եգիպտոսի փարավոնի առջև, Մովսեսը մտածեց, թե այդ պատվերը կատարելու համար ունակ չէ։ Ինչո՞ւ։ Մովսեսը սահուն չէր խոսում և հավանաբար լեզվի արատ ուներ (Ելից 4։10; 6։12)։ Նա փորձեց ինքն իրեն արդարացնել և դրա համար պատճառաբանություններ բերեց, սակայն Աստծո համար դրանք լուրջ հիմնավորումներ չէին։ Թեև Եհովան նրա հետ Ահարոնին ուղարկեց որպես խոսնակ, սակայն իր հերթին ինքն էլ օգնեց Մովսեսին խոսելու։ Հետագայում Մովսեսը մի շարք հիանալի ելույթներ ունեցավ ոչ միայն առանձին անհատների և մարդկանց փոքր խմբերի առաջ, այլ նաև ամբողջ ազգի (Բ Օրին. 1։1–3; 5։1; 29։2; 31։1, 2, 30; 33։1)։ Եթե ապավինես Եհովային և սահունությունդ բարելավելու համար բարեխղճորեն քո ուժերից եկածն անես, ապա դու էլ կկարողանաս քո ելույթներով փառաբանել Աստծուն։