Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ԴԱՍ 5

Տեղին տրված դադարներ

Տեղին տրված դադարներ

ՏԵՂԻՆ տրված դադարները շատ կարևոր են թե՛ ելույթ ունենալիս և թե՛ մարդկանց հետ խոսելիս։ Եթե խոսենք առանց դադարներ տալու, ապա մեր խոսքերի իմաստը պարզ չի հասկացվի, և արագախոսի տպավորություն կթողնենք։ Տեղին տրված դադարները կօգնեն ավելի հստակ արտահայտվել։ Դադարների ճիշտ կիրառությունից է կախված նաև այն, թե որքան երկար կմնան ելույթի գլխավոր կետերը ունկնդիրների հիշողության մեջ։

Ինչպե՞ս կարող ես որոշել, թե երբ պետք է դադարներ տալ, և որքա՞ն պետք է լինի դրանց տևողությունը։

Դադարներ՝ կետադրական նշանների վրա։ Գրավոր խոսքում կարևոր դեր է խաղում կետադրությունը։ Այն կարող է ցույց տալ նախադասության հարցական բնույթը կամ դրա ավարտը։ Որոշ լեզուներում կետադրության միջոցով ընդգծվում են մեջբերումները։ Մի շարք կետադրական նշաններ էլ ցույց են տալիս, թե ինչպես են նախադասության տարբեր մասերը փոխկապակցվում իրար հետ։ Անձնական ընթերցանության ժամանակ անհատը տեսնում է կետադրական նշանները։ Սակայն ուրիշների համար կարդալիս նրա ձայնը պետք է արտացոլի գրավոր տեքստում հանդիպող յուրաքանչյուր կետադրական նշան։ (Հավելյալ մանրամասնությունների համար տե՛ս դաս 1–ին, «Ճիշտ ընթերցանություն»։) Եթե դադարներ չտրվեն այնտեղ, որտեղ պահանջում է կետադրությունը, ապա լսողները կդժվարանան հասկանալ կարդացածը. նույնիսկ կաղավաղվի գրվածի իմաստը։

Բացի կետադրական նշաններից՝ տեղին դադարներ տալու հարցում կարևոր դեր է խաղում նաև այն, թե ինչպես են շարադրված մտքերը նախադասության մեջ։ Ահա թե ինչպես է արտահայտվել մի հանրաճանաչ երաժիշտ. «Ես նոտաները նվագում եմ այնպես, ինչպես շատ դաշնակահարներ։ Սակայն դրանց միջև արված դադարները... ա՜հ... արվեստը հենց դրանում է»։ Նույնը կարելի է ասել խոսքի վերաբերյալ։ Տեղին տրված դադարները և լավ պատրաստած նյութը է՛լ ավելի կգեղեցկացնեն ու իմաստալից կդարձնեն քո խոսքը։

Հանրային ընթերցանությանը պատրաստվելիս թերևս օգտակար համարես տեքստում նշումներ կատարել։ Ուղղահայաց փոքրիկ գիծ քաշիր այնտեղ, որտեղ հարկավոր է կարճ դադար տալ, այսինքն՝ խոսքը մի փոքր ընդհատել։ Իսկ եթե փոքր–​ինչ երկար դադար է պահանջվում, իրար կից երկու ուղղահայաց գծիկներ դիր։ Բացի այդ, եթե նկատում ես, որ որոշ արտահայտություններ դժվարանում ես ընթերցել, և շարունակ սխալ տեղերում ես դադարներ տալիս, ապա կարող ես մատիտով իրար միացնել այդ արտահայտության բոլոր բառերը։ Այնուհետև, փորձիր ամբողջությամբ կարդալ այդ բառերի խումբը։ Այդպես են վարվում հմուտ հռետորներից շատերը։

Մեր ամենօրյա խոսակցություններում սովորաբար դադարներ տալը իրենից դժվարություն չի ներկայացնում, քանի որ մենք գիտենք, թե ինչ ենք ուզում ասել։ Սակայն եթե անընդհատ դադարներ տալու սովորություն ունես, անկախ այն բանից՝ պետք է դա, թե՝ ոչ, այդ դեպքում խոսքերդ չեն հնչի բավականաչափ պարզ ու ազդեցիկ։ Այս հարցում քեզ կօգնեն 4–րդ դասում («Սահուն խոսք») տրված խորհուրդները։

Դադար՝ մեկ այլ մտքի անցնելիս։ Մի գլխավոր կետից մյուսին անցնելու պահին տրված դադարը հնարավորություն է տալիս ունկնդիրներին խորհել, ինքնաքննություն կատարել, հասկանալ քո խոսքում տեղի ունեցող մտքի փոփոխությունը և ավելի պարզորոշ կերպով որսալ հաջորդ նոր միտքը։ Մեկ մտքից մյուսին անցնելիս դադար տալը քեզ համար նույնքան կարևոր է, որքան վարորդի համար շրջադարձ կատարելուց առաջ ավտոմեքենայի ընթացքը դանդաղեցնելը։

