ԴԱՍ 21
Սուրբգրային համարներն ընթերցիր ճիշտ շեշտադրումով
ԵԼՈՒՅԹ ունենալիս կամ Աստծո նպատակների մասին մարդկանց հետ զրուցելիս քննարկման կենտրոնում պետք է լինի Աստծո Խոսքը։ Սա նշանակում է, որ Գրությունների համարները պետք է լա՛վ ընթերցել։
Ընթերցիր զգացմունքով։ Գրությունների համարներն ընթերցելիս անհրաժեշտ է զգացմունքներ արտահայտել։ Տեսնենք մի քանի օրինակ։ Երբ բարձրաձայն ընթերցում ես Սաղմոս 37։11–ը, քո ձայնից պետք է նկատվի, որ զգում ես գալիք խաղաղ պայմանների ուրախությունը։ Իսկ երբ Յայտնութիւն 21։4 համարից կարդում ես այն մասին, որ տառապանքն ու մահը անհետանալու են, քո ձայնը պետք է արտահայտի ջերմ գնահատանք այդ հեռանկարի հանդեպ։ Յայտնութիւն 18։2, 4, 5 համարները, որոնցում կոչ է արվում դուրս գալ մեղքերի մեջ մխրճված «մեծ Բաբիլոն[ից]», հարկավոր է ընթերցել հրատապություն արտահայտող ձայնով։ Անշուշտ, զգացմունքները հարկավոր է բնական կերպով արտահայտել՝ առանց չափազանցնելու։ Թե ինչ չափով հարկ կլինի արտահայտել զգացմունքները, կախված է հենց աստվածաշնչյան համարից, նաև՝ թե ինչ նպատակով է այն օգտագործվում։
Շեշտիր անհրաժեշտ բառերը։ Եթե պատրաստվում ես մեկնաբանություններ տալ ինչ–որ համարի միայն որոշակի հատվածի վերաբերյալ, ընթերցելիս պետք է ընդգծես հենց այդ հատվածը։ Օրինակ՝ Մատթէոս 6։33–ը կարդալիս, եթե ցանկանում ես վերլուծել «առաջ Աստուծոյ արքայութիւնը.... խնդրեցէք» արտահայտության իմաստը, հիմնական շեշտը չես դնի «նորա արդարութիւնը» կամ «այդ ամենքը» արտահայտությունների վրա։
Ենթադրենք՝ Ծառայողական հանդիպման ելույթին պատրաստվելիս նախատեսել ես կարդալ Մատթէոս 28։19 համարը։ Ո՞ր բառերն է հարկավոր շեշտել։ Եթե քո նպատակն է խրախուսել ունկնդրին ջանասեր լինել Աստվածաշնչի տնային ուսումնասիրություններ սկսելու հարցում, շեշտիր «աշակերտ դարձրէ՛ք» (ԷԹ) արտահայտությունը։ Իսկ եթե նախատեսել ես քննարկել ներգաղթյալ բնակիչներին ճշմարտությունը հասցնելու՝ քրիստոնյաների պատասխանատվության մասին կամ որոշ քարոզիչների ցանկանում ես խրախուսել ծառայելու այնտեղ, որտեղ ավելի շատ քարոզիչների կարիք է զգացվում, օգտակար կլինի շեշտել «բոլոր ազգերը» արտահայտությունը։
Հաճախ սուրբգրային համարն ընթերցվում է ի պատասխան որևէ հարցի, կամ որպես պաշտպանություն՝ ինչ–որ վիճաբանական տեսակետի։ Եթե համարում
ներկայացված բոլոր մտքերը հավասարապես ընդգծվեն, ունկնդիրները կդժվարանան ըմբռնել կապը՝ ասվածի և ընթերցված համարի միջև։ Գուցե դու տեսնում ես այդ կապը, բայց կկարողանա՞ն արդյոք նրանք էլ նկատել դա։Ենթադրենք՝ ընթերցում ես Սաղմոս 83։18 համարը, որտեղ հանդիպում է Աստծո անունը։ Եթե շեշտն ամբողջությամբ դնես «մինակ Բարձրեալ» արտահայտության վրա, ապա զրուցակիցդ ուշադրություն չի դարձնի այն կարևոր փաստի վրա, որ Աստված անձնական անուն ունի։ Հարկավոր է շեշտել «Եհովայ» անունը։ Սակայն եթե նույն համարը օգտագործես Եհովայի գերիշխանության մասին խոսելիս, հարկ կլինի ընդգծել «մինակ Բարձրեալ» արտահայտությունը։ Նմանապես՝ եթե Յակոբոս 2։24 համարի օգնությամբ ցանկանում ես ցույց տալ, թե ինչու է հարկավոր հավատը գործերով դրսևորել, ճիշտ կլինի հիմնական շեշտը դնել ոչ թե «արդարանում» բառի վրա, այլ՝ «գործերով», հակառակ դեպքում ունկնդիրներից ոմանք կդժվարանան ընկալել ասելիքդ։
