ԴԱՍ 20
Սուրբգրային համարներն ընթերցելուց առաջ հիմք նախապատրաստիր
ՄԵՐ ժողովի հանդիպումներում մատուցվող կրթության հիմքը Սուրբ Գրություններն են։ Քարոզչական ծառայության ժամանակ ևս, դրանք մեր ասելիքի առանցքային մտքերն են։ Թե ինչքանով մեր քննարկումը կշահի այդ համարների գործածումից, մեծ մասամբ կախված է այն բանից, թե ինչպիսի հիմք ենք նախապատրաստում դրանք ընթերցելուց առաջ։
Բավարար չէ միայն նշել սուրբգրային համարի տեղը և առաջարկել ինչ–որ մեկին քեզ հետ միասին ընթերցել այն։ Երբ ներածական խոսքեր ես ասում որևէ համար ընթերցելուց առաջ, աշխատիր իրականացնել ներքոհիշյալ երկու նպատակները. 1) սպասողական դրություն առաջացրու ունկնդիրների մեջ և 2) ուշադրություն հրավիրիր այն բանի վրա, թե ինչու ես օգտագործում տվյալ համարը։ Այս նպատակներին կարելի է հասնել զանազան միջոցներով։
Հարց տուր։ Այս մեթոդը հատկապես արդյունավետ է այն ժամանակ, երբ պատասխանը դեռ հայտնի չէ ունկնդրին։ Փորձիր հարցը ձևակերպել այնպես, որ ունկնդիրներին մղի խորհելու։ Հիսուսն էր այդպես վարվում։ Երբ փարիսեցիները տաճարում մոտեցան նրան և բոլորի առջև փորձեցին ստուգել Սուրբ Գրությունների նրա իմացությունը, Հիսուսը հարցրեց նրանց. «Ձեզ ի՞նչպէս է երեւում Քրիստոսի համար. նա ո՞ւմ որդին է»։ Նրան պատասխանեցին. «Դաւիթի»։ Հիսուսը հարցրեց. «Ապա ի՞նչպէս Դաւիթը հոգով նորան Տէր է կոչում»։ Այս ասելով՝ նա մեջբերում արեց Սաղմոս 110։1 համարից։ Փարիսեցիները պապանձվեցին, սակայն ամբոխը հաճույքով լսում էր Հիսուսին (Մատթ. 22։41–46)։
Քարոզչական ծառայության ընթացքում կարող ես նմանատիպ հարցեր ուղղել զրուցակցիդ, ինչպես օրինակ՝ «Մեզանից յուրաքանչյուրն ունի իր անունը։ Ձեր կարծիքով՝ Աստված անուն ունի՞։ Դրա պատասխանը կարող ենք գտնել Սաղմոս 83։18–ում»։ «Կգա՞ արդյոք մի ժամանակ, երբ ողջ մարդկությունը կապրի մեկ կառավարության ներքո։ Տեսնենք, թե ինչպես է այդ հարցին պատասխանում Դանիէլ 2։44 համարը»։ «Արդյոք Աստվածաշնչում խոսվո՞ւմ է ներկայիս պայմանների մասին։ Համեմատեք խնդրեմ Բ Տիմոթէոս 3։1–5 համարներում գրվածը այն ամենի հետ, ինչ տեսնում եք այսօր ձեր աչքերով»։ «Ի՞նչ եք կարծում, երբևէ վերջ կգտնե՞ն տառապանքն ու մահը։ Այդ հարցի պատասխանը կարող ենք գտնել Յայտնութիւն 21։4, 5 համարներում»։
Ելույթ ունենալիս՝ որևէ սուրբգրային համար ընթերցելուց առաջ ճիշտ հարց տալը կարող է մղել ունկնդիրներին թարմ մոտեցում հանդես բերելու նույնիսկ