Հռետորներից ոմանք արագ՝ առանց դադար տալու, մեկ մտքից անցնում են մյուսին։ Պատճառը՝ ելույթում չափից դուրս շատ նյութ ընդգրկելն է։ Ոմանք էլ այդպես են խոսում, քանի որ դա իրենց առօրյա խոսելաձևն է։ Հավանաբար նրանց շրջապատում բոլորն են նման ձևով խոսում, սակայն այդ պատճառով կտուժի ուսուցանելու որակը։ Եթե ինչ–​որ կարևոր միտք ունես հաղորդելու և ցանկանում ես, որ ունկնդիրներն ընկալեն ու մտապահեն, պատրաստվելիս բավականաչափ ժամանակ հատկացրու, որ այդ միտքը կարողանաս հնարավորին չափ հստակ ներկայացնել։ Հիշի՛ր, որ դադարները էական դեր են խաղում մտքերը պարզ փոխանցելու հարցում։

Եթե ելույթ ես ունենալու պատրաստի պլանով, ապա նյութը այնպես բաշխիր, որ գլխավոր կետերի միջև տրվող դադարները ակնհայտ կերպով երևան։ Իսկ եթե ընթերցելու ես պատրաստի տեքստից, ապա նշիր այն բոլոր տեղերը, որտեղ մի գլխավոր կետից անցում է կատարվում մյուսին։

Հաջորդ մտքին անցնելու պահին տրվող դադարները սովորաբար ավելի երկար են տևում, քան կետադրական նշանների համար տրվողները, սակայն չպետք է չափազանց երկար լինեն, այլապես խոսքդ կձգձգվի։ Կստեղծվի այնպիսի տպավորություն, թե լավ չես պատրաստվել և փորձում ես ա՛յդ պահին որոշել, թե ինչպես ձևակերպել հաջորդող մտքերը։

Դադար՝ միտքն ընդգծելու համար։ Սովորաբար որևէ միտք ընդգծելու համար տրված դադարը ազդեցություն է թողնում։ Այն նախորդում կամ հաջորդում է ինչպես հաստատական, այնպես էլ հարցական երանգ ունեցող նախադասություններին, որոնք ներկայացվում են համեմատաբար ավելի ուժեղ շեշտադրությամբ։ Այսպիսի դադարը մտածելու հնարավորություն է տալիս ունկնդիրներին, ինչպես նաև սպասողական վիճակ է առաջացնում հաջորդող մտքերի հանդեպ։ Դադարի այս երկու ձևերը նույնը չեն, ուստի ինքդ պետք է նախօրոք որոշես, թե ինչպես կարելի է լավագույնս դրանք կիրառել։ Սակայն հիշի՛ր, որ որևէ միտք ընդգծելու համար կիրառվող դադարները պետք է գործածել միայն այն դեպքում, երբ անհրաժեշտ է շեշտել ամենակարևոր մտքերը, այլապես դրանք կկորցնեն իրենց արժեքը։

Նազարեթի ժողովարանում Գրություններից բարձրաձայն ընթերցելիս Հիսուսը հմտորեն կիրառեց դադարները։ Նախևառաջ, նա Եսայիա մարգարեի գրքից ընթերցեց այն հատվածը, որտեղ ասվում էր, թե ինչ հանձնարարություն էր իրեն տրված, ապա, նախքան բացատրություն տալը, նա փաթաթեց ձեռագիրը, տվեց սպասավորներից մեկին ու նստեց։ Եվ երբ ժողովարանում բոլոր ներկա գտնվողներն իրենց աչքերը հառած Հիսուսին էին նայում, նա խոսեց. «Այս մարգարեությունը, որ դուք լսեցիք, այսօր ահա իրականացավ» (Ղուկ. 4։16–21, ԱՆԹ

Հանգամանքների բերումով պահանջվող դադարներ։ Հաճախ խանգարող հանգամանքները ևս պահանջում են, որ խոսելիս դադար տաս։ Երթևեկության բարձրացրած աղմուկի կամ լացող երեխայի ձայնի պատճառով գուցե անհրաժեշտ լինի ծառայության ընթացքում ընդհատել խոսակցությունը տանտիրոջ հետ։ Եթե ելույթիդ ժամանակ հավաքույթի վայրում աղմուկ է բարձրանում, բայց ոչ այնքան ուժգին, որ ստիպված լինես ընդհատել ելույթը, ապա կարող ես շարունակել՝ բարձրացնելով ձայնդ։ Սակայն, եթե աղմուկը գնալով ուժեղանում է և չի դադարում, պետք է ընդհատել, քանի որ ունկնդիրները քեզ չեն լսի։ Ուստի այնպես կիրառիր դադարները, որ քեզ լսողները լիարժեք օգուտներ քաղեն բոլոր այն հրաշալի մտքերից, որոնք ուզում ես նրանց հաղորդել։

