Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

«Տեսէք թէ ինչպէս էք լսում»

«Տեսէք թէ ինչպէս էք լսում»

ԼՍԵԼԸ կարևոր դեր է խաղում սովորելու հարցում։ Դրանից կարող է կախված լինել մարդու ապագա կյանքը։ Երբ Եհովան պատրաստվում էր ազատագրել իր ժողովրդին Եգիպտոսի գերությունից, նա հրահանգներ տվեց Մովսեսին, որն էլ իր հերթին դրանք հաղորդեց Իսրայելի ծերերին՝ ասելով նրանց, թե ինչ պետք է անեին իսրայելացիները, որպեսզի իրենց առաջնեկներին ազատեին մահի հրեշտակի հասցրած հարվածից (Ելից 12։21–23)։ Իսկ ծերերն այդ մասին հայտնեցին Իսրայելի բոլոր ընտանիքներին։ Այս ամենը բանավոր հաղորդվեց։ Ժողովուրդը պետք է ուշադրությամբ լսեր։ Ինչպե՞ս արձագանքեցին նրանք։ Աստվածաշնչում կարդում ենք. «Իսրայէլի բոլոր որդիքն արին ինչպէս որ Եհովան Մովսէսին եւ Ահարօնին պատուիրել էր, այնպէս արին» (Ելից 12։28, 50, 51)։ Արդյունքում՝ Իսրայել ազգը հրաշալիորեն ազատագրվեց։

Այսօր Եհովան մեզ նախապատրաստում է ավելի մեծ փրկության։ Անկասկած, այն ինչ նա այսօր մեզ ուսուցանում է, լուրջ ուշադրության է արժանի։ Այդպիսի ուսուցում տրվում է ժողովի հանդիպումներին։ Իսկ դու լիարժեք օգուտներ քաղո՞ւմ ես դրանից։ Այս հարցում շատ կարևոր դեր է խաղում այն հանգամանքը, թե ինչպես ես լսում։

Հաջողվո՞ւմ է քեզ հանդիպումների ժամանակ մատուցվող ուսուցման կարևոր մտքերը մտապահել։ Ամեն անգամ ձգտո՞ւմ ես ուղիներ փնտրել, որպեսզի կյանքում գործի դնես քո սովորածը կամ այդ մասին պատմես ուրիշներին։

Պատրաստիր սիրտդ

Քրիստոնեական ժողովի հանդիպումներից լիարժեք օգուտներ քաղելու համար մենք պետք է պատրաստենք մեր սիրտը։ Դրա կարևորությունը հասկանալու համար քննենք, թե ինչ տեղի ունեցավ Հուդայի Հովսափատ թագավորի իշխանության ժամանակ։ Հովսափատը ամուր դիրք էր բռնել ճշմարիտ երկրպագության կողմը։ Նա «վերցրեց Յուդայի բարձրաւանդակները եւ Աստարովթի կուռքերը» և հանձնարարեց իշխաններին, ղևտացիներին ու քահանաներին Եհովայի Օրենքն ուսուցանել Հուդայի բոլոր քաղաքների բնակիչներին։ Մինչդեռ «բարձրաւանդակները վեր չ’առնուեցան» (Բ Մնաց. 17։6–9; 20։33)։ Հեթանոսական բարձրավանդակների վրա Եհովային երկրպագություն մատուցելը, որ Աստված չէր արտոնել, ինչպես նաև կեղծ աստվածների պաշտամունքը այնպես էին արմատացել նրանց մեջ, որ արմատախիլ անել չէր հաջողվում։

Ինչո՞ւ Հովսափատի տված հրահանգները տևական ազդեցություն չունեցան։ Աստվածաշունչը հայտնում է. «Ժողովուրդն էլ տակաւին չէր պատրաստել իր սիրտը դէպի իրանց հայրերի Աստուածը»։ Նրանք լսում էին, բայց չէին գործում իրենց լսածին համապատասխան։ Հնարավոր է, որ նրանք կարծում էին, թե զոհեր մատուցելու նպատակով Երուսաղեմի տաճար գնալը այնքան էլ հարմար չէր։ Ինչն էլ որ լիներ այդպես վարվելու պատճառը, նրանք հավատքով չէին շարժվում։