այն համարի նկատմամբ, որը քաջածանոթ է նրանց։ Կցուցաբերեն նրանք նման մոտեցում, թե՝ ոչ, կախված է քեզանից։ Պետք է առաջ քաշել այնպիսի հարցեր, որ իրոք հետաքրքրում են նրանց։ Ինչո՞ւ։ Նույնիսկ եթե քննարկվող նյութը հետաքրքրում է ունկնդիրներին, այնուամենայնիվ նրանց մտքերը կարող են շեղվել, երբ ընթերցում ես այնպիսի համարներ, որ նրանք արդեն բազմիցս լսել են։ Որպեսզի նման բան տեղի չունենա, պետք է նախապես բավականաչափ ժամանակ տրամադրել՝ խորհելու, թե ինչպես կարելի է սուրբգրային համարները ներկայացնել ավելի գրավիչ ձևով։Որևէ խնդիր առաջ քաշիր։ Նախքան սուրբգրային համար ընթերցելը՝ կարող ես որևէ խնդիր առաջ քաշել, և ապա ցույց տալ, թե ինչպես կարելի է համարի միջոցով գտնել խնդրի լուծումը։ Մի խոստացիր, որ ունկնդիրները կստանան ամբողջական պատասխան, քանի որ հաճախ մեկ համարը կարող է լուծել խնդրի միայն մի մասը։ Նման դեպքում համարն ընթերցելուց առաջ կարելի է լսարանին հարց ուղղել, թե ինչպիսի առաջնորդություն է այն տալիս՝ խնդրի տվյալ հատվածի լուծումը գտնելու համար։
Նույն ձևով էլ կարող ես նշել աստվածահաճո վարքին վերաբերող մի սկզբունք, ապա Աստվածաշնչից որևէ դրվագ ընթերցելով՝ ցույց տալ, թե ինչու դրան հետևելը իմաստության դրսևորում կլինի։ Հնարավոր է՝ տվյալ սուրբգրային համարում լինեն մեկից ավելի մտքեր՝ կապված քննարկվող նյութի հետ։ Նման դեպքում որոշ հռետորներ ունկնդիրների ուշադրությունը հրավիրում են դրանցից յուրաքանչյուրի վրա առանձին–առանձին։ Իսկ եթե տվյալ լսարանի համար խնդիրը չափազանց բարդ է, կարող ես լուծման տարբեր միջոցներ առաջարկել, ապա ընթերցելով Աստվածաշնչից՝ թույլ տալ, որ համարը պատասխանի իրենց հարցին։
Ցույց տուր, որ Աստվածաշունչն է հեղինակավոր աղբյուրը։ Եթե արդեն հետաքրքրություն ես առաջացրել թեմայի հանդեպ և նշել մեկ կամ ավելի տեսակետներ դրա որևէ հատվածի վերաբերյալ, ապա կարող ես ներկայացնել համարը՝ պարզապես ասելով. «Տեսնենք, թե ինչ է այս առումով ասում Աստծո Խոսքը»։ Այդպես ասելով ցույց կտաս ընթերցվող խոսքերի հեղինակավոր լինելը։
Եհովան գրի է առել Աստվածաշունչը այնպիսի մարդկանց միջոցով, ինչպիսիք են՝ Հովհաննեսը, Ղուկասը, Պողոսը, Պետրոսը։ Սակայն նրանք ընդամենը գրել են. Հեղինակը Եհովան է։ Ուստի՝ որևէ համար ընթերցելուց առաջ եթե ասենք «Պետրոսը գրել է» կամ «Պողոսն ասաց», մեր խոսքը չի ունենա այնպիսի ազդեցություն, ինչպիսին կունենար, եթե համարը ներկայացնելուց առաջ մատնանշեինք, որ մեր ասելիքը հիմնված է Աստծո Խոսքի վրա։ Դա հատկապես կարևոր է հաշվի առնել այն անձանց հետ զրուցելիս, ովքեր այնքան էլ ծանոթ չեն Սուրբ Գրություններին։ Ուշադրության արժանի է այն փաստը, որ որոշ դեպքերում Եհովան պատվիրել էր Երեմիային իր խոսքերը հռչակել հետևյալ կերպ. «Լսեցէք Տիրոջ [Եհովայի] խօսքը» (Երեմ. 7։2; 17։20; 19։3; 22։2)։ Անկախ այն բանից՝ որևէ համար ընթերցելուց առաջ օգտագործում ենք Եհովայի անունը, թե՝ ոչ, նախքան մեր քննարկման ավարտը հարկավոր է ընդգծել, որ Աստվածաշնչում գրվածը Աստծո խոսքն է։
