Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ԴԱՍ 13

Տեսողական կապ

Տեսողական կապ

ՄԱՐԴՈՒ աչքերը փոխանցում են նրա տրամադրությունն ու ապրումները։ Աչքերի միջոցով հնարավոր է արտահայտել զարմանք և վախ, կարեկցանք և սեր։ Երբեմն էլ նրանք մատնում են կասկած կամ թախիծ։ Ծանր տառապանքներ կրած իր հայրենակիցների մասին խոսելով՝ մի տարեց անհատ այսպես արտահայտվեց. «Մեր փոխարեն մեր աչքերն են խոսում»։

Ելնելով այն բանից, թե ուր է ուղղված մեր հայացքը՝ մարդիկ կարող են եզրակացություններ անել ինչպես մեր, այնպես էլ մեր ասածների մասին։ Շատ երկրներում մարդիկ վստահություն են ցուցաբերում այնպիսի անձանց հանդեպ, ովքեր խոսելիս բարեհամբույր հայացքով նայում են դիմացինի աչքերին։ Եվ հակառակը՝ եթե խոսողը զրուցակցին նայելու փոխարեն գետնին նայի կամ այս ու այն կողմ թեքի հայացքը, դիմացինը կասկածի տակ կդնի նրա անկեղծությունը և կմտածի, թե նա վստահ չէ իր խոսքերի ճշմարտացիության մեջ։ Այլ մշակույթներում էլ, հատկապես հակառակ սեռի ներկայացուցչի կամ բարձրաստիճան պաշտոնյայի հետ զրուցելիս, աչքերը հառած նրանց դեմքին նայելը կարող է դիտվել որպես անքաղաքավարության, ագրեսիվության դրսևորում, կամ թողնել այնպիսի տպավորություն, կարծես թե անհատը մարտահրավեր է նետում։ Որոշ վայրերում էլ մեծահասակ անձնավորության աչքերին շեշտակի նայելը դիտվում է որպես անհարգալից վերաբերմունքի դրսևորում։

Բայց եթե տվյալ վայրում աչքերի մեջ նայելը տհաճ երևույթ չի համարվում, ապա որևէ ծանրակշիռ փաստարկ ներկայացնելիս տեսողական կապի օգնությամբ կարելի է ընդգծել խոսքի կարևորությունը։ Մարդիկ կնկատեն, որ խոսողը վստահ է իր խոսքերի ճշմարտացիության մեջ։ Ուշադրություն դարձրու, թե Հիսուսն ինչպես պատասխանեց, երբ իր աշակերտները զարմացած հարցրին. «Իսկ ո՞վ կը կարողանայ փրկուել»։ Աստվածաշնչում կարդում ենք. «Յիսուս նրանց նայեց եւ ասաց. «Մարդկանց համար այդ անկարելի է, բայց Աստծու համար ամէն ինչ կարելի է»» (Մատթ. 19։25, 26, ԷԹ)։ Գրություններից նաև իմանում ենք, որ Պողոս առաքյալը ուշադիր հետևում էր իրեն լսողների արձագանքին։ Մի անգամ նա խոսում էր մի խումբ մարդկանց հետ, որոնց մեջ ներկա էր մեկը, որ ծնված օրվանից կաղ էր։ Գործք 14։9, 10 համարներում (ԱՆԹ) ասվում է. «Սա ունկնդրում էր, ինչ որ Պողոսն ասում էր։ Պողոսն իր աչքերը սևեռեց նրա վրա և տեսնելով, որ նա փրկվելու հավատ ունի, ուժեղ ձայնով ասաց նրան. «.... Վե՛ր կաց և ուղիղ կանգնի՛ր ոտքերիդ վրա»»։

Տեսողական կապը քարոզչական ծառայության ժամանակ։ Քարոզչական ծառայության ժամանակ մարդկանց մոտենալիս աշխատիր լինել ջերմ և բարեկամական։ Խոսակցությունը սկսելու համար տուր այնպիսի հարցեր, որոնք զրուցակցիդ մտածելու տեղիք կտան։ Ընտրիր այնպիսի թեմա, որ երկուսիդ էլ կհետաքրքրի։ Աշխատիր տեսողական կապ հաստատել, կամ առնվազն՝ հարգալից և բարեհամբույր հայացքով նայել նրա դեմքին։ Ջերմ ժպիտը և աչքերում արտացոլվող ուրախությունը հաճելի տպավորություն է թողնում։ Դեմքի նման արտահայտություն տեսնելով՝ անհատը լավ կարծիք կկազմի քո մասին և ավելի տրամադրված կլինի քեզ լսելու։