Որպեսզի նորից ետ չգլորվենք Սատանայի աշխարհը, պետք է պատրաստենք մեր սիրտը՝ Եհովայից ուսուցում ստանալու համար։ Ինչպե՞ս։ Կարևոր միջոցներից մեկը աղոթքն է։ Մենք պետք է աղոթենք, որ կարողանանք երախտագիտության ոգով ընդունել աստվածային ուսուցումը (Սաղ. 27։4; 95։2)։ Այդպիսի ոգին կօգնի մեզ ավելի բարձր գնահատելու մեր եղբայրների ջանքերը, ովքեր, անկատար լինելով հանդերձ, պատրաստակամորեն ներկայանում են Եհովային՝ նրա ժողովրդին ուսուցանելու համար։ Այն նաև մեզ կմղի շնորհակալություն հայտնել Եհովային ոչ միայն նոր սովորած բաների, այլ նաև նախկինում սովորածի հանդեպ մեր գնահատանքը խորացնելու հնարավորության համար։ Աստծո կամքը անմնացորդ կատարելու ցանկությունը մեր սրտում՝ աղոթում ենք. «Տէր, ցոյց տուր [«սորվեցուր», Արևմտ. Աստ.] ինձ քո ճանապարհը,....միացրու իմ սիրտը որ քո անունիցը վախենայ» (Սաղ. 86։11

Կենտրոնացրու ուշադրությունդ

Բազում խոչընդոտներ կան, որ կարող են խանգարել մեզ ուշադիր լսել։ Մեր միտքը կարող է զբաղված լինել տարբեր մտահոգություններով։ Խոչընդոտ կարող են հանդիսանալ նաև սրահի ներսում կամ դրսում եղած աղմուկն ու շարժումները, վատ ինքնազգացողությունը։ Ծնողները հաճախ նկատում են, որ իրենց ուշադրությունը շեղվում է իրենց երեխաների կողմը։ Ի՞նչը կօգնի կենտրոնանալ ծրագրի վրա։

Ուշադրությունը կենտրոնացած պահելու հարցում մեծ դեր է խաղում այն հանգամանքը, թե ուր են ուղղված մեր աչքերը։ Աշխատիր հետևել, որ հայացքդ միշտ ուղղված լինի ելույթ ունեցողի վրա։ Երբ վերջինս Աստվածաշնչից համարներ է մեջբերում, նույնիսկ եթե դրանք քեզ ծանոթ են, բաց արա քո Աստվածաշունչը և հետևիր ընթերցանությանը։ Հսկիր ինքդ քեզ, որպեսզի ամեն մի աղմուկից կամ շարժումից այս ու այն կողմ չթեքվես։ Հակառակ դեպքում ուղեղդ կզբաղեցնեն այլ մտքեր, և դու բաց կթողնես բեմից ներկայացվող տեղեկությունների մեծ մասը։

Եթե ինչ–​որ ‘հոգսեր’ խանգարում են քեզ կենտրոնանալ ծրագրի վրա, աղոթքով Եհովայից մտքի և սրտի խաղաղություն խնդրիր, ինչն այնքան անհրաժեշտ է ուշադիր լինելու համար (Սաղ. 94։19; Փիլիպ. 4։6, 7)։ Եթե զգում ես, որ հարկ կա նորից աղոթելու, կրկին դիմիր աղոթքով (Մատթ. 7։7, 8)։ Ժողովի հանդիպումները Եհովայի հոգևոր միջոցառումներից են, և կարող ես վստահ լինել, որ Աստված կամենում է, որ դու օգուտներ քաղես դրանցից (Ա Յովհ. 5։14, 15