Հաշվի առ համատեքստը։ Երբ որոշում ես, թե ինչպես պետք է ներկայացնել սուրբգրային համարը, հարկավոր է իմանալ տվյալ հատվածի համատեքստը։ Որոշ դեպքերում կարող ես ուղղակիորեն ներկայացնել ընթերցվող հատվածի համատեքստը։ Բայց այն կարող է նաև այլ ձևերով ազդել ասելիքիդ վրա։ Օրինակ՝ կներկայացնեի՞ր արդյոք աստվածավախ Հոբի խոսքերը նույն ձևով, ինչպես որ կանեիր նրա կեղծ մխիթարիչներից մեկի պնդումները ներկայացնելիս։ «Գործք Առաքելոց» գիրքը գրվել է Ղուկասի կողմից, սակայն գրքում նա մեջբերումներ է անում Հակոբոսի, Պետրոսի, Պողոսի, Փիլիպպոսի, Ստեփանոսի, հրեշտակների, ինչպես նաև Գամաղիելի և ուրիշ ոչ քրիստոնյա հրեաների խոսքերից։ Այդ գրքից որևէ համար կարդալուց առաջ հաշվի առ, թե ում են պատկանում տվյալ խոսքերը։ Հարկավոր է հիշել, օրինակ, որ ոչ բոլոր սաղմոսներն են գրվել Դավթի կողմից, ոչ էլ ամբողջ «Առակաց» գիրքը՝ Սողոմոնի։ Օգտակար կլինի իմանալ նաև, թե Աստվածաշնչի խոսքը ում է ուղղված, և ինչ ընդհանուր հարց է քննարկվում տվյալ հատվածում։
Ներկայացրու հավելյալ մանրամասնություններ։ Այս մեթոդը հատկապես արդյունավետ կլինի այն դեպքում, եթե կարողանաս ցույց տալ նմանությունը Աստվածաշնչի տվյալ հատվածում նկարագրվող հանգամանքների ու քո կողմից քննարկվող հանգամանքների միջև։ Երբեմն էլ հավելյալ մանրամասնությունները անհրաժեշտ են, որպեսզի կոնկրետ ինչ–որ սուրբգրային համար հասկանալի դառնա։ Ենթադրենք՝ ելույթդ փրկանքի մասին է, և մտադիր ես ընթերցել Եբրայեցիս 9։12 և 24 համարները։ Հավանաբար նախքան ընթերցելը հարկ լինի հակիրճ բացատրել, թե ինչ էր իրենից ներկայացնում խորանի ամենախորքում գտնվող սենյակը, որը, ինչպես համարում է ասվում, պատկերավոր կերպով ցույց է տալիս այն տեղը, որտեղ մտավ Հիսուսը՝ համբարձվելով երկինք։ Սակայն կարիք չկա չափից դուրս շատ մանրամասնություններ ներկայացնել, քանի որ դրանք ստվերի տակ կթողնեն այն համարը, որը պատրաստվում ես ընթերցել։
Որպեսզի աստվածաշնչյան խոսք ընթերցելուց առաջ կարողանաս հմտորեն հիմք նախապատրաստել, հետևիր, թե ինչպես են դա անում հմուտ հռետորները։ Նկատիր նրանց կիրառած տարբեր մեթոդները։ Փորձիր հասկանալ, թե ինչու են այդ մեթոդներն արդյունավետ։ Ելույթներդ նախապատրաստելիս որոշիր, թե որոնք են դրանցում տեղ գտած հիմնական սուրբգրային համարները, և հատուկ ուշադրություն դարձրու, թե ինչ նպատակով է մեջբերված այդ համարներից յուրաքանչյուրը։ Դրանցից յուրաքանչյուրի համար լավ հիմք նախապատրաստիր, որպեսզի ներկայացնելիս դրանք լավագույն ազդեցությունը թողնեն։ Ապա աշխատիր այդ սկզբունքը կիրառել քո ելույթներում տեղ գտած բոլոր սուրբգրային խոսքերի համար։ Այս հարցում հմտանալը քեզ կօգնի ավելի մեծ ուշադրություն դարձնել Աստծո Խոսքին։