Հետևելով անհատի հայացքին՝ կկարողանաս կողմնորոշվել, թե ինչպես վարվել տվյալ իրավիճակում։ Դու կնկատես՝ զրուցակիցդ բարկացած է, հետաքրքրություն չի ցուցաբերում, չի հասկանում ասածներդ, թե՞ չի համբերում և ուզում է վերջ դնել խոսակցությանը։ Եթե նա մեծ հետաքրքրությամբ է քեզ լսում, ապա դա ևս ակնհայտ կլինի։ Նրա աչքերի արտահայտությունը քեզ կհուշի, թե ինչ է անհրաժեշտ անել՝ ավելի արագ խոսել, ջանք թափել նրան էլ ընդգրկելու զրույցի մեջ, դադարեցնել քննարկումը, կամ գուցե շարունակել՝ ցույց տալով, թե ինչպես է անցկացվում Աստվածաշնչի ուսումնասիրությունը։

Թե՛ Աստվածաշնչի տնային ուսումնասիրություն անցկացնելիս և թե՛ քարոզչական ծառայության ժամանակ աշխատիր հարգալից կերպով պահպանել տեսողական կապը զրուցակցիդ հետ։ Այդուհանդերձ, եթե սևեռուն հայացքով նայես դիմացինիդ, գուցե շփոթմունքի մեջ գցես նրան (Դ Թագ. 8։11, Արևմտ. Աստ.)։ Ուստի հաճախակի, սակայն բնական ու բարեկամական հայացքով աշխատիր նայել նրա դեմքին։ Շատ երկրներում մարդիկ այդպես են դրսևորում իրենց անկեղծ հետաքրքրվածությունը։ Իհարկե, երբ ընթերցում ես Աստվածաշունչը կամ այլ հրատարակություն, քո հայացքը կենտրոնացած է լինում կարդացվող նյութի վրա։ Սակայն որևէ միտք ընդգծելու համար գուցե հարկ համարես ակնթարթային հայացքով նայել դիմացինիդ, քանի որ ժամանակ առ ժամանակ նրան նայելով՝ կկարողանաս նկատել, թե ինչպես է նա արձագանքում։

Եթե ամաչկոտության պատճառով սկզբնական շրջանում դժվարանում ես տեսողական կապ պահպանել մարդկանց հետ, մի հուսահատվիր։ Վարժվելուն զուգընթաց՝ կսովորես բնական կերպով պահպանել այն, և, անկասկած, ավելի հեշտ կհաղորդակցվես մարդկանց հետ։

Տեսողական կապը ելույթ ունենալիս։ Աստվածաշնչում կարդում ենք, որ նախքան Լեռան քարոզը սկսելը, Հիսուսն «իր աչքերը դէպի իր աշակերտները բարձրացրեց» (Ղուկ. 6։20)։ Սովորիր ինքդ էլ այդպես վարվել. նախքան ելույթդ ներկայացնելը նայիր ունկնդիրներին, մի քանի վայրկյան դադար տուր, ապա սկսիր խոսել։ Սրա մեջ է մտնում նաև ունկնդիրներից ոմանց հետ տեսողական կապ հաստատելը, ինչը ընդունված է շատ վայրերում։ Այսպիսի դադարը կօգնի, որ հաղթահարես քո սկզբնական լարվածությունը։ Այն նաև կօգնի ունկնդիրներին դեմքիդ վրա տեսնելու քո հույզերն ու տրամադրվածությունը։ Բացի այդ, նրանք կնախապատրաստվեն և կտրամադրվեն ուշադրությամբ լսելու։

Ելույթ ունենալիս նայիր ունկնդիրներին՝ փորձելով տեսնել ոչ թե ամբողջ լսարանը, այլ առանձին անձանց։ Գրեթե բոլոր երկրներում ընդունված է, որ հռետորն ինչ–​որ չափով տեսողական կապ հաստատի լսողների հետ։

Նայել ունկնդիրներին՝ չի նշանակում պարզապես մեխանիկորեն հայացքն այս ու այն կողմ ուղղել։ Հարգալից կերպով նայիր նրանցից որևէ մեկին, և եթե տեղին է, մեկ նախադասություն ուղղիր նրան։ Հետո նայիր ուրիշին և մեկ–​երկու նախադասություն էլ նրան ասա։ Երկար ժամանակ հայացքդ մի բևեռիր միևնույն անձնավորության վրա, որպեսզի դա անհարմար վիճակի մեջ չգցի նրան, և պետք չէ ուշադրությունը կենտրոնացնել ունկնդիրներից միայն մի քանիսի վրա։ Շարունակիր մի ունկնդրից մյուսին անցնել, բայց որևէ մեկին նայելիս հենց նրա հետ խոսիր և ուշադրություն դարձրու նրա արձագանքին՝ նախքան հաջորդին անցնելը։

Գրառումները հարկավոր է դնել ելույթ ունեցողի համար նախատեսված գրակալի վրա, պահել ձեռքում, կամ էլ Աստվածաշնչի մեջ, որպեսզի մի թռուցիկ հայացքով կարողանաս դրանք անմիջապես տեսնել։ Եթե գրառումներին նայելու համար ստիպված լինես շատ թեքելու գլուխդ, ապա արդյունքում կտուժի կապը լսարանի հետ։ Հարկավոր է ուշադրություն դարձնել ոչ միայն այն բանի վրա, թե որքան հաճախ ես նայում գրառումներիդ, այլ նաև՝ թե ո՛ր պահերին։ Եթե գրառումներիդ նայես ելույթի կուլմինացիոն պահերին հասնելիս, ապա չես նկատի ունկնդիրների արձագանքը, և խոսքդ չի թողնի պետք եղած ազդեցությունը։ Կկորցնես փոխադարձ կապը լսարանի հետ նաև այն դեպքում, եթե մշտապես կառչած մնաս գրառումներին։

Երբ գնդակ ես նետում ինչ–​որ մեկին, դու նայում ես՝ բռնեց նա, թե՝ ոչ։ Ելույթիդ յուրաքանչյուր միտք, առանձին վերցրած, մի «նետում» է՝ ուղղված ունկնդիրներին։ «Բռնեցին» նրանք, թե՝ ոչ, կարող ես նկատել նրանց արձագանքից՝ գլխի շարժումից, ժպիտից և նրանց ուշադիր հայացքից։ Լսարանի հետ լավ տեսողական կապ պահպանելը հնարավորություն կտա հավաստիանալու, թե արդյո՞ք ունկնդիրները «բռնում» են քո արտահայտած մտքերը։

Եթե ժողովի հանդիպման ժամանակ ընթերցելու հանձնարարություն ես ստացել, անհրաժե՞շտ է ընթացքում նայել ունկնդիրներին։ Չէ՞ որ նրանք իրենց Աստվածաշնչերով հետևում են ընթերցվող նյութին, և նույնիսկ չեն էլ նկատում՝ հայացքդ ուղղեցիր դեպի իրենց, թե՝ ոչ։ Սակայն նայելով նրանց՝ կարող ես ավելի ոգևորությամբ կարդալ, քանի որ քո աչքից չի վրիպի նրանց արձագանքը։ Ունկնդիրների հետ հաստատած տեսողական կապի շնորհիվ հռետորը կարող է ետ բերել այն մարդկանց ուշադրությունը, ովքեր չեն հետևում Աստվածաշնչի ընթերցանությանը և ընկել են մտածմունքների գիրկը։ Իհարկե, հնարավորություն կունենաս միայն ակնթարթային հայացք նետել, և դա այնպես պետք է անես, որպեսզի ընթերցանությունդ չընդհատվի։ Ուստի ամենալավ միջոցը կլինի այն, որ Աստվածաշունչը ձեռքիդ պահես և գլուխդ բարձրացնես՝ կզակդ հեռացնելով կրծքավանդակից։

Համաժողովների ժամանակ երեցները երբեմն իրենց ելույթները ներկայացնում են պատրաստի տեքստից։ Դա արդյունավետ կերպով անելու համար անհրաժեշտ է փորձ, նյութի լավ նախապատրաստություն և շատ պարապմունքներ։ Անշուշտ, պատրաստի տեքստով ելույթ ունենալիս ունկնդիրների հետ տեսողական կապը սահմանափակվում է։ Սակայն եթե հռետորը լավ է նախապատրաստվել, նա կարող է ժամանակ առ ժամանակ նայել լսարանին՝ չկորցնելով այն հատվածը, որն ընթերցում է։ Այդպես անելով՝ նա թույլ չի տա, որ ունկնդիրների ուշադրությունը շեղվի, ուստիև նրանք լիարժեք օգուտներ կքաղեն այդ կարևոր կրթությունից։