Լսիր ելույթները

Հավանաբար ելույթներից հիշողությանդ մեջ տպավորվել են շատ այնպիսի մտքեր, որ հարազատ են սրտիդ։ Սակայն ելույթ լսելը ավելին է, քան պարզապես ուշագրավ մտքեր հավաքելը։ Ելույթը կարելի է նմանեցնել ճամփորդության։ Չնայած ճանապարհին շատ հետաքրքիր բաների կարելի է հանդիպել, սակայն գլխավորը վերջնակետին, այսինքն՝ ճամփորդության նպատակին հասնելն է։ Նմանապես, ելույթ ունեցողը փորձում է ունկնդիրներին «առաջնորդել» դեպի որոշակի եզրակացության կամ էլ խրախուսում է նրանց որոշակի քայլերի դիմել։

Ուշադրություն դարձնենք Հեսուի՝ Իսրայել ազգին ուղղված խոսքերին, որոնք արձանագրված են Յեսու 24։1–15-ում։ Հեսուի նպատակն էր խրախուսել ժողովրդին անզիջում դիրք բռնել ճշմարիտ երկրպագության կողմը՝ իրենց միանգամայն հեռու պահելով շրջապատող ազգերի կռապաշտությունից։ Ինչո՞ւ էր դա այդքան կարևոր։ Այն օրերում լայն տարածում գտած կեղծ պաշտամունքը իրենից լուրջ սպառնալիք էր ներկայացնում Եհովայի և Իսրայել ազգի միջև գոյություն ունեցող լավ փոխհարաբերությունների համար։ Հեսուի խոսքերին ժողովուրդն այսպես արձագանքեց. «Քավ լիցի որ մենք Եհովային թողնենք եւ ուրիշ աստուածներ պաշտենք։ .... Մենք.... Եհովային ենք պաշտելու»։ Եվ այդպես էլ արեցին (Յեսու 24։16, 18, 31

Ելույթը լսելիս փորձիր ըմբռնել, թե որն է թեմայի բուն նպատակը։ Մտածիր, թե ելույթում նշված մտքերը ինչ դեր են խաղում այդ նպատակին հասնելու գործում։ Ինքդ քեզ հարց տուր, թե ինչ քայլերի է քեզ մղում լսածդ։

Լսիր քննարկման ժամանակ

«Դիտարանի» ուսումնասիրությունը, Գրքի ուսումնասիրությունը, ինչպես նաև Ծառայողական հանդիպման որոշ բաժիններ ընթանում են հարց ու պատասխանի ձևով՝ աստվածաշնչյան հիմքի վրա կազմված քննարկման նյութերի օգնությամբ։

Նման քննարկումներ լսելը ինչ–որ չափով նման է երկխոսության մասնակցելուն։ Լիարժեք օգուտներ քաղելու համար պետք է ուշադրությամբ լսես։ Հետևիր քննարկման ընթացքին։ Ուշադրություն դարձրու այն բանին, թե ինչպես է եղբայրն ընդգծում թեման և գլխավոր մտքերը։ Մտովի պատասխանիր նրա ուղղած հարցերին։ Լսիր, թե մյուսներն ինչպես են բացատրում տվյալ նյութը կամ նշում, թե ինչպես կարելի է այն կիրառել կյանքում։ Նյութի վերաբերյալ մյուսների մեկնաբանությունները լսելով՝ դու կկարողանաս քեզ արդեն ծանոթ թեմային նորովի նայել։ Դո՛ւ էլ մասնակցիր քննարկմանը՝ այդպիսով դրսևորելով քո հավատը (Հռովմ. 1։12)։

Եթե նախատեսված նյութը նախօրոք ուսումնասիրես, դա կօգնի քեզ լիարժեք մասնակցություն ունենալ քննարկմանը և հետևել մյուսների մեկնաբանություններին։ Եթե հանգամանքներդ թույլ չեն տալիս նախապես մանրամասնորեն ուսումնասիրել նյութը, հանդիպմանը գնալուց առաջ գոնե մի քանի րոպե հատկացրու նյութին ծանոթանալուն։ Այդպես վարվելով՝ ավելի շատ օգուտներ կքաղես քննարկումից։

Ինչպես լսել շրջանային և մարզային համաժողովներին

Հավանական է, որ ուշադրությունը շեղող հանգամանքներն ավելի շատ լինեն շրջանային և մարզային համաժողովների ժամանակ, քան ժողովի հանդիպումների։ Ի՞նչը կարող է օգնել մեզ։

Շատ կարևոր է համաժողովի նախորդ գիշերը լավ հանգստանալը։ Ամեն օր՝ ծրագիրը սկսվելուց առաջ, կարդա օրվա խորագիրը և աշխատիր մտապահել։ Ծանոթացիր յուրաքանչյուր ելույթի վերնագրին և փորձիր կռահել, թե ինչի մասին է խոսվելու։ Լիարժեք կերպով օգտվիր Աստվածաշնչից։ Շատերը նկատել են, որ կարճ նշումներ անելը օգնել է իրենց կենտրոնանալ ծրագրի վրա։ Գրի առ հատկապես այն խորհուրդները, որոնք պատրաստվում ես կիրառել անձնական կյանքում և ծառայության մեջ։ Ամեն օր համաժողով գնալու և տուն վերադառնալու ճանապարհին որևէ մեկի հետ քննարկիր այդ խորհուրդներից մի քանիսը։ Դա կօգնի քեզ մտապահել լսածդ։

Երեխաներին սովորեցրու լսել

Եթե դու քրիստոնյա ծնող ես, կարող ես օգնել երեխաներիդ (նույնիսկ եթե նրանք դեռ մանուկ են), ‘իմաստուն դառնալ փրկության համար’՝ քեզ հետ տանելով նրանց ժողովի հանդիպումների, շրջանային ու մարզային համաժողովների (Բ Տիմոթ. 3։15)։ Քանի որ երեխաները տարբերվում են իրենց բնավորության գծերով և ուշադրությունը կենտրոնացնելու կարողությամբ, քեզանից խորաթափանցություն կպահանջվի, որպեսզի կարողանաս սովորեցնել նրանց ուշադիր լսել։ Թերևս ներքոհիշյալ խորհուրդներն օգտակար լինեն քեզ համար։

Տանը եղած ժամանակ ուշադիր եղիր երեխաներիդ նկատմամբ. հանգիստ նստեցրու և նրանց ձեռքը տուր կարդալու որևէ հրատարակություն մեր գրականությունից, իսկ եթե նրանք դեռ փոքր են, կարող են նայել այնտեղ եղած նկարները։ Հանդիպումների ժամանակ երեխային զբաղեցնելու նպատակով նրան խաղալիք մի տուր։ Ինչպես վաղեմի Իսրայելի օրերում, այնպես էլ այսօր երեխաները ներկա են լինում հանդիպումներին, «որ լսեն, եւ որ սովորեն» (Բ Օրին. 31։12)։ Ծնողներից ոմանք հարմար են գտնում ժողովի հանդիպումների ժամանակ իրենց երեխաների ձեռքը տալ քննարկվող հրատարակության նրանց անձնական օրինակները, նույնիսկ եթե նրանք դեռ շատ փոքր են։ Երբ երեխաները փոքր–ինչ մեծանան, օգնիր նրանց նախապատրաստվել, որպեսզի իրենք էլ մասնակցեն քննարկումներին։

Գրություններում սերտ կապ ենք տեսնում Եհովային լսելու և նրան հնազանդվելու միջև։ Դա երևում է Մովսեսի խոսքերից՝ ուղղված Իսրայել ազգին. «Կեանքը եւ մահը, օրհնութիւնը եւ անէծքը ձեր առաջը դրի. ուրեմն կեանքը ընտրիր որ ապրես.... որ քո Եհովայ Աստուծուն սիրես՝ նորա ձայնին լսես, եւ նորան յարես» (Բ Օրին. 30։19, 20 Այսօր Եհովայից ուսուցում ստանալը և այն կյանքում հնազանդորեն կիրառելը կարևոր պայման է Աստծո հաճությունը շահելու և ապագայում հավիտենական կյանքը ստանալու համար։ Ուրեմն՝ որքա՜ն կարևոր է ուշադրություն ընծայել Հիսուսի հետևյալ հորդորին. «Տեսէք թէ ինչպէս էք լսում» (Ղուկ. 8։18