Դադարներ, որոնք հնարավորություն են տալիս պատասխանելու։ Նույնիսկ եթե քո ներկայացրած ելույթում նախատեսված չէ ունկնդիրների մասնակցությունը, այնուհանդերձ, շատ կարևոր է նրանց հնարավորություն տալ պատասխանելու ոչ թե բարձրաձայն, այլ մտքում։ Եթե տալիս ես այնպիսի հարցեր, որոնք պետք է մղեն ունկնդիրներին խորհելու, սակայն բավականաչափ դադար չես տալիս, ապա այդ հարցերը կկորցնեն իրենց արժեքը։

Ինչ խոսք, դադարներն անհրաժեշտ են ոչ միայն բեմից ելույթ ունենալիս, այլև մարդկանց վկայություն տալիս։ Ոմանք խոսում են ընդհանրապես առանց դադարների։ Եթե այդպիսի խնդիր ունես, ջանքեր գործադրիր, որպեսզի դադարներով խոսելու ունակություն զարգացնես։ Դրա շնորհիվ ավելի լավ կհաղորդակցվես մարդկանց հետ, ինչպես նաև կբարձրանա քո ծառայության որակը։ Փաստորեն, դադարը լռության մի պահ է, և շատ ճիշտ է ասված, որ այն ընդհատում, ընդգծում, ուշադրություն է հրավիրում և արթնացնում է միտքը։

Մեր առօրյա խոսակցությունները մտքերի փոխանակություն են երկու կամ մի քանի մարդկանց միջև։ Մյուսներն ավելի տրամադրված կլինեն քեզ լսելու այն ժամանակ, եթե նախ ինքդ լսես նրանց և հետաքրքրություն ցուցաբերես նրանց ասածների հանդեպ։ Իսկ դա իր հերթին նշանակում է խոսելու ընթացքում բավականաչափ երկար դադարներ տալ, որպեսզի նրանք արտահայտվելու հնարավորություն ունենան։

Քարոզչության մեջ հաճախ ավելի լավ արդյունքների ենք հասնում, երբ այն նմանվում է զրույցի։ Շատ Վկաներ նկատել են, որ բավականին արդյունավետ է ողջույնի խոսքերից հետո նախ՝ անհատին ներկայացնել իրենց զրույցի թեման, և ապա՝ հարց տալ։ Այդպիսով՝ նրանք պատասխանելու հնարավորություն են տալիս տանտիրոջը, որից հետո բարեհամբույր կերպով արձագանքում են նրա կարծիքին։ Զրույցի ընթացքում նրանք բազմիցս թույլ են տալիս, որ անհատն արտահայտվի։ Նաև գիտակցում են, որ նրան ավելի շատ կօգնեն այն դեպքում, եթե իմանան քննարկվող հարցի վերաբերյալ նրա տեսակետը (Առակ. 20։5

Իհարկե, բոլորը չէ, որ բարյացակամորեն կարձագանքեն մեր կողմից տրված հարցերին։ Բայց հիշենք, որ նման պարագայում Հիսուսը չվարանեց բավականաչափ դադար տալ, որպեսզի պատասխանելու հնարավորություն տա նույնիսկ իր հակառակորդներին (Մարկ. 3։1–5)։ Երբ թույլ ենք տալիս, որ մարդիկ արտահայտվեն, դրանով մղում ենք նրանց մտածելու և ի վերջո բաց անելու այն, ինչ կա իրենց սրտում։ Մեր ծառայության նպատակներից մեկն էլ հենց դա է՝ Աստծո Խոսքի միջոցով հասնել մարդկանց սրտերին՝ նրանց ներկայացնելով նրանում գտնվող այն կենսական հարցերը, որոնց հիման վրա էլ յուրաքանչյուրը պետք է իր անձնական որոշումը կայացնի (Եբր. 4։12

Ինչպես նկատեցինք, ծառայության ժամանակ դադարների ճիշտ կիրառումը իրոք որ արվեստ է։ Եթե հմտորեն կիրառենք դադարները, ապա ավելի պարզ կշարադրենք մեր մտքերը, և արդյունքում դրանք շատ ավելի երկար կմնան մեզ լսողների հիշողության մեջ։