Օգտակար կլինի նշել ևս մի օրինակ, որին հանդիպում ենք Հռովմայեցիս 15։7–13 համարներում։ Սա մի հատված է Պողոս առաքյալի գրած նամակից, որն ուղղված էր մի ժողովի՝ բաղկացած հրեաներից և ոչ հրեաներից։ Այստեղ առաքյալը քննարկում է այն հարցը, որ Քրիստոսի ծառայությունից օգուտներ են քաղում ոչ միայն թլփատված հրեաները, այլ նաև ուրիշ ազգերի ներկայացուցիչներ, այնպես որ «հեթանոսները փառաւորում են Աստծուն նրա ողորմութեան համար» (ԷԹ)։ Ապա Պողոսը վկայակոչում է չորս սուրբգրային համար՝ ուշադրություն հրավիրելով ազգերի առջև բացված այդ հնարավորության վրա։ Ինչպե՞ս պետք է ինքդ կարդաս այդ վկայակոչումները, որպեսզի շեշտես այն, ինչ ի նկատի ուներ Պողոսը։ Նշումներիդ մեջ ընդգծիր հետևյալ արտահայտությունները. «բոլոր ազգերը» (9–րդ համարում), «ո՛վ ազգեր» (10–րդ համարում), «ազգե՛ր բոլոր» ու «ժողովուրդներ բոլոր» (11–րդ համարում) և «ազգերին» (12–րդ համարում, ԱՆԹ)։ Այժմ փորձիր այդ բառերը շեշտելով՝ կարդալ Հռովմայեցիս 15։7–13 համարները։ Այդպես անելով կօգնես լսողներին անմիջապես ըմբռնելու, թե ինչ էր ցանկանում ասել Պողոսը՝ բերելով այդ փաստարկների հաջորդականությունը։
Շեշտման մեթոդները։ Իմաստային կշիռ ունեցող բառերը առանձնացնելու համար կարելի է կիրառել շեշտման մի շարք մեթոդներ։ Թե ինչ մեթոդ կընտրես, մեծապես կախված է սուրբգրային համարից, ինչպես նաև ելույթի բովանդակությունից։ Այդ հարցում քեզ կօգնեն ստորև նշված մի քանի խորհուրդներ։
Ձայնի միջոցով։ Սա իր մեջ ընդգրկում է ձայնի ցանկացած փոփոխություն, ինչը առանձնացնում է իմաստային կշիռ ունեցող բառերը նախադասության մեջ գտնվող մնացած բառերից։ Շեշտումը կարելի է իրականացնել ձայնի հնչեղությունը փոփոխելով (բարձրացնելով կամ ցածրացնելով)։ Շատ
լեզուներում ձայնի տոնի փոփոխումով նույնպես հնարավոր է շեշտել անհրաժեշտ բառերը, բայց կան լեզուներ, որոնցում դա կարող է հանգեցնել իմաստային փոփոխության։ Կարևոր արտահայտություններն ավելի ազդեցիկ են դառնում, երբ դրանք ընթերցվում են դանդաղ տեմպով։ Եթե ինչ–որ լեզու թույլ չի տալիս ձայնի միջոցով շեշտել որոշ բառեր, անհրաժեշտ արդյունքների հասնելու համար կարող ես կիրառել ցանկացած այլ մեթոդ, որն ընդունելի է տվյալ լեզվում։Դադարներ տալով։ Դադար կարելի է տալ Աստվածաշնչի համարի կարևոր մասն ընթերցելուց առաջ կամ հետո (կարելի է նաև՝ թե՛ առաջ, թե՛ հետո)։ Գլխավոր մտքից անմիջապես առաջ տրվող դադարը սպասողական դրություն է առաջացնում, իսկ այն ընթերցելուց հետո տրված դադարը կրկնապատկում է տպավորությունը։ Սակայն դադարների շատությունը կարող է պատճառ հանդիսանալ, որ ոչ մի կարևոր միտք էլ չընդգծվի։
Կրկնությամբ։ Կոնկրետ որևէ միտք շեշտելու համար կարող ես կանգ առնել և մեկ անգամ ևս ընթերցել որոշակի բառ կամ արտահայտություն։ Սակայն հաճախ շատ ավելի արդյունավետ է լինում նախ ընթերցել սուրբգրային համարն ամբողջությամբ, և ապա կրկնել հարկ եղած արտահայտությունը։
Ժեստերով։ Շարժումներով, ինչպես նաև դեմքի արտահայտությամբ հաճախ կարող ենք հուզական երանգ հաղորդել բառին կամ արտահայտությանը։
Ձայնի տոնով։ Որոշ լեզուներում ձայնի տոնը կարող է ազդել ընթերցվող բառերի իմաստի վրա և առանձնացնել դրանք, սակայն հարկավոր է զգուշություն դրսևորել՝ հատկապես այն դեպքում, երբ հեգնանք ես արտահայտում։
Երբ ուրիշներն են ընթերցում համարները։ Երբ սուրբգրային համարն ընթերցում է քո զրուցակիցը, նա գուցե շեշտը դնի ոչ անհրաժեշտ բառերի վրա, կամ էլ ընդհանրապես ոչ մի շեշտ չդնի։ Ինչպե՞ս վարվել նման դեպքում։ Լավագույն միջոցը հիմնականում կլինի այն, որ ցույց տաս համարն ընթերցելու նպատակը, և ապա Աստվածաշնչում նրա ուշադրությունը հրավիրես իմաստային կշիռ ունեցող բառերի